Իսոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իսոս , քաղաք Կիլիկիայում, որի մոտ մ.թ.ա. 333 թ.-ին տեղի է ունեցել ճակատամարտ պարսից արքա Դարեհ III Կոդոմանոսի և Ալեքսանդր Մակեդոնացու զորքերի միջև։ Պարսկական բանակում հաշվվել է 120—130 հզ մարդ, հունա-մակեդոնականում՝ 30—40 հզ։ Մակեդոնական փաղանգի հմուտ գործողությունները, սրընթաց հարձակումը և ծանր հեծելազորի թևային հարվածը որոշել են ճակատամարտի ելքը՝ հօգուտ Ալեքսանդր Մակեդոնացու։ Իսոսի ճակատամարտի հետևանքով Ալեքսանդր Մակեդոնացին նվաճել է Աքեմենյանների պետության արևմտյան երկրամասերը և տիրապետություն ձեռք բերել Եգեյան ծովում։

Գրանիկոս գետի ճակատամարտից հետո Ալեքսանդրը, պաշարելով Անատոլիայի մերձափնյա քաղաքները, հատեց Թավրոսի լեռնաշղթան, անցավ Կիլիկյան Դարպասի նեղ նրբանցքով ու մուտք գործեց Կիլիկիա։ Դարեհը, գլխավորելով իր բազմահազարանոց զորքը, Բաբելոնից դուրս եկավ Ալեքսանդրին ընդառաջ։ Հակառակորդները որոշ ժամանակ իրար շուրջ տեղաշարժումներ էին կատարում, մեկը մյուսից անտեղյակ լինելով։ Վերջապես, Ալեքսանդրին տեղեկացրին, որ Դարեհի զորքը տեղակայվել է իր թիկունքում, Միջերկրական ծովի հյուսիսարևելյան անկյունում գտնվող Իսոս ծոցի ափին։ Երկու կողմերը պարտադրված էին անհապաղորեն մտնելու բախման մեջ։ Պարսկական բանակը իր զբաղեցրած թիկունքային դիրքով վտանգում էր մակեդոնացիների հաղորդակցության շղթաները։ Ինչ վերաբերվում է պարսիկներին, ապա նրանց հսկայական զորքի համար երկարատև անգործությունը ծայրահեղ անցանկալի էր։

Բանակները ճամբարվեցին Պինարուս գետի հովտում. պարսիկները՝ գետի հյուսիսային ափին, հունա-մակեդոնական զորքը՝ հարավային։ Այս ճակատամարտում մասնակցող ուժերի քանակը անհայտ է. ենթադրաբար, Դարեհի զորքը գերազանցում էր Ալեքսանդրի զորքը մոտ 6 անգամ։ Իսոսի դաշտվայրը խցկված է Միջերկրական ծովի ու լեռների միջև և ամենալայն մասում կազմում է ընդամենը 2.5 կիլոմետր։ Այդպիսի տեղանքը առավել բարենպաստ էր քչաքանակ ու արագաշարժ հունա-մակեդոնական զորքի համար։

Ալեքսանդրի զորքը Իսոսին մոտեցավ երկարատև արագընթաց երթից և անպատրաստ էր մարտական գործողությունների անհապաղ մեկնարկին։ Ալեքսանդրը տրամադրեց նրան հանգստանալու հնարավորություն, այնուհետև առաջնոդեց դեպի կռվի վայրը։ Մոտենալով թշնամուն, նա իր նժույգի վրա սլացավ շարքերի երկարությամբ, քաջալերելով ու մարտի տենչ հաղորդելով իր զինվորներին։

Պինարուս գետաբերանի հարթ տեղանքն ու ջրի ծանծաղությունը հատկապես հարմար էին հեծելազորի գործողությունների համար։ Դարեհը տեղադրեց իր զորքի հիմնական բռունցքը, ձիավորներին, դաշտավայրի հենց այդ մասում։ Նա մտադրված էր հուժկու թևային գրոհ արձակել թշնամու փոքրաթիվ հեծելազորի վրա, մտնել մակեդոնական թիկունքն ու շրջափակել ամբողջ զորքը։ Գուշակելով պարսիկների այդպիսի քայլերը, Ալեքսանդրը ուժեղացրեց իր ձախ թևը լրացուցիչ նժույգավորներով։ Ալեքսանդրը հանձնարարել էր ձախ թևի զորավարությունը Պարմենիոնին, իսկ ինքը, առաջնորդելով իր հեթայրներին, հետևակին ու սակավաթիվ մնացած թեթև հեծելազորին, դիրքավորվեց ճակատամարտի աջ թևում, բլուրների ստորոտում։

Դարեհը, իր շքախմբով շրջապատված, անշարժ կանգնած էր իր բանակի կենտորնում, ռազմակառքի մեջ։ Նրա շուրջը մոգերը աղոթում ու կրակապաշտական ծեսեր էին կատարում։ Զորքի հետևի մասում տեղավորվել էր արքայի հսկայական սայլաճամբարը, բնակեցվաց իր կանանցով, դստերներով, ոսկիներով ու պերճանքի առարկաներով։ Դարեհը այնքան էր վստահ իր հաղթանակում, որ կարգադրել էր Ալեքսանդրին կենդանի բռնել։ Իսկ Ալեքսանդրի հաղթանակի գրավականներն էին մարտի անվրեպ ղեկավարումը, ինքնատիպ մարտավարությունը, զինվորների բարձր մարտական ոգին ու վարժվածությունը։ Ալեքսանդրի մտադրությունն հետևյալն էր՝ մինչդեռ Պարմենիոնի թևը կզսպեր պարսիկ հեծելազորի ճնշումը, կազմակերպել հիմնական գրոհը աջ թևում, պատռել թշնամու գծերը ու նետվել գլխավոր թիրախի, Դարեհի, ուղղությամբ։ Այդպիսով, առճակատող կողմերը ընդունել էին նմանատիպ մարտավարություն։

Ալեքսանդրը փայլուն կերպով իրականացրեց իր մտահղացումը։ Հեթայրները աջ կողմից շրջանցեցին պարսից զորքի գիծը և մխրճվեցին նրանց հետևակազորի մեջ։ Այնուհետև Ալեքսանդրը կիսաշրջեց իր խումբը և սեպաձև բռունցքով հարվածեց թշնամու առջևի գիծը։ Այստեղից նա, հրելով ու հետ մղելով ափշած ու խառնաշփոթված պարսիկներին, սլացավ դեպի Դարեհի նստատեղը։ Սկսվեց կատաղի մարտ երկու կողմերի ընտրանի զորքերի միջև։ Շուտով պարզվեց, որ Ալեքսանդրի գրոհայինները չափից ավելի խորացան թշնամու շարքերը, ինչի հետևանքով մակեդոնացիների շարքը պատռվեց ու ճեղքվացքի մեջ ներխուժեցին փորձառու հույն վարձկանները։ Մակեդոնացիք, կորցնելով բազմաթիվ սպաներ, քայլ առ քայլ զիջում էին իրենց դիրքերը պարսիկների հուժկու հարվածների տակ։ Սակայն, Ալեքսանդրը իր առջևում տեսնում էր միայն մեկ թիրախ՝ անձամբ Դարեհին։ Անտեսելով Պարմենիոնի թևի ծայրաստիճան ծանր վիճակը, նա իր գվարդիականների հետ սրընթաց սլանում էր Դարեհի ռազմակառքի ուղղությամբ։ Պարսիկ թիկնապահները զանգվածներով զոհվում էին իրենց արքային պաշտպանելիս։ Դարեհը, դիտելով իր շուրջը տեղի ունեցող սպանդանոցը, իջավ իր ռազմակառքից, քայլափոխ անցավ դիակների կույտերերի վրայով, վեր ցատկեց իր նժույգի վրա, ու, մինչ ճակատամարտի ավարտը, փախուստի դիմեց։ Նրա հետևից վազեց իր զորքը, ցնծված միահամուռ աղաղակով ՛՛արքան փախչում է՛՛։ Մնացած պարսիկ զինվորները, լսելով այդ ճիչն ու տեսնելով, որ իրենց զորքը նահանջում է, իսկ նրա հետևից գլորվում է մակեդոնացիների ալիքը, շրջեցին իրենց նժույգները։ Գազազած մակեդոնացիք հետապնդում էին, և պարսիկները, մխրճելով իրենց իսկ հետևակին, խուճապահար նահանջեցին։ Բոլորի առջևում արշավակի սլանում էր Դարեհը, իսկ Ալեքսանդրը կատաղի հետապնդում էր նրան։

Շուտով իջավ գիշերը և Ալեքսանդրը հրաժարվեց իր մտադրությունից։ Նա հավաքեց Դարեհի թողաց զենքն ու հագուստը և վերադարձավ ճամբարը։ Այստեղ արդեն մակեդոնացիք տոնում էին իրենց հաղթանակը։ Դարեհի լքված սայլաճամբարում բացի գանձերից հայտնաբերվեցին նրա մայրը, կինն ու երկու դստերները։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսոս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 399