Դիահերձում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դիահերձումը 15-րդ դարում

Դիահերձում, դիահատում՝ դիակի ախտաբանա-անատոմիական կամ դատաբժշկական ուսումնասիրության նպատակով։ Դիակի ախտաբան-անատոմիական ուսումնասիրմամբ զբաղվում են ախտաբան անատոմները՝ քաղաքային կամ շրջանային հիվանդանոցներին կից դիահերձարաններում, հիմնականում՝ մահվան պատճառները, հիվանդագին պրոցեսի ախտորոշումը ճշտելու կամ գիտահետազոտական նպատակներով։ Դատաբժշկական փորձաքննությունն իրագործվում է դատաքննչական մարմինների պաշտոնական որոշման համաձայն։ Դիահերձումը պարտադիր է, երբ մահը վրա է հասել հիվանդանոց ընդունվելուց հետո 2 ժամվա ընթացքում, բռնի մահվան, հանկարծամահության, նորածինների մահվան (որդեսպանություն), անհայտ դիակների, հիվանդությունն ախտորոշված չլինելու, բռնի մահվան կասկածների, սխալ բուժման, վիրահատման կամ ախտորոշման վերաբերյալ բուժանձնակազմի դեմ բողոքների դեպքում, երբ մահը տեղի է ունեցել տնային պայմաններում՝ առանց բժշկական անձնակազմի հսկողության։ Դիակի դատաբժշկական փորձաքննությունը ընթանում է 4 փուլով․

  1. դեպքի վայրում դիազննություն՝ տեղազննության ժամանակ,
  2. դիակի առաջնային ուսումնասիրություն՝ դիահերձարանում,
  3. դիակի կրկնակի ուսումնասիրություն, երբ մինչև հուղարկավորությունը ծագում են նոր հարցեր,
  4. արտաշիրմման ենթարկված դիակի ուսումնասիրություն։

Դիահերձման ժամանակ պարտադիր բացում են գանգի, կրծքավանդակի և որովայնի խոռոչները, ուսումնասիրում բոլոր օրգանները, ինչպես նաև կատարում օրգանների և պարունակությունների նմուշների լրացուցիչ լաբորատորային (հյուսվածաբանական, մանրէաբանական, դատաքիմիական, քրեագիտական, ֆիզիկատեխնիկական, դեղաբանական, կենսաբանական և ռենտգենաբանական) հետազոտություններ։ Դիակի և լաբորատոր ուսումնասիրությունների հիման վրա կազմվում է արձանագրություն կամ ակտ, որի եզրակացության մասում փորձագետը պատասխանում է դատաքննչական մարմիններին հետաքրքրող բոլոր հարցերին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 373 CC-BY-SA-icon-80x15.png