Զարգացած միջնադարի հայկական ճարտարապետություն
Հայկական մշակույթ |
---|
Զարգացած միջնադարի հայկական ճարտարապետություն, 9-14-րդ դարերում պատմական հայրենիքում և Կիլիկիայում ձևավորված հայկական ճարտարապետություն[1]։ Դա հայկական միջնադարյան ճարտարապետության երկրորդ՝ միջին փուլն է (վաղ՝ 4-8-րդ դարեր, զարգացած՝ 9-14-րդ դարեր, ուշ՝ 15-17-րդ դարեր)։ Այդ շրջանի հայկական մշակույթն ընդունված է ուսումնասիրել երեք փուլով. Բագրատունիների թագավորություն (885-1045), Կիլիկյան Հայաստան (իշխանություն և թագավորություն՝ 1080-1375) և Զաքարյան իշխանապետություն (1200-1261)։
Հայաստանը զարգացած միջնադարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնուց ի վեր Հայկական լեռնաշխարհում գործող համահայկական պետությունը, որը ղեկավարվել էր երեք արքայատոհմերի կողմից[Ն 1] ավելի քան մեկ հազարամյակ՝ մ.թ.ա. 570 - մ.թ. 428 թվականներ, վաղ միջնադարում վերացել էր։ Հայաստանը երկու անգամ (387, 591) բաժանվել էր Հռոմեական (395 թվականից՝ Բյուզանդական) կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև, ապա միավորվել և դարձել Արաբական խալիֆայության վարչական միավոր՝ Արմինիա։
Վաղ շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայ իշխանական տների, մասնավորապես՝ Բագրատունիների, Սյունիների ու Արծրունիների պայքարի շնորհիվ վերականգնվում է համահայկական պետությունը՝ Բագրատունիների թագավորությունը (885-1045)։ Երկրում տեղի է ունենում քաղաքական և տնտեսական առաջընթաց, որը հանգեցնում է մշակութային վերածնունդին ու արվեստի զարգացմանը[2]։ Պետականության վերականգնումից ու ամրապնդումից հետո հայ թագավորները սկսում են հովանավորել հայկական դպրոցը, գիտության ու արվեստի զարգացումը։ Զարգացած միջնադարում առաջանում են նոր քաղաքներ, որոնք կարիք ունեին աշխարհիկ կրթություն ստացած, բնական գիտություններին, իրավագիտությանն ու բժշկագիտությանը տեղյակ մարդկանց։ Հարևան քրիստոնեադավան և իսլամադավան երկրների հետ շփման արդյունքում ավելի է կատարելագործվում հայկական մշակույթը։
Ուշ շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Բագրատունիների թագավորության գոյության ընթացքում (10-րդ դար) երկիրը բաժանվել էր մի քանի թագավորությունների և իշխանությունների, որոնք պետության կործանումից հետո դրանք անցնում են նախ Բյուզանդական կայսրության, ապա՝ Սելջուկյան սուլթանության կազմ։ 12-րդ դարում վրաց միապետերի, մասնավորապես՝ Դավիթ Շինարարի (1089-1125) և Թամար թագուհու (1184-1213) շնորհիվ, հյուսիսային և արևելյան Հայաստանի մեծ մասն ազատագրվում է վրաց զորքերի հրամանատար Սարգիս Զաքարյանի, ապա՝ իր որդիների՝ Զաքարեի ու Իվանեի գլխավորությամբ[3]։ Այդպես վրաց թագավորության կազմում վերականգնվում է հայոց պետության մի մասը՝ Զաքարյան իշխանապետությունը[4]։ Միաժամանակ բուն Հայկական լեռնաշխարհի սահմաններից դուրս գտնվող Կիլիկիայի հայկական իշխանությունը վերածվում է թագավորության՝ ամուր կապ հաստատելով Միջերկրական ծովի արևելյան ափին ձևավորված խաչակրաց պետությունների հետ[5]։
Այդպիսով՝ ամբողջ զարգացած միջնադարի ընթացքում՝ 9-14-րդ դարերում, Պատմական Հայաստանում ու դրան կից տարածքներում, եղել են լուրջ նախադրյալներ՝ հայկական մշակույթի ու արվեստի զարգացման համար։ Դա առաջին հերթին արտացոլվել է ճարտարապետության ու շինարարության վրա. այդ ժամանակահատվածում ստեղծվել են Հայաստանի առավել հայտնի կոթողները, վանական համալիրներն ու ամրոցները, ինչպես նաև՝ ձևավորվել է հայկական ինքնատիպ հուշարձան՝ խաչքարը[6]։
Բագրատունիների թագավորություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայոց պետականության վերականգնումից հետո ճարտարապետությունը բռնեց վերելքի ուղին։ Վաղ միջնադարի հայկական ճարտարապետության լավագույն ավանդույթները պահպանելով՝ հայերը այն կարողացան զարգացնել նաև բյուզանդական ու արաբական ճարտարապետութայն նվաճումներից օգտվելով[7]։
Սևանի ավազան
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայկական ճարտարապետության զարգացումն առաջին հերթին պահմանավորված էր զարգացած միջնադարում դպրոցների բացմամբ. վանական համալիրներին կից կամ դրանց ներսում 9-14-րդ դարերի ընթացքում բացվել են տարբեր աստիճանի շուրջ 80 դպրոցներ (առանձնական և հասարակական դպրոցներ ու վարդապետարաններ)։ Դրանց համար կառուցվում էին ընդարձակ շինություններ, որոնք պետք է ներառեին նաև գրադարան-մատենադարաններ, դպրանոցներ, ձեռագրատներ և այլն։ Կրթական համալիրներին կից ընթանում է կամուրջների ու իջևանատների կառուցումը։ Զարգացած միջնադարում կառուցվել են մեծ քանակությամբ բերդեր և ամրություններ, որոնց շուրջ ձևավորվել է քաղաքը։ Այն հայտնի էր շուկայով ու արհեստանոցներով, վանքերով ու եկեղեցիներով, իսկ ամրոցից ներս գտնվում էր միջնաբերդը, որտեղ կային պալատներ, բաղնիքներ և այլ շինություններ[8]։
9-րդ դարի վերջին Աշոտ Ա շահնշահի դուստր Մարիամ Բագրատունին կառուցել է զարգացած միջնադարի առաջին եկեղեցիներից մեկը՝ Սևանավանքը։ Այն բաղկացած է երեք կառույցներից, որոնցից երկուսը՝ սուրբ Առաքելոց և սուրբ Աստվածածին, պահպանվել են, իսկ երրորդը կառուցվել է ավելի ուշ։ Առաքելոց եկեղեցու թմբուկի արևելյան նիստին պահպանվել է շինարարական արձանագրությունը՝ գրված 874 թվականին։ Աստվածածին եկեղեցին ունի նույն եռաբսիդ հորինվածքը։ Եկեղեցին ունեցել է գավիթ, որն ավերվել է 1930-ական թվականներին։ Սյուներն ունեցել են փայտե քանդակազարդ խոյակներ։ Մարիամ իշխանուհու կողմից կառուցած եկեղեցիներից է նաև Շողագավանքը։ Եկեղեցին ավերված է, պահպանվել են հյուսիսային պատը և մյուս հատվածների հիմնապատերը։ Այն եռաքսիդ, չորս անկյուններում միահարկ ավանդատներով եկեղեցի է։ Ճակատները կիսաշրջանաձև են, ունեն զույգ խորշ։ Վանքի շուրջ կա ընդարձակ գերեզմանատուն՝ բազմաթիվ տապանաքարերով և խաչքարերով[9]։
Սևանա լճի ափերին կառուցվում են այլ վանական համալիրներ. Վանեվանի վանքը, Կոթավանքը (վերակառուցվել է 21-րդ դարում), Հայրավանքը (ընդարձակվել է 12-րդ դարում), Մաքենյաց վանքը (ընդարձակվել է 13-րդ դարում), Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, Գանձավանքը, Մասրուց անապատը։ Դրանք եղել են նաև կրթական կենտրոններ, որտեղ աշակերտներին սովորեցրել են ձեռագրեր ընդօրինակել։ 9-րդ դարի վերջին Հայաստանն ունեցավ երկու մայրաքաղաք՝ Բագարան և Երազգավորս (Շիրակավան)։ Դրանք ունեին պարսպապատ բերդեր և եկեղեցիներ, որոնցից առավել հայտնի է Երազգավորսի սուրբ Ամենափրկիչը։ Դրանից ոչ հեռու կառուցապատվում են այլ ամրոցներ, որոնցից առավել հայտնի էին Կումայրին ու Տիգնիսը։ Հայտնի եկեղեցիներից էր Շուշանա վանքը։ Նույն ժամանակաշրջանին է վերագրվում Աշոտի կնոջ՝ Կատրանիդե թագուհու խաչքարը, որը գտնվում է Գառնու հեթանոսական տաճարի տարածքում (879) և Գրիգոր Ատրներսեհ իշխանի խաչքարը Մեծ Մազրայում (881)։ Խաչքարերի արվեստի սկզբնավորումը, ըստ այդմ, թվագրվում է զարգացած միջնադարի վաղ շրջանին[10]։
Գարդման և Արցախ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արևելյան Հայաստանում հատկապես զորեղ էին պատմական Սյունիք և Արցախ աշխարհների տարածքում ձևավորված իշխանությունները։ Դրանք, հենված լինելով լեռնային անմատչելի բերդերի ու ամրոցների վրա, ամուր ապավեն էին Բագրատունիների համար՝ 850-855 թվականների համահայկական ապստամբության և անկախության վերականգնման տեսանկյունից։ Արցախի հյուսիսում գտնվում էին Փառիսոսի և Գարդմանի իշխանությունները (9-11-րդ դարեր)։ Դրանք ձևավորվել էին 9-րդ դարում։ Այստեղ կառուցվել են Փառիսոսի, Չարեքա, Գարդմանի բերդերը, մեծաքանակ վանքեր ու եկեղեցիներ։ Դրանցից առավել հայտնի էր Թարգմանչաց վանքը Խաչակապում, Խունիսավանքը, Մռուտի անապատը և այլն։ Փառիսոսի բերդը կառուցվել է ժայռի վրա, հարավից լեռնագագաթը մոտ է անդունդին։ Հյուսիսային և արևմտյան կողմերի պատերը կրկնաշարք են։ Բերդն ամրացված է անմշակ կրաշաղախով կամ կոպտատաշ քարով կառուցած բրգաշատ պարիսպներով։ Դրանց հաստությունը 2,5 մետր է, պահպանված բարձրությունը՝ 8-9 մետր։ Չարեք բերդը գետափից ունի 100 մ բարձրություն։ Դրանից և համանուն վանքից ոչ հեռու կառուցվել էր Աշոտ Երկաթի կամուրջը։ Այն եղել է միաթռիչք, անմշակ քարով ու կրաշաղախով շարված կամուրջ, իսկ թաղակիր կամարի անկյունաքարերը կերտված են սրբատաշ քարից[11]։
Բուն Արցախի տարածքում հայտնի էր Խաչենի իշխանությունը[Ն 2]։ Այն իր անվանումը ստացել է համանուն բերդից, որը թվագրվում է 9-րդ դարին։ Նույն դարում Արցախում կառուցվում է Հանդաբերդը։ Այն պատկանում է Վերի Խաչենի կամ Ծարի պաշտպանական կառույցների համակարգին։ 8-րդ դարի վերջում կառուցվել և 9-րդ դարում ամրացվել է Կաչաղակաբերդը։ Լեռնագագաթը, որի վրա այն կառուցված է, արևմտյան, հյուսիսային և արևելյան կողմերից շրջապատված է ուղղաձիգ հարթ ժայռերով՝ 50-60 մ բարձրությամբ։ Հարավային կողմում գտնվում է մուտքը, որին պետք է հասնել մագլցելով։ Այստեղ եղել են կացարաններ, ժայռափոր գաղտնուղիներ, հրակնատներ՝ քար նետելու համար։ Բերդի կենտրոնական մասում պահպանվել են երկու ժայռափոր ջրամբարներ, որոնք լցվում էին անձրևաջրով[12]։
Արցախի հյուսիսում 9-րդ դարի կեսին կառուցվում է Հակոբավանքը։ Այն եղել է ոչ միայն ուխտատեղի, այլև կրթության ու գրչության կարևոր կենտրոն։ Համալիրի կառույցների մեծ մասը ստեղծվել է 12-13-րդ դարերում։ Պարսպապատ համալիրի կազմում են երկու միանավ եկեղեցիներ, երկու գավիթ, բնակելի շենքեր։ Ունի եռակամար գավիթ-սրահ, խաչքարեր ու վիմագիր հսկա սալաքարեր։
Նույն ժամանակաշրջանին է վերագրվում Դադիվանքի համալիրը, որը ևս հիմնվում է 9-րդ դարում (սուրբ Դադիի միանավ վանք) ու կառուցապատվում 13-րդ դարում։ Դադիվանքը հարուստ է խաչքարերով, եկեղեցին ունի որմնանկարներ[13]։ Հարավային պատին Քրիստոսն Ավետարան է մեկնում Դավիթ Սքանչելագործին, իսկ Աստվածածինը՝ խաչազարդ ուրար։ Ըստ Կիրակոս Գանձակեցու «Հայոց պատմություն» աշխատության՝ Դավիթն իր գործունեությունը ծավալել է Հանդաբերդ ամրոցին կից Ծար-Ջերմուկում՝ «Բաղնիք-արքունաք»-ում։ Պատմիչը վկայում է, որ Քրիստոսը նրան «երևացել է և ասել՝ վերափոխիր աշխարհը, բուժիր մարդկանց», և նա հանքային ջրի միջոցով բուժել է մարդկանց։
Սյունիք և Վայոց ձոր
[խմբագրել | խմբագրել կոդը]9-րդ դարում նոր կարգավիճակ է ստանում Սյունիքի իշխանությունը։ Այն հիմնվել էր դեռ Արշակունիների թագավորության շրջանում՝ 4-րդ դարի սկզբին, երբ Հայաստանում հաստատվում էին ավատատիրական կարգեր[14]։ 9-րդ դարից սկսած այստեղ ևս ընթանում են շինարարական մեծ աշխատանքներ։ Կառուցապատվում է իշխանանիստ Շաղատ գյուղաքաղաքը, Գրհամ բերդը, Կապան բերդաքաղաքը։ Վերջինս 10-րդ դարի վերջից դառնում է իշխանանիստ՝ փոխարինելով Շաղատին։ Ամրացվում են հնուց գոյություն ունեցող Ճահուկի, Երնջակի, Խոռունիի, Շլորուտի և այլ ամրոցներ։ Կառուցվում են մի քանի եկեղեցիներ, որոնցից հայտնի էին Խոտակերացը, Նախիջևանի Կարմիր, Հազարաբյուրացը, Հերմոնիը վանքերը, Վահանավանքը և Քարեվանքը[15]։
Սյունիքը առանձնանում էր հայկական մյուս իշխանություններից նրանով, որ ուներ սեփական նվիրապետական աթոռը՝ Սյունյաց մետրոպոլիտությունը։ 895 թվականին գահերեց իշխան Աշոտ Սյունու և Շուշանիկ տիկնոջ պատվերով մետրոպոլիտ Հովհաննեսը ձեռնարկել է սուրբ Պողոս-Պետրոս տաճարի կառուցումը Տաթևում։ Տաճարի շինարարությունն ավարտվել է 906 թվականին։ Սրբատաշ բազալտից կառուցված տաճարի գմբեթը հենվում է Պողոս և Պետրոս առաքյալների մույթերի և արևմտյան ավանդատների անկյունների վրա։ Հարավային մուտքի դիմաց սուրբ Երրորդությանը նվիրված հուշասյունն է («Գավազան»)։ Տաճարն արևմուտքից արևելք ձգված ուղղանկյուն դահլիճ է։ Արևելյան ճակատի խորշերից վերև Աշոտ Սյունու և Շուշանի դիմաքանդակներն են, իսկ դրա կողմերում՝ վիշապ օձերի և այլ ավանդական էակների քանդակներ[16]։ Պատերը 930 թվականին ծածկվել են որմնանկարներով. գլխավոր աբսիդում պատկերված է եղել գահի վրա նստած Քրիստոսը, ավելի ցած՝ առաքյալներ և սրբեր։ Տեսարանն ամբողջական մեծ հորինվածքում ներառում է «Ահեղ դատաստանը» և «Փրկչի երկրորդ գալուստը»։ Ավելի ուշ հիմնադրվում է Սյունիքի թագավորությունը (987-1170), և Տաթևի դերն ու նշանակությունը՝ որպես կրթամշակութային ու հոգևոր կենտրոն, ավելի է բարձրանում։
10-րդ դարի ընթացքում Սյունիքի թագավորությունից անջատվում է Վայոց ձորը և միացվում Բագրատունիների տիրույթներին։ Մինչ այդ այստեղ իրականացվել էր մեծածավալ կառուցապատում։ Առավել հայտնի եկեղեցական համալիրներից էր Գնդեվանքը՝ համանուն կիրճում։ Այդ պարսպապատ վանքը կառուցվել է 931-938 թվականներին, Սյունյաց իշխանուհի Սոփիա Արծրունու աջակցությամբ, ով Վասպուրականի թագավոր Գագիկ Արծրունու քույրն էր։ Վանքի արևմտյան պատին առկա է իշխանուհու գործունեության վկայությունը՝ «Մատանի էր անակն Վայոց ձոր, շինեցի զսա եւ եդի ակն ի վերայ»։ Համալիրը հիմնադրվել է որպես ձորի ճգնավորների մենաստան, և անվանակոչվել ճգնավոր Սուփան Գնդունու անունով[17]։
Վայոց ձորում ընթացող շինարարական աշխատանքները շարունակվում են նույն թափով. Սմբատ թագավորի հրամանով այստեղ է կառուցվում Սմբատաբերդը, ինչպես նաև՝ Ցախաց քար եկեղեցին։ Սյունիքի տարածքում կառուցվում են Բղենո-Նորավանքը, Երիցավանքը, Ագուլիսի սուրբ Մինաս եկեղեցին, Բեխի և Նավիշի Սուրբ Ստեփանոս անապատները, ամրացնում Որոտնաբերդը և այնտեղ կառուցում Որոտնավանք համալիրը, Մեղրու բերդը, Բաղակու քար բերդը, ամրացվում է Բաղաբերդը և այլն։ Բագրատունիները հարևան Ոստան գավառում՝ Վայոց ձորից Արարատյան դաշտ ճանապարհին, կառուցում են Տափի բերդը[18]։
Տարոն և Վասպուրական
[խմբագրել | խմբագրել կոդը]10-րդ դարի սկզբին համահայկական պետության ներսում ստեղծվում է Վասպուրականի թագավորությունը (908-1021)։ Իր գոյության ընթացքում, մանավանդ՝ Գագիկ Ա-ի գահակալման տարիներին, այստեղ ընթացել են բուռն շինարարական աշխատանքներ։ Բարեկարգվել ու նոր շունչ էին ստացել Մետաքսի ճանապարհի հայկական հատվածի վրա գտնվող Վան և Ոստան քաղաքները[7]։ Նախիջևան քաղաքից ոչ հեռու հիմնադրվում է սուրբ Քրիստոս Ամենափրկիչ վանքը, որը ամբողջությամբ ավերվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Նույն բախտին է արժանացել նաև նրանից ոչ հեռու գտնվող Ապրակունիսի Սուրբ Կարապետ վանական համալիրը, որը թվագրվում է 9-րդ դարին։ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում գտնվող հայկական հուշարձանները հիմնովին ավերվել են նորագույն շրջանում, մասնավորապես՝ Արցախյան ազատամարտի տարիներին։
Թուրքիայի տարածքում էին գտնվում Գոմքի Սուրբ Գևորգ, Կարմրավանք, Ապարանից Սուրբ Խաչ, սուրբ Մարինոս վանքերը, որոնք ավերվել էր Հայոց մեծ եղեռնի տարիներին։ Դեռ մինչև 1990 թվականը կանգուն էր Վարագավանքը, որն ունեցել է իր դպրոցը։ Ժամանակակից Իրանի տարածքում են գտնվում Ծոր Ծորի եկեղեցին՝ Կապուտան լճի ափին, Սուրբ Ստեփանոսը Դարաշամբում, որոնք նույնպես թվագրվում են 9-10-րդ դարերին[19]։ Կառուցապատվում կամ վերակառուցվում են մի քանի խոշոր ամրոցներ, ինչպիսիք էին Ադամակերտը, Մանազկերտը, Կոտոմը, Սրինգը Սևանը, Կոտորը և այլն[20]։
Նոր բնակավայր է կառուցվել Աղթամար կղզում՝ սուրբ Խաչ եկեղեցու շուրջ (Մանուել Ճարտարապետ)։ Այդ խաչաձև հատակագծով, քառաբսիդ շինությունն ունի 17 մ երկարություն, 14 մ լայնություն (գմբեթով՝ 24 մ)։ Հատակագծային հորինվածքը մոտենում է Ավանի և Հռիփսիմեի տաճարների տիպին։ Գմբեթը լայնանիստ է, ներսից՝ շրջանաձև, դրսից 16 նիստանի[7]։ Օթյակն առանձնացված էր քարե կամարակապ բազրիքով և արտաքին քանդակներով։ Ավելի ուշ շրջանի վանական համալիրներից էր Նարեկավանքը, որտեղ ճգնել էր Գրիգոր Նարեկացին։ Հայտնի էր Նարեկավանքի դպրոցը[21]։
Բագրատունիների թագավորությունը 9-րդ դարի վերջին ուներ երկու իշխանություն՝ Տայքի (888-1008, ավագ Բագրատունիներ՝ Բագրատիոնիների հիմնադիր) և Տարոնի (826-966, կրտսեր Բագրատունիներ՝ Թոռնիկյանների հիմնադիր)։ Տայքի տարածքում կառուցվում են մի քանի եկեղեցական համալիրներ, որոնցից պահպանվել են Խախուի եկեղեցին և Օշկվանքը։ Դրանք հավասարապես իրենցն են համարում նաև վրացիները, քանի որ եկեղեցիները առաքելական չեն, և կառուցվել են Բագրատիոնիների հայրական ճյուղի ներկայացուցիչների կողմից, ովքեր հայտնի էին որպես «վրաց թագավոր»[22]։
Տարոնի իշխանության տարածքում ևս կառուցվում են վանական համալիրներ, դրանցից առավել հայտնի էին Մշո Սուրբ Առաքելոց և Մշո Սուրբ Կարապետի վանքերը[23]։ Դրանք թվագրվում էին դեռևս վաղ միջնադարի ճարտարապետությանը, սակայն վերակառուցվել և հարստացվել են նոր շինություններով զարգացած միջնադարում։ Այդ վանքերը մշակույթի պահպանման ու բարգավաճման նշանավոր կենտրոններ էին։ Տարոնի իշխանության տարածքում վերակառուցված ամրոցներից նշանավոր էր Սևուկ բերդը։ Արածանի գետի վրա, կառուցվում է Սուլուխի կամուրջը։ Այն ունի 190 մետր երկարություն և կառուցված է 12 կամարների վրա։
Վանանդ և Շիրակ
[խմբագրել | խմբագրել կոդը]10-րդ դարը հայ Բագրատունիների թագավորության համար խաղաղ շինարարական ժամանակաշրջան էր։ Այդ ընթացքում հիմնադրվում կամ վերակառուցվում են մի քանի տասնյակի հասնող վանքեր ու եկեղեցիներ, բերդեր ու ամրոցներ, քաղաքներ ու ավաններ։ Մայրաքաղաքը Շիրակից տեղափոխվում է Վանանդ՝ հինավուրց Կարսի բերդ, որը ամրացվում է և դառնում թագավորանիստ։
10-րդ դարի առաջին կեսին Շիրակում հիմնադրվում է Հոռոմոսի վանքը՝ Բյուզանդիայից փախած և Բագրատունյաց Հայաստանում ապաստանած հայ վանականների կողմից։ Վանքից հարավ՝ Անի բերդաքաղաք տանող ճանապարհին ավերակ վիճակում են հաղթական կամարի դռան գմբեթավոր զույգ աշտարակները։ Համալիրի կազմում են սուրբ Մինաս և սուրբ Գևորգ եկեղեցի-դամբարանները, թաղածածկ մատուռը և Աշոտ Գ Ողորմած Բագրատունու (953-977) դամբարանը։ Հիմնական եկեղեցին ունի բազմանիստ քանդակազարդ երդիկ, որն ունի սյուներով ու կամարներով հարուստ զանգակատուն։ Եկեղեցին և մատուռներն ունեն մեկ ընդհանուր արևելյան ճակատ[24]։ Շիրակի եկեղեցիներից նշանավոր էր նաև Բագնայրը, որտեղ գրվել է տեղի ավետարանը[25]։
10-րդ դարում Աղթամար կղզուց Շիրակ է տեղափոխվում հայոց կաթողիկոսական աթոռը, իսկ Աղթամարում հիմնվում է առանձին կաթողիկոսություն։ Կաթողիկոսարանը կառուցվում է Արգինայում՝ նախկին մայրաքաղաք Երազգավորսից արևմուտք։ Շինարարությունը հովանավում է Անանիա Մոկացի կաթողիկոսոը (946-968), ով և թաղվել է այստեղ՝ Խաչիկ Ա Արշարունու (973-992) հետ միասին։ Խաչիկ Ա կաթողիկոսի ժամանակ 990 թվականին Տրդատ ճարտարապետը Արգինայում կառուցել է կաթողիկե եկեղեցին, երեք այլ նույնանման եկեղեցիներ, մատենադարան-գրատունը, դպրոցը։ Դրանք, Ասողիկի և Մատթեոս Ուռհայեցու վկայությամբ, մեծ հռչակ են վայելել[26]։
961 թվականին Հայաստանի քաղաքական կենտրոնը դարձյալ տեղափոխվում է Շիրակ[7]։ Հնադարյան Անի ամրոցի շուրջ ձևավորվում է նոր մայրաքաղաք Անին։ Հայոց արքաները միջոցներ չէին խնայում քաղաքը ամրացնելու ու բարեկարգելու համար։ 10-րդ դարի վերջում այն կառուցվել է երկշերտ պարիսպներով. առաջինը՝ Աշոտաշեն, 963-964 թվականներին, իսկ երկրորդը՝ Սմբատաշեն, 989 թվականին։ Աշտարակներն ունեցել են հրակնատներ և ատամնավոր վերջավորություններ։ Անիի 40 դռներից յուրաքանչյուրն ուներ իր անունը։ Ելումուտը կարգավորելու և փողոցները մաքուր պահելու նպատակով ծանր բեռներով սայլերն ու կառքերը քաղաք էին մտնում առանձին դռներով։ Արտաքին պարիսպների երեք մեծ մուտքերը՝ Կարուց, Դվնո, Ավագ, որոնց դռները երկաթագամ արտաքին երես են ունեցել, համարվել են անխորտակելի։ Քաղաքը կառուցվում էր Ախուրյանի աջ ափին, իսկ ձախ ափի հետ միավորվում էր Անիի կամուրջով[26]։
Անին հայտնի էր որպես «հազար ու մի եկեղեցիների քաղաք»։ Հայտնի են Առաքելոց, Աստվածածին, Աբուխանմի, Աբուղամրենց, Գրիգոր Լուսավորիչ, սուրբ Գրիգոր, Խծկոնք, Կուսանաց, Հովվի, Փրկչի և շատ այլ եկեղեցիներ և վանքեր։ Քաղաքն ունեցել է մեծաքանակ իջևանատներ ու հյուրանոցներ, պալատներ ու հասարակական շինություններ։ Անիի գլխավոր սրբավայրն էր Անիի մայր տաճարը, որտեղ տեղափոխվել էր ամենայն հայոց կաթողիկոսը։ Այն կառուցվել է 12 տարվա ընթացքում՝ 989-1001 թվականներին։ Հովանավորվել է հայոց արքա Գագիկ Ա-ի կնոջ Սյունյաց արքայադուստր Կատրանիդե թագուհու կողմից։ Տրդատ ճարտարապետի կողմից կառուցված այս տաճարը ոչ միայն հայ, այլև համաշխարհային ճարտարապետական լավագույն նմուշներից է։ Եկեղեցին քառամույթ գմբեթավոր կառույց է՝ կոթողային ձևով ու հարուստ հարդարանքով։ Գմբեթին կանգնեցված է եղել մարդկային հասակի չափ արծաթյա խաչ։ Անիում գործում էին բարձրագույն դպրոց՝ վարդապետարան, մանրանկարչության դպրոց և այլն։ Անիում եղել է ջրմուղ, ինչը բացառիկ երևույթ էր միջնադարյան Հայաստանի քաղաքների համար[26]։
Լոռի և Տավուշ
[խմբագրել | խմբագրել կոդը]10-րդ դարի երկրորդ կեսին Հայաստանի հյուսիսարևելյան հատվածում ձևավորվում է ևս մեկ թագավորություն՝ Տաշիր-Ձորագետը կամ Լոռին։ Այն ղեկավարում էին Բագրատունիների կրտսեր ներկայացուցիչները՝ Կյուրիկյանները։ Լոռում հիմնադրվում կամ վերակառուցվում են բազմաթիվ բերդեր և ամրություններ, որոնցից առավել հայտնի են Կայանը, Քիր ու Ախպեր ամրոցը, Ախթալայի, Տերունական, Բերդավանի, Շամշուլդեի, Գավարզին, Խոժոռնի Տավուշի ամրոցները, Շատբերդը, Գագա բերդը և Չախալաբերդը։ Տաշիր-Ձորագետի մայրաքաղաքն էր Լոռե բերդաքաղաքը։ Այն հիմնադրել է Դավիթ Անհողինը 11-րդ դարի սկզբին[27]։ Քաղաքի առաջին պարիսպը զբաղեցրել է 9 հա տարածք և եղել միջնաբերդ։ Ամբողջ բերդն ընդգրկում է 35 հա տարածություն։ Հյուսիս-արևմուտքից, ձգվել է 214 մ երկարությամբ, իրար հաջորդող կլոր և քառանկյունի աշտարակներով պարիսպը, իսկ մնացած կողմերում Ձորագետի անդունդն էր։ Պարսպի լայնությունը հասել է մինչև 20 մետրի, բարձրությունը եղել է 20-25 մետր[28]։ 11-13-րդ դարերում այստեղ կառուցվել են բաղնիքներ, որոնք ունեցել են կրկնակի հատակով հանդերձարաններ ու լողասրահներ։ Երկհարկանի պալատական կառույցն ունեցել է երկու ջրավազան՝ բազմագույն ջնարակապատ սալիկներով։ Ձորագետի վրա կառուցված է եղել Լոռվա կամուրջը[29]։
10-րդ դարի երկրորդ կեսին կառուցվում են միջնադարյան Հայաստանի ամենահայտնի վանական համալիրներից Հաղպատը և Սանահինը։ Դրանք հիմնում են հայոց Խոսրովանույշ թագուհին և Լոռու առաջին՝ Գուրգեն Կյուրիկե թագավորը։ Սանահինի վանական համալիրի տարածքում հետագայում կառուցվել են մատենադարան և համալսարան[30]։ Նմանատիպ աշխատանքներ են կատարվել նաև Հաղպատում. տեղի դպրոցը տվել է հարյուրավոր աշակերտներ, որոնք կրթօջախներ են բացել Հայաստանի տարբեր շրջաններում[31]։ Հաղպատի մատենադարանից Երևան են բերվել 12 ձեռագրեր, այդ թվում՝ Մուղնու Ավետարանը։ Այս երկու վանական համալիրները շարունակում են իրենց դերակատարումն ունենալ նաև ուշ միջնադարում[32]։ Եկեղեցիներից հայտնի էին նաև Ջուխտակ և Ախթալա վանքերը։ Վերջինս դառնում է վրացական ուղղափառ եկեղեցի[33]։
Կրոնական ու պաշտպանական կառույցներից բացի Տաշիր-Ձորագետի թագավորությունում կառուցվել են մեծաքանակ իջևանատներ ու հյուրանոցներ, կամուրջներ և ջրմուղներ։ Պատմության մեջ հայտնի են Չանաղչուձորի, Խաղխաղի, Սանահինի և այլ կամուրջներ[34]։ Բերդերից ու ամրություններից նշանավոր էին Ախթալան, Կայծոնը, Չախալաբերդը (Լոռի), Ցլիկ Ամրամի ու Բերդավանի ամրոցները (Տավուշ)։
Այլ գավառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բագրատունիների սպարապետները՝ Պահլավունիները, նույնպես իրականացրել են շինարարական աշխատանքներ։ Նրանց կառուցած ամրություններից հատկապես հայտնի է Ամբերդը։ Այն գտնվում է ծովի մակերևույթից 2300 մետր բարձրության վրա՝ Ամբերդ և Արքաշեն գետերի միախառնման տեղում վեր խոյացող ժայռերի վրա։ Դրա դղյակը և պարսպի որոշ հատվածներ կառուցվել էին դեռ 7-րդ դարում, Կամսարական իշխանների օրոք։ 10-րդ դարում Ամբերդը ամրացվում է, 1026 թվականին կառուցվում է Վահրամաշեն եկեղեցին (Վահրամ Պահլավունի)։ Նույն ժամանակ դղյակից հարավ կառուցվում է բաղնիքը, որի մոտ պահպանվել են փոքրիկ մատուռի ավերակներ։ Բերդն ընդգրկել մոտ 1 500 մ² մակերես[35]։
Պահլավունիների մեկ այլ ամրոց էր Բջնի բերդը Հրազդան գետի կիրճում։ Այն կառուցված է բարձր սարահարթի վրա։ Բջնին հարավից ու արևելքից պաշտպանված է ժայռերով, իսկ հյուսիսից և արևմուտքից՝ բրգավոր հենապատ-պարսպապատով։ Պահլավունիները վերակառուցում են դեռ 9-րդ դարում գոյություն ունեցած Կաքավաբերդը և այլ ամրոցներ։ Բացի բերդերից ու ամրություններից, կառուցվել են նաև Բյուրականի սուրբ Հովհաննես, Բջնիի Սուրբ Աստվածածին, Նեղուցի եկեղեցիները և այլն։ Պահլավունիների կառուցած եկեղեցիներից առավել շքեղը Մարմաշենի վանական համալիրն է։ Այն կառուցվում է հայոց արքունի ոստանում՝ Շիրակում։ Գլխավոր եկեղեցու՝ կաթողիկեի արևելյան խորանը, ինչպես Անիի Մայր տաճարում, ունի որմնախորշեր։ Այն կոչվում է Աստվածամոր անունով. այստեղից էլ գալիս է Մարմաշեն (Մարիամաշեն) անունը։ Մյուս՝ «Վահրամաբերդ» անվանումը ցույց է տալիս, որ այն եղել է նաև իշխանանիստ։ Պահպանված երկու եկեղեցիներից և մեկ եկեղեցու պատից բացի, եղել է նաև զվարթնոցատիպ տաճար[36]։
Բջնիից ոչ հեռու գտնվող Ծաղկաձոր ավանում Պահլավունիները կառուցում են սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որն ընկած է Կեչառիսի վանքային համալիրի հիմքում։ Այն կառուցապատվում է և հարստացվում լրացուցիչ շինություններով ուշ շրջանում[37]։
Արարատյան դաշտի արևմտյան մասում՝ Վաղարշապատից Գեղարդի վանք տանող ճանապարհին, որպես միջնադարյան քաղաք սկսում է զարգանալ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանը։ Այն գոյանում էր ոչ թե պատմական Էրեբունի ամրոցի, այլ Հրազդանի կիրճի մոտ՝ բարձունքի վրա գտնվող սարահարթի վրա։ Դրանից հյուսիս դեռ վաղ միջնադարից գործում էր Կաթողիկե Ծիրանավոր եկեղեցին (Ավան), իսկ բուն քաղաքում՝ Պողոս-Պետրոս եկեղեցին (այժմ՝ Մոսկվա կինոթատրոն), որից ոչ հեռու կառուցվում է Գեթսեմանի մատուռը (այժմ՝ Օպերայի և Բալետի Ազգային Ակադեմիական Թատրոն)։
Կիլիկյան Հայաստան
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիլիկիայում վաղ միջնադարից հաստատվող հայկական փոքր համայնքները Անիի թագավորության անկումից հետո ավելի ստվարացան։ Դա կապված էր Բյուզանդական կայսրության քաղաքականության հետ։ 1021 թվականին բյուզանդացիները Սենեքերիմ Արծրունու հետ կատարում են տարածքային փոխանակում՝ Փոքր Ասիա թերակղզու Սեբաստիա քաղաքն իր շրջակայքով՝ Վասպուրականի թագավորության դիմաց։ Այստեղ նրանք հիմնում են Սուրբ Նշան վանքը։ Նմանատիպ փոխանակմամբ նրանք ստանում են նաև Վանանդի թագավորությունը՝ փոխարենը տալով Կեսարիա քաղաքը, որտեղ կառուցվում է սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։ Փոքր Հայքի երրորդ և վերջին խոշոր քաղաքում՝ Մալաթիայում, հայկական իշխանությունը հիմնադրվում է 11-րդ դարի վերջին։ Հայերն, այդպիսով, վերահաստատվում են Փոքր Հայքի պատմական տարածքներում, որոնք մի քանի հարյուրամյակ չէին բնակեցվել հայերով, սակայն Հայկական լեռնաշխարհի մասն էին կազմում[38]։
Հայկական իշխանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուն լեռնաշխարհի սահմաններից դուրս հայկական առաջին իշխանությունը Մալաթիայի հարևանությամբ առաջացած Փիլարտոս Վարաժնունու պետությունն էր (1071-1086)՝ Լեռնային Կիլիկիայում գտնվող Մարաշ մայրաքաղաքով։ Դրանից հետո առաջանում են ևս մի քանի հայկական իշխանություններ՝ Եդեսիան (1076-1098), Պիրը (1086-1100), Քեսունը (1086-1117)։ Այս պետությունները կարճ կյանք ունեցան, և հիմնադիր իշխանի մահից հետո թուլացան կամ կործանվեցին։ Հայկական լեռնաշխարհից դուրս միակ իշխանությունը, որ կարողացավ դիմակայել արտաքին վտանգին և ընդարձակվելով վերածվել թագավորության՝ Ռուբինյանների իշխանությունն էր Լեռնային Կիլիկիայում (1080-1198)։ Այն հիմնադրել է Ռուբեն Ա-ն, ով եղել է հայոց վերջին թագավոր Գագիկ Բ-ի թիկնազոր գնդի հրամանատարը։ Ռուբինյան իշխանությունը 1198 թվականին վերածվում է թագավորության (1198-1375)՝ այդպիսով գոյատևելով երեք հարյուր տարի[39]։
Կիլիկիայի հայկական պետությունը սահմանակցել է ինչպես քրիստոնեադավան (Բյուզանդական կայսրություն, Խաչակրաց պետություններ), այնպես էլ իսլամադավան (Իկոնիայի սուլթանություն, Այյուբյան սուլթանություն) պետությունների հետ։ Այդ պատճառով Ռուբինյան, հետագայում՝ Հեթումյան և Լուսինյան առաջնորդները մեծ ուշադրություն են դարձրել ամրոցների ու բերդերի շինարարությանն ու գոյություն ունեցողների վերակառուցմանը։
Այդպես՝ շինարարական աշխատանքների արդյունքում 11-րդ դարում հանդես են գալիս Բերդուս, Գուգլակ, Լամբրոն, Համուս, Հոնի, Հռոմկլա, Պապեռոն, Քեսունի բերդերը։ Ռուբինյանների իշխանանիստ կենտրոնը սկզբում Վահկա բերդաքաղաքն էր՝ Ռուբեն Ա (1080-1095) և Կոստանդին Ա (1095-1100) իշխանների օրոք։ Դրան կից կառուցվել է Ընդա վանքը, որն ուներ գրչության կենտրոն։ Կարճ ժամանակ անց մայրաքաղաքը տեղափոխվում է Սիս[40]։
Կիլիկիայի բերդերից Հռոմկլան առանձնանում է նրանով, որ 1149-1292 թվականներին եղել է ամենայն հայոց կաթողիկոսի նստավայրը։ Մինչ այդ կաթողիկոսական աթոռը գտնվել է դեգերումների մեջ. Անիի անկումից հետո այն տեղափոխվել է զանազան հայկական իշխանությունների կենտրոններ՝ Սեբաստիա (1051-1062), Թավբլուր (1062-1065), Ծամնդավ (1066-1090), Քեսուն (1090-1116), Ծովք՝ (1116-1149)։ Բերդը 11-րդ դարի վերջին ենթարկվել է Փիլարտոս Վարաժնունուն, այնուհետև՝ Գող Վասիլին։ Վերջինիս մահից հետո՝ 1112 թվականին, Եդեսիայի կոմս Բալդուինը Հռոմկլան գրավել է Վասիլ Տղայից և պարգևել իր ազգական Ժոսլեն II Կուրտենեին։ Եդեսիայի կործանումից որոշ ժամանակ անց՝ 1151 թվականին Ժոսլեն III-ի այրին՝ Բեատրիսը, Հռոմկլան վաճառել է Հայոց կաթողիկոս Գրիգոր Գ Պահլավունուն[41]։
Հռոմկլա բերդաքաղաքը գտնվում էր Եփրատ գետի աջ ափին։ Այն շրջափակված էր դժվարամատչելի ժայռերով, երեք կողմից ողողվում էր Եփրատի ու Փարզման վտակի ջրերով։ Պարիսպը քառաշարք էր ու աշտարակաձև, ուներ երկհարկանի յոթ դարպաս և ուղղանկյուն կտրվածքի աշտարակներ[42]։ Գրիգոր Պահլավունին կառուցել է սուրբ Գրիգոր Լուսավորիչ և սուրբ Աստվածածին եկեղեցիները, ավելի ուշ՝ սուրբ Փրկիչը։ Կաթողիկոս Ներսես Շնորհալու օրոք (1166-1173) Հռոմկլան դարձել է համահայկական մշակութային կենտրոն։ Տեղի մանրանկարչության դպրոցում հավաքվել, բազմացվել և պատկերազարդվել են բազմաթիվ հին ձեռագրեր, ստեղծվել նորերը։ Միայն 1293 թվականից սկսած, երբ Եգիպտոսի սուլթան Մելիք Աշրաֆը գրավում է Հռոմկլան, կաթողիկոսը տեղափոխվում է Կիլիկիայի մայրաքաղաք Սիս, որտեղ մնում է մինչև 1441 թվականը, երբ ընդմիշտ վերադառնում է Էջմիածին[43]։
12-րդ դարում հայկական իշխանությունը սկսում է զորեղանալ և հաստատվել Դաշտային Կիլիկիայում՝ գրավելով մի քանի վաճառաշահ քաղաքներ։ Թորոս Ա իշխանի օրոք նորոգվում է Դրազարկի վանքը, որը դառնում է Ռուբինյանների տոհմական դամբարանը[44]։ Վանականների համար կառուցվում է նաև Խորա Անապատը, որը նույնպես դառնում է դպրության կենտրոն։ Կիլիկիայի մենաստաններից նշանավոր էին նաև Խաչատրո և Վարդկան անապատները։ Դաշտային Կիլիկիայի քաղաքներից նշանավոր էր Անարզաբան, որտեղ Թորոս իշխանը կառուցում է Սուրբ Զորավարաց եկեղեցին։ Դարավերջին Լամբրոնից արևմուտք կառուցվում է Մոլևոն բերդը և Մոլևոնի վանքը[45]։
Հայկական թագավորություն
[խմբագրել | խմբագրել կոդը]12-րդ դարում կառուցվում են մի քանի ամրոցներ։ Դրանցից հայտնի էր Ամուդանը, որը գտնվել է լեռան գագաթին, ունեցել աշտարակապատ պարիսպներով քառակուսի դղյակ։ 1145 թվականին Ամուդանը բյուզանդացիներից ազատագրել է Թորոս Բ իշխանը։ Ամուդանն արևելքից պաշտպանել է Անարզաբա քաղաքը։ Վերջինիս պաշտպանության համար ավելի ուշ շրջանում Լևոն Բ թագավորը կառուցել է տալիս Թումլու ամրոցը։ Դարի նշանավոր կառույցներից էին Ասկուռաս բերդաքաղաքը, Կապան ամրոցը, Կոպիտառ բերդը։ 12-րդ դարում Կիլիկիային է միացվում դեռ Սելևկյանների օրոք կառուցված Կոռիկոս ծովային ամրոցը։ 1206 թվականին Լևոն Բ թագավորը այն վերջնականապես վերակառուցեց։ Կոռիկոսը դարձավ շենացած բերդաքաղաք, որտեղ մինչ այժմ պահպանվել են բնակելի ու հասարակական շենքերի, թաղածածկ մատուռների, գմբեթավոր տաճարների մնացորդներ[46]։
Կիլիկյան Հայաստանում կառուցվել են մի քանի խոշոր վանական համալիրներ, որտեղ զբաղվել են գիտության ու մշակույթի զարգացմամբ։ Դրանցից հայտնի էին Գռների վանքը, Անդուլ վանքը, Արքայակաղնին և Սկևռան[47]։ Կիլիկյան Հայաստանի առավել հայտնի ուսումնական կենտրոնը Ակներ վանքն էր (Ականց անապատ)։ 13-րդ դարում կառուցվում են Աղբերց և Բարձրաբերդի վանքերը, որտեղ հիմնվում են դպրոցներ։ Նույն ժամանակ կառուցվում է Լևոնբերդը՝ սուրբ Վասիլ եկեղեցով[48]։ Ուշ շրջանի առավել հայտնի բերդերից է Սարվանդիքարը[49]։
12-րդ դարի ընթացքում և 13-րդ դարում պարբերաբար կառուցապատվում է մայրաքաղաք Սիսը, որի հիմքեը դրել էր Թորոս Ա իշխանը։ 1114 թվականի երկրաշարժից կես դար անց իշխան Մլեհը այն վերակառուցում է այն։ Թագավորանիստ դառնալուց հետո քաղաքի հյուսիսային թաղամասում Հեթում Ա թագավորը հիմնադրում է նոր ապարանք՝ ճոխ քանդակներով։ Այն կերտվել է սրբատաշ խոշոր քարերով, մարմարյա սև սյունաշարով։ Միջնաբերդը ունի երեք շերտ պարիսպներ և երեք դարպաս։ Սիսում կառուցվել են մի քանի տասնյակ եկեղեցիներ ու վանքեր, որոնցից ոչ մեկ չեն պահպանվել։ Դրանցից էր սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որը Հռոմկլայի գրավումից հետո դարձել է հայոց կաթողիկոսության, այնուհետև՝ Կիլիկիայի կաթողիկոսության աթոռանիստը։ Հայտնի էին Զապել թագուհու հիվանդանոցը, արքունի մատենադարանը[50], համալսարանը[51]։
Կիլիկիայի հայկական թագավորության շրջանում նոր շունչ ստացան հելլենիստական կամ ավելի վաղ շրջաններում կառուցված քաղաքները։ Դրա պատճառն այն էր, որ նրանք գտնվում էին քրիստոնյա և իսլամադավան երկրների խաչմերուկում՝ Մետաքսի ճանապարհին։ Կառուցապատվում և ամրացվում են Ադանա, Այաս, Անարզաբա, Իսոս, Կիզիստրա, Հաճըն, Մամեստիա, Մարաշ, Տարսոն քաղաքները։
Զաքարյան իշխանապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]11-րդ դարի առաջին կեսին Սելջուկ-թյուրքերի արշավանքներից հետո Հայաստանի երկու թագավորությունները՝ Սյունիքն (987-1170) ու Տաշիր-Ձորագետը (978-1113), կարողացան դիմակայել Սելջուկյան սուլթանությանը[52]։ Հարավային Հայաստանում կային երկու իշխանություններ՝ Արծրունիների տոհմի մի ճյուղը տիրում էր Աղթամար կղզում, Թոռնիկյանները՝ Սասունում։ Սասունից բացի, Թոռնիկյանները տիրում էին Արածանիի միջին հոսանքում ընկած գավառներին։ Արցախի իշխանություններից հայտնի էին Ներքին Խաչենը, Հաթերքը և Ծարը։
Վաղ շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]12-րդ դարի երկրորդ կեսին Հայաստանում մնացել էին մի քանի կիսանկախ իշխանական տներ։ Զաքարյանները, ովքեր ծագում էին Արծրունիներից, ամուր դիրքեր էին հաստատել վրաց արքունիքում։ Զորահրամանատար Սարգիս Զաքարյանի որդիները՝ Զաքարե Բ ամիրսպասալարը և Իվանե Ա աթաբեկը, գլխավորում են հայ ժողովրդի պայքարը։ 12-րդ դարի վերջին և 13-րդ դարի սկզբին ազատագրվում են պատմական Այրարատ, Գուգարք, Տայք, Սյունիք և Արցախ նահանգներն ամբողջությամբ, ինչպես նաև Ուտիք և Վասպուրական նահանգների մի մասը։ Այդպես ստեղծվում է Զաքարյան իշխանապետությունը՝ վրաց Բագրատիոնիների թագավորության ներքո։ Սելջուկյան արշավանքների օրոք ընդհատված շինարարական աշխատանքները նոր թափ առան[2]։
12-րդ դարում շինարարությունը հիմնականում ընթանում էր Լոռում, Սյունիքում և Արցախում, որտեղ պահպանվել էին հայոց պետականության մնացորդները։ Արցախի տարածքում են հիմնվում Նուկզարի սուրբ Ամենափրկիչ, Հարանց, Տիրամոր եկեղեցիները և Խաթրավանքը, Սյունիքի տարածքում՝ Ագուլիսի սուրբ Ստեփանոս, Եղեգնաձորի սուրբ Սարգիս, Կուքիի սուրբ Գրիգոր և սուրբ Ստեփանոս, Ճահուկի սուրբ Հովհաննես, Ռամիսի սուրբ Աստվածածին, Որդուարի սուրբ Ստեփանոս, Օծոփի սուրբ Աստվածածին եկեղեցիները, Լոռում՝ Քոբայրի վանքը։ Նոր բերդերից ու ամրոցներից նշանակալի են Էրթիջը Վայոց ձորում, Կայծոնը՝ Լոռում, Մահկանաբերդը՝ Տավուշում, Հաթերքը՝ Արցախում, Մածնաբերդը՝ Գարդմանում։
Նվաճվելով Վրաց թագավորության կողմից՝ Լոռին և Տավուշը այդ կարգավիճակում են մնացել մինչև 20-րդ դարը։ Այստեղ կառուցվել են Գագա Սուրբ Սարգիս, Շխմուրադի, Տամարքի եկեղեցիները, Աղավնավանք, Մշկավանք, Նոր Վարագավանք և Սամսոնավանք համալիրները։ Դրանից զատ՝ վերակառուցվում ու կառուցապատվում են մի քանի բերդեր ու ամրոցներ, Բագրատունիների և Կյուրիկյանների կողմից կառուցած եկեղեցական համալիներ։
Զաքարյան իշխանապետության հիմնադրումից առաջ Հայաստանի առավել հայտնի նորակառույց կոթողներից էին Հաղարծինի վանական համալիրը, որը Զաքարյանների օրոք կառուցապատվում է։ Հաղարծինի կազմում են երեք եկեղեցի, երկու գավիթ, սեղանատուն, աղոթարաններ, խաչքարեր։ Եկեղեցիներից ամենահինը Սուրբ Գրիգոր եկեղեցին է (մոտ 10-րդ դար), որն ունի խաչաձև հատակագիծ։ Գմբեթային փոխանցումն իրականացված է սաղր տրոմպներով։ Ունի հողմահարված անկյունային որմնախոյակներ։ Եկեղեցուն արևմուտքից կից է քառասյուն գավիթը (12-րդ դարի վերջ)։ Վերջինիս առաստաղների բարձրաքանդակներն ունեն մարդկանց պատկերներ, վարդյակներ, թռչուններ, հրեշտակներ և այլն։ Սուրբ Աստվածածինը գլխավորն է համալիրի տարածքում։ Այն գմբեթավոր դահլիճ տիպի է, կառուցվել է 10-11-րդ դարերում։ Ճակատներն ունեն հայկական խորշեր, թմբուկը՝ դեկորատիվ խորաններ։ Ավելի ուշ կառուցվել է սեղանատունը։
12-րդ դարի վերջից, երբ Զաքարյանները միավորում են պատմական Հայաստանի հյուսիսային ու արևելյան գավառների մեծ մասը, այնտեղ ընթանում են խաղաղ շինարարական աշխատանքներ։ Երկիրը բաժանվում է մի քանի նոր իշխանությունների. Արագածոտնում և Նիգ գավառում (Կոտայքի հյուսիս) հիմնվում է Վաչուտյանների, Շիրակում՝ Պահլավունիների, Լոռում՝ Համազասպյան-Մամիկոնյանների, Տավուշում՝ Արծրունիների, Գարդմանում՝ Կյուրիկյանների, Վայոց ձորում՝ Պռոշյանների, Սյունիքում՝ Օրբելյանների, Արցախում՝ Հասան-Ջալալյանների և Դոփյանների իշխանական տները[8]։
Վաչուտյան իշխանները կառուցապատում են Ծաղկաձորի Կեչառիսը, հիմնադրում Եղիպատրուշ, Չորուտ, Մաքրավանք, Մուղնու, Ուշիի եկեղեցիները, կառուցապատում նախկին դարաշրջանում գոյություն ունեցող Հովհաննավանքը՝ իր գրչության կենտրոնով, Սաղմոսավանքը, Տեղերի վանքը, ամրացնում Բջնին ու Ամբերդը։ Պահլավունիների օրոք Շիրակում ծաղկում է ապրում նոր կառույցներով հարստացած Մարմաշենը, կառուցում Կարմիրվանքը, Հոգեվանքը, Զաքարե ամիրսպասալարի հրահանգով կառուցապատում Հառիճի վանքը։ Լոռում կառուցվում են Ախթալայի, Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր, Սուրբ Հովհաննես, Խորակերտի, Խուճապի, Քառասնից Մանկանց եկեղեցիները, իսկ Տավուշում՝ Մաթոսավանքը, Մակարավանքը, Կապտավանքը, Նավուրի սուրբ Նշան, Կիրանցի Առաքելոց, Դեղձուտի, Խաչբազարի, Խնձորուտի, Խորանաշատ, Սրվեղի եկեղեցիները։
Որոշակի շինարարական աշխատանքներ ընթանում են նաև Վասպուրականի ու Տուրուբերանի ազատագրված հատվածներում կամ այնտեղ, որտեղ հայկական իշխանություններն ազդեցիկ էին։ Այդ ժամանակաշրջանի պահպանված ամրություններից են Խոշաբ բերդաքաղաքը Վասպուրականի տարածքում, ինչպես նաև՝ Կոշի կամ Աղջկա բերդը Արագածոտնում, Խոխանաբերդը՝ Արցախում և այլն։ Վանական համալիրներում գործել են գրչության կենտրոններ։
Պռոշյան իշխանները հայտնի էին ամրոցաշինությամբ։ Նրանք Վայոց ձորի տարածքում կառուցում են ևս մեկ ամրոց՝ Պռոշաբերդը։ Դա իշխանանիստ ամրոց էր, որը գտնվում էր լեռնագագաթին և զբաղեցնում էր 1-1,5 հա տարածություն։ Այստեղ կառուցվել է բազալտե ամուր պարիսպ, և ջրմուղ՝ խողովակաշարով։ Բերդի զինանոցները, զորանոցներն ու իշխանական պալատը ավերվել են՝ թաղվել հողի շերտի տակ։ Կանգուն են միայն պարիսպները և մատուռը։ Դրանից ոչ հեռու Սպիտակավոր սուրբ Աստվածածին վանքն է։
Վայոց ձորում Պռոշյանները կազմակերպում են նաև եկեղեցիների շինարարություն. կառուցվում են Գլաձորի Աղբերց, Գառնիի Աղջոց, Նախիջևանի Անուշավան, Արատեսի սուրբ Աստվածածին, Քյոլքի սուրբ Գրիգոր, Նորսի սուրբ Երրորդություն, Եղեգիսի Զորաց և սուրբ Նշան, Լանջառի Հովհաննես Կարապետ, Լիանոսի սուրբ Գյուտ, Սալլի Սուրբ Մամաս և այլ եկեղեցիներ ու վանքեր, նոր կառույցներով հարստացնում Խոսրովի անտառներում հիմնված Հավուց Թառի վանքը, որտեղ գործում էր գրչության կենտրոն։
Պռոշյան իշխանների կառուցած ճարտարապետական կոթողների մեջ գլուխգործոց է համարվում Գեղարդի վանքը։ Դրա վաղ քրիստոնեական վանքից ոչ հեռու 1215 թվականին կառուցվում է համալիրի գլխավոր՝ Կաթողիկե եկեղեցին։ Հարավային պատի վրա կա բարձրաքանդակ, որը պատկերում է առյուծի հարձակումը ցլի վրա, արևային ժամացույց և հազարան բլբուլի պատկերներ։ Հետագա տասը տարիների ընթացքում արևմտյան կողմին կից կառուցվում է կենտրոնակազմ, քառասյուն գմբեթավոր գավիթ։ Ժայռը, որը հյուսիսային պատ է ծառայում վանական համալիրի համար, հարուստ է ներքին քանդակներով և ունի խցեր։ Դրանցից մեկը հայտնի է որպես «ավազան». այդտեղ բխում է սառնորակ աղբյուր։ Ավազանի պատերը զարդարված են քանդակներով ու խաչերով։ 1283 թվականին փորվել է ժայռակոփ երկրորդ եկեղեցին և նրա գավիթը՝ Պռոշյանների տոհմական դամբարանը։ Ժամատնից դեպի արևելք գտնվում է Աստվածածին եկեղեցին, իսկ դրանից վեր՝ Պռոշ իշխանի որդի Պապաքի և նրա կին Ռուզուքանի ժամատուն-դամբարանը[2]։
Ուշ շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաչենի իշխանական տոհմը, որը ծագում էր Առանշահիկներից, Հասան-Ջալալ Դոլայի գլխավորությամբ կարողանում է ազատագրել ոչ միայն սեփական տիրույթները, այլև հարևան գավառները։ Նոր իշխանական տունը, որը հայտնի էր որպես Հասան-Ջալալյաններ, շինարարական աշխատանքներ է կազմակերպում Արցախում։ Ամրացվում են գոյություն ունեցող բերդերը, կառուցապատվում նախկինում հիմնված եկեղեցիները։ Այդ ժամանակ կառուցվում են նաև մի քանի նոր եկեղեցիներ ու վանքեր՝ Հոռեկա վանքը, Կարմիրավանը, Հավապտուկը։ Նոր շինություններով հագեցած Դադիվանքը և Գտչավանքը դառնում են ոչ միայն կրոնական, այլև կրթական կենտրոններ։ Եկեղեցիներ են հիմնվում նաև բերդերի ներսում, որոնցից հայտնի է Հանդաբերդի վանքը։
Արցախի ճարտարապետության գլուխգործոցը Գանձասարն է։ Այն առաջնորդարան էր և Խաչենի իշխանների տոհմական տապանատունը։ Գանձասարն ունեցել է հարուստ ձեռագրատուն և դպրանոց։ Դրա հիմնական՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին կառուցվել է 1216-1238 թվականներին Հասան-Ջալալ իշխանի կողմից։ Այն օծվել է 1240 թվականին։ 1261 թվականին իշխանի մահից հետո կինը որոշում է կառուցել Գանձասարի գավիթը և այնտեղ ամփոփել ամուսնու աճյունը։ Գավիթն ունի խաչվող կամարներ՝ հատակագծի հորինվածքով նմանվելով Հաղպատի վանքի ժամատանը և Մշկավանքի գավթին[53]։
14-րդ դարում Արցախում շինարարական աշխատանքները թուլանում են՝ կապված մոնղոլական արշավանքների հետ։ Այդ դարաշրջանից հայտնի է Ծարի սուրբ Աստվածածին եկեղեցին, Խուդաֆերինի կամուրջները և այլն։
Արարատյան դաշտում կառուցապատման գործը շարունակվում է որպես միջնադարյան քաղաք դարձած ժամանակակից մայրաքաղաք Երևանում (Կաթողիկե սուրբ Աստվածածին եկեղեցի, Անանիա առաքյալի մատուռ՝ իր դպրոցով), Աշտարակում (սուրբ Մարիանե եկեղեցի), Եղվարդում (սուրբ Աստվածածին եկեղեցի), Կարբիում (սուրբ Աստվածածին եկեղեցի) և այլուր։ Հայաշատ Թբիլիսիում ևս կառուցվում են եկեղեցիներ՝ սուրբ Գևորգ (13-րդ դար), սուրբ Գեղարդ (13-րդ դար), Պաշավանք (14-րդ դար)։
Զաքարյան իշխանապետության կենտրոնը նախկին Բագրատունյաց մայրաքաղաք Անին էր։ Այստեղ սելջուկները հիմնել էին ամիրայություն և քաղաքում կառուցել մի քանի իսլամական հուշարձաններ, որոնցից հայտնի է Մանուչեի մզկիթը։ Զաքարյանների օրոք Անիում կառուցվում են Կուսանաց և սուրբ Գրիգոր վանքերը՝ Ախուրյանի ափին, Տիգրան Հոնենց եկեղեցին, իսկ մայրաքաղաքից հարավ՝ նշանավոր կրթամշակութային կետնրոն Խծկոնք վանական համալիրը, որը բաղկացած էր հինգ եկեղեցիներից։ Անիում շարունակում էր իր գործունեությունը տեղի վարդապետարանը[26]։
Զարգացած միջնադարի հայկական դպրոցի առավել խոշոր կենտրոններն էին Գլաձորի և Տաթևի համալսարանները, որոնք բացվել էին Օրբելյան իշխանների հովանավորությամբ[8]։ Նրանք են կառուցել նաև Նորավանքի համալիրը Արենիին հարող տարածքում, իսկ բուն Արենի գյուղում՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Այսօր լավագույնս պահպանված իջևանատունը գտնվում է Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի սահմանագլխին՝ Վարդենյաց լեռնանցքում, և հայտնի է որպես «Օրբելյանների իջևանատուն»։ Դրա գլխավոր դահլիճի հատակագիծը 13x26մ ուղղանկյունաձև սենյակ է։ Այն յոթ զույգ մույթերով բաժանվում է մեկ միջին և երկու կողային սրահերի և լուսավորվում է երեք երդիկների միջոցով։ Վերջում կան 2 սենյակներ՝ հյուրերի համար։ Իջևանատունը զբաղեցնում է 298 քառ.մ տարածք։ Շքամուտքի երկու կողմից տեղադրված են կենդանիների պատկերներ՝ ցուլ և մարդու դեմքով առյուծ՝ թագը գլխին, որի վրա օձ է հարձակվում[2]։
Հայկական ճարտարապետությունը զարգացած միջնադարում դուրս է գալիս պատմական բնօրրանի սահմաններից և անցնում հայաշատ կենտրոններ։ Այդ տեսանկյունից նորություն էին սուրբ Խաչ և սուրբ Գեորգի եկեղեցիների կառուցումը Ղրիմում, հայկական վանքի կառուցումը Լվովում և այլն[Ն 3]։
Հայկական ճարտարապետության զարգացմանը զուգահեռ նոր բարգավաճում է ապրել քանդակագործությունը։ 9-րդ դարի վերջին սկզբնավորվում է հայ քանդակագործության մեջ նոր գլուխգործոցը՝ խաչքարերի արվեստը։ 11-12-րդ դարերում հիմնականում ավարտվում է խաչքարային հորինվածքի և ոճական առանձնահատկությունների զարգացումը։ Քանդակագործության զարգացումը առավել խոր արմատներ է ձգում ուշ միջնադարում (15-17-րդ դարեր) և նոր շրջանում (18-20-րդ դարեր). դա կապված էր ճարտարապետության անկման հետ։ Բանն այն է, որ այդ ժամանակաշրջանում Հայկական լեռնաշխարհում ու դրան հարող տարածքներում չէին մնացել իշխանություններ ու թագավորություններ, կործանվել էր հայկական պետականությունը։ Դրա արդյունքում կանգ էր առել շինարարական ու կառուցողական աշխատանքը, ուստի քանդակագործները ու ճարտարապետները առավել կատարելագործում են խաչքարը։
Խաչքարն ավանդաբար այն բաժանվում է երեք մասի. ներքևի մասում զարդանախշված գնդաձև կամ կամարաձև հատվածն է, որը խորհրդանշում է մեղսագործ աշխարհը։ Կենտրոնում գտնվում է քրիստոնեության խորհրդանիշ խաչը, որը ներկայացնում է ինչպես Հիսուս Քրիստոսին, այնպես էլ ճանապարհ՝ դեպի երրորդ հատվածը՝ երկնային արքայությունը։ Այն խաչքարերը, որոնց կենտրոնական հատվածում՝ խաչի վրա, փորագրված է եղել Քրիստոսի կերպարանքը, հայտնի են որպես «ամենափրկիչ»։ Երեք հիմնական հատվածների շուրջ կարելի է նկատել տարատեսակ զարդանախշեր, որոնք ոչ մի այլ խաչքարի մոտ չեն կրկնվում։ Խաչքարերը լինում են ուղղանկյուն կամ կամարաձև լայն գագաթով (միակտուր), աստիճանաձև կամ միասալ հիմքով, շինությունների ու կառույցների մեջ դրվող (որմնափակ), տարբեր քարերից պատրաստված (քիվավոր), խմբական, շրջանաձև[54]։
Խաչքարը տեղադրվում էր վանական ու եկեղեցական համալիրների շուրջ, դրանց ներսում, երբեմն խաչքարերով էին զարդարում հոգևոր շինության պատերը։ Դրանք կարող էին տեղադրվել նաև կարևոր ճանապարհների վրա կամ քաղաքների ու բերդերի դարպասների մոտ՝ ծառայելով որպես ուղենիշ։ Խաչքարը կանգնեցվում էր տապանաքարերի փոխարեն, դրանց վերևում, ինչպես նաև՝ տարատեսակ հուշարձանների կողքին. միակ դեպքը, երբ խաչքար չէր տեղադրվում՝ երեխայի ծննդյան ժամանակ էր։
Ժամանակակից Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվվում է ավելի քան 50 000 պահպանված խաչքար։ Առավելապես հայտնի է Նորատուսի գերեզմանատունը՝ որպես առավելապես խոշոր դամբարանադաշտ. այստեղ գտնվում են մեծաքանակ խաչքարեր, հանդիպում են խաչքարերի վերոնշյալ գրեթե բոլոր տեսակները։ Նախքան այդ խաչքարերի ամենաբազմաքանակ տարածքը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում գտնվող Հին Ջուղայի խաչքարերն էին, որը 1998-2006 թվականներին հիմնովին ավերվել են ադրբեջանցիների կողմից[55]։ Չնայած նրան, որ իսլամադավան ադրբեջանցիները խաչքարը համարում էին իրենց սեփական մշակութային ժառանգությունը[56], ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2010 թվականին ճանաչել է խաչքարը՝ որպես հայկական մշակութային ժառանգություն[57]։
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Համահայկական պետությունը ոչ մեծ ընդմիջումներով գոյատևել է ավելի քան մեկ հազարամյակ։ Այն ղեկավարել են հայկական երեք արքայատոհմեր՝
- Երվանդունիներ, որոնց թագավորությունը տևել է մ.թ.ա. 570-201 թվականները։ Ընթացքում այն ընկել է Աքեմենյան պետության լծի տակ, կիսվել նախ՝ հյուսիսային ու հարավային հատվածների, ապա՝ Ալեքսանդր Մակեդոնացու արևելյան արշավանքից հետո անկախացել և ներկայացել 4 պետության տեսքով՝ Մեծ Հայք, Փոքր Հայք, Ծոփք, Կոմմագենե։
- Արտաշեսյաններ, որոնց թագավորությունը տևել է մ.թ.ա. 189-1 թվականները։ Ընթացքում ձևավորվել է հայկական առաջին կայսրությունը՝ Տիգրան Բ Մեծի օրոք։
- Արշակունիներ, որոնց թագավորությունը տևել է 52-428 թվականները։ Ընթացքում այն 387 թվականին առաջին անգամ բաժանվել է Հռոմեական կայսրության ու Սասանյան Պարսկաստանի միջև, ապա՝ վերացել։ Այս ժամանակ Հայաստանում հաստատվել են ավատատիրական կարգեր, ընդունվել է քրիստոնեությունը, ստեղծվել է հայերենի այբուբենը։
- ↑ Խաչենի (Արցախ նահանգի) տարածքում հայկական իշխանությունը ձևավորվել է 9-րդ դարում, իսկ 11-րդ դարի սկզբին՝ Գագիկ Ա թագավորի օրոք (990-1020) այն կցվել է Բագրատունիների տոհմական կալվածքին։ Հետագայում Խաչենը հիշատակվում է որպես Զաքարյան իշխանապետության մաս, իսկ վերջինիս կործանումից հետո՝ կիսանկախ միավոր։ Այդ կարգավիճակը Խաչենում պահպանվում է մինչև ուշ միջնադար՝ Խամսայի մելիքությունների միության ստեղծումը (18-րդ դար)։ Նոր շրջանում Խաչենի իշխանությունը դառնում է Ղարաբաղի խանության մասը, և վերացվում վերջինիս հետ միասին՝ 19-րդ դարի սկզբին, երբ Գյուլիստանի (1813) ու Թուրքմենչայի (1828) պայմանագրերով Արևելյան Հայաստանը Ռուսական կայսրության մաս է դառնում
- ↑ Անիի Բագրատունյաց թագավորության անկումից հետո (1045) հայերի ոչ մեծ խմբեր սկսում են արտագաղթել պատմական հայրենիքից դուրս։ Այդ երևույթը ավելի մեծ թափ է ստանում Զաքարյան իշխանապետության վերացումից հետո՝ սկսած 14-15-րդ դարերից։ Եվրոպայի ու Ասիայի տարածքում ձևավորվում են ոչ մեծ հայկական գաղթավայրեր, որոնցից առավելապես հայտնի էին Ղրիմի, Լեհաստանի և Ուկրաինայի, Ռումինիայի ու Բուլղարիայի, Սիրիայի ու Իրանի հայկական գաղթավայրերը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայկական ճարտարապետությունը զարգացած միջնադարում (885-1399 թթ.) // Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն. Արխիվացված է 24 հունիսի, 2016 սկզբնաղբյուրից:
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Հ. Գ. Ժամկոչյան և ուրիշներ, Հայկական մշակույթը 10-14-րդ դարերում, Հայ ժողովրդի պատմություն, Երևան, «ԵՊՀ հրատարակչություն», 1975, էջ 572-580 — 783 էջ։
- ↑ Всемирная история. Энциклопедия. Т. 3. Глава XXXIII. 2. / Ред. Е. М. Жуков, Н. А. Сидорова и др. — М.։ Государственное издательство политической литературы, 1957.։ Բնօրինակ տեքստ (ռուս.)
В царствование Тамары (1184—1213) были освобождены города Ани, Карс, Двин и весь север Армении, после чего там образовались вассальные владения армянских князей Захаридов, получивших название по имени одного из них, Захарии, выдающегося полководца, который находился на службе у грузинского царя и занимал высокий пост главнокомандующего Грузинского царства.
- ↑ Cyril Toumanoff Armenia and Georgia // The Cambridge Medieval History. — Cambridge — Т. IV։ The Byzantine Empire, part I chapter XIV.։Բնօրինակ տեքստ (անգլ.)
Later, in the twelfth and thirteenth centuries, the Armenian house of the Zachariads (Mkhargrdzeli) ruled in northern Armenia at Ani, Lor’i, Kars, and Dvin under the Georgian aegis.
- ↑ Լևոն Տեր-Պետրոսյան, Ներածություն, Խաչակիրները և հայերը, հ. Ա, Երևան, 2005 — 552 էջ։
- ↑ , The Grove Encyclopedia of Medieval Art and Architecture, հ. 2, Երևան, «Oxford University Press», 2012, էջ — 222 էջ։Բնօրինակ տեքստ (անգլ.)
Khatck'ar' [Armen.։'cross-stone'] Typical Armenian stone monument, comprising an upright slab (h. c. 1—3 m) carved with a cross design, usually set on a plinth or rectangular base.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 Վ. Պարսամյան, Հայկական կուլտուրան IX-XIV դարերում, Հայ ժողովրդի պատմություն, Երևան, «Հայպետուսմանկ», 1963, էջ 175-177 — 484 էջ։
- ↑ 8,0 8,1 8,2 Հ. Ռ. Սիմոնյան, Մշակույթը զարգացած ավատատիրության ժամանակաշրջանում, Հայ ժողովրդի պատմության հիմնահարցեր, Երևան, «Զանգակ-97», 2000, էջ 287-296 — 490 էջ։
- ↑ Igor Dorfmann-Lazarev, Arméniens et byzantins à l'époque de Photius։ deux débats théologiques après le triomphe de l'orthodoxie (Corpus Scriptorum Christianorum Orientalium), «Peeters Publishers», 2004, էջ 72-73 — 117 էջ։
- ↑ Կատրանիդե թագուհու խաչքարը // ՀՀ Մշակույթի նախարարություն. Արխիվացված է 21 դեկտեմբերի, 2016 սկզբնաղբյուրից:
- ↑ Ս. Գ. Կարապետյան, Հյուսիսային Արցախ (ՀՀ ԳԱԱ), Երևան, «Գիտություն», 2004 — 583 էջ։
- ↑ Ս. Գ. Կարապետյան, Armenian Cultural Monuments in the Region of Karabakh (ՀՀ ԳԱԱ), Երևան, «Գիտություն», 2001 — 229 էջ։
- ↑ В старинном монастыре Нагорного Карабаха обнаружены мощи одного из учеников Иисуса Христа // regnum.ru.
- ↑ Cyril Toumanoff. Armenia and Georgia // The Cambridge Medieval History. - Cambridge, 1966. - Т. IV։ The Byzantine Empire, part I chapter XIV. - С. 593-637
- ↑ Ստեփան Մելիք-Բախշյան, Հայոց պաշտամունքային վայրեր, Երևան, «ԵՊՀ հրատարակչություն», 2009 — 255, էջեր 255 — 432 + 10 էջ ներդիր էջ. — 500 հատ։
- ↑ Արարատ Աղասյան; Հրավարդ Հակոբյան; Մուրադ Հասրաթյան; Վիգեն Ղազարյան (2009). Հայ արվեստի պատմություն. Երևան: «Զանգակ-97» հրատարակչություն. էջեր 90, 91. ISBN 978-99941-1-442-9.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Patrick Donabédian et Jean-Michel Thierry, Les arts arméniens, Éditions Mazenod, Paris, 1987 (ISBN 2-85088-017-5), p. 177.
- ↑ Տափի բերդ // ՀՀ Մշակույթի նախարարություն. Արխիվացված է 5 մարտի, 2016 սկզբնաղբյուրից:
- ↑ بررسی-کامل-کلیسای-سن-استپانوس // naghsh-negar.ir. Արխիվացված է 16 հուլիսի, 2015 սկզբնաղբյուրից:
- ↑ Թ.Խ. Հակոբյան (1987). Պատմական Հայաստանի քաղաքները. Երևան: «Հայաստան». էջ 24-25.
- ↑ Hewsen, Robert H. (2000), «Van in This World; Paradise in the Next։ The Historical Geography of Van/Vaspurakan», in Հովհաննիսյան, Ռիչարդ (ed.), Հայկական Վան/Վասպուրական , Պատմական Հայաստանի նահանգներ և քաղաքներ , Կոստա Մեսա, Կալիֆորնիա: Mazda Publishers , էջ 27, OCLC 44774992
{{citation}}
: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ Օշկվանքի նորոգման գործը հանձնված է Վրաստանին. Արխիվացված է 6 մարտի, 2016 սկզբնաղբյուրից:
- ↑ Հովհաննիսյան, Ա. «Հայկական Մուշ. երեկ և այսօր» (PDF). ՀՀ ԳԱ Արևելագիտության ինստիտուտ. Արխիվացված է օրիգինալից (PDF) 23 սեպտեմբերի, 2014-ին.Բնօրինակ տեքստ (հայ.)
Մշո Առաքելոց և Սբ. Կարապետ վանքերը միակ հնություններն են, որոնք հիշատակվում ենզբոսաշրջիկների ուղեցույցներում, այն էլ թրքացված ձևով (Arak venki և Çanlı kilise, այսինքն` զանգակատնով եկեղեցի), առանց նշելու նրանց հայկական ծագումը։ Նույն ուղեցույցների Մուշի պատմությանը նվիրված ակնարկներում հայերի մասին հիշատակում չկա
{{cite web}}
: Italic or bold markup not allowed in:|publisher=
(օգնություն); line feed character in|publisher=
at position 108 (օգնություն) - ↑ Horomos monastery. Արխիվացված է 21 դեկտեմբերի, 2016 սկզբնաղբյուրից:
- ↑ Կարեն Մաթևոսյան Բագնայրի վանքի հազարամյակը. — Էջմիածին Արխիվացված է 21 դեկտեմբերի, 2016 սկզբնաղբյուրից:
- ↑ 26,0 26,1 26,2 26,3 Մուրադ Հասրաթյան Անիի ճարտարապետությունը // Անին մայրաքաղաք հռչակելու 1050-ամյակի առթիվ. Արխիվացված է 30 հունվարի, 2016 սկզբնաղբյուրից:
- ↑ Степаненко В. П. Из истории армяно-византийских отношений второй половины X—XI в. (к атрибуции монет Кюрикэ куропалата) // Античная древность и средние века. — 1978. — В. 15. — С. 43-51.
- ↑ «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոց // ՀՀ Մշակույթի նախարարություն. Արխիվացված է 3 մարտի, 2016 սկզբնաղբյուրից:
- ↑ Вардан Великий. Часть 3 // Всеобщая история Вардана Великого.. — М., 1861. — С. 132-133.
- ↑ Ղաֆադարյան Կ. Սանահինի վանք // Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան. Արխիվացված է 21 փետրվարի, 2016 սկզբնաղբյուրից:։
- ↑ Հաղպատ. Արխիվացված է 16 մարտի, 2016 սկզբնաղբյուրից:
- ↑ Սանահինի վանք // Հայկական հանրագիտարան. Արխիվացված է 4 մարտի 2016 սկզբնաղբյուրից:
- ↑ Կիրակոս Գանձակեցի, Պատմութիւն Հայոց, գլուխ 22, [1]։Բնօրինակ տեքստ (հայ.)
մեռեալ էր Իւանէ, տարան թաղեցին զնա ի Պղնձահանքն, զոր իւր շինեալ էր վասն վրաց, առեալ ի հայոց։ Եւ զիշխանութիւն նորա վարէր որդի նորա։ Եւ ոչ էին կարող զդէմ ունել անհնարին բքոյն եկելոյ, վասն այսորիկ անձնապահ եղեն ամենեքեան՝ գայթակղեալք յամրոցս, ուր եւ կարացին։
- ↑ Վ.Հարությունյան, Միջնադարյան Հայաստանի քարավանատներն ու կամուրջները, Երևան 1960
- ↑ Ս. Վ. Հարությունյան, Անբերդ, Երևան, «Հայկական ՍՍՀ ԳԱ», 1978 — 109 էջ։
- ↑ Սերգեյ Հարությունյան Վահրամաբերդ-Մարմաշեն-Տիրաշենի պատմությունից. — Երևան — Էջ 110-120. Արխիվացված է 28 դեկտեմբերի, 2016 սկզբնաղբյուրից:
- ↑ Ստեփան Մելիք-Բախշյան, Հայոց պաշտամունքային վայրեր, Երևան, «ԵՊՀ հրատարակչություն», 2009 — 91, էջեր 91 — 432 + 10 էջ ներդիր էջ. — 500 հատ։
- ↑ В. П. Степаненко Из истории международных отношений на Ближнем Востоке XII в. Княжество Васила Гоха и Византия. — Свердловск — Էջ 34-44. Արխիվացված է 5 մարտի, 2016 սկզբնաղբյուրից:
- ↑ Dédéyan, Gérard, The Founding and the Coalescence of the Rubenian Principality, 1073-1129, UCLA Armenian History and Culture Series 8, Los Angeles, «Mazda Publishers», 2008, էջ 79-83 — 783 էջ, ISBN 1-56859-154-3.։
- ↑ Edwards, Robert W. (1987). The Fortifications of Armenian Cilicia։ Dumbarton Oaks Studies XXIII. Washington, D.C.: Dumbarton Oaks, Trustees for Harvard University. էջեր 233–237, 285, pls.211a-221a. ISBN 0-88402-163-7.
- ↑ Angus Stewart (2006), 'Hromgla', in Alan V. Murray (ed.), "The Crusades։ An Encyclopaedia", II, p. 607. ABC-CLIO, Inc., ISBN 1-57607-862-0.
- ↑ المقريزي، 2/233: السلوك لمعرفة دول الملوك، دار الكتب، القاهرة 1996
- ↑ Կաթողիկոսական Աթոռի վերահաստատումը սուրբ Էջմիածնում 1441 թվական(չաշխատող հղում)
- ↑ Ստեփան Մելիք-Բախշյան, Հայոց պաշտամունքային վայրեր, Երևան, «ԵՊՀ հրատարակչություն», 2009 — 3, էջեր 3 — 432 + 10 էջ ներդիր էջ. — 500 հատ։
- ↑ Sirarpie Der Nersessian, The Thirteenth Century։ The Scriptorium of Grner and Related Manuscripts, Miniature Painting in the Armenian Kingdom of Cilicia from the Twelfth to Fourteenth Century, Washington D.C., 1993, ISBN 0-88402-202-1։
- ↑ Hansgerd Hellenkemper: Burgen der Kreuzritterzeit in der Grafschaft Edessa und im Königreich Kleinarmenien. Studien zur historischen Siedlungsgeographie Südost-Kleinasiens (Geographica historica. Band 1). Habelt, Bonn 1976, ISBN 3-7749-1205-X, S. 242.
- ↑ Ստեփան Մելիք-Բախշյան, Հայոց պաշտամունքային վայրեր, Երևան, «ԵՊՀ հրատարակչություն», 2009 — 116, էջեր 116 — 432 + 10 էջ ներդիր էջ. — 500 հատ։
- ↑ Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան, Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1982 — 582, էջեր 582։
- ↑ Vahan M. Kurkjian (2005 թ․ ապրիլի 5). «A History of Armenia». Website. Bill Thayer. Վերցված է 2009 թ․ հուլիսի 18-ին. արխիվ Արխիվացված 2014-04-08 Wayback Machine
- ↑ ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ. «Սսի մատենադարան». Website.(չաշխատող հղում)
- ↑ ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ. «Սսի կաթողիկոսարան». Website. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 7-ին.
- ↑ , История Востока. В 6 т., հ. 2. Восток в средние века. («Восточная литература»), Москва, 2002 — էջ, ISBN 5-02-017711-3։Բնօրինակ տեքստ (ռուս.)
В описаниях современников сельджукское нашествие предстаёт как бедствие для стран Закавказья. Сельджуки быстрее всего утвердились в южных армянских землях, откуда армянское население вынуждено было эмигрировать в пределы Византии. Так возникло Киликийское Армянское царство, просуществовавшее до конца XIV в. На Армянском нагорье начался многовековой процесс оттеснения армянского и курдского населения пришлым тюркским. То же самое имело место и в пределах Закавказья
- ↑ Robert W. Thomson. The Lawcode (Datastanagirk') of Mxit'ar Goš. — Rodopi, 2000. — С. 14.Բնօրինակ տեքստ (անգլ.)
Armenian church administration continued under foreign domination. But when there was no longer a local lord to legislate along traditional Armenian lines and define customs which had been passed down orally, then Armenians had to look elsewhere for the administration of justice. Two rather different solutions were attempted at opposite ends of the country in the late twelfth century.
In the north-east, following the Seljuq invasions of the 11th century, a number of tribes of Turkish origin, mostly nomadic, had moved into Armenia. Their holdings were fragmentary and scattered, but many Armenian lords lost control of their hereditary lands. In the second half of the century the Georgians extended their control over central northern Armenia, but further east the emirs of Ganjak ruled over a significant Armenian population. Muslim emirs permitted Christians to conduct their own affairs according th their own legal system. But in the absence of a legal code, disputes had to be adjudicated in Muslim courts. It was precisely to prevent this practice, which some Armenians abused to personal advantage, that Mxit'ar undertook the task of compiling a Lawcode based on Armenian practice. His work, in many later adaptations, formed the basis for Armenian legal tradition both in Armenia itself and in the diaspora. - ↑ Բաբկեն Առաքելյան, Հայաստանի միջնադարյան կոթողային հուշարձանները։ IX-XIII դարերի խաչքարերը։, Երևան, «Հայկական ԽՍՀ ԳԱԱ, Հնագիտության և ազգագրության ինստիտուտ», 1984 — 76 էջ։
- ↑ В Нахичевани продолжается культурный геноцид армянских памятников // regnum.ru. — Բաքու
- ↑ В.А. Шнирельман Албанский миф // Войны памяти. Мифы, идентичность и политика в Закавказье. — Москва
- ↑ Armenian cross-stones art. Symbolism and craftsmanship of Khachkars // unesco.org. Արխիվացված է 18 փետրվարի, 2016 սկզբնաղբյուրից:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |