Նոր շրջանի հայկական ճարտարապետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

19-րդ դարի սկզբին պարսկական լծից Արևելյան Հայաստանի ազատագրումը պայմանավորել է տնտեսության, ինչպես նաև քաղաքաշինության և ճարտարապետության որոշակի առաջընթաց։ Կառուցվել են Հայաստանի համար նորաբնույթ շենքեր՝ բանկեր, եվրոպական տիպի հյուրանոցներ, թատրոններ և այլն, միևնույն ժամանակ պահպանվել են ժողովրդական բնակելի տան և եկեղեցական կառույցների ազգային ավանդական ձևն ու ոճը։ Քաղաքները մասամբ (Երևան, Վաղարշապատ) կամ ամբողջովին (Ալեքսանդրապոլ, Կարս, Գորիս) վերակառուցվել են կանոնավոր հատակագծման սկզբունքով։ Վերակառուցման և հատակագծման աշխատանքներն առավել ծավալվել են 19-րդ դարի վերջին - 20-րդ դարի սկզբին, երբ քաղաքները Հայաստանում վերածվել են կապիտալիստական հարաբերությունների զարգացման կենտրոնների։ Արդյունաբերության և առևտրի զարգացմանն էապես նպաստել են երկաթուղու կառուցումը մինչև Ալեքսանդրապոլ և Կարս (1899), Երևան (1902), ինչպես և խճուղային կապի ստեղծումը (Գորիս՝ 1877, Նոր Բայազետ և Շուշի՝ 1881)։ Կարևորվել են բնակարանների ջրամատակարարումը և կոմունալ սպասարկումը, բարեփոխվել սանիտարահիգիենային պայմանները։ 20-րդ դարի սկզբին Ալեքսանդրապոլում, Երևանում, Վաղարշապատում, Շուշիում, Գորիսում և այլ բնակավայրերում կառուցվել են մանր արհեստավորական ձեռնարկատիրություններ։ Սկզբունքորեն արդիականը և ժամանակի համար առաջադիմականը եղել է քաղաքների ու քաղաքատիպ բնակավայրերի վերակառուցումը՝ նոր հատակագծերի հիման վրա, որի շնորհիվ խառնիճաղանջ ու տարերայնորեն կառուցապատված մի քանի քաղաքներում արմատավորվել են փողոցների ուղղահայաց, կանոնավոր ցանցեր։ Դրան համապատասխան տեղաշարժեր են կատարվել քաղաքների կոմունալ տնտեսության բարելավման, բարեկարգման ու քաղաքատիպ ճարտարապետության ստեղծման համար։ Նոր ոճերի (գլխավորապես՝ ռուսական կլասիցիզմի, մասամբ՝ մոդեռնի) ազդեցությամբ ձևավորվել է Երևանի, Գյումրիի, Կարսի, մասամբ նաև Վաղարշապատի, Շուշիի ճարտարապետության նոր դիմագիծը՝ պահպանելով տեղական ազգային գծերը՝ մասնավորապես ժողովրդական բնակելի տներում, պաշտամունքային, նաև քաղաքացված շենքերում։ Կարսը 1877 թվականին ռուսական զորքերի գրավումից հետո աչքի է ընկել զարգացման ու քաղաքաշինական բարեփոխումևերի թափով, դարձել կարևոր ռազմական, առևտրա-արհեստավորական և ուսումնամշակութային կենտրոն։ Կառուցապատումը կատարվել է երբեմնի պարսպապատ հին քաղաքի սահմաններից դուրս՝ Օրթակապու (Միջին դարպաս) արվարձանի ընդարձակ տարածքում։ Ըստ 1880 թվականի գլխավոր հատակագծի՝ ստեղծվել է փոխուղղահայաց փողոցների ցանց։ Քաղաքի հյուսիսարևելյան մասում հասարակական կենտրոնը Խուփա կոչված շուկայի հրապարակն էր։ Կառուցապատմանը զուգընթաց կատարվել են ջրամատակարարման և կոմունալ սպասարկման աշխատանքներ։ Կարուց գետի ափերին ստեղծվել են զբոսայգիներ, կառուցվել նոր կամուրջներ։ Այսրկովկասի կենտրոնական քաղաքների՝ Թիֆլիսի և Բաքվի, ինչպես նաև Վրաստանի (Ախալքալաք, Ախալցխա, Գորի, Թելավ, Սիղնաղ, Անանուխ, Ադրբեջանի (Գյանջա (Գանձակ), Շամախի) հայ բնակչությունն իր անմիջական մասնակցությամբ նպաստել է բնակավայրերի ոչ միայն տնտեսական, մշակութային, այլև ճարտարապետության ու քաղաքաշինության զարգացմանը։ Թիֆլիսում ու Բաքվում են ստեղծագործել Սանկտ Պետերբուրգի կայսերական գեղարվեստականի ակադեմիայի և քաղաքացիական ճարտարագետների ինստիտուտի սաներ Հովհաննես Քաջազնունին (1868-1937), Գաբրիել Տեր-Միքելյանը (1874-1949), Ղազարոս Սարգսյանը (1874-1962), Քրիստափոր Տեր-Սարգսյանը (1875-1917), Նիկոլայ Բաևը (1875-1949), Ֆրեյդուն Աղալյանը (1876-1943), Պողոս Զուրաբյանը (1878-1947), Վարդան Սարգսյանը (1878-1955), Դավիթ Չիսլյանը (1879-1969), և ուրիշներ։ Թիֆլիսում նրանց կառուցած շենքերից հայտնի են Մ. Արամյանցի «Մաժեստիկ» (այժմ՝ «Թբիլիսի», 1912-1915, ճարտարապետ՝ Գ. Տեր-Միքելյան) հյուրանոցը, Ղ. Սարգսյանի նախագծերով կառուցված Զուբալովի ժողովրդական տունը (1902, այժմ՝ Կ. Մարջանաշվիլու անվան թատրոն), Անդրկովկասյան հրամանատար, ընկերության ակումբը (1902, այժմ՝ Կենտրոնական հանրախանութ), Ա. Մանթաշյանի առևտրական դպրոցը (1911) և մենատունը (1912-1914

Բաքվում կառուցվածներից են հասարակական հավաքույթի ամառային ակումբի (1910-1912, այժմ՝ ֆիլհարմոնիայի համերգային դահլիճ), Թիֆլիսի առևտրական բանկի Բաքվի բաժանմունքի (1902-1903, այժմ՝ «Մանկական աշխարհ» հանրախանութ) շենքերը, Յուզբաշյանի (1900-1901), Ադամյան եղբայրների (1908-1909), Թաղիևների (1909-1911), Սադիխովների (1909-1912) շահութաբեր բնակելի տները (բոլորը՝ ճարտարապետ՝ Գ. Տեր-Միքելյան), Մայիլովի թատրոնը (1910, ճարտարապետ՝ Նիկողայոս Բաև, այժմ՝ Ախունդովի անվան օպերայի և բալետի պետական թատրոն), Սբ. Թադեոս և Բարդուղիմեոս եկեղեցին (1910-1911, ճարտարապետ՝ Հ. Քաջազնունի, այժմ գոյություն չունի)։ Ճարտարապետներ Վ. Սարգսյանի, Ֆ. Աղալյանի և ուրիշների նախագծերով Բաքվում կառուվել են բազմաթիվ բնակելի, վարչահասարակական, ուսումնական, առևտրական, արտադրական և այլ շենքեր ու կառույցներ։ Հայ ճարտարապետները մասնագիտական գործունեություն են ծավալել Ռուսական կայսրության Սանկտ Պետերբուրգ, Մոսկվա, Դոնի Ռոստով, Կամենեց-Պոդոլսկ, Վլադիկավկազ, Գրոզնի, Ղզլար, Աստրախան, Արմավիր, Կրասնոդար, Պյատիգորսկ, Կիսլովոդսկ, Լվով քաղաքներում, Ղրիմում, Մոլդովայում և այլուր։ 20-րդ դարի սկզբին Ս. Պետերբուրգում, Մոսկվայում, Կրատովոյում (Մոսկվայի մարզ) և Յարոսլավլում բեղմնավոր գործունեություն է ծավալել ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը, որի նախագծերով կառուցվել են Շչերբատովների տունը (Մոսկվա), հիվանդանոցային մասնաշենքերի ու բնակելի ավանի ընդարձակ համալիր (Կրատովո)։

Բազմաթիվ են հայկական ճարտարապետության կառույցները նաև գաղթավայրերում, գրեթե ամենուր կառուցվել են եկեղեցական շենքեր, հաճախ՝ օժանդակ շինություններով։ Մասնավորապես Հելիոպոլսի եկեղեցին իր ընդհանուր ձևերով և համաչափություններով հիշեցնում է Մարմաշենի Կաթողիկեն, Լոնդոնի Սբ. Սարգիս եկեղեցին կրկնել է Հաղպատի զանգակատան ձևերը, Ալեքսանդրիայի Պողոս-Պետրոս եկեղեցին հարազատ է Հայաստանում տարածված բազիլիկ կառույցներին։ Ինքնատիպ են Սան Ֆրանցիսկոյի Սբ. Հռիփսիմե, Դաքայի հայկական եկեղեցիների հորինվածքները։

19-րդ դարի և 20-րդ դարասկզբի հայկական ճարտարապետություն։ Հայաստանի արևմտյան մասի քաղաքների (Վան, Բիթլիս, Կարին, Խարբերդ, Երզնկա, Բաբերդ և այլն) ճարտարապետությունն ու քաղաքաշինությունը 19-րդ դարում աննշան փոփոխություններ էին կրել։ Նույն դարի սկզբին Հայաստանի արևելյան մասի ազատագրումը պարսկական լծից և միացումը Ռուսաստանին, երկրի տվյալ մասում առաջացնելով որոշ տնտեսական վերելք, պայմանավորել էին նաև քաղաքաշինության և ճարտարապետության համեմատական առաջընթացը։ Քաղաքները մասամբ (Երևան) կամ ամբողջովին (Ալեքսանդրապոլ, Կարս, Գորիս) վերակառուցվել են ըստ կանոնավոր հատակագծային սկզբունքով նախագծված գլխավոր հատակագծերի։ Վերակառուցման և կառուցապատման աշխատանքներն առավել ծավալվել էին հատկապես 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին, երբ հիշյալ բնակավայրերը վերածվել էին Հայաստանում կապիտալիզմի զարգացման կենտրոնների։ Արդյունաբերության և առևտրի զարգացմանը էապես նպաստել էին երկաթուղու կառուցումը մինչև Ալեքսանդրապոլ և Կարս (1899), Երևան (1902), ինչպես և խճուղային կապի ստեղծումը (Գորիս՝ 1877, Նոր Բայազետ՝ 1881)։ Այս ընթացքում մասամբ կարգավորվել էին բնակավայրերի ջրամատակարարումն ու կոմունալ սպասարկումը։

Երևանում նոր թաղամասի կառուցապատում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի քաղաքաշինական առաջին փաստաթուղթը (1837 թվականի հանույթը) վերաբերում է Շահարի կամ Արարատյան հայկական թաղի տարածքում («Խանի այգու» տեղում) նոր թաղամասի կառուցապատմանը, որի իրականացմամբ առաջացել էին միմյանց զուգահեռ մի քանի փողոցներ (այժմյան Ամիրյան, Սվերդլովի, Սպանդարյան և Պուշկինի)։ Երևանի առաջին գլխավոր հատակագիծը (1856, հեղինակ՝ նահանգական հողաչափ Ա․ Ստացկի), պահպանելով փողոցների առաջացած ցանցը, կանոնավոր կառուցապատման սկզբունքով ներառել էր ողջ «Շահարն» ու Դամիր բուլաղի մի մասը (չընդգրկելով Նորքը, Կոնդն ու Երևանի բերդն իր շրջակայքով)։ Կառուցվել էին Կրեպոստնայա (հետագայում՝ Աստաֆյան, այժմ՝ Աբովյան), ապա զուգահեռ մի քանի փողոցներ, որոնք Շահարի տարածքում առաջացրել էին փոխուղղահայաց փողոցների ցանց։ Ղ․ Ալիշանի «Այրարատ»-ում պատկերված Երևանի հատակագծում նորաստեղծ թաղամասերից բացի առկա էր՝ առևտրա-հասարակական կենտրոնը (Ղանթարը), մյուս հրապարակը (այժմ՝ Ագիզբեկովի), Անգլ․ այգին (այժմ՝ 26 կոմիսարների անվան), բուլվարը (այժմ՝ «2750 շատրվան» զբոսայգին), բնակելի տներ, խանութներ, մասամբ կառուցապատված նախկին բերդատարածքը և անաղարտ մնացած «Դամիր բուլաղը»։ Երևանի հատակագծային հենքը 20-րդ դարի սկզբի դրությամբ ներկայացված է 1906-1911 թվականներին Բագրատ Մեհրաբյանի կատարած տեղահանույթային հատակագծում։

Ալեքսանդրապոլի քաղաքաշինական զարգացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդրապոլի (մինչև 1837 թվականը՝ Գյումրի) քաղաքաշինական զարգացումը պայմանավորվել է նրա տարածքում ռուսական բերդի կառուցումով, նաև 1828-1830 թվականներին Արևմտյան Հայաստանից հայերի ներգաղթով։ Կառուցապատվող նոր քաղաքի կորիզը մնացել է հին Գյումրին (պատմական Կումայրին), որը տեղադրված էր «Չերքեզի» և «Մխչոնց» ձորերի միջև։ Ըստ 1837 թվականի հատակագծի, նոր քաղաքը նախատեսվել է կառուցապատել կանոնավոր հատակագծման սկզբունքով։ Գյումրիից դեպի արևելք ընկած տարածության վրա հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք ուղղություններով առաջացել է փոխուղղահայաց փողոցների ցանց 100 մ X 150 մ, 50 մ X 75 մ չափերի թաղամասերով։ Կանոնավոր հատակագծման սկզբունքը պահպանվել է նաև 1845 թվականին հետագայում ստեղծված գլխավոր հատակագծերում, որոնցով աստիճանաբար ընդարձակվել է քաղաքի տարածքը, հարավից ներառնելով «Կազաչի պոստ», իսկ հյուսիսից՝ «Աևեռսկի» և «Պոլիգոններ» երեք զորանոցային թաղամասերը։ Ալեքսանդրապոլի առևտրա-հասարակական կենտրոնը շուկայի հրապարակն էր (այժմ՝ Մայիսյան ապստամբության), որի շուրջը և նրանից սկզբնավորվող փողոցներում տեղաբաշխված էին խանութներ, արհեստանոցներ, եկեղեցիներ, վարչական, ուսումնական և կոմունալ բնույթի շենքեր։ Հին գերեզմանատունը տեղափոխելով, ազատված բարձունքը 1878 թվականից ծառապատվել է, վերածվել զբոսայգու (այժմ՝ Գորկու անվան, «Գորկա»-ն)։ Մեկ այլ կանաչ տարածություն ստեղծվել է կայարանամերձ տարածքում։

Կարսի և Նոր Բայազետի վերակառուցումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարսը 1877-1918 թվականին, Ռուսաստանի կազմում գտնվելով, արագորեն զարգացել է, դարձել ռազմավարական կարևոր հենակետ, մարզի վարչական կենտրոն և վաճառաշահ քաղաք։ Կարսի կառուցապատումը կատարվել է երբեմնի պարսպապատ հին քաղաքի սահմաններից դուրս, Օրթակապու (միջին դարպաս) կոչված արվարձանի ընդարձակ տարածքում։ Ըստ 1880 թվականին կազմված գլխավոր հատակագծի, առաջացել է փոխուղղահայաց փողոցների ցանցուի արևելյան-արևմտյան ուղղությամբ՝ Լոռիս-Մելիքովսկայա, Ալեքսանդրովսկայա, Միխայլովսկայա և Գուբեռնատորսկայա՝ Կարուց գետի առափնյակին հանգող փողոցները, հյուսիս-հարավ՝ Սապյոռնայա, Ինժեներնայա, Կարադադսկայա, Պոլիցեյսկայա։ Կարսի Աու-Կապու, Բայրամփաշա և այլ արվարձաններ կառուցապատվել են տարերայնորեն։ Քաղաքի հյուսիս-արևելք մասում հասարակական կենտրոնն էր՝ Խուփա կոչված շուկայական հրապարակը։ Կառուցապատմանը զուգընթաց իրականացվել են ջրամատակարարման և կոմունալ սպասարկման հետ կապված միջոցառումներ։ Կարուց գետի աջ և ձախ ափերին ստեղծվել են զբոսայգիներ, նոր կամուրջներով կապվել են ափերը։ Նոր Բայազետը (այժմ՝ Կամո) կառուցվել է պատմական Գավառ ավանի տեղում, երբ 1830 թվականին այստեղ է ներգաղթել Բայազետի (Արմենիա Հայաստան) հայ բնակչության մի մասը։ Քաղաքի տեղանքը քամիներից պաշտպանված ընդարձակ գոգավորություն է․ «Բերդի գլուխ» կոչված բարձունքով (որի վրա կին ուրարտական բերդի մնացորդներ) բաժանվում է երկու մասի, որոնց վրա գավառապետ Տալիզինի նախաձեռնությամբ 1835-1840 թվականին կառուցվել է Նոր Բայազետը։ Կանոնավոր կառուցապատումով առաջացած փողոցների ցանցով կազմավորվել էին «Կալերի», «Խաչերի», «Տալիզի» թաղամասերը։ Գավառագետի ձախ ափը, որ «Բանդի թաղ» էր կոչվում, մնացել է նույնությամբ։ Նոր Բայագետի քաղաքաշինական աշխատանքներում առավել արդյունավետ են եղել Իսահակ Աբելյան-Աբամելիքյանցի գավառապետության տարիները, երբ կազմավորվել է առևտրա-հասարակական կենտրոնը՝ ուղղանկյուն պարագծով տեղաբաշխված մոտ 100 խանութով և հրապարակի կենտրոնի այզեպուրակով։ Հրապարակի կառուցապատումն ամբողջացրել է 20-րդ դարի սկզբին կառուցված եկեղեցին, որն իր վեհաշուք ծավալատարածական հորինվածքով գերիշխել է տեղանքում։

Գորիսի կանոնավոր կառուցապատումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գորիսը կանոնավոր կառուցապատման քաղաքաշինական սկզբունքի կիրառման առավել ուշագրավ և ամբողջական օրինակ է։ Իր չափերով զիջել է Արևելյան Հայաստանի մյուս քաղաքներին։ Նոր Գորիսը հիմնադրվել է Գորիս գետի աջ ափին ընկած տարածքում՝ գավառապետ Ստարացկու և Մանուչար բեկ Մելիք-Հուսեյնյանի նախաձեռնությամբ։ 19-րդ դարի կեսից այստեղ էին տեղափոխվել Կյորես կամ Շեն ժայռափոր տներով հնամենի գյուղի բնակիչները։ Ըստ գլխավոր հատակագծի, Եռակատարի փեշերից սկսվող և մեղմ թեքությամբ դեպի Գորիս գետակն ու ապա հարավ սփռվող տարածքը պատվել է 17 մ և 24 մ լայնությամբ փոխուղղահայաց փողոցների կանոնավոր ցանցով, առաջացնելով 106 մ X 106 մ և 106 մ Х 212 մ չափերի թաղամասեր։ Սրանցում յուրաքանչյուր բնակչին տրամադրվել է 1800 մ2 հողամաս՝ կարմիր գծի վրա, դեպի փողոց ուղղված ճակատով մենատուն կառուցելու պայմանով։ Նոր Գորիսի առևտրահասարակական կենտրոնը կազմավորվել է քաղաքի հարավարևելյան կողմում, ավանդական տոնավաճառի հրապարակի տեղում։ Նոր հրապարակը պարագծով կառուցապատվել է երկհարկանի բնակելի և այլ շենքերով, որոնց առաջին հարկերում խանութներ էին։ Հրապարակից սկսվող և դեպի հարավ ընթացող փողոցում ստեղծվել են միահարկ խանութների ու արհեստանոցների շարքերը։ Հրապարակի հարավային կողմում ստեղծվել է 75 մ X 225 մ չափերի քաղաքային այգին։ Միասնական քաղաքաշինական մտահաղացման, պաշտամունքային, վարչահասարակական և բնակելի շենքերի, ոճական, ինչպես նաև քարի գունային ընդհանրության շնորհիվ Գորիսը ստացել է կուռ և ամբողջական նկարագիր։

Վաղարշապատի վերակառուցումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղարշապատը (այժմ՝ Էջմիածին), որ Հայաստանի հնագույն քաղաքներից է, 19-րդ դարի սկզբին անկանոն կառուցապատված գյուղ էր, Սուրբ Էջմիածին մայրավանքից որոշ հեռավորությամբ սփռված դեպի հյուսիս։ 18-րդ դարի պարսպապատված վանքային համալիրի և գյուղի միջև եղած դատարկ տարածությունը 19-րդ դարի ընթացքում կառուցապատվել է։ Մայրավանքի հյուսիսային պարսպին արտաքուստ կից ստեղծվել է այգեպուրակ, առևտրա-հասարակական կենտրոն և շուկայական հրապարակ։ Խանութներ ու արհեստանոցներ եղել են նաև մյուս փողոցներում։ Նոր Վաղարշապատի կառուցապատմանը մասամբ մասնակցել է Էջմիածնի Մայր աթոռը։ Վանքի շրջապատի միկրոկլիմայի բարելավմանը նպաստել է մայրավանքից հարավ ընկած տարածքում խոշոր չափի (70 մ X 170 մ) արհեստական լճի (1848-1850) ու արհեստական անտառի (1847 թվականից) ստեղծումը։ Մայր աթոռի շինարարական գործունեությունը առավել ծավալվել է 19-րդ դարի 2-րդ կեսին։ Կառուցվել են տարբեր բնույթի վանքապատկան շենքեր, որոնց շնորհիվ զգալիորեն կերպարանափոխվել է վանքի շրջապատը՝ բարերար ազդելով Վաղարշապատի ընդհանուր նկարագրի վրա։

19-րդ դար-20-րդ ճարտարապետության զարգացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարից 20-րդ դարի սկիզբը նշանավորվել էին Արևելյան Հայաստանի քաղաքներում և բնակավայրերում շինարարական գործունեության աշխուժացմամբ, ճարտարապետության զարգացմամբ։ Քաղաքային ճարտարապետությունը կազմավորվել է ոճական նոր ուղղություններով։ Ավանդական ձևերը առավել պահպանել է ժողովրդական բնակարանի ճարտարապետությունը, թեև կենսական պայմանների փոփոխությունները (հատկապես քաղաքներում) այս բնագավառում էլ առաջացրել էին որոշակի տեղաշարժեր։ Աշխարհագրական տարբեր շրջանների (Արարատյան դաշտի, Շիրակի լեռնահովտի, Գուգարքի, Սյունիքի, Սևանա լճի ավազանի) բնակլիմայական պայմանների, բնակչության զբաղմունքի, ազգային-կենցաղային սովորույթների տարբերությունները՝ այդ մշտական և փոփոխվող գործոնները, որոշակիորեն անդրադարձել են բնակարանի ընդհանուր հորինվածքի, սենյակների կազմի ու փոխադարձ կապի և ճարտարապետության ձևերի մեջ։ Միևնույն ժամանակ տարբեր շրջանների ժողովրդական տների ճարտարապետությանը բնորոշ է ազգային․ ինքնատիպ ոճական միասնության պահպանումը, մասամբ որպես հետևանք բնակելի տան կազմում ավանդական գլխատան պահպանման՝ թեկուզ իր նոր, գլխավորպես տնտեսական նշանակությամբ։ Լեռնային շրջաններում, ուր բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու դաշտավարությունն էր, գլխատունը շարունակել էր լինել բազմասենյականոց բնակելի տան կորիզը։ Արարատյան դաշտի շրջաններում, որտեղ բնակչությունը զբաղվել է խաղողի, պտղի, բանջարաբոստանային և բամբակի կուլտուրաների մշակմամբ, գլխատունը մղվել է հետին պլան, ձեռք բերել սոսկ տնտեսական նշանակություն (թոնրատուն, հացատուն, մթերատուն) իր տեղը զիջելով նոր տիպի բնակելի տներին, որոնց քարաշեն, աղյուսաշեն և կավաշեն օրինակները տարածվել են Երևանում և Արարատյան դաշտի այլ բնակավայրերում։ 1,5-2 հարկանի այդ տներում կիսանկուղային թաղածածկ հարկը հատկացվել է տնտեսական նպատակներին (շտեմարան, մառան-շիրախանա), իսկ երկրորդ հարկում մեկ-երկու շարքով տեղավորվել են բնակելի սենյակները։ Բնակելի տունը ուներ բակահայաց (հաճախ՝ ճակատի ամբողջ երկայնքով) և փողոցին նայող կամարազարդ փայտակերտ պատշգամբներ, շքամուտքից բակը տանող ձևավորված միջանցք («դալան»)։ Ժողովրդական շնորհաշատ վարպետների ջանքերով դրանք իրականացվել են գեղարվեստական բարձր կատարելությամբ, հասցվել պրոֆեսիոնալ ստեղծագործության մակարդակի։ Շիրակի լեռնահովտի բնակելի տների առավել տիպական օրինակները կառուցվել են Գյումրի-Ալեքսանդրապոլում և որոշ գյուղերում։ Տարբերվելով Արարատյան դաշտի բնակելի տներից, դրանք բնութագրվում են տեղի բնակլիմայական ցուրա պայմաններին, բնակիչների զբաղմունքին համապատասխանությամբ, ունեն ավելի հավաք հորինվածք և սենյակների փոխկապվածություն։ Գյումրիի բնակելի տները ենթաբաժանվել են գյուղական և քաղաքային խմբերի։ Հնագույնները՝ գետնափոր կամ կիսագետնափոր, քարե հաստ պատերով ու հողածածկ տափակ կտուրներով, պատկանել են դաշտավարությամբ զբաղվող բնակիչներին։ 19-րդ դարի ընթացքում Գյումրիում կազմավորվել է 1 - 1,5 հարկանի, կուռ հատակագծված բազմասենյականոց, առավել կատարյալ մենատների տիպը, որի հետագա զարգացումը հանգեցրել է սակավահարկ (2 - 2,5), ինքնատիպ ճարտարապետությամբ «քաղաքային» բնակելի տների ստեղծմանը։ Նույն ժամանակաշրջանում Շիրակի լեռնահովտի առանձին գյուղերում՝ Արթիկ, Ղփչաղ (Հառիճ), Մահմուդջուղ (Պեմզաշեն), Սոգյութլու (Սառնաղբյուր), Շիրվանջուղ (Լեռնակերտ) էին, ստեղծվել ու տարածվել էր բազմասենյակ՝ «կոմպլեքսային» բնակելի տան տիպը, որի կազմում գլխատունը օգտագործվել է տնտեսական նպատակներով։

Գուգարքում ճարտարապետության բարելավումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային Հայաստանի Գուգարքի տարածքում գտնվող շրջաններում ճարտարապետությունը բնակեցման պայմանների բարելավման նշանաբանով աստիճանաբար կատարելագործվել է։ Հիմնականում անասնապահությամբ և դաշտավարությամբ զբաղվող լեռնաբնակների, առավել տարածված բնակելի տան հնագույն տիպը գլխատունն էր, որի լավագույն օրինակները ստեղծվել էին Ուզունիսրում (Օձունոում), Դսեղում, Սանահինում, Հաղպատում, Շնողում, Կողբում, Բարանայում (Նոյեմբերյանում) և այլուր։ Բազմասենյակ («կոմպլեքսային») բնակելի տան տիպն այստեղ կազմավորվել է 19-րդ դարի ընթացքում, գլխատանը (որպես հին կորիզի) ավելացնելով լրացուցիչ բնակելի տունը, միջնատունը (մթերանոց, հացատուն), գոմը, հարդանոցը ևն։ Ըստ տեղանքի թեքության դրանք երբեմն կիսաթաղված էին գետնում։ Հետզհետե գլխատունը կորցնելով իր բնակելի տան նշանակությունը, վերածվել է տնտ․ մասի, իր տեղը զիջելով նոր տիպի՝ քարաշեն, 1-2 հարկանի, պատշգամբավոր, երկլանջ կղմինդրածածկ կտուրով տների։ Սևանա լճի ավազանի և Գուգարքի բնակլիմայական համարյա նույն պայմաններով է պայմանավորվել այդ շրջաններում կառուցված բնակելի տների նույնատիպությունը։ Դրանով է բացատրվում գլխատան, որպես ցրտաշունչ պայմաններին առավել նպատակահարմար տիպի կենսունակությունը առանձին կամ «կոմպլեքսային» տան կազմում։ Գլխատների ուշագրավ օրինակներ էին ստեղծվել Սևանի ավազանի Ն․ Գյոզալդարա (Վարդենիկ), Ղարանլուղ (Գեղհովիտ), Նորադուզ, Օրդաքլու (Լճաշեն), Չիբուխլու (Ծովագյուղ) ու այլ բնակավայրերում։ Նոր Բայազետում գլխատունը շարունակել է գործածական լինել անասնապահությամբ ու դաշտավարությամբ զբաղվող ընտանիքների համար, իսկ նոր թաղամասերը կառուցապատվել են 1-2 հարկանի քարաշեն բազմասենյակ բնակելի տներով։

Սյունիքի բնակելի տների ոճը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյունիքի բնակելի տներին բնորոշ է բազմազանությունը (սկսած քարանձավայինից մինչև գլխատուն և նոր տիպերը)՝ պայմանավորված տարբեր բնակլիմայական պայմաններով։ Լեռնային Զանգեզուրում, տեղի պայմաններին ու տնտեսությանը (անասնապահություն, դաշտավարություն) համապատասխան տարածվել է քարայրային և վերգետնյա բնակարանների խառը տիպը, որպիսին կար հին Կյորեսում, Խնձորեսկում, Շինուհայրում, Տեղում և այլ բնակավայրերում։ 19-րդ դարի 2-րդ կեսից, երբ հին Կյորեսի բնակիչները սկսել էին կառուցապատել նոր Գորիսը, ընտրել են ավանային՝ 1-2 հարկանի, սենյակների միաշարք և երկշարք դասավորությամբ, առաջին հարկը օժանդակ նպատակներին հատկացված բնակելի տան տիպը։ Իրենց մասշտաբով, կիրառված քարի գույնով ու ճարտարապետությամբ (ինչպես Շուշիի երբեմնի հայկական թաղամասերում) կազմավորվել է ճարտարապետական միասնական միջավայրի համայնապատկերը։ Մեղրիի բնակելի տները բնութագրվելով շոգ կլիմային առավել համապատասխանությամբ, իրենց հորինվածքով ու ձևերով նմանվել են Արարատյան դաշտի, հատկապես Երևանի բնակելի տներին։ Ժողովրդական բնակելի տան ճարտարապետության զարգացմանը զուգընթաց Արևելյան Հայաստանի քաղաքներում՝ Երևանում, Ալեքսանդրապոլում, Կարսում, մասամբ՝ Վաղարշապատում 19-րդ դարի 2-րդ կեսին և 20-րդ դարի սկզբին կազմավորվել է նորատիպ ճարտարապետություն՝ թելադրված կապիտալիստական հարաբերություններին անցած քաղաքային հասարակության պահանջմունքներով։ Նորատիպ բնակելի, վարչա-հասարակական, ուսանողական, կոմունալ և արտադրական շենքերի կառուցումով արմատավորվել էին Անդրկովկասի (Թիֆլիս, Բաքու) և Ռուսաստանի քաղաքներում տարածված ոճական ուղղությունները։

Քաղաքային նորատիպ շենքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքային նորատիպ շենքերը մեծ մասամբ կառուցվել էին Ռուսաստանում և Եվրոպայում մասնագիտացած ճարտարապետների նախագծերով։ Տարբեր տիպի շենքերը (տեղաբաշխված ըստ քաղաքային իշխանությունների առաջադրանքի) կառուցված մասնագիտական հսկողությամբ, բնութագրվում են ճարտարապետա-գեղարվեստական աճած մակարդակով, կիրառական պահանջներով թելադրված հորինվածքների մշակվածությամբ, ոճական ու մասշտաբային միասնությամբ, գործածված շինանյութի (տեղական տարբեր երանգի տուֆերի) ընդհանրությամբ։ Դրա շնորհիվ քաղաքների նորաբաց փողոցներում և հրապարակներում կազմավորվել են առանձին կամ ամբողջական ներդաշնակ հատվածներ։ Նոր շենքերով արմատավորված ճարտարապետական ոճերը, գլխավորապես ռուսական կլասիցիզմը, սակավ չափով՝ մոդեռնը, կեղծ մավրիտանականը, եկեղեցական շենքերում նաև հայկական ու ռուսսական, նպաստել են հին քաղաքների ճարտարապետական նկարագրի կերպարանափոխմանը։ Գերիշխող ռուսական կլասիցիստական ոճի յուրացումը ընթացել էր ոչ թե մեխանիկորեն, այլ ստեղծագործաբար։ Տեղի բնակլիմայական, ազգային և այլ գործոնները, կենսունակ ավանդույթները, տեղական շինանյութերի և կառուցման կերպի կիրառումը կլասիցիզմի ոճը տեղայնացրել էին յուրօրինակ մեկնաբանություններով։ Առավել չափով դա ակնառու է քաղաքային նոր տիպի բնակելի տների մի խմբում (Երևանում՝ Բաբաջանյանների, Ջանիբեկյանների, Խուդաբաշյանների, Ալեքսանդրապոլում՝ Զիթողցյանների, Մերկուրովների), որոնց «գյումրիական» ճարտարապետության մեջ ներդաշնակորեն զուգակցվել էին տեղականն ու նորամուտը։ Քաղաքային նորատիպ բնակելի տների մի այլ խումբ էին կազմում Երևանում՝ Տեր-Ավետիքյանների, Խորասանյանների, Աֆրիկյանների, Թադևոսյանների, Խանզադյանների, Եղիազարյանների և շատ ուրիշների, Ալեքսանդրապոլում՝ Արսախակալյանների, Յուզբաշյանների, Պալյանների, Տեր-Պողոսյանների, Կարսում՝ Մկրտումյանների, Զիթողցյանների, Հակոբյանների, Ալեքսանդրյանների տները, որոնցում կլասիցիզմի ոճը առավել ցայտուն է արտահայտվել։ Այդ մենատներն ու «շահութաբեր տները» մեծ մասամբ երկհարկանի են, ավելի սակավ՝ 3-4 հարկանի (Ձիթողցյաններինը և Մկրտումյաններինը՝ Կարսում), հատակագծված էին սենյակների միաշար և երկշար հորինվածքով, ընդ որում «շահութաբեր տներում» բնակելի և օժանդակ սենյակների համեմատաբար պակաս կազմով քան մենատներում Էր։ Վարչահասարակական, հանդիսատեսային և ուսումնական շենքերի արտաքին և ներքին ճարտ-յունը առավել չափով է սնվել կլասիցիզմից։ Ռուստային շարվածքի, օրդերային համակարգի, գոտիների ու փարթամ քիվերի օգնությամբ ճակատների հարթությունները ենթարկվել են պլաստիկական ակտիվ մշակման։ Հարուստ ձևերով ընդգծվել են շքամուտքերը, լուսամուտների ու դռների բացվածքները, երեսակալներն ու ճակտոնավոր (աղեղնաձև, եռանկյունաձև) վերնաքիվերը, դեպի փողոց կարկառված, պահունակներին հենվող ու գեղեցիկ ճաղաբազրիքներով եզերված պատշգամբները։ Նշված հատկանիշներով էին օժտված Երևանում 19-րդ դարի վերջին և 22-րդ դարի սկզբին կառուցված նահանգապետարանի (այժմ՝ Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի շենքը) և դիմացի (այժմ՝ ՀԽՍՀ ձկնատնտեսության պետական կոմիտեի շենքը, ճարտարապետ Ֆոն դեր Նոնե) շենքերը, Ուսուցչական սեմինարիայի (այժմ՝ ժողովրդական տնտեսական ինստիտուտի շենքը, ճարտարապետ Բ․ Մեհրաբյան), Պետական գանձարանի (այժմ՝ Մինիստրությունների շենքը Ազիզբեկովի հրապարակում), Պետական բանկի (այժմ՝ 2-րդ հիվանդանոցի շենքը), «Տղայոց» և «Օրիորդաց» (Հռիփսիմյան) գիմնազիաների շենքերը (բոլորի ճարտարապետ Վ․ Միրզոյան)։ Ճարտարապետական նույնպիսի նկարագիր էին ունեցել «Անգլիական այգու» (այժմ՝ 26 կոմիսարների անվան) հյուսիսարևմտյան սահմանով ձգված և շուկայական հրապարակի կողմը դարձած շենքերի (1-2 հարկանի, աոաջին հարկում՝ խանութներով) շարքը։ Երևանի հանդիսատեսային շենքերի առաջնեկներն էին Ջանփոլադյանների թատրոնը (այժմ՝ Սպայի տուն, ճարտարտարապետական Բ․Արազյան), Դրամատիկական թատրոնը (հետագայում՝ Երաժշտական կոմեդիայի թատրոն, ճարտարապետ Վ․ Միրզոյան), Քաղաքապետարանը (այժմ՝ Սպանդարյանի շրջսովետի շենքը), «Օրիանտ» և «Գրանդ հոթել» հյուրանոցները ևն։ Ոճական որոշ տարբերությամբ, դրանց թվին կարող է դասվել «Տղայոց գիմնազիայի» նոր շենքը (հետագայում՝ «Կուլտուրայի տունը» Լենինի հրապարակում, ճարտապետ Վ․ Սիմոնսոն)։ Ալեքսանդրապոլում կլասիցիզմի ճարտարապետական ոճով կառուցված շենքերի լավագույն օրինակներն են՝ «Օֆիցերական ակումբը» (ճարտարապետ Էլլարով), «Առևտրական» և «Օրիորդաց» (Օլգինյան) գիմնազիաները (ճարտարապետ․ Միրոնով), իսկ Կարսում՝ «Օֆիցերական ակումբի», «Պետական գանձարանի», հյուրանոցի և մի քանի այլ շենքեր։

Հայ ճարտարապետների գործերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նույն ժամանակաշրջանում Արևելյան Հայաստանի դանդաղորեն զարգացող արդյունաբերության հիմնական կենտրոն Երևանի տարբեր մասերում կառուցվել էին արտադրամասեր տարաբնույթ ձեռնարկությունների շենքեր (1912 թվականին դրությամբ՝ մինչև 1967)։ Դրանցից են՝ Թայիրյանի, Սարգսյանի, Շուստովի, Աֆրիկյանի, Գյոզալյան և սպիրտ-կոնյակի, Տեր-Ավետիքյանի թուջաձուլման և մեխանիկական, Գաբրիելյանի և Սարգսյանի պահածոների, Ավետյանի բամբակամամլիչ, Գյոզալյանի ձիթազտիչ, կաշվի, լիմոնադ-գարեջրի և այլ գործարանները։ Դրանցից մի քանիսի՝ Սարաջյանի (1894), Շուստովի (1899) և Գյոզալյանի (1893) ձիթազտիչ գործարանների ճարտարապետությունը չհամապատասխանելով դրանց բնույթին, մեծ ընդհանրություն ունի նույն ժամանակաշրջանի Երևանի քաղաքացիական ճարտարապետության հետ։ Մոտավորապես նման է Ալեքսանդրապոլի (մեխանիկական, գարեջրի, շինանյութերի) և Կարսի տարբեր տեսակի արտադրական շենքերի ճարտարապետությանը։ Այլ է պատկերը եկեղեցիների ճարտրպետության բնագավառում, որտեղ պահպանվել է ազգային ճարտարապետության ավանդույթների շարունակման ստեղծագործական միտումը։ Դա արտահայտվել է ինչպես հայկական, այնպես էլ ռուսական եկեղեցիների ճարտարապետությանյան մեջ։ Հայկական եկեղեցական ճարտարապետությանյան ոճով էին կերտվել Երևանի Սուրբ Լուսավորիչը (1868-1900), Ս․ Զորավորի դամբարան-զանգակատունը (20-րդ դարի սկիզբ, ճարտարապետ Վ․ Միրզոյան), Ալեքսանդրապոլի Ս․ Ամենափրկիչը [[[1858]]-1876, հեղինակներներ՝ վարպետներ Թադևոս (Թաթոս) Անտիկյան և Մանուկ Պետրոսյան (Արդար Մանուկ)] Կարսի քաղաքամեջի նոր (1908-1915), Նոր Բայազետի կենտրոնի (1903, ճարտարապետ՝ Վ․ Միրզոյան) եկեղեցիները։ Կառուցվել էին Վարդենիսի, Մրգավանի (Արտաշատի շրջան), Արարատյան դաշտի մի շարք գյուղերի եկեղեցիները, Աշտարակի Մարինե և Եղվարդի Ս․ Աստվածածին եկեղեցիներին կցակառուցված գավիթները, Տաթևի վանքի և Կարսի Առաքելոց եկեղեցու զանգակատները, նույն եկեղեցուն կցակառուցված նախամուտքերը (1885, հեղինակ ճարտտարապետությանյան ակադեմիկոս Գ․ Գրիմ) ևն։ Ռուսական եկեղեցիների ճարտարապետության ոճն իր արտահայտությունն է գտել Երևանի Նիկոլաևյան (1901, ճարտարապետ Վ․ Միրզոյան, կառուցումն ավարտել է Ի․ Կիտլինը), Քանաքեռի, Ալեքսանդրապոլի «Սևեռսկի պոստի» և «Կազաչի պոստի» զինվորական եկեղեցիները (20-րդ դարի սկիզբ, առաջինի ճարտարապետ Վ․ Միրզոյան, մյուսներինը՝ ենթադրաբար նույնը), Ալեքսանդրապոլի «Պատվո բլուրի» վրա կառուցված «Պլպլան ժամը», Կարսի ռուս. եկեղեցին (1908), զորամասային մի քանի եկեղեցիներ։ Բազմաոճ են 19-րդ դարի վերջ 20-րդ դարի սկզբին Վաղարշապատում կառուցված Ս․ Էջմիածնի վանքապատկան քաղաքացիական շենքերը։ Դրանց թվին են պատկանում Մայր տաճարին կցված թանգարանի (1869), Գևորգյան ճեմարանի (1869-1874), Երեմյան խցերի (1875), ճեմարանի ննջարանային մասնաշենքի (1879), «Հայրիկյան» թանգարանի (1896), տպարանի (1888-1898, ճարտարապետ Մ․ Սալամբեկյան), հիվանդանոցի (1902, ճարտարապետ Լ․ Շիրմազանյան), սերտարանի (1911, ճարտարապետ Վ․ Միրզոյան), ուսական աստղադիտարանի (1911 - 1914, ճարտարապետ Ա․ Կալգին) շենքերը։ Բացառություն են կազմում մատենադարանը (այժմ՝ հոգևոր ճեմարան, 1910-1911) և նոր վեհարանը (1910-1914), որոնց հեղինակը՝ թիֆլիսահայ ճարտարապետ Պ․ Զուրաբյանը, ջանացել է դրանք մեկնաբանել հայկական ճարտարապետությանյան ավանդույթների ոգով։ Նույն կարգի է Թիֆլիսում կառուցված Ներսիսյան դպրոցի նոր շենքը (1909-1912, ճարտարապետ Ա․ Մորովիցկի, կառուցման ղեկավարներ՝ Պ․ Զուրաբյան, Մ․ Նեպրինցև)։ Թիֆլիսում և Բաքվում է ընթացել հայազգի տաղանդաշատ ճարտարապետների՝ Գ․ Տեր-Միքելյանի, Ք․ Տեր-Սարգսյանի, Ղ․ Սարգըսյանի, Վ․ Սարգսյանի, Հ․ Տեր-Հովհաննիսյան-Քաջազնունու, Դ․ Չիսլիևի, Պ․ Զուրաբյանի, Ն․, Բաևի, Ն․ Մադաթովի, Ֆ․ Աղալյանի, Ա․ Ռոաինյանի և ուրիշների ստեղծագործական կյանքը։ Կատարելով տեղի հայկական համայնքների և այլ պատվիրատուների առաջադրանքը, նրանց նախագծերով կառուցվել էին բազմաբնույթ շենքեր, որոնք էապես նպաստել էին Անդրկովկասի երկու կարևոր կենտրոնների քաղաքային նոր ճարտարապետության կազմավորմանը։ Թիֆլիսում կառուցված շենքերից նշանավոր են՝ Մ․ Արամյանցի «Մաժեստիկ» հյուրանոցը (այժմ՝ «Թբիլիսի», 1912-1915, ճարտարապետ՝ Գ․ Տեր-Միքելյան), Ղ․ Սարգսյանի նախագծերով կառուցված Զուբալովի ժող․ տունը (1902, այժմ՝ Կ․ Մարջանիշվիլու անվան թատրոն), Անդրկովկասյան օֆիցերական ընկերության ակումբը (1902, այժմ՝ կենտր, հանրախանութ), Ա․ Մանթաշյանի առևտր․ դպրոցը (1911) և մենատունը (1912-1914)։ Հայ ճարտարապետների նախագծերով Թիֆլիսում կառուցվել են Մելիք Ազարյանի և ուրիշների բազմաթիվ շահութաբեր բնակելի տներ ու մենատներ, հանդիսատեսային, մշակութային ու այլ բնույթի շենքեր։ Բաքվում կառուցվածներից հիշատակելի են՝ Հասարակական հավաքույթի ամառային ակումբի (այժմ՝ ֆիլհարմոնիայի համերգային դահլիճ, 1910-1912), Թիֆլիսի առևտրական բանկի Բաքվի բաժանմունքի (այժմ՝ «Մանկական աշխարհ» հանրախանութ, 1902-1903) շենքերը, Յուզբաշյանի (1900-1901), Ադամյան եղբայրների (1908-1909), Թաղիևների (1909-1911), Սադիխովների (1909-1912) շահութաբեր բնակելի տները (բոլորը՝ ճարտարապետ Գ․ Տեր-Միքելյան), Մայիլովի թատրոնը (այժմ՝ Ախունդովի անվան օպերայի և բալետի պետական թատրոն, 1910, ճարտարապետ Ն․ Բաև), Ս․ Թադեոս և Բարդուղիմեոս եկեղեցին (այժմ գոյություն չունի, 1910-1911, ճարտարապետ Հ․ Տեր-Հովհաննիսյան-Քաջազնունի)։ Ճարտարապետների Վ․ Սարգսյանի, Ֆ․ Աղալյանի և ուրիշների նախագծերով Բաքվում կառուցվել են բազմաթիվ բնակելի, վարչա-հասարակական, ուսումնական, առևտրական, արտադրական և այլ բնույթի շենքեր ու կառույցներ։ 20-րդ դարի սկզբին Պետերբուրգում, Մոսկվայում, Կրատովոյում և Յարոսլավլում նույնպիսի բեղմնավոր գործունեություն է ծավալել ճարտարապետության ակադեմիկոս Ա․ Թամանյանը, որի նախագծերով Մոսկվայում կառուցվել է Շչերբատովների տունը, իսկ Կրատովոյում՝ հիվանդանոցային մասնաշենքերի ու բնակելի ավանի մի ընդարձակ համալիր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png