Հովհաննես Քաջազնունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Քաջազնունի
Հովհաննես Տեր-Հովհաննիսյան
Դրոշ
Դրոշ
Հայաստանի Հանրապետության վարչապետ
Հունիսի 15, 1918 - Մարտի 27, 1919
Նախորդող Պաշտոնը սահմանվել է
Հաջորդող Ալեքսանդր Խատիսյան
Դրոշ
Դրոշ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ
7 օր
Նախորդող Ավետիք Սահակյան
Հաջորդող Պաշտոնը կասեցվել է
 
Կուսակցություն՝ ՀՅԴ
Կրթություն՝ Քաղաքացիական ինժեներների ինստիտուտ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, ճարտարապետ և ճարտարագետ
Ազգություն հայ
Ծննդյան օր Փետրվարի 1, 1868
Ծննդավայր Ախալցխա, Ջավախք, Ռուսական կայսրություն
Վախճանի օր 1938
Վախճանի վայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստանի Առաջին Հանրապետություն և  Ռուսական կայսրություն
Զավակներ 4 որդի, 2 դուստր

Հովհաննես Մաթևոսի Քաջազնունի (Տեր-Հովհաննիսյան) (փետրվարի 14, 1868(1868-02-14), Ախալցխա, Ռուսական կայսրություն - հունվարի 15, 1938(1938-01-15), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ ականավոր քաղաքական գործիչ, Անդրկովկասի սեյմի անդամ, ԱԺԴՀ խնամատարության նախարար, Հայաստանի առաջին հանրապետության առաջին վարչապետ։ Եղել է նաև ճարտարապետ, ով մեծ հետք է թողել Բաքվի, իսկ այնուհետև նաև Հայաստանի ճարտարապետության վրա։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Քաջազնունին ծնվել է 1868 թվականի փետրվարի 1-ին Թիֆլիսի նահանգի Ախալցխա քաղաքում (ներկայումս՝ Վրաստանի Ջավախեթի շրջանում)։ Քաջազնունու նախնիները արմատներով Էրզրումից են եղել, ովքեր 19-րդ դարի սկզբում տեղափոխվել են Ջավախք։

Ազգանվան պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաջազնունին ծնունդով ստացել է Տեր-Հովհաննիսյան ազգանունը։ Նրա պապի հայրը՝ Տեր Հովհաննես քահանան, գալով Էջմիածին ուխտի՝ ստացել էր թույլատվություն Ամենայն Հայոց Կաթողիկոսից փոխելու իր Իգիթխանյան ազգանունը, և իր երեխաներին տվել էր Տեր-Հովհաննիսյան ազգանունը։ Հովհաննեսը իր հերթին թարգմանել է իր պապի «Իգիթխանյան» ազգանունը հայերեն ու ստացել «Քաջազնունի»։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնական կրթությունն ստացել է 1877 - 1886 թվականներին, Թիֆլիսում` նախ մասնավոր դպրոցում, այնուհետև` ռեալական վարժարանում։

1887 թվականին ընդունվել է Սանկտ Պետերբուրգի քաղաքացիական ինժեներների ինստիտուտը, որն 1893 թվականին գերազանցությամբ ավարտելով՝ ստացել է ճարտարապետի դիպլոմ։ Նույն շրջանում նա ուսումնասիրել է գրականություն, մասնավորապես Շեքսպիրի ժառանգությունը։ Նրա անունը ներառված է համալսարանի Փառքի սրահում։ 1886թ․ ավարտել է Թիֆլիսի ռելական ուսումնարանը։ 1883թ-ից՝ դեռ պատանի հասակից սկսել է քաղաքական գործունեությունը։ Պետերբուրգում եղել է հայ ուսանողական միության վարչության նախագահ։ 1893թ անդամակցել է Դաշնակցությանը։ 1895-1897թթ որպես ինժեներ ծառայել է Բաթումի սահմանապահ պահպանության կորպուսի սևծովյան բրիգադում։ 1897-1899թթ եղեել Թիֆլիսի քաղաքային վարչության ճարտարապետը։ Մասնակցել է Արևմտյան Հայաստան զենքի գաղտնի տեղափոխման աշխատանքներին։ Ուսանողական տարիներին ինստիտուտի 25-ամյակի առթիվ տպագրվել են ուսանողների լավագույն նախագծերը, որտեղ Քաջազնունին ներկայացված էր հայկական եկեղեցիների իր նախագծով։ Այդ նպատակով նա ուսումնասիրել է Անիի ու Էջմիածնի եկեղեցիները։ Նա շատ էր նկարում ու մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների[1]։

Ուսանողական տարիներին նա ընդգրկվել է Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության շարքերը։

Հասարակական և քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1905 - 1906 թվականներին կովկասյան թաթարների կողմից հայերի ջարդերի ընթացքում բռնությունները դադարեցնելու համար դարձել է Խաղաղության հաստատման հանձնաժողովի անդամ։ 1906 թվականից սկսած նա ակտիվորեն ներգրավվել է հասարակական և քաղաքական գործունեության մեջ։ Նույն տարին մեկնել է Նիցցա քաղաք՝ կապվելու Ալեքսանդր Մանթաշյանցի հետ՝ խնդրելու աջակցել կուսակցությանը[2]։

ՀՅԴ կարգադրությամբ նա 1908 թվականին մեկնել է Բաքու ու Կոնստանդնուպոլիս։ 1909 թվականին ձերբակալվել է հակադաշնակցական հայտնի գործի շրջանակներում։ Ազատ է արձակվել 10000 ռուբլի գրավի դիմաց։ 1911 թվականին ստիպված մեկնել է երկրից՝ խուսափելու համար, որ նրան կանչեն Սանկտ-Պետերբուրգ՝ վկայություն տալու Դաշնակցության դեմ դատավարությում։ Ապրել է Ֆրանսիայում, Բելգիայում ու Վան քաղաքում։

1914 թվականին նա վերադարձել է Կովկաս։ 1917 թվականին Քաջազնունին ընտրվել է Հայոց Ազգային Խորհրդի անդամ։ 1918 թվականի փետրվարին ընտրվել է Անդրկովկասյան սեյմի անդամ։ Եղել է ԱԺԴՀ խնամատարության նախարարը։

Քաջազնունին եղել է Հայաստանի պատվիրակության կազմում, որը մասնակցում էր Տրապիզոնի ու Բաթումի հաշտության կոնֆերանսներին։ Ալեքսանդր Խատիսյանի հետ մեկտեղ՝ ստորագրել է Բաթումի պայմանագիրը՝ հայկական պատվիրակության անունից[2]։

Հայաստանի առաջին հանրապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրումից հետո Հովհաննես Քաջազնունին 1918թ. հունիսի 7-ին նշանակվել է նորաստեղծ պետության առաջին վարչապետը։ Դեռևս Հայ Ազգային Խորհրդի՝ Թիֆլիսում գտնվելու օրերին՝ հունիսի 30-ին Քաջազնունին ներկայացրել է կառավարության կազմը՝ բաղկացած 4 նախարարներից։

ԼՈՒՍԱՆԿԱՐ ԱՆՈՒՆ ՊԱՇՏՈՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Հովհաննես Քաջազնունի ՀՀ Վարչապետ ՀՅԴ
Ալեքսանդր Խատիսյան ՀՀ Արտաքին Գործերի նախարար ՀՅԴ
Արամ Մանուկյան ՀՀ Ներքին Գործերի նախարար ՀՅԴ
Խաչատուր Կարճիկյան ՀՀ Ելևմուտքի նախարար ՀՅԴ
Հովհաննես Հախվերդյան ՀՀ Ռազմական նախարար Անկուսակցական

Մի առիթով նա հայտնել է.

«Բացառիկ ծանր պայմանների մեջ է գործի անցել իմ կազմած կառավարությունը... Կառավարությունը չունի ոչ մի հենարան անցյալում, նա չի հաջորդում նախկին կառավարությանը՝ շարունակելու արդեն ընթացքի դրած պետական աշխատանքը»

Հովհաննես Քաջազնունու կառավարության կազմը

1918 թվականի հուլիսի 19-ին Հայաստանի կառավարության կազմը տեղափոխվել է Երևան` թողնելով իր գրեթե ողջ շարժական ու անշարժ գույքը Վրաստանում։ Կառավարության կազմին կայարանում ճանապարհելու ժամանակ ներկա չէր Վրաստանի որևէ մեկ պաշտոնյա։ Ճանապարհային կառավարության կազմը, երբ գնացքով կանգնում է Ղազախի կայարանում, տեղի ադրբեջանցիները ճոխ ընդունելություն են կազմակերպում ու ճանապարհում դեպի Երևան։ Հետպատերազմական Երևանում կառավարության կազմին ընդունում է Արամ Մանուկյանը, ով շուրջ 2 ամիս իրականացրել էր հանրապետության ղեկավարի լիազորությունները՝ կրելով «Երևանի դիկտատոր» կոչումը։ Հենց իր վերջնագրի արդյունքում էր կառավարությունը որոշում վերջապես բարգավաճ Թիֆլիսից տեղափոխվել հետպատերազմական Երևան՝ ստանձնելու երկրի ղեկավարումը։

Հոկտեմբերին, Ազգային Ժողովի ճնշման հետևանքով, Քաջազնունին հրաժարական է ներկայացնում։ Ազգային Ժողովը ընդունում է կառավարության հրաժարականը ու կրկին Քաջազնունուն հանձնարարում կազմել նոր՝ կոալիցիոն կառավարություն։ Կոալիցիոն կառավարության կազմին միանալուց հրաժարվում են Սոցիալ-հեղափոխական կուսակցությունը և Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը, որի հետևանքով նոր կառավարության կազմը ձևավորվում է ՀՅԴ ու Ժողովրդական կուսակցության անդամներից։ Նոյեմբերի 4-ին կազմվում է կոալիցիոն կառավարությունը.

ԼՈՒՍԱՆԿԱՐ ԱՆՈՒՆ ՊԱՇՏՈՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Հովհաննես Քաջազնունի ՀՀ Վարչապետ ՀՅԴ
Սիրական Տիգրանյան ՀՀ Արտաքին Գործերի նախարար ՀՅԴ
Արամ Մանուկյան ՀՀ Ներքին Գործերի նախարար ՀՅԴ
Խաչատուր Կարճիկյան ՀՀ Խնամատարության և Աշխատանքի նախարար ՀՅԴ
Արտաշես Էնֆիաջյան ՀՀ Ելևմուտքի նախարար Հայ ժողովրդական կուսակցություն
Սամսոն Հարությունյան ՀՀ Արդարադատության նախարար Հայ ժողովրդական կուսակցություն
Միքայել Աթաբեկյան ՀՀ Հանրային Կրթության նախարար Հայ ժողովրդական կուսակցություն
Լևոն Ղուլյան ՀՀ Մատակարարման նախարար Հայ ժողովրդական կուսակցություն
Հովհաննես Հախվերդյան ՀՀ Ռազմական նախարար Անկուսակցական

1918 - 1919 թվականի ձմռանը տիֆի համաճարակի ընթացքում մահանում են Արամ Մանուկյանը ու Պետական վերահսկողի պաշտոնը զբաղեցնող Մինաս Բերբերյանը, իսկ Հովհաննես Քաջազնունին ու Սիրական Տիգրանյանը նույնպես վարակվում, բայց կարողանում են ապաքինվել։ 1919 թվականի փետրվարի 15-ին Քաջազնունին գործուղվում է Վրաստան, իսկ այնուհետև ԱՄՆ՝ վարելու հայանպաստ բանակցություններ։ Նույն ժամանակ նա ներկայացնում է իր կառավարության երրորդ կազմը.

ԼՈՒՍԱՆԿԱՐ ԱՆՈՒՆ ՊԱՇՏՈՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Հովհաննես Քաջազնունի ՀՀ Վարչապետ ՀՅԴ
Սիրական Տիգրանյան ՀՀ Արտաքին Գործերի նախարար ՀՅԴ
Ալեքսանդր Խատիսյան ՀՀ Ներքին Գործերի նախարար ՀՅԴ
Սահակ Թորոսյան ՀՀ Հանրային Խնամատարության նախարար[3] ՀՅԴ
Արտաշես Էնֆիաջյան ՀՀ Ելևմուտքի նախարար Հայ ժողովրդական կուսակցություն
Սամսոն Հարությունյան ՀՀ Արդարադատության նախարար Հայ ժողովրդական կուսակցություն
Գևորգ Մելիք-Ղարագյոզյան ՀՀ Հանրային Կրթության նախարար Հայ ժողովրդական կուսակցություն
Քրիստափոր Վերմիշև ՀՀ Մատակարարման նախարար Հայ ժողովրդական կուսակցություն
Քրիստափոր Արարատյան ՀՀ Ռազմական նախարար Անկուսակցական
Հայկական պատվիրակությունը ԱՄՆ-ում։ Ներկա են Անդրանիկ Օզանյանը, Հովհաննես Քաջազնունին և այլն, 1919

1919 թվականի ապրիլի 26-ից վարչապետի պաշտոնակատար է դառնում Ալեքսանդր Խատիսյանը, իսկ Քաջազնունին շարունակում է բանակցությունները ԱՄՆ-ում հայկական պատվիրակության կազմում։

Վերադառնալով Հայաստան 1920 թվականի սեպտեմբերին՝ նա ստանձնում է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնը, իսկ նոյեմբերի 25-ին՝ ԱԺ նախագահի պաշտոնը[4]։ Սովետական զորքերի ներխուժումից հետո Քաջազնունին ձերբակալվում է ու անցկացնում շուրջ մեկ ու կես ամիս բանտում։

Փետրվարյան ապստամբությունից հետո, Քաջազնունին ստանձնում է բոլշևիզմի զոհերի ընտանիքներին աջակցության խորհրդի նախագահությունը։ Խորհուրդը տրամադրում է 10, իսկ այնուհետև 50 միլիոն ռուբլի։ Ապստամբության ձախողումից հետո, Քաջազնունին լքում է Հայաստանը, ապրում Իրանում, Հնդկաստանում, Եգիպտոսում, Ռումինիայում։ Բուխարեստում նա 1923 թվականին գրում է «Հ. Յ. Դաշնակցութիւնը անելիք չունի այլևս» աշխատությունը և լքում ՀՅԴ շարքերը։

Ճարտարապետական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստանալով գերազանց ճարտարապետական կրթություն՝ Քաջազնունին դարձել է իր ժամանակի Կովկասում գործող ճարտարապետներից մեկը։ Նա մասնավորապես գործել ու կառուցել է Բաքվում, Թիֆլիսում, Բաթումում, Երևանում, Գյումրիում, Վանում[2], Հայաստանի տարբեր շրջաններում և այլն։

1893 - 1895 թթ. աշխատել է Բաքվում` Շրջանային Ճարտարապետական բաժնում որպես ինժեներ-ճարտարապետ։ Այդ շրջանում նա հայտնում է կնոջը ապագա կառուցվելիք եկեղեցու նախագծի մասին։ 1895 - 1897 թթ աշխատել է Բաթումում` որպես ճարտարապետ, իսկ 1897 - 1899 թթ. Թբիլիսիի քաղաքային կառավարությունում՝ որպես շրջանային ճարտարապետ։ Նա Թիֆլիսի Մեյդանի շրջանում կառուցել է չայխանայի շենք՝ իրանական ոճով[1]։

1899 - 1906 թթ. Բաքվի նավթ արդյունահանողների կոնգրեսի խորհրդում աշխատել է որպես ավագ ճարտարապետ։ Նա ակտիվ համագործակցել է տեղական նավթ արդյունահանողներիւ հետ։ Բաքվում նախագծել է հիվանդանոց, բնակելի շենքերի նախագծեր[5],, հյուրանոցներ Բալախանի շրջանում[2]։

Սուրբ Թադևոս-Բարդուղիմեոս մայր տաճարի շինարարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծահարուստ Բուդաղյանի կտակած միջոցներով Բաքվի կենտրոնում հայկական եկեղեցի կառուցելու համար 1898 թվականին Պետերբուրգի ճարտարապետների կայսերական ընկերությունը հայտարարում է մրցույթ։ Եկեղեցու օծումը տեղի է ունեցել 1906 թվականի սեպտեմբերի 6-ին։ 1907 թվականի փետրվարի 28-ին մրցույթին ներկայացվեցին հինգ նախագծեր, որոնցից մեկն էլ Հովհաննես Քաջազնունու նախագիծն էր։ Հունիսի 4-ին ստացվեց ժյուրիի պատասխանը, որի համաձայն հաղթող էր ճանաչվում Գաբրիել Տեր-Միքելյանի նախագիծը, իսկ երկրորդ տեղում էր ճարտարապետ Պետրովսկու նախագիծը։ Սակայն Բուդաղյանի ժառանգները դժգոհ մնացին արդյունքից ու հունիսի 7-ին պատվերը տվեցին Քաջազնունուն։ Օգոստոսի 2-ին նա սկսեց եկեղեցու շինարարական աշխատանքները։ Շինարարությանը հետևում էր շինհրապարակում կառուցված փայտե տնակից։ Եկեղեցու կառուցման բյուջեն, ըստ նախնական նախագծի, կազմել է 300 հազար ռուբլի, սակայն ժառանգված գումարը ընդամենը 200 հազար էր, այդ պատճառով Քաջազնունին կատարել է որոշ փոփոխություններ, մասնավորապես եկեղեցու տարողունակությունը պակասեցրել է 1500 մարդուց՝ 1000-ի։

Հակադաշնակցական քրեական հետապնդումների պատճառով, 1911 թ. Քաջազնունին ստիպված է լինում մեկնել երկրից, չկարողանալով հսկել եկեղեցու շինարարությունը անձամբ։ Նրա բացակայության ընթացքում շինարարությանը հետևում և ավարտին է հասցնում ճարտարապետ Նիկողայոս Բաևը։

Շիրակի թեմի առաջնորդարանի շենքը, 2014 թվական

Եկեղեցին աչքի էր ընկնում կոթողայնությամբ։ Ականատեսները վկայում են, որ դա Բաքվի ամենագեղեցիկ շենքն էր, հիացնում էր ներքին ու արտաքին շքեղությամբ՝ վարպետորեն նկարված ճարտարապետական դրվագներով։ Քաջազնունու եկեղեցու ճարտարապետությունը կարելի է դիտել որպես հայ ազգային ոճի նոր, յուրովի մեկնաբանում, և եթե կարելի է այդպես բնութագրել՝ «Նոր հայկական գոթիկա»։ Եկեղեցու հիմքում պահպանելով կենտրոնագմբեթ, հավասարակողմ խաչի հայեցակարգը, գլխավոր ծավալի չորս անկյունները ձևավորել է չորս պարագծով կորագիծ խորաններով, որով խախտել է հայկական եկեղեցաշինության հատակագծային հիմնական առանձնահատկությունը՝ կենտրոնագմբեթ համակարգի քառաթև պարզ և բնորոշ ծավալը։ Դրա հետ մեկտեղ՝ հետաքրքիր է լուծված զանգակատան տեղն ու դիրքը՝ ընդհանուր համայնապատկերում։ Այն եռաթռիչք կամարաշարով առաջ է բերված արևմտյան ճակատից։ ‎Որոշ առումով եկեղեցուն նման է նաև Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին։

Բաքվի Սբ. Թադևոս-Բարդուղիմեոս մայր տաճարը 1930-ական թթ. սկզբին քանդվել է։ Նրա տեղում կառուցվել է կոնսերվատորիայի շենքը։

Շիրակի թեմի առաջնորդարանի շենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի առաջին հանրապետության վարչապետ Հովհաննես Քաջազնունին է 1930 թվականին նախագծել է Գյումրու կենտրոնում գտնվող հայտնի «Լոդկա» շենքը (այժմ` Շիրակի թեմի առաջնորդարան), որը ներառված է Գյումրու պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Գրականագիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ հետաքրքրություն է ներկայացնում նաև Քաջազնունու գրական ժառանգությունը։ Դեռևս ուսանողական տարիներին նա հետաքրքրել է գրականությամբ ու բավական խորը ուսումնասիրել Շեքսպիրի ժառանգությունը։ Վանում բնակության տարիներին նա գրել է նրան նվիրված մի շարք աշխատություններ։ Այդ նույն շրջանում նա նաև հայերեն է թարգմանել քրդական աշխատություններ[1]։

Հոգեպես մեծ կապվածություն ունենալով ժամանակի գրական կյանքի և գործիչների հետ, հետագայում նրանց մասին հուշեր է գրել։ Հատկանշական են Հովհաննես Թումանյանի մասին նրա հուշերը։

Կյանքի վերջին տարիները[խմբագրել | խմբագրել կոդը]

1923 թ. ապրիլի 7-ից մինչև մայիսի 19-ը Վիեննայում գումարվում է ՀՅԴ արտասահմանյան մարմինների արտակարգ խորհրդաժողովը (կոնֆերանս)։ Խորհրդաժողով հրավիրվում է և Հ. Քաջազնունին, սակայն վերջին պահին նա հրաժարվում է մասնակցել և իր զեկուցումը, որը վերնագրված էր «Հ.Յ.Դաշնակցությունը անելիք չունի» ուղարկում է փոստով։ 1923 թ. հուլիսին Հ. Քաջազնունին իր զեկույցը կուսակցական շարքային ընկերներին ավելի մատչելի դարձնելու նպատակով հրապարակում է առանձին գրքույկով, ինչը մեծ աղմուկ է բարձրացնում թե' ՀՅԴ կուսակցության մեջ և թե' Սփյուռքի գաղութներում։ Նույն թվի օգոստոսի 15-ին Հ. Քաջազնունին նամակ է գրում Կարպատների մեկուսի կոմիտեին (ՀՅԴ կուսակցության այն շրջանի ղեկավարությանը, որի մեջ գտնվում էր Հ. Քաջազնունին,-Հ. Մ.), որով հայտնում է, որ դուրս է գալիս ՀՅԴ կուսակցության շարքերից։ Այնուհետև Հ.Քաջազնունին 1924 թ. մարտի 15-ին դիմում է Բեռլինի խորհրդային իշխանության ներկայացուցչության Անդրկովկասյան Խորհրդային Հանրապետությունների առևտրական ներկայացուցչին` խնդրելով թույլտվություն տալ վերադառնալ Խորհրդային Հայաստան։ 1924 թ. սեպտեմբերի 25-ին Անդրերկրկոմի խնդրանքով և Ալ. Մյասնիկյանի զեկուցումով ՀամԿ(բ)Կ կետկոմի քաղբյուրոն թույլտվություն տվեց և վերադարձի որոշում ընդունեց Հ. Քաջազնունու համար։ 1924 թ. դեկտեմբերի վերջերին Հ. Քաջազնունին հասնում է Բաթում, որտեղից անցնում է Թիֆլիս, իսկ 1925 թ. հունվարի 19-ին նա արդեն Երևանում էր։ Եվ իրապես մեծ հույսերով ու նպատակներով Հ. Քաջազնունին վերադարձավ Երևան։

Պատանեկան խանդավառությամբ նա անցավ գործի` իր մասնագիտական գիտելիքները ի նպաստ դնելու հանուն նոր Հայաստանի կերտմանը։ Այդ տարիներին Հայաստանում ընթանում էին մեծ ծավալի շինարարական աշխատանքներ, և ճարտարապետների խիստ կարիք էր զգացվում։ Եվ Քաջազնունու բարձր պրոֆեսոնալիզմը և խորը գիտելիքները մեծ դեր խաղացին երիտասարդ Հանրապետության հասարակական և ճարտարապետական կյանքում։ 1925 թ. Հ. Քաջազնունին, գալով Երևան, ընտրվում է ՀՍՍՀ Պետպլանին կից Տեխնիկական խորհրդի անդամ և կարճաժամկետ ծառայությունից հետո մարտի սկզբից ստանձնում Հայբամբակկոմիտեի շինարարական բաժանմունքի վարիչի պաշտոնը, որը զբաղեցնում է մինչև 1927 թ. մարտ ամիսը։ Լինելով բարձրակարգ ճարտարապետ` նա հաճախ էր հրավիրվում տարբեր հանձնաժողովների աշխատանքներին և տալիս նախագծերի եզրակացություններ։ 1926 թ. Հ. Քաջազնունին մասնակցում է կառուցվելիք ժողտան (օպերայի և բալետի շենքի) հայտարարված մրցույթին (նախագիծը, ցավոք, չի պահպանվել,-Հ. Մ.): 1927-29 թթ. Քաջազնունու նախագծերով և նրա անմիջական ղեկավարությամբ Երևանում և Սարդարապատում կառուցվեցին բամբակամշակման գործարաններ (չեն պահպանվել,-Հ. Մ.), նույն թվականներին կառուցում է ձեթ-օճառի գործարանը Երևանում` իր բոլոր օժանդակ կառույցներով, բնակելի ավան աշխատողների համար։

Դրանք կառուցվեցին «Գրախտ» ընկերության կողմից և դարձան Խորհրդային Հայաստանի առաջին արդյունաբերական շինությունները։ Իսկ բնակելի ավանի շինարարությունը գործարանի տարածքի մոտ Հայաստանում առաջին փորձերից է։ Այն հետապնդում է որոշակի նպատա` աշխատողների բնակեցման շրջանները անմիջականորեն աշխատավայրին մոտեցնելը։ Այդ միտումը բնորոշ է 20-ական թվականների հայկական ճարտարապետությանը։

1926 թ. Գյումրու սարսափելի երկրաշարժից հետո Հ.Քաջազնունին մշտապես գտնվել է այնտեղ, ուսումնասիրել քանդված տների բնույթը, առաջարկել շենքերը ճիշտ կառուցելու ուղիներ։ 1927 թ. հանդես է եկել զեկույցով Լենինականում իրականացվող վերականգնողական շինարարական աշխատանքների բնույթի վերաբերյալ։ Հետագայում 1935 թ. Հ. Քաջազնունին Լենինականում նախկին Բուլվարնայա (Կիրովի) և 27-րդ փողոցների խաչմերուկում կառուցում է բնակելի նոր շենք։ Այս կառույցը մինչև օրս կանգուն է և դիմակայել է անգամ 1988 թ. ավերիչ երկրաշարժը, համարվում է Հ. Քաջազնունու լավագույն գործերից մեկը։

1927 թ. մարտից Հ. Քաջազնունին աշխատել է շինարարական նախագծերի հսկողության ոլորտում, սկզբում` Տնտխորհրդին կից Շինարարա-տեխնիկական կոմիտեում, ապա Պետպլանին ԷԿՕՍՕ-ին կից Շինարարա-տեխնիկական կոմիտեի նախագահի տեղակալ (մինչև 1931 թ.): 1932-37 թթ. եղել է ՀՍՍՀ Կոմունալ տնտեսության ժողկոմիսարիատի խորհրդի գիտ. քարտուղարը։

Միաժամանակ Հ. Քաջազնունին ակտիվորեն մասնակցում է հասարակական գործունեությանը։ Հայաստանի Տեխնիկական ընկերության նախագահության անդամ էր, ապա` նախագահ։ 1928 թ. Հ. Աճառյանի, Գ. Հակոբյանի, Ա. Տերյանի հետ համահեղինակությամբ Հ. Քաջազնունին իր տեխնիկական և գրական գիտելիքների մեծ պաշարով մասնակցում է «Շինարարական կառույցների ռուս-հայերեն բառարանի» ստեղծմանը։ Այդ բառարանը բաղկացած էր 7560 բառ-հոդվածներից։ 1929 թ. նոյեմբորի 1-ից «Կորչի անգրագիտությունը» ընկերության անդամ էր։

1926 թ. աշնանից մինչև 1931 թ. գարունը Հ. Քաջազնունին դասավանդում է Երևանի համալսարանի նոր կազմակերպված տեխնիկական ֆակուլտետում (շինարարական արվեստ), ապա շինարարական ինստիտուտում (ճարտարապետական նախագծում) առարկաները։ 1930 թ. փետրվարի 9-ին ՀՍՍՀ Լուսժողկոմատի կոլեգիայի որոշմամբ Հ. Քաջազնունու շնորհում են պրոֆեսորի գիտական կոչումը։

1930 թ. Հ. Քաջազնունին կառուցում է Ապարանի շրջխորհրդի երկհարկանի շենքը, որի ծավալի մեջ ընդգրկված են նաև ճաշարան և հյուրանոցը, իսկ 1936թ. մարտի 8-ին նա «Աշխատանքային պայմանագիր» (Трудовое соглашение) է կնքում Բերիայի անվան Բարձրագույն կոմունիստական գյուղատնտեսական դպրոցի տնօրեն Ս.Խաչատրյանի հետ, որով պարտավորվում է վերանախագծել և շարունակել այդ շինության կենտրոնական մասի և աջ թևի կառուցումը։ Այդ շենքը այժմյան Տերյան փողոցում գտնվող պոլիտեխնիկական ինստիտուտի այժմյան ռեկտորատն է, որի առաջին նախագծային և շինարարական աշխատանքները սկսվել էին Ա. Թամանյանի հանձրարությամբ։ Ըստ ճարտարապետ Լ.Դոլուխանյանի` այդ շենքի վերաբերյալ, բացի հիշյալ «Աշխատանքային պայմանագրից», որևէ փաստաթուղթ չի պահպանվել, և հեղինակի հարցը մտորումների տեղիք է տալիս։ Հասցրե՞լ է, արդյոք, Քաջազնունին իրականացնել այդ պայմանագիրը, մնացել է անհայտ։

Միաժամանակ պետք է նշել, որ Հ. Քաջազնունու կյանքը Խորհրդային Հայաստանում այնքան էլ հեշտ չի անցել։ Հայրենիքում նա մշտապես գտնվել է ՆԿՎԴ-ի գործակալների մշտական հսկողության տակ, ենթարկվել զանազան ճնշումների, հասարակության կողմից հաճախ մեղադրվել իր լոյալության համար` պիտակավորվելով որպես «ծպտված հեղափոխական և սաբոտաժնիկ»։

1930 թ. Հ. Քաջազնունին Խորհրդային Հայաստանի 10-ամյակին նվիրված մի հոդված է պատրաստվում տպագրել (որն այդպես էլ չի տպագրվում), սակայն այս հոդվածը մեծ աղմուկ է բարձրացնում ուսանողության շրջանում, որոնք, ծանոթանալով հոդվածի բովանդակությանը, Հայաստանի ինժեներ-տեխնիկների և գյուղատնտեսական մասնագետների համագումարում դիտարկում են օտար գաղափարախոսության առկայություն Հ. Քաջազնունու հոդվածի բովանդակության մեջ և ընդունում պարսավանքի բանաձև։ Այդ համագումարում ելույթ է ունենում ՀԿ(բ)Կ Կենտկոմի 1-ին քարտուղար Ա.Խանջյանը։ «Խորհրդային Հայաստան» թերթը անդրադառնում է այդ համագումարի և Ա.Խանջյանի ճառին։ Իր խոսքում Աղասի Խանջյանը, անդրադառնալով Հ. Քաջազնունուն, մասնավորապես ասում է. «…Քաղաքացի Քաջազնունին, չնայած իր ծերունի հասակին, երիտասարդի պես ոգևորվում է մեր շինարարությամբ, մեր կուլտուրական վերելքով։ Սակայն նա և նրա նմանները չեն ուզում կամ չեն կարողանում հաշտվել այդ շինարարության սոցալիստական իմաստի ու բովանդակության հետ, շարունակելով զարդարված մնալ սոսկ լոյալության փետուրներով»։

1931 թ. աշնանը Հ. Քաջազնունին, չդիմանալով այդ աննախադեպ քննադատությանը ու ճնշմանը, դուրս է գալիս Շինարարական ինստիտուտից և այլևս գիտա-կրթական գործունեությամբ չի զբաղվում։ Հետաքրքրական է, որ, ականատեսների վկայությամբ, Հ. Քաջազնունին հանդիպում է խնդրում ՀԽՍՀ ժողկոմխորհի նախագահ՝ Սահակ Տեր-Գաբրիելյանի հետ և բողոքում, որ իրեն մեղադրում են որպես հակահեղափոխական, «ծպտված դաշնակցական, սաբոտաժնիկ», և անգամ Չեկան ստիպում է մամուլի մեջ Դաշնակցությանը վարկաբեկող հոդվածներ գրել, սակայն նա մերժում է` պատճառաբանելով, որ Դաշնակցության մասին իր ասելիքն արդեն ասել է արտասահմանում և անգամ խնդրում, որ եթե իր ներկայությունը անբաղձալի է և վնասակար է Հայրենիքում, կա'մ թույլ տալ վերադառնալ արտասահման, կամ աքսորել Սիբիր։

Իհարկե, Սահակ Տեր-Գաբրիելյանը չէր կարող թույլ տալ Քաջազնունուն` արտասահման վերադառնալ, բայց խոստանում է, որ նման ելույթներ Քաջազնունու հանդեպ այլևս չեն լինի։ Այս խոսակցությունից հետո Սահակ Տեր-Գաբրիելյանը ափսոսանքով ասում է. « Մեր այս յիմար լրբերը փոխանակ գնահատելու և օգտըւելու այս մեծ մարդուց և հայրենասէրից, իրենց ելոյթներով ցոյց են տալիս միայն իրենց տգիտութիւնն ու հոգու փոքրութիւնը»։

Բնականաբար, Քաջազնունին, ներքուստ վերաիմաստավորելով իր վերաբերմունքը Խորհրդային Հայաստանի հանդեպ, ընդունում է, որ սխալվել է, և այդ մասին խոստովանում է իր դստերը՝ Մարգարիտային։ 1950թ. Մարգո Քաջազնունին պատմաբան Դ.Մուրադյանի հետ ունեցած իր անկեղծ զրույցում վկայել է. «Երբ 1936 թվին՝ Աղասի Խանջյանի սպանությունից հետո, սկսվեցին զանգվածային բանտարկությունները, հայրս խիստ շփոթվել էր և տխուր էր։ Նա հավատացած էր, որ իրեն ևս կբանտարկեն։ Մտերիմ ընկերներն ասում էին, որ պետք էր գար Հայաստան, բայց հայրս պատասխանում էր՝ պետք է գայի, բայց այդ գիրքը չպետք է գրեի։ Նա ասում էր՝ ես խիստ զղջում եմ։ Խոսակցության վերջում Մարգո Քաջազնունին ավելացրեց. «Հայրս շատ էր ափսոսում, որ գրել է այդ գիրքը»։

Վերը հիշատակված Հ. Քաջազնունու մեղադրական գործի եզրակացության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 1931թ. Հ.Քաջազնունու և մի խումբ մարդկանց նկատմամբ հարուցվել է քրեական գործ` ՀՍՍՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի համաձայն, անտնտեսվարության մեղադրանքով, սակայն, հանցակազմ չգտնելով, 1931 թ. փետրվարի 26-ի որոշումով այդ գործը կարճվում է։

1937 թ. որոշակի դադարից հետո Խորհրդային ՆԿՎԴ-ն չէր կարող աննկատ թողնել Հ. Քաջազնունուն։ 1937 թ. հուլիսի վերջերին Հ. Քաջազնունին հանգստանում էր Ստեփանավանում և իր աղջկան` Մարգարիտային ուղղված նամակում հիշատակում է, որ մտադիր է մնալ այնտեղ մինչև օգոստոսի 6-ը, սակայն Հ.Քաջազնունու վիճակված չէր երկար հանգստանալ, քանի որ հուլիսի 28-ին ՆԳ Ժողկոմիսար Խ. Մուղդուսու ստորագրությամբ տրվում է օրդեր թիվ 6/41 Հ.Քաջազնունու բնակարանը խուզարկելու և ձերբակալելու վերաբերյալ։ Հուլիսի 29-ին նա Ստեփանավանում ձերբակալվում է ՀՍՍՀ ՆԿՎԴ-ի կողմից։

Հ. Քաջազնունու ձերբակալելու և մեղադրանք ներկայացնելու հիմք հանդիսացել է նրա որդի Կարեն Քաջազնունու ցուցմունք-մատնագիրը, որում նա հայտնում է, որ իր հայրը` Հովհաննես Քաջազնունին, համոզված դաշնակցական է, «կատարյալ բուրժուա», «խորհրդային կառավարության թշնամի», բացի դա` ձերբակալելու հիմք են եղել որոշ օպերատիվ տվյալներ։ Ժամանակակիցները, որոնք եղել են Չեկայի նկուղներում և տեսել են Հ. Քաջազնունուն ու հետագայում հրաշքով կարողացել դուրս գալ Խորհրդային Միությունից, պատմել են, որ Հ. Քաջազնունին բանտարկված է եղել թիվ 17 խցում և մեղադրվել «լրտեսության» մեջ, իբր «գողացել և օտար պետության է տրամադրել ինչ-որ գծագրեր»։ Եվ որպեսզի ստիպեն նրան խոստովանել իր արարքը, Քաջազնունուն ենթարկել են զանազան կտտանքների և կուրացրել 3500 մոմանոց էլեկտրական լամպերի միջոցով։

Ժամանակակիցների պատմածները հեռու չեն իրականությունից. բոլշևիկները ընդունակ էին կտտանքների միջոցով ստանալ իրենց ուզած ցուցմունքը։ Հ. Քաջազնունու մեղադրական գործում միակ հարցաքննությունը կատարվել է 1937 թ. նոյեմբերի 16-ին։ Հ.Քաջազնունին չի հերքել, որ ինքը մինչև խորհրդային կարգերի հաստատումը վարել է ակտիվ դաշնակցական գործունեություն, բայց միաժամանակ նշել է, որ Խորհրդային Հայաստան վերադառնալուց հետո հակապետական գործունեությամբ չի զբաղվել։ Ընդ որում` առաջադրված մեղադրանքներում Քաջազնունին իրեն մեղավոր չի ճանաչել։

Հ. Քաջազնունու մեղադրական գործը 2016 թ. հայտնաբերել է պատմաբան Արարատ Հակոբյանը և տպագրել «Վեմ» ամսագրի 2016 և 2017 թթ. համարներում։ Իր հոդվածներում ուսումնասիրելով ողջ արխիվային գործը` նա գրում է. «Եռյակը 1937 թ. դեկտեմբերի 5-ին մեղադրյալ Հ. Քաջազնունու հանդեպ կայացրել է գնդակահարության դատավճիռ՝ անձնական գույքի բռնագրավմամբ։ Առողջական խնդիրների պատճառով նա պառկած է եղել Երևանի բանտային հիվանդանոցում։ Սակայն նախկին վարչապետի առողջական վիճակի հետագա սրացումը (պաշտոնական վարկածով՝ ծերունական թուլություն, տուբերկուլյոզ և գրիպ) հանգեցնում է նրան, որ նա մահանում է բանտային հիվանդանոցում 1938 թ. հունվարի 15-ին, 70 տարեկան հասակում։ Հազարավոր այլ բռնադատվածների հարազատների նման իր հորը արդարացնելու նպատակով Մարգո Քաջազնունին 1955 թ. հունիսի 22-ին ընդարձակ, հիմնավորումներով լի դիմում-հայց է ուղղել Հայկ. ՍՍՌ ՊԱԿ-ի նախագահ Գ. Բադամյանցին, սակայն այն մերժվեց։ Արդարացման հարցը հետաձգվեց, և ի վերջո խնդիրը լուծվեց միայն ԽՍՀՄ փլուզումից և Հայաստանի անկախության հռչակումից հետո։ Անկախ Հայաստանի դատախազությունը, ուսումնասիրելով Հ. Քաջազնունու քր. ՀՀ գլխավոր դատախազ Արտավազդ Գևորգյանը 1992 թ. դեկտեմբերի 12-ի. «Որոշեց Հովհ. Քաջազնունու նկատմամբ քր. գործը կարճել հանցակազմի բացակայության պատճառով, նրան համարել արդարացված և ռեաբիլիտացված»։

Մինչև 1990-ական թվերը թե´ Մարգարիտա Քաջազնունուն և թե´ հանրությանը անհայտ էր, թե որտեղ է ամփոփված Հ. Քաջազնունու աճյունը։ Այն ամփոփված է եղել ներկայիս ժամացույցի գործարանի տարածքում գտնվող «Կոզեր» կոչվող գերեզմանատանը, սակայն այդ տարածքում ժամացույցի գործարան և դպրոցի շենք կառուցելու նպատակով հողին է հավասարեցվում ողջ գերեզմանատունը, իսկ Հ. Քաջազնունու և մյուս երևելի մարդկանց աճյունները անհետ կորչում են։ Հոր հիշատակը վառ պահելու նպատակով Մարգարիտա Քաջազնունին «Թոխմախյան լճի» գերեզմանատանը Հովհաննես Քաջազնունու անունով հիշատակաքար է կանգնեցնում։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Քաջազնունին ամուսնացել է Սաթենիկ Միրիմանյանի հետ 1889 թվականի ամռանը ՝ անկախ այն փաստից, որ Սաթենիկի հայրը ծայր աստիճան դեմ էր իրենց ամուսնությանը[6]։

Իր նամակներում Քաջազնունին կնոջը գրում էր.

1885 թ., հունիս 20, Ախալքալակ։

Դուք ծնվել եք տաք, կրքոտ հոգով։ Դուք սիրո ծարավ էիք, բայց ոչ ոք չէր հագեցնում այդ ծարավը։ Տանը չգտնելով սեր և կարեկցանք՝ Դուք այն դրսում փնտրեցիք։ Եվ էլի չգտաք։ Զայրացել եք ամեն ինչի վրա, Ձեր սիրտը սառել և չարացել է անգիտակցաբար։ Դուք որոշեցիք, որ ինքնազոհ և առանց էգոիզմի մարդիկ չկան։ Դուք անվստահություն ունեք նրանց հանդեպ, ովքեր բարյացակամ են Ձեր նկատմամբ։ Մինչև Դուք չհարգեք և չսիրեք ինքներդ Ձեզ, ոչինչ չի շտկվի Ձեր կյանքում։ Դուք կորցրել եք հավատը Ձեր հանդեպ։

1886, 25 նոյեմբեր, Խարկով.

Այն, ինչ կենդանի է իմ մեջ, ուժեղ է, կրքոտ, փնտրող, տառապող, մեկ զգացմունքի մեջ է՝ սիրո։ Ես հիմա հասկանում եմ այն սարսափելի ուժը, որ մտել է իմ մեջ։ Խլեք ինձնից այդ զգացումը, և խլած կլինեք ամեն բան, որ ես ունեմ։

Հովհաննես Քաջազնունու զավակները

Քաջազնունին ուներ 4 որդի ու 2 դուստր։ Ավագը Անահիտ դուստրն էր, ում անունը ծննդյան ժամանակ դրել էին Հրաչյա, սակայն աղջիկը հետագայում վերցնում է Անահիտ անունը։ Երկրորդը Արամն էր, հետո ծնվեցին Աշոտն ու Ռուբենը (երկվորյակներ), Կարենը, Մարգարիտը[6]։ 1914-ին, ավագ երեք որդիները պատանի հասկում կամավոր մեկնեցին ռազմաճակատ, երբ սկսվել էր առաջին աշխարհամարտը։ Փոքրը՝ Կարենը, դեռ շատ փոքր էր։ Աշոտ Քաջազնունին 1918 թվականի մայիսին մասնակցել է Ղարաքիլիսայի ճակատամարտին, ապա՝ ռազմիկների հետ նահանջել են մինչև Ալավերդու շրջանի Չանախչի գյուղ, որտեղ նրանց շրջափակել են թուրքերն ու տեղի գյուղացիների դավաճանության արդյունքում գրավել են այն և կոտորել բոլորին։

1919-ի ապրիլի 30-ին ավագ դստերը՝ Հրաչյային, գրում է.

Աշոտը սպանվեց անցյալ գարնանը Ղարաքիլիսայի կռիվներում։ Արամը վիրավորված է երկու անգամ, բայց բժշկվել է։ Ռուբենը չի ունեցել բախտ ու պատիվ հայրենիքի համար վերք ստանալու։

Արամ Քաջազնունին երկու անգամ վիրավորվելուց հետո, զոհվել է 1920 թվականի ամռանը Զանգիբասարում (այժմ Մասիս)՝ հայերի և թաթարների միջև տեղի ունեցած ընդհարումների ընթացքում[6]։ Ռուբենը սպանվել է գերության մեջ[2]։ Ռուբեն Քաջազնունին գերվել է Կարսում, երբ թուրքերը գրավեցին քաղաքը 1920 թվականի աշնանը, ու զոհվել գերության մեջ։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քաջազնունի Յովհաննէս, Բաց նամակ Z-ին. Թուրքիա՞, թէ Ռուսաստան, Պուքրէշ, 1924, 54 էջ, Պէյրութ, 1965, 64 էջ, Երևան, 1990, 47 էջ։
  • Քաջազնունի Յովհաննէս, Հ. Յ. Դաշնակցութիւնը անելիք չունի այլևս, Պուքրէշ, 1923, 91 էջ, Վիեննա, 1923, 108 էջ, Թիֆլիս, 1923, 111 էջ, Գահիրէ, 1954, 112 էջ, Երևան, 1993, 87 էջ։
  • Քաջազնունի Յովհաննէս, Յետ մահու, Պէյրութ, 1965, 252 էջ։
  • Քաջազնունի Յովհաննէս, Ազգ և հայրենիք, Պէյրութ, 1979, 269 էջ։
  • Քաջազնունի Յովհաննէս, Հայաստանի հանրապետութիւն, 1993, 32 էջ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Качазнуни (Игитханян) Ованес Ованесович - архитектор». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 7-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Каджазнуни Ованес Матевосович
  3. Թորոսյան Սահակ Դավիթի (1885-1940)(չաշխատող հղում)
  4. «Hovhannes Kajaznouni». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 7-ին.
  5. Edmond Tigranyan - «Activity of Armenian architects in South Caucasus» - ISBN 99930-0-001-2
  6. 6,0 6,1 6,2 ՄԵՐ ՄԵԾԵՐԸ. Հովհաննես Քաջազնունի(չաշխատող հղում)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Edmond Tigranyan «Activity of Armenian architects in South Caucasus» - ISBN 99930-0-001-2
  • The Republic of Armenia։ The first year, 1918-1919 By Richard G. Hovannisian; ISBN 0520018052
  • Энциклопедия «Армянский вопрос», Ереван 1991, ISBN 5-89700-005-0

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ
ՆԱԽՈՐԴՈՂ Հովհաննես Քաջազնունի ՀԱՋՈՐԴՈՂ
Պաշտոնը հիմնադրվել է Մայիսի 28, 1918 - Ապրիլի 27, 1919 Ալեքսանդր Խատիսյան