Անտոնիո Վիվալդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտոնիո Վիվալդի
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունAntonio Lucio Vivaldi
Ի ծնե անունիտալ.՝ Antonio Lucio Vivaldi
Ծնվել էմարտի 4, 1678(1678-03-04)[1][2][3][…]
Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[4][5][6]
Երկիր Վենետիկի հանրապետություն
Մահացել էհուլիսի 28, 1741(1741-07-28)[1][2][3][…] (63 տարեկան)
Վիեննա, Ավստրիայի էրցհերցոգություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[5][6]
ԳերեզմանՎիեննա
Ժանրերօպերա, կամերային երաժշտություն, եկեղեցական երաժշտություն, կոնցերտ, sinfonia? և սարդանա[7]
Մասնագիտությունկոմպոզիտոր
Գործիքներջութակ[4], կլավեսին և վիոլ դամոր[8]
ԱշխատավայրOspedale della Pietà?[8], Philip of Hesse-Darmstadt?[8] և Teatro San Angelo?[8]
Ստորագրություն
Ստորագրություն
 Antonio Vivaldi Վիքիպահեստում

Անտոնիո Լուչիո Վիվալդի (իտալ.՝ Antonio Lucio Vivaldi, մարտի 4, 1678(1678-03-04)[1][2][3][…], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[4][5][6] - հուլիսի 28, 1741(1741-07-28)[1][2][3][…], Վիեննա, Ավստրիայի էրցհերցոգություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[5][6]), իտալացի կոմպոզիտոր, ջութակահար, մանկավարժ, դիրիժոր։ Ինչպես նաև եղել է կաթոլիկ եկեղեցու քահանա։

Վիվալդին եղել է իր ժամանակների ամենահայտնի և ամենասիրված ջութակի վիրտուոզներից մեկը («ջութակի անհամեմատելի վիրտուոզ» ըստ ժամանակակիցների)։ Նա նաև հայտնի է որպես բարոկկո ժամանակաշրջանի ամենամեծ կոմպոզիտորներից մեկը, ինչպես և սոլո կոնցերտի՝ կոնչերտո գրոսսոյից ածանցված ժանրի ստեղծողը։ Նա ինչպես Իտալիայում, այնպես էլ ամբողջ Եվրոպայում զգալի ազդեցություն է թողել, որ կարող է չափվել այն փաստով, որ Բախը ավելի շատ Վիվալդիից է վերցրել և մշակել շատ աշխատանքներ, քան ցանկացած այլ երաժշտից։

Նրա գործունեությունը եղել է գործիքային երաժշտության բնագավառում, մասնավորապես ջութակի, սակայն հավասարապես նվիրվել է նաև բացառիկ տարբեր երաժշտական գործիքների, կրոնական երաժշտությանը և լիրիկական երաժշտությանը. դա հանգեցրել է մի շարք կոնցերտների, սոնատների, օպերաների և կրոնական ստեղծագործությունների ստեղծմանը։ Վիվալդին պարծեցել է, որ կարող է ավելի արագ նոր կոնցերտներ գրել, քան կրկնօրինակողը կարող էր արտագրել արդեն գրված ստեղծագործությունը։

Կաթոլիկ քահանային շեկ մազեր ունենալու համար անվանում էին il Prete rosso՝ «շիկահեր քահանա»՝ մականուն, որով ավելի հայտնի էր Վենետիկում, քան իր իսկական անունով, ինչպես նշում է Կառլո Գոլդոնին իր մեմուարներում։ Ինչպես 18-րդ դարի բազմաթիվ կոմպոզիտերների դեպքում, թե՛ նրա երաժշտությունը և թե՛ անունը մոռացվեցին նրա մահվանից հետո։ Նա ոչ մի հետաքրքրություն չէր առաջացնում երաժշտագետների մոտ մինչև 19-րդ դար, երբ Վիվալդիի ստեղծագործությունների վերաբացահայտվեցին Յոհան Սեբաստիան Բախի շնորհիվ։ Ինչևէ, նրա իրական և ավելի ամբողջական բացահայտումը տեղի ունեցավ 20-րդ դարի առաջին կեսին՝ այնպիսի գիտնականների և երաժշտագետների շնորհիվ, ինչպիսիք են Առնոլդ Շերինգը և Ալբերտո Ժանտիլին, ինչպես նաև Մարկ Պանշեղլի, Օլգա Ռուջի, Անջելո Էֆրիկյանի և Ջան Ֆրանչեսկո Մալիպիեռոյի ներգրավվածությամբ և Էզրա Փաունդի հետաքրքրվածության շնորհիվ։

Այժմ նրա որոշ գործիքային ստեղծագործություններ և հատկապես նրա 4 կոնցերտները՝ հայտնի որպես «Տարվա եղանակներ» ներառվում են դասական երաժշտության երգացանկի ամենահայտնի ստեղծագործությունների մեջ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջութակ նվագել սովորել է իր հոր՝ Ջիովաննի Բատիստա Վիվալդիի մոտ, ով Սբ. Մարկոսի տաճարի ջութակահարն էր։ Երաժշտական երկերի հորինման (կոմպոզիցիա) մեջ մասնագիտացել է Ջիովաննի Լեգրենցիի և Արկանջելո Կորելլիի մոտ (Հռոմում

1703 թվականի սեպտեմբերի 18-ին ձեռնադրվել է հոգևորական։ Վենետիկցիներին ոչ հատուկ մազերի գույնի համար նրան սկսում են անվանել «Շեկ քահանա» (իտալ.՝ il Prete Rosso 1703 թվականի սեպտեմբերի 1-ին ընդունվում է «Պիետա» օրիորդաց որբանոց՝ որպես ջութակի ուսուցման մանկավարժ-մաեստրո։ Որբանոցի սաների համար սկսում է գրել իր առաջին ստեղծագործությունները։ 1706 թվականին կայանում է Վիվալդիի առաջին հրապարակային ելույթը ֆրանսիական դեսպանության պալատում։ 1713 թվականին ստանձնում է որբանոցի երաժշտական ամբողջ գործունեության պատասխանատվությունը, 1716 թվականին նշանակվում է համերգների մաեստրո (maestro di' concerti)։

Այդ տարիներին է Վիվալդին գրում է իր ստեղծագործությունների մեծ մասը, այդ թվում՝ օպերաներ և կոնցերտներ։ 1705 թվականին հրատարակվում է իր ստեղծագործությունների առաջին ժողովածուն (opus 1), 1709 թվականին՝ 2-րդ ժողովածուն (12 սոնատ ջութակի և բասսո կոնտինուոյի համար)։ Համաշխարհային ճանաչումը գալիս է երկերի 3-րդ ժողովածուի հետ (L'estro armonico (Opus 3), հրատարակվել է Ամստերդամում 1711 թվականին)։ Ճանաչումն ու համբավն ամրապնդվում են 1714 թվականին՝ La stravaganza (Opus 4) երկերի ժողովածուի հրատարակմամբ։

1718 թվականին սկսվում են Վիվալդիի ճանապարհորդությունները Իտալիայի ու Եվրոպայի քաղաքներով։ Չնայած Վենետիկից իր հաճախակի բացակայություններին, «Պիետա»-ն շարունակում է նրան վարձատրել՝ ամսական երկու կոնցերտ գրելու պայմանով։ Որբանոցի արխիվի փաստաթղթերը ցույց են տալիս, որ երգահանը վարձատրվել է 1723-1733 թվականներին թվով 140 կոնցերտ գրելու համար։

1723 թվականին տեղի է ունենում Վիվալդիի առաջին ուղևորությունը Հռոմ, 1724 թվականին նա նորից է մեկնում այնտեղ իր «Ջուստինո» օպերան բեմադրելու համար։ 1725 թվականին Ամստերդամում լույս է տեսնում Վիվալդիի երկերի 8-րդ ժողովածուն՝ «Հարմոնիայի և ներշնչանքի վեճը» ("Il Cimento dell’Armonia e dell’Invenzione), որի մեջ ընդգրկված է հանրահայտ «Տարվա եղանակները» կոնցերտների շարքը։ Մեծ տարածում են ստանում Վիվալդիի կոնցերտները ֆլեյտայի և նվագախմբի համար՝ «La notte» (Գիշեր), «Il cardellino» (Կարմրակատարիկ) և այլն, ինչպես նաև հոգևոր ստեղծագործությունները՝ «Gloria», «Magnificat», «Stabat Mater», «Dixit Dominus»:

1720-ական թվականները Վիվալդիի համաեվրոպական ճանաչման ժամանակաշրջանն է։ Նա պատվերներ է ստանում Եվորպայի միապետներից և ազնվականներից։ Իր երկերի 9-րդ ժողովածուն՝ «Կիթար» (La Cetra)՝ ձոնում է Ավստրիայի կայսր Կառլոս VI-ին. 1728 թ. Վիվալդիին առիթ է ընձեռնվում կայսրին անձամբ հանդիպելու։ Կառլոս VI-ն այնքան էր սիրում «Կարմիր քահանայի» երաժշտությունը, որ, ասում են, այդ հադիպման ընթացքում ավելի շատ է զրուցել երգահանի հետ, քան իր մինիստրների հետ երկու տարվա ընթացքում։ Վիվալդին ստանում է կայսրից ասպետի տիտղոս, ոսկե մեդալ և Վիեննա գալու հրավեր, ինչից նա օգտվում է 1730 թ.՝ բեմադրելով այնտեղ իր «Ֆարնաչե» (Farnace, RV 711) օպերան։

Սակայն 1730-ական թթ. հանրային երաժշտական ճաշակի փոփոխության հետևանքով Վիվալդիի երաժշտությունն արագորեն դառնում է այլևս ոչ մոդայիկ և պահանջարկ չունեցող։ Այդ պատճառով 1730-ական թթ. վերջերին նա որոշում է նորից մեկնել Վիեննա՝ ցանկանալով հանդիպել իր օգոստոսափառ երկրպագու Կառլոս VI հետ և նրանից խնդրել արքունական երգահանի պաշտոն։ Սակայն երգահանի Վիեննա ժամանելուց քիչ անց Կառլոս VI-ը մահանում է։ Ճակատագրի այդ հարվածը թողնում է Վիվալդիին առանց հովանավորության և եկամտի աղբյուրի։ Վիվալդին մահանում է դրանից ոչ շատ ուշ՝ 1741 թ. հուլիսի 27-ի լույս 28-ը։ Թաղված է Վիեննայում։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտոնիո Վիվալդին ծնվել է Վենետիկում 1678 թվականի մարտի 4ին` ուրբաթ օրը, հենց այդ նույն օրը տարածաշրջանում երկրաշարժ է գրանցվում։ Երեխային միանգամից կնքում է իր մանկաբարձուհի և դայակ Մարգարիտա Վերոնեզը, հավանաբար երկրաշարժի պատճառով կամ այն պատճառով, որ երեխայի ծնունդը վատ պայմաններում էր տեղի ունեցել, ինչը նորածնի մահվան վախ էր առաջացրել։ Ճշմարտանման է այն վարկածը, որ նա ծնված ժամանակ փոքր և փխրուն է եղել, քանի որ իր հետագա կյանքում նա միշտ բողոքել է վատ առողջությունից, ունեցել բրոնխային ասթմա։ Կնունքը տեղի է ունեցել 2 ամիս անց` 1678 թվականի մայիսի 6-ին Սան Ջիովանի ին Բրագորա եկեղեցում։

Նրա հայրը` Ջիովանի Բատիստա Վիվալդին, ծնվել է դերձակի ընտանիքում, եղել է վարսահարդար, նվագել է ջութակ, որպեսզի զվարճացնի իր հաճախորդներին, իսկ ավելի դարձել է պրոֆեսիոնալ ջութակահար։ Անտոնիոյի մայրը` Կամիլա Կալիկիոն, նույնպես եղել է դերձակի ընտանիքից, որ ծագում էր Բազիլիկատայից։ Նրանք ամուսնացել են 1676 թվականին նույն եկեղեցում։ Ունեցել են 8 այլ երեխաներ, որոնցից երկուսը մահացել են վաղ տարիքում. Մարգերիտա Գաբրիելա (1680-?), Սեսիլիա Մարիա (1683-?), Բոնավենտուրա Տոմազո (1685-?), Զանետա Աննա (1687-1762), Ֆրանչեսկո Գաէտանո (1690-1752), Իսեպո Սանտո (1692-1696), Ժերոլամա Միքաելա (1694-1696) և Իսեպո Գաէտանո (1697-?): Անտոնիոն` ավագ որդին, երեխաներից միակ երաժիշտն էր։ Երաժիշտներ են եղել սակայն նրա երկու զարմիկները։

Ոճն ու ազդեցությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիվալդին 18 դ․ իտալական ջութակի արվեստի խոշորագույն ներկայացուցիչն է։ Նրա երաժշտությունը դինամիկ է և էքսպրեսիվ, աչքի է ընկնում վառ կերպարներով և ցայտուն մեղեդիական զարգացումով․ նրանում հաստատվել է կատարողական նոր՝ դրամատիզացված (այսպես կոչված՝ լոմբարդական) եղանակը։

Վիվալդին ջութակի մենանվագ կոնցերտի ժանրի հիմնադիրն է, նպաստել է ջութակի վիրտուոզային տեխնիկայի զարգացմանը։ Նանսամբլային-նվագախմբային կոնցերտի՝ «կոնչերտո գրոսսո»-յի վարպետ էր։

Ստեղծագործությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիվալդին իր նամակներից մեկում նշում է, որ գրել է 94 օպերա, սակայն ներկայումս հայտնի են դրանցից միայն 46-ի անունները, որոնցից միայն 20-ի երաժշտությունն է մասամբ կամ ամբողջությամբ պահպանվել։

Դրանք են՝

  • Օտոնը ամառանոցում (իտալ.՝ Ottone in villa, 1713, Վիչենցա)
  • Խելագարված Օրլանդոն (իտալ.՝ Orlando finto pazzo, 1714, Վենետիկ),
  • Սիրո կողմից հաղթանակվող խաբեությունը (իտալ.՝ L’inganno trionfante in amore, 1716, Վենետիկ),
  • Արսիլդա, Պոնտոսի թագուհին (Arsilda, regina di Ponto, 1716, Վենետիկ)
  • Դարիոսի թագադրությունը (L’incoronazione di Daria, 1716, Վենետիկ)
  • Արտաբան, Պարթևաստանի արքա (Artabano, re dei Parti, 1718, Վենետիկ)
  • Սկանդերբեգ (Scanderbeg, 1718, Ֆլորենցիա)
  • Տեուցոնե (Teuzzone, 1718, Մանտուա)
  • Տիտոս Մանլիոս (Tito Manlio, 1719, Մանտուա)
  • Ճշմարտությունը փորձության մեջ (La verità in cimento, 1720, Վենետիկ)
  • Սիլվիա (La Silvia, 1721, Միլան)
  • Հերակլեսը Թերմոդոնտում (Ercole su'l Termodonte, 1723, Հռոմ)
  • Տիգրան (La virtù trionfante dell’amore, e dell’odio, overo Il Tigrane, 1724, Հռոմ), սյուժեն վերցված է Հայոց Տիգրան Մեծ արքայի պատմությունից, Վիվալդիին է պատկանում օպերայի միայն երկրորդ գործողության երաժշտությունը
  • Դորիլան Տեմպեում (Dorilla in Tempe, 1726, Վենետիկ)
  • Ֆարնաչե (Farnace, 1727, Վենետիկ)
  • Մոլեգին Օրլանդոն (Orlando furioso, 1727, Վենետիկ)
  • Աթենայիդե (L'Atenaide, 1728, Ֆլորենցիա)
  • Արգիպո (Argippo, 1730, Պրահա)
  • Հավատարիմ հավերժահարսը (La fida ninfa, 1732, Վենետիկ)
  • Դորիկլեա (Doriclea, 1732, Պրահա)
  • Մոնթեսումա (Motezuma, 1733, Վենետիկ)
  • Օլիմպիադե (L'Olimpiade, 1734, Վենետիկ)
  • Թամերլան (Il Tamerlano/ Il Bajazet, 1735, Վենետիկ)
  • Գրիզելդա (Griselda, 1735, Վենետիկ)
  • Կատոնը Ուտիկայում (Catone in Utica, 1737, Վերոնա)
  • Հավատարիմ Ռոզմիրան (Rosmira fedele, 1738, Վենետիկ)

Վիվալդին հեղինակ է 4 օրատորիայի, որոնցից մեզ է հասել միայն մեկը՝ Հաղթանակած Հուդիթը (լատին․՝ Juditha Triumphans devicta Holofernis barbarie, 1716)

Գրել է նաև 500-ից ավել գործիքային կոնցերտներ, այդ թվում՝

  • 44 կոնցերտ լարային նվագախմբի և բասսո կոնտինուոյի համար
  • 49 կոնչերտո գրոսսո
  • 352 կոնցերտ մեկ գործիքի և ուղեկցող լարային նվագախմբի կամ բասսո կոնտինուոյի համար (այդ թվում՝ 253-ը ջութակի, 26-ը՝ թավջութակի, 6-ը՝ վիոլա դ՜ամուրի, 13-ը լայնակի և 3-ը երկայնակի ֆլեյտաների համար, 12-ը՝ հոբոյի, 38-ը՝ ֆագոտի, 1-ը՝ մանդոլինի);
  • 38 կոնցերտ նվագախմբի կամ բասսո կոնտինուոյի ուղեկցությամբ 2 գործիքի համար
  • 32 կոնցերտ նվագախմբի կամ բասսո կոնտինուոյի ուղեկցությամբ 3 և ավելի գործիքների համար։

Հեղինակել է ավելի քան 100 սոնատ բասսո կոնտինուոյի ուղեկցությամբ տարբեր գործիքների համար, բազմաթիվ աշխարհիկ կանտատներ, սերենադներ, սիմֆոնիաներ, Stabat Mater և այլ եկեղեցական ստեղծագործություններ։

Ամենահայտնի ստեղծագործությունն է Ջութակի 4 կոնցերտներից բաղկացած «Տարվա եղանակներ» շարքը, որը համարվում է ծրագրային երաժշտության վաղ օրինակներից մեկը։ Նշանակալից է Վիվալդիի ներդրումը գործիքավորման զարգացման բնագավառում՝ նա առաջինն է օգտագործել հոբոյը, գալարափողը, ֆագոտը և այլ փողային գործիքները որպես ինքնուրույն, այլ ոչ թե մեղեդին/երաժշտությունը երկրորդող գործիքներ։

Վիվալդիի անունով[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]