Ուշ միջնադարի հայկական դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ուշ միջնադարի հայկական դպրոց, հայկական կրթությունը և գիտությունը պատմական հայրենիքում և Եվրոպայի ու Ասիայի հայկական գաղթավայրերում 15-17-րդ դարերում[1]։

Հայաստանը ուշ միջնադարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական լեռնաշխարհում գոյություն ունեցող Բագրատունիների թագավորությունը (885-1045) դեռ 10-րդ դարից բաժանվել էր մի քանի հայկական թագավորությունների և իշխանությունների։ Պետության կործանումից հետո դրանք անցնում են նախ Բյուզանդական կայսրության, ապա՝ Սելջուկյան սուլթանության կազմ։ 12-րդ դարում վրաց միապետերի, մասնավորապես՝ Դավիթ Շինարարի (1089-1125) և Թամար թագուհու (1184-1213) շնորհիվ, հյուսիսային և արևելյան Հայաստանի մեծ մասն ազատագրվում է վրաց զորքերի հրամանատար Սարգիս Զաքարյանի, ապա իր որդիների՝ Զաքարեի ու Իվանեի գլխավորությամբ։ Զաքարյան իշխանապետությունը, ինչպես և բուն Հայկական լեռնաշխարհի սահմաններից դուրս գտնվող Կիլիկիայի հայկական թագավորությունը 14-րդ դարում կործանվում են։ 15-րդ դարում ասպարեզից հեռանում կամ տարածքով ու հզորությամբ խիստ կրճատվում են նաև պատմական Հայաստանում գոյություն ունեցող իշխանությունները[2]։

Համազասպ
(Հաղպատավանք)

Հայաստանն ուշ միջնադար էր թևակոխել առանց պետականության. կարա-կոյունլու և ակ-կոյունլու թուրքմենական ցեղերի միջև պատերազմի դաշտ դառնալուց հետո երկիրը երկու անգամ (1555, 1639) բաժանվել էր Մերձավոր Արևելքում ստեղծված երկու աշխարհակալ կայսրությունների՝ Օսմանյան կայսրության և Սեֆյան Պարսկաստանի միջև[3]։ Հյուսիսային հարևան Վրաստանում դեռևս շարունակում էին ձևականորեն պահպանվել Քարթլիի, Կախեթի և Իմերեթի թագավորությունները։ Նրանց իշխանության տակ էին ոչ միայն Պատմական Վրաստանի հողերի մեծ մասը, այլև որոշ հայկական գավառներ՝ Լոռի-Փամբակը, Ղազախ-Շամշադինը, մասամբ՝ Շիրակը և այլն։ Դրանով է բացատրվում հայ համայնքի առկայությունը մայրաքաղաք Թիֆլիսում, որտեղ հայ ազնվականությունը հաստատվել էր դեռ Վրաց թագավորության (1008-1490) կազմավորման տարիներից՝ Բագրատիոնիների հովանու ներքո։

1603-1604 թվականներին պարսից շահ Աբբաս I-ի (1587-1629) հրամանով Արևելյան Հայաստանի բնակչության մեծ մասը տեղահանվում է հայրենիքից և քշվում Պարսկաստան։ Հայկական ինքնությունը պահպանում են Սյունիքն ու Արցախը՝ տեղի հայ իշխանների, և Լոռին ու Տավուշը՝ վրաց թագավորների շնորհիվ։ Թուրք-պարսկական տիրապետությունը Հայաստանում շարունակվում է նաև 18-րդ դարում։ Պատերազմական գործողությունների պատճառով ժամանակի հայկական վերնախավը՝ վաճառականությունը, հաստատվում է Հնդկաստանի, Պարսկաստանի, ինչպես նաև՝ Բալկանյան թերակղզու և այլ երկրամասերում։ Այդպես ձևավորվեցին Եվրոպայի ու Ասիայի հայկական գաղթօջախները, որոնց մի մասում շարունակվում էր հայկական մշակույթի պահպանումն ու զարգացումը[1]։

Կրթությունը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

15-17-րդ դարերում նվաճողների պատերազմները և երկարատև տիրապետությունը մեծ հարված հասցրին հայկական գիտությանը։ Զարգացած միջնադարի հայկական դպրոցը, որը հովանավորվում էր հայ ազնվական ընտանիքների կողմից, անկում ապրեց։ Իրենց գոյությունը դադարել էին Անիի ու Կարսի վարդապետարանները, Հաղպատի ու Սանահինի դպրոցները, Նարեկավանքի ու Սևանավանքի կրթօջախները, Հավուց Թառի և Մալաթիայի գրչության կենտրոնները, Գլաձորի ու Տաթևի համալսարանները և այլն։ Փակվեցին նաև դրանցում գործող մատենադարաններն ու գրադարանները, և վանական համալիրները կրթամշակութային օջախներից վերածվեցին պաշտպանական կառույցների՝ բացակայող աշխարհիկ առաջնորդների փոխարեն հայ բնակչությունն օտար զավթիչներից պաշտպանելու նպատակով[2]։

Վերոնշյալներից միայն Տաթևի համալսարանն էր, որը մասամբ շարունակում էր գործել 15-րդ դարի սկզբին՝ աստվածաբան, փիլիսոփա և ազգային-եկեղեցական գործիչ Գրիգոր Տաթևացու վարդապետության տարիներին։ Կրթօջախն ուներ մեծաքանակ ուսանողներ, ովքեր սովորում էին «յոթ ազատ արվեստները»՝ քերականություն, դիալեկտիկա, ճարտասանություն, թվաբանություն, երկրաչափություն, երաժշտություն, և աստղաբաշխություն։ Դրանցից առաջին երեքը սովորելու դեպքում ուսանողները ստանում էին կրթական առաջին աստիճան, իսկ մյուս չորսը փուլ առ փուլ սովորելով՝ որակավորվում էին որպես վարդապետներ կամ մագիստրոսներ։ Լենկթեմուրի արշավանքների շրջանում Գրիգոր Տաթևացին ստիպված էր իր աշակերտներով տեղից տեղ փոխադրվել՝ ուսուցումը չընդհատելու և առավել ապահով վայրերում այն շարունակելու համար։ Երկարատև չեղավ նաև Մեծոփավանքի դպրոցի կյանքը. Թովմա Մեծոփեցու մահից հետո այն զգալիորեն թուլացավ[2]։ Նրա ուսուցչապետության շրջանում այստեղ ուսումնասիրվում էին գիտության և արվեստի բազում բնագավառներ, ստեղծվում էին դասագրքեր։ Դրանցից էին լեզվաուսուցողական առաջին հայերեն դասագիրքը, տոմարագետ Հակոբ Ղրիմեցու բնագիտական աշխատությունները[4]։ Մեծոփավանքի գործունեության տարիներին որոշակի զարգացում ապրեց դեռ զարգացած միջնադարից գործող Խառաբաստավանքի գրչության կենտրոնը, որը ղեկավարում էր Թովմա Մեծոփեցու դասընկեր Կարապետ վարդապետը։ 15-րդ դարի սկզբին այն տեղափոխվել էր Ցիպնավանքի դպրոց։

Դեռ վաղ միջնադարում Արևմտյան Հայաստանի տարածքում բացվել էր Կապոսի դպրոցը։ Այն իր զարգացման գագաթնակետին էր հասել 13-15-րդ դարերում։ 1489 թվականին նրան էին միացել Ավագ վանքի դպրոցի սաները և վարդապետները։ 17-րդ դարի սկզբից Բաղեշ (Բիթլիս) քաղաքում տեղի հայ ազնվականության ու հոգևորականության հովանու ներքո իր գործունեությունն է սկսում Ամիրդոլու վանքի դպրոցը։ Նշանավոր վարդապետերից էին Բարսեղ Գավառացին և Ներսես Մոկացին։ Նրանք ձեռնամուխ են լինում հին ձեռագրերի ընթերցմանը։ Միևնույն ժամանակ պարսկահպատակ Սյունիքում՝ հայ մելիքների ու Սյունիքի մետրոպոլիտության օժանդակությամբ 17-րդ դարի առաջին քառորդին՝ անապատական դպրոց է բացվում նաև Հարանց կամ Սյունյաց Մեծ անապատում[3]։ 1610 թվականին այստեղ են գալիս Սարգիս եպիսկոպոսը և Կիրակոս Տրապիզոնցին։ Երբ Բաղեշի Ամիրդոլու դպրոցից այստեղ է գալիս Ներսես Մոկացին, դպրոցում ուսանողներին սովորեցնում են հայ և հույն փիլիսոփաների՝ Դավիթ Անհաղթի, Պլատոնի, Արիստոտելի, Պորփյուրի, Եզնիկ Կողբացու գրվածքները։ Այդ ուսումնական կենտրոնից սկիզբ առավ Արևելյան Հայաստանի կրթական ու մշակութային առաջընթացը։

Ներսես Մոկացու սաները դպրոցներ են բացում Երևանում, Էջմիածնում, Ագուլիսում, Օհանավանում։ Երևանի դպրոցներից նշանավոր էր Անանիա առաքյալի անապատի դպրոցը, որը հիմնել էր կաթողիկոս Մովսես Գ Տաթևացին 1620 թվականին։ Նա նաև գրչության կենտրոն ու դպրոց է հիմնում Հովհաննավանքում։ 1635-1637 թվականներին այդ դպրոցը փոխադրվում է Էջմիածին, սակայն Հովհանավանքում ուսուցումը չի դադարում։ Այստեղ դասավանդում էին Ոսկան Երևանցին, Սիմեոն Ջուղայեցին, Ստեփանոս Լեհացին, Զաքարիա Քանաքեռցին և ուրիշներ[5]։ Դպրոցների շրջանավարտներն իրենց հերթին շրջագայում էին Հայաստանի տարբեր գավառներում և վանքերին կից դպրոցներ բացում։ Առավել զարգացած դպրոցներում եղել են մատենադարաններ և գրչության կենտրոններ, որտեղ բազմացվել են ձեռագիր մատյաններ[1]։

Ուշ միջնադարի ընթացքում կրթամշակութային մասնակի գործունեություն էին վարում առավել պաշտպանված վայրերում գտնվող վանական համալիրները՝ Վանա լճում գտնվող Լիմ, Կտուց, Աղթամար անպատների գրչության կենտրոնները, Սևանա լճում՝ համանուն վանքը, ինչպես նաև՝ Արցախի իշխանների հովանու ներքո՝ Գանձասարը, 1441 թվականից Վաղարշապատ վերադարձած հայոց կաթողիկոսական աթոռի հովանու ներքո՝ Էջմիածինը, և այլն[2]։ Լիմ կղզու դպրոցի հիմնումը կապված էր Ներսես Մոկացու և նրա աշակերտ Մելիքսեթ Վժանացու անվան հետ[6]։ Աշխուժանում է դեռևս 7-րդ դարից Գեղարդի վանքում գործող Այրիվանքի դպրոցը՝ Մխիթար և Սիմոն վարդապետերի առաջնորդությամբ։ Ուշ միջնադարում այստեղ էր պահվում սուրբ գեղարդը։ Լեռնային անմատչելի վայրերում հիմնված դպրոցներից էր Զեյթունի գրչության կենտրոնը (Կիլիկյան Հայաստան)։ Այն գործել է 16-18-րդ դարերում՝ Սուրբ Սարգիս և Սուրբ Աստվածածին եկեղեցիներին կից գրչատներում։

Կրթությունը գաղթօջախներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական Հայաստանի սահմաններից հեռու ապրող հայ ժողովրդի մշակութային առաջընթացի ու քաղաքակրթական վերելքը պայմանավորված է եղել կրթության տարածմամբ։ Ուշ միջնադարում ոչ միայն փորձել են շարունակել նախորդ դարաշրջանների կրթական ավանդույթները, այլև օգտագործվել են նոր հնարավորություններ։ Հայկական համայնքներում աշխուժացավ կրթական գործը, որ պայմանավորված էր նաև դրանց ստվարացմամբ։

15-րդ դարում հայ գաղթօջախներում սկսում է կրթամշակութային գործունեությունը, որն իրականացվում էր վանական համալիներներին կից՝ հայապահպանության նպատակներով։ Այն հովանավորվում էր հայկական եկեղեցու և հայ վաճառականության կողմից։ Ուշ միջնադարում Փոքր Ասիայի հայաշատ համայնքներում բացվում են դպրոցներ, որոնցից նշանավոր էր Կուտինայի գրչության կենտրոնը համանուն (այժմ՝ Քյոթահիա) քաղաքում։ Ղրիմի հայ գաղթօջախը, որը ձևավորվել էր դեռ Անիի կործանումից հետո (1045), 15-րդ դարում ուներ հայկական դպրոց Անտոնի վանքում։ Նրա սաները սովորում էին ոչ միայն աստվածաբանություն և քերականություն, այլև տոմարագիտություն, աստղաբաշխություն, թվաբանություն և այլն։ Ղրիմում բացվել էր մանրանկարչական դպրոց։

Ուշ միջնադարում հայկական մշակութային օջախները ոչ միայն շարունակում էին հայոց ազգային ավանդույթները, այլև առավել սերտորեն էին առնչվում եվրոպական քաղաքակրթության նվաճումների հետ։ Մշակութային խոշոր նվաճումներից մեկը հայ տպագրական գործի սկզբնավորումն էր։ Յոհան Գուտենբերգի կողմից տպագրության գյուտից կես դար անց՝ 1512 թվականին, Իտալիայի Վենետիկ քաղաքում լույս տեսավ հայերեն տպագիր առաջին գիրքը՝ «Ուրբաթագիրքը»։ Առաջին հայ տպագրիչը Հակոբ Մեղապարտն էր։ Նա այստեղ 1512-1513 թվականների ընթացքում լույս ընծայեց հինգ անուն գիրք՝ «Ուրբաթագիրք», «Պատարագատետր», «Աղթարք», «Պարզատումար», «Տաղարան»[7]։

1562 թվականին Հայաստանի ազատագրության հարցով կաթողիկոս Մխիթար Սեբաստացու կողմից կազմակերպած Սեբաստիայի ժողովին մասնակցում է Աբգար Թոխաթեցին, ով մեկնում է Եվրոպա իր որդու՝ Սուլթանշահի հետ, և այնտեղ վերսկսում հայերեն գրքերի տպագրությունը։ Նա 1567 թվականին տպարանը տեղափոխում է Կոստանդնուպոլիս և լույս ընծայում բազմաթիվ գրքեր։ Սուլթանշահը Հակոբ Տերնզցու աշխատակցությամբ թարգմանում և 1585 թվականին Հռոմում հրատարակում է Գրիգորյան նոր տոմարը[8]:

Հայ կրթության զարգացման կարևորագույն օջախներից էր Իրանի մայրաքաղաք Սպահանի մոտ հիմնադրված Նոր Ջուղան: Այստեղ 1610 թվականին գրվել է Նոր Ջուղայի ավետարանը։ 1630-ական թվականներին Խաչատուր Կեսարացու ջանքերով այստեղ հայկական դպրոց է հիմնադրվում։ Ուսուցիչ Կոստանդ Ջուղայեցին կազմել է թվաբանության դասագիրք՝ վաճառականության համար կարևոր հաշվապահական խրատներով։ Դասավանդում էին տոմարագիտություն, չափերի ու կշիռների մասին գիտելիքներ և այլն։ Գոյության տարիներին դպրոցը տվել է ավելի քան 250 շրջանավարտ, որոնց թվում էին Ոսկան Երևանցին, մի քանի կաթողիկոսներ և այլ անվանի գործիչներ։ Նոր Ջուղայում ևս եղել է գրչության կարևոր կենտրոն ու մատենադարան։ Խաչատուր Կեսարացին և նրա աշակերտները փորագրում են հայկական տառեր, պատրաստում տպագրական հարմարանքներ և հիմնում Իրանի առաջին՝ Նոր Ջուղայի տպարանը։ 1640 թվականին այստեղ տպագրվում է նրանց առաջին գիրքը՝ «Հարանց վարքը»։ Տպարանն ավելի կատարելագործելու համար մի քանի տարի անց ուսուցչի պատվերով Եվրոպայից Սպահան է ուղարկվում տպագրական նոր սարքավորում։

17-րդ դարում տպարաններ են հիմնվում և հայերեն գրքեր հրատարակվում նաև Եվրոպայի հայկական գաղութներում[3]։ Լեհաստանի թագավորության Լվով (այժմ՝ Ուկրաինայում) քաղաքում զարգացած միջնադարում հաստատված հայերին Կազիմիր III թագավորը (1333-1370) տվել էր լայն իրավունքներ. նրանք կազմել էին սեփական կանոնադրությունը։ Հայկական վանքին կից բացվում է տպագրություն, ավելի ուշ՝ Լվովյան հայկական կոլեգիա անունը կրող բարձրագույն ուսումնական հաստատությունը։

Հոլանդիայի մայրաքաղաք Ամստերդամը հայ տպագրության նշանավոր կենտրոններից էր։ Ամստերդամի տպարանը հիմնադրվել է կաթողիկոս Հակոբ Ջուղայեցու կողմից Ամստերդամ ուղարկված Մատթեոս Ծարեցու կողմից։ Վերջինիս մահից հետո (1661) Ամստերդամ է ուղարկվում Ոսկան Երևանցին։ Տպարանում, որը նվիրված էր սուրբ Էջմիածնին, առաջին անգամ տպագրվում է հայերեն Աստվածաշունչը։ Ամստերդամի տպարանը առավել լիարժեք է սկսում գործել 1664 թվականին այնտեղ ժամանած Ոսկան Երևանցու և Կարապետ Ադրիանացու համատեղ ջանքերի շնորհիվ։ Աստվածաշնչի ամբողջական նկարազարդ տպագրությունը խոշոր նվաճումն էր։ Ամստերդամի հայկական տպարանում տպագրվում է ևս 11 անուն գիրք։

Ոսկան Երևանցին տպարանը փոխադրում է Իտալիայի մեկ այլ քաղաք՝ Լիվոռնո, այնտեղ հրատարակում երեք գիրք, ապա փոխադրվում է Մարսել և մինչև 1680-ական թվականների վերջերը հրատարակում 16 անուն գիրք։ Մարսելի հայկական տպարանում լույս են տեսնում «Քերականությունը», Առաքել Դավրիժեցու «Գիրք պատմութեանցը», Անանիա Շիրակացու «Աշխարհացույցը» և Վարդան Այգեկցու «Աղվեսագիրքը»։ Այդտեղ Ոսկան Երևանցին 1673 թվականին սկսել էր Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» երկի տպագրությունը, որը, սակայն, մնում է անավարտ։ Նրա աշակերտները, այդ թվում՝ Հովհաննես Տերզնցին, շարունակեցին տպագրության միջոցով լուսավորության տարածման գործը։ Աշակերտներից Մատթեոս Վանանդեցին Մարսելից փոխադրվում է Ամստերդամ և իր ազգական Թովմաս Նուրիջանյանի օգնությամբ վերսկսում հրատարակչական գործը։ Տպարանի գլուխգործոցը 1695 թվականին հրատարակված Համատարած Աշխարհացույցն էր, պղնձե տախտակի վրա փորագրված մի քարտեզ և դրան կից բացատրական հավելվածներ՝ «Բանալի» վերնագրով։ Վերջինս հեղինակել էր փիլիսոփա և մատենագիր Ղուկաս Վանանդեցին 1696 թվականին[9]։ Նշանավոր տպագրություններից էին Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը», «Դուռն իմաստութեան» դասագիրքը, «Գանձ չափոց, կշռոց, թվոց և դրամոց բոլոր աշխարհի» աշխատությունը և այլն[3]։

Հայկական գրահրատարակչությունը մեծ առաջադիմություն է արձանագրում նաև Օսմանյան կայսրության մայրաքաղաք հայաշատ Կոստանդնուպոլսում։ Տեղի հայկական տպագրատունը վերաբացվել էր 1677 թվականին Երեմիա Չելեպի Քյոմյուրճյանի կողմից։ Նա հեղինակել էր «Պատմութին համառօտ», «Ստամպօլոյ պատմութիւն», «Տարեգրական պատմութիւն», «Պատմութիւն հրկիզման Կոստանդնուպօլսոյ» և այլ աշխատություններ։ Աստվածատուր դպիր Կոստանդնուպոլսեցու հիմնադրած տպարանում 1699 թվականից սկսած մոտ 50 տարի հրատարակել է ավելի քան ութսուն անուն գիրք։ Այստեղ առաջին անգամ լույս է տեսնում Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» երկը[1]։

Գիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուշ միջնադարում հայ գիտությունը զարգանում էր վանական համալիրներին կից դպրոցներում, որոնք գործում էին նախկին համալսարանների ու վարդապետարանների գիտական գրականության հիման վրա։

Հայ գիտնականներից նշանավոր էր վարդապետ Հակոբ Ղրիմեցին (1360-1426)։ Նա Մեծոփավանքի դպրոցի ականավոր ուսուցչապետներից էր։ Հակոբ Ղրիմեցու հեղինակած «Մեկնություն տոմարի» և «Բնության մասին» աշխատությունները՝ որպես ուսումնական ձեռնարկներ, գործածվել են հայկական դպրոցներում։ Նա դասավանդել է նաև գրչության արվեստ և երաժշտություն[10]։

15-րդ դարի երկրորդ կեսին Մարտիրոս Երզնկացին այցելում է եվրոպական մի շարք երկրներ և գրի առնում իր ճանապարհորդական տպավորությունները[11]։ Մեկ դար հետո այդ երկրներում լինում է մեկ այլ հայ ուղեգրող՝ Սարգիս Աբեղան։ Բարսեղ Արճիշեցին (16-րդ դար) հեղինակել է տարեգրություն, որտեղ շարադրել է 1501-04 թվականների դեպքերը՝ պարսից շահ Իսմայիլի գահակալական կռիվների, որի արդյունքում հետագայում ձևավորվեցին Երևանի ու Ղարաբաղի կուսակալությունները, ինչպես նաև Վասպուրականում և Տուրուբերանում կատարված ասպատակությունների մասին։ Գրիգոր Դարանաղցին (1576-1643) կյանքի մեծ մասն անցկացրել է հայկական մշակութային կենտրոններում, եղել Ռոդոսթոյի հայերի հոգևոր առաջնորդը։ Նրա «Ժամանակագրություն» ծավալուն երկի առաջին մասը համառոտ տարեգրության բնույթ ունի, իսկ երկրորդ մասը բովանդակում է 16-րդ դարի երկրորդ կեսից 17-րդ դարի առաջին տասնամյակների իրադարձությունների մանրամասն նկարագրությունը։ Աշխատությունում տրված են նաև ժամանակի հոգևորականության ու վաճառականության վարքն ու բարքերը, հայկական գաղթօջախների կյանքի պատկերը։

Aquote1.png Շատ դժվարություններ ու փորձանքներ եմ քաշել անօրենների ու օտարազգիների, դատավորների, թագավորների և իշխաների երեսից։ Երկար տարիներ պանդուխտ եմ եղել. տեսել եմ ժամանակի չարն ու բարին, փորձանքների եմ հանդիպել, հարուստություն ու աղքատություն եմ քաշել, թափառել եմ երկրից երկիր և իմ բժշկությունն եմ արել, շատ դեղ ու ճար եմ փորձել ըստ իմ իմացածի, ծառայել եմ հիվանդներին` մեծամեծերին ու իշխաններին, հազարապետներին ու հարյուրապետներին, քաղաքացիներին ու աղքատներին, ծերերին ու մանուկներին... Aquote2.png

Բժշկագետ Ամիրդովլաթ Ամասիացին հին և միջնադարյան բժշկությունը սովորել է Միջագետքում։ Տիրապետել է հինգ օտար լեզվի՝ հունարենին, լատիներենին, պարսկերենին, թյուրքերենին, արաբերենին։ Երկար տարիներ ապրել է Կոստանդնուպոլսում և եղել օսմանյան Մեհմեդ II սուլթանի անձնական բժիշկը՝ որպես «գլխավոր վիրաբույժ-ակնաբույժ»։ 1459 թվականին նա գրեց իր առաջին աշխատությունը՝ «Ուսումն բժշկութեան» վերնագրով, որի մեջ անտիկ բժիշկների` Հիպոկրատեսի, Ալ-Ռազիի և իբն Սինայի ոգով քննության են առնված սաղմնաբանության, մարդակազմության, բնախոսության, դեղագիտության և հիգիենայի հարցերը։ Հայ ժողովրդական բժշկության դարավոր փորձը դեղագիտության բնագավառում վերականգնելու նպատակով նա հեղինակում է մեկ այլ աշխատություն, որ կոչվում է «Ախրապատին»։ Ամիրդովլաթ Ամասիացին փորձել է կազմել «պարզ» և «բարդ» դեղամիջոցների բառարաններ, որոնցից քսան տարի անց, ստեղծվեցին նրա երկու ստվար աշխատությունները` երկրորդ «Ախրապատինը» և «Անգիտաց անպետը»[13]։ Բնագիտության ասպարեզում հայտնի էր նաև ալքիմիկոս Դանիել Աբեղան (16-րդ դար), ով հեղինակել էր «Յաղագս ոսկի շինելոյ» աշխատությունը։

Ուշ միջնադարում նախորդ՝ զարգացած միջնադարի ժամանակաշրջանի մեծարժեք ու ընդգրկուն պատմական աշխատությունների փոխարեն շարադրվում էին ժամանակագրություններ ու հիշատակարաններ։

Մեծոփավանքի դպրոցի ներկայացուցիչ, պատմագիր Թովմա Մեծոփեցին (1378-1446) հեղինակում է «Լանկ-Թամուրի և նրա հաջորդների պատմությունը» աշխատությունը։ Դրանում հեղինակը տեղեկություններ է հաղորդում 14-րդ դարի վերջի և 15-րդ դարի առաջին կեսի Հայաստանի և հարևան երկրների պատմության վերաբերյալ[14]։ Նրա գործունեության ընթացքում կրթօջախ են հրավիրվել մասնագետներ, ստեղծվել են դասագրքեր, կատարվել տարբեր երկերի մեկնություններ։ Մատենադարանում ընդօրինակել, ծաղկել ու կազմել են հայկական ձեռագիր մատյաններ։ Մեծոփեցու պատմական երկերից է նա «Յիշատակարանը», որտեղ ներկայացվում են 1441 թվականի Էջմիածնի ժողովից հետո կաթողիկոսական աթոռը Կիլիկյան Հայաստանի նախկին մայրաքաղաք Սսից Էջմիածին տեղափոխելու կարևոր անցուդարձերը: Մեծոփեցին նաև սրբագրել, խմբագրել ու մշակել է կրոնա-դավանաբանական, ծիսական, երաժշտական, գեղարվեստական և մեկնողական բազմաթիվ երկեր[15]։

Վարդապետ Հովհաննես Ծարեցին (1560-1621) կառուցել է Սյունիքի Սոդք գավառի Աղքիլիսա գյուղի սուրբ Աստվածածին եկեղեցին։ Նա գրել է «ժամանակագրություն» երկը, որն ընդգրկում է 1572-1600 թվականների անցքերը, այդ թվում՝ օսմանյան Թուրքիայի դեմ վրաց ժողովրդի՝ 1580-90-ական թվականների ազատագրական պայքարը։ Վարդապետ Առաքել Դավրիժեցին (1590-1670) 1636-37 թվականներին Հովհաննավանքի առաջնորդն էր, 1645-46 թվականներին այցելել էր Պարսկաստան, Թուրքիա, Սիրիա, Պաղեստին, Հունաստան, եղել Արևմտյան Հայաստանի տարբեր գավառներում։ 1651-62 թվականներին Փիլիպոս Ա Աղբակեցի կաթողիկոսի հանձնարարությամբ գրել է «Գիրք պատմութեանց» աշխատությունը, որտեղ անդրադարձել է Հայաստանի տնտեսական ու քաղաքական կացությանը, պարսկա-օսմանյան պատերազմներին, նկարագրել 1604 թվականի շահ Աբբաս I-ի կազմակերպած բռնագաղթը[16]։ Ուղեգրություններն ավելի ընդգրկուն ու մանրապատում են դառնում 17-րդ դարում, որոնց հեղինակները տեղեկություններ են հաղորդում այցելած երկրների բնության, նշանավոր սրբավայրերի ու անցյալի մասին։ 17-րդ դարի հայ ուղեգիր Սիմեոն Լեհացին (1584-1637), որը ճանապարհորդել է Եվրոպայի ու Մերձավոր Արևելքի երկրներում և թողել ճանապարհորդական նոթեր։ Ուշ միջնադարի վերջի հայ պատմագիրներից է Մինաս Ամդեցին, ով գրագրել է Սամուել Անեցու «Ժամանակագրությունը» և Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը»։ 1698 թվականին հեղինակել է «Ազգաբանութիուն Հայոց» երկը, որի սկզբի մասը հայոց պատմության (Հայկ Նահապետից մինչև Կիլիկիո վերջին թագավոր Լևոն Զ), իսկ շարունակությունը հռոմեական ու բյուգանդական կայսրերի համառոտ ժամանակագրությունն է։ «Օրագրութիուն» ինքնակենսագրական երկում նկարագրված են 17-րդ դարի վերջին քառորդի ու 18-րդ դարի սկզբի հայ հասարակական-քաղաքական կյանքի մասին տեղեկություններ։ Հրատարակել է Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» երկի ամբողջական բնագիրը և նրա ներբողյանները։

Կրթության և գիտության հետ պայմանավորված՝ որոշակի տեղաշարժեր եղան նաև ուշ միջնադարի հայ գրականության, ճարտարապետության, կերպարվեստի, երաժշտության և թատրոնի բնագավառներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հ. Գ. Ժամկոչյան և ուրիշներ, Հայկական մշակույթը 15-18-րդ դարերում, Հայ ժողովրդի պատմություն, Երևան, «ԵՊՀ հրատարակչություն», 1975, էջ 722-728 — 783 էջ։
  2. 2,0 2,1 2,2 2,3 Հ. Ռ. Սիմոնյան, Հայկական մշակույթը 15-18-րդ դարերում, Հայ ժողովրդի պատմության հիմնահարցեր, Երևան, «Զանգակ-97», 2000, էջ 296-302 — 490 էջ։
  3. 3,0 3,1 3,2 3,3 Վ. Պարսամյան, Հայկական կուլտուրան 15-18-րդ դարերում, Հայ ժողովրդի պատմություն, Երևան, «Հայպետուսմանկ», 1963, էջ 328-364 — 484 էջ։
  4. Հ. Մարգարյան - Դպրոցը ուշ միջնադարյան Հայաստանում // Հայոց պատմություն։ Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը. — Երևան — Էջ  188-189. Արխիվացված է 12 դեկտեմբերի, 2016 սկզբնաղբյուրից:
  5. Հ. Մարգարյան - Դպրոցը XVII-XVIII դարերում // Հայոց պատմություն։ Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը. — Երևան — Էջ  188-189. Արխիվացված է 12 դեկտեմբերի, 2016 սկզբնաղբյուրից:
  6. Լ. Թումանյան - Լիմ մենաստանի ձեռագրական ժառանգությունը. — Երևան — Էջ  163-183. Արխիվացված է 13 դեկտեմբերի, 2016 սկզբնաղբյուրից:
  7. , Հայ տպագրութեանց ծանօթ սկզբնաւորութենէն մինչեւ Յաբգար, Պատմութիւն հայկական տպագրութեան, Վենետիկ, «Մխիթարեան տպարան», 1895, էջ 8-36 — 288 էջ։
  8. Հ. Մարգարյան - Տպագրությունը ուշ միջնադարյան Հայաստանում // Հայոց պատմություն։ Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը. — Երևան — Էջ  188-189. Արխիվացված է 12 դեկտեմբերի, 2016 սկզբնաղբյուրից:
  9. Ղուկաս Վանանդեցի, Բանալի, Ամստերդամ, 1696 — 28 էջ։
  10. Ջ. Ա. Էյնաթյան - Հակոբ Ղրիմեցին և իր տիեզերական հայացքները. — Երևան — Էջ  43-51. Արխիվացված է 12 դեկտեմբերի, 2016 սկզբնաղբյուրից:
  11. Վ, Հակոբյան - Մարտիրոս Երզնկացու ճանապարհորդական նոթերը. — Երևան — В. 6.
  12. Միջնադարյան հայ բժիշկներ. Ամիրդովլաթ Ամասիացի Բժշկագիտությունը Հայաստանում.
  13. Ս. Վարդանյան - Հայ միջնադարյան բժիշկները ուռուցքների և նրանց բուժման մասին. — Երևան — Էջ  133-144. Արխիվացված է 12 դեկտեմբերի, 2016 սկզբնաղբյուրից:
  14. Հ. Մարգարյան - Գիտությունը ուշ միջնադարյան Հայաստանում // Հայոց պատմություն։ Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը. — Երևան Արխիվացված է 12 դեկտեմբերի, 2016 սկզբնաղբյուրից:
  15. Robert Bedrosian - T'ovma Metsobets'i's History of Tamerlane and His Successors. — Նյու Յորք Արխիվացված է 12 դեկտեմբերի, 2016 սկզբնաղբյուրից:
  16. Վ. Դ. Առաքելյան - Առաքել Դավրիժեցի (մահվան 300-ամյակի առթիվ). — Երևան — Էջ  33-45. Արխիվացված է 12 դեկտեմբերի, 2016 սկզբնաղբյուրից: