Սոնատ
Սոնատ (անվանումը ծագել է իտալ.՝ sonare բառից, որը նշանակում է «հնչել»), կամերային գործիքային երաժշտության հիմնական ժանրերից։ Դասական ավարտուն ձևով սոնատը, որպես կսնոն, եռամաս ցիկլային ստեղծագործության է՝ ծայրի արագ մասերով (առաջինը, այսպես կոչված, սոնատային ձևով) և դանդաղ միջին մասով։ Երբեմն ցիկլում ընդգրկվում է նաև մենուետ կամ սկերցո։ «Սոնատ» տերմինը հայտնի է XVI դարից։ Սկզբնապես նշանակել է գործիքային պիես, ի տարբերություն վոկալ պիեսի (կանտատի)։
XVII դ․ սկզբին ձևավորվել է սոնատի 2 տեսակ՝ եկեղեցական սոնատ (sonata da chiesa) և կամերային սոնատ (sonata da camera)։ Եկեղեցական սոնատը քառամաս ցիկլ է՝ մասերի տեմպերի որոշակի հաջորդականությամբ (դանդաղ, արագ, դանդաղ, արագ կամ արագ, դանդաղ, արագ, արագ)։ XVII դ․ տարածում են գտել, այսպես կոչված, տրիո–սոնատները (2 կամ 3 կատարողների համար՝ Գեներալ-Բասի նվագակցությամբ)։ Կարևորագույն տեղ են գրավել նաև մեկ ջութակի և գեներալ–բասի համար սոնատները (Ա․ Վիվալդի, Ա․ Կորելլիի և ուրիշներ)։ Կլավիրի հարուստ զարգացած նվագամասով ջութակի սոնատներ է ստեղծել Յn․ Ս․ Բախը։ Վաղ դասական շրջանում (XVIII դ․ կես) սկզբնավորվել է դասական սոնատ Կ․ Ֆ․ Է․ Բախի և Դ․ Սկարլատտիի դաշնամուրի սոնատները), որ վերջնականապես ձևավորվել է վիեննական դասական դպրոցի կոմպոզիտորների՝ Յո․Հայդնի, Վ․ Ա․ Մոցարտի և Լ․ Բեթհովենի ստեղծագործության մեջ։
Սոնատի զարգացման բարձրակետը Լ․ Բեթհովենի սոնատներն են (դաշնամուրի 32, ջութակի և դաշնամուրի 10, թավջութակի և դաշնամուրի 5)։ Դրանք առանձնանում են բովանդակության խորությամբ, կերպարների լայն շրջանակով, վառ կոնֆլիկտայնությամբ, հաճախ՝ համարյա սիմֆոնիկ մասշտաբներով։ Բեթհովենի մի շարք սոնատներ քառամաս են (սիմֆոնիաների և կվարտետների նմանությամբ)։ Ռոմանտիկ կոմպոզիտորների ստեղծագործության մեջ տեղի է ունեցել դասական սոնատի ժանրի հարստացում և վերաիմաստավորում։ Սոնատի զարգացման մեջ մեծ ավանդ են ներդրել Ֆ․ Շոպենը, Ռ․ Շումանը, Ֆ․ Լիստը, Յո․ Բրամսը, Է․ Գրիգը և ուրիշներ։ Նրանց սոնատներում ուժեղացել է ժանրի սիմֆոնիկ մեկնաբանման միտումը, խորացել կերպարների հակադրությունը։ Ցիկլի միասնականացման ձգտումը հանգեցրել է միամաս սոնատների ստեղծմանը (Ֆ․ Լիստի դաշնամուրի 2 սոնատները)։ XIX դ․ վերջին –XX դ․ սկզբ․ նորացման միտումներ դրսևորվել են Գ․ Ֆորեի, Պ․ Դյուկայի, Մ․Ռավելի, Կ․ Դեբյուսիի, Ա․ Սկրյաբինի, Ն․ Մետների սոնատներում։ XX դ․ Սոնատը մնում է որպես երաժշտական առաջատար ժանրերից մեկը։ Ժամանակակից երաժշտության աչքի ընկնող նմուշներ են Ս․ Ս․ Պրոկոֆևի, Դ․ Դ․ Շոստակովիչի, Պ․ Հինդեմիթի, Բ․ Բարտոկի սոնատները։ 1950– 1970-ական թթ․ «սոնատ» տերմինը, ինչպես հեռավոր անցյալում, երբեմն հասկացվում է որպես գործիքային պիեսի նշում (Կ․ Պենդերեցկու Սոնատ թավջութակի և նվագախմբի համար)։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 508)։ |