Շտեֆանսպլաց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
գերմ.՝ Stephansplatz
Շտեֆանսպլաց
Երկիր Ավստրիա
ՏեղագրությունՎիեննա
Անվանվել էՍուրբ Ստեփանոսի մայր տաճար
Քարտեզ
Քարտեզ

Շտեֆանսպլաց

Շտաֆանսպլաց (գերմ.՝ Stephansplatz, «Ստեփանոսի հրապարակ»), հրապարակ, որ գտնվում է Վիեննայի Ներքին քաղաքի կենտրոնում։ Հրապարակում է գտնվում Սուրբ Ստեփանոսի մայր տաճարը, որը Ավստրիայի մայրաքաղաքի գլխավոր խորհրդանիշերից է։ Շտեֆանսպլացը Վիեննայից դուրս եկող ավտոճանապարհների զրոյական կիլոմետրն է։ Հրապարակը փայլուն օրինակ է այն բանի, թե ինչպես կարող են ճարտարապետական հին և նոր ոճերը ներդաշնակորեն զուգադրվել[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրապարակի պատմությունը սերտորեն առնչվում է տաճարի պատմությանը, որի առաջին շինությունը կառուցվել է 1137-1147 թվականներին։ Մինչև 1200 թվականը տաճարը գտնվել է Վիեննայի սահմաններից դուրս։ Քաղաքի` դեպի արևելք ընդարձակման հետ 13-րդ դարում տաճարի շուրջ սկսվել է հրապարակը ձևավորող շինությունների կառուցումը։ 15-րդ դարի սկզբից Շտեֆանսպլացը քաղաքի գլխավոր հրապարակն է։ Մինչև 1732 թվականը հրապարակի տարածքում եղել է գերեզմանոց։ Այնտեղ գտնվել է Սուրբ Մագթաղինեի կապելլան (die Magdalenskapelle), որ ոչնչացել է 1781 թվականի հրդեհից։ Կապելլայի տակ եղել է Սուրբ Վիրգիլիոս (die Virgilkapelle) ստորգետնյա կապելլան, որ բացահայտվել է 1973 թվականին՝ մետրոյի շինարարության ժամանակ[2]։ Սուրբ Վիրգիլիոսի կապելլայի ուրվապատկերը խճանկարով պատկերված է հրապարակում` տաճարից արևելք։

19-րդ դարի վերջին հրապարակը և շրջակա կառույցները վերակառուցվել են, կառուցվել են մի շարք նոր շինություններ։ Դրա արդյունքում Շտեֆանսպլացը միացել է Շտոկ իմ Այզեն հրապարակին, որ ելք ունի Կերնտներշտրասե և Գրաբեն փողոցներ[3]։

1945 թվականին հրապարակը և տաճարը խիստ տուժել են ռմբակոծություններից։

1978 թվականին հրապարակի տակ բացվել է մետրոյի №1 գծի համանուն կայարանը, իսկ 1991 թվականին՝ 3-րդ գծի կայարանը։

1990 թվականին հրապարակի արևմտյան մասում` Philipp Haas & Söhne ընկերության շենքի տեղում, կառուցվել է Հաասի տունը (Haas-Haus), որ խիստ առանձնանում է պատմական շենքերի ֆոնին։

Հրապարակը զբոսաշրջիկների շրջանում մեծ հեղինակություն վայելող վայր է Վիեննայում։ Բացի հյուսիսարևելյան կողմից` այն բացառապես հետիոտնային է, որտեղ ելք ունեն տաճարը, մետրոյի կայարանը, մի քանի խանութներ ու սրճարաններ։ Արևելյան անկյունում կա ֆիակրաների կայարան և ստորգետնյա ավտոկայանատեղի։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականին հրապարակում կայացել են «Կոմիսար Ռեքս» հեռուստասերիալի դրվագների նկարահանումներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Haas-Haus". Glass Steel and Stone. Retrieved September 30, 2006.
  2. "Virgilkapelle". Wien Museum. Archived from the original on April 27, 2006. Retrieved September 30, 2006.
  3. Earlier still, until the 18th century, Stock-im-Eisen-Platz was the Alt-Roßmarkt or Old Horsemarket; Gustav Adolph Schimmer, Das alte Wien. Darstellung der alten Plätze und merkwürdigsten jetzt grösstentheils verschwundenen Gebäude Wien's nach den seltensten gleichzeitigen Originalen. Mit einem erlauternden Texte aus den bewahrtesten Geschichtsquellen, volume 8 Vienna: Zamarski, 1855, p. 14.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շտեֆանսպլաց» հոդվածին։