Դրազարկի վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search


Դրազարկի վանք, խոշոր վանքային համալիր Կիլիկյան Հայաստանի հյուսիսարևելյան կողմում, Սիս քաղաքի մոտ 36 կմ դեպի արևմուտք, Կիլիկյան Տավրոսի լեռների լանջին, անառիկ ու անմատչելի վայրում[1]։

Անվանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրազարկի վանքի անունը հավանաբար ծագել է հայերեն «դուռ» և «զարկ» (բախել, թակել) կամ «թուր» և «զարկել» բառերից։ Բացի այդ համալիրը հայտնի է բազմաթիվ անունների տակ, որոնք են՝ Աբբա, Աբբատի դի Տրեսարկո, Ապպա, Ապպե, Ավագ վանք, Դռվազ Արք, Դրազարկ, Եռակամար վնաք, Եռսաեղ վանք, Եռաղեղ-Եռակամար վանք, Երեք Կամարի աբբայություն, Թրազարկ, Փոսի վանք[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիլիկյան Հայաստան

Հայ գրչության և մշակույթի նշանավոր կենտրոնն էր։ Հիմնադրման ժամանակը հայտնի չէ, հավանաբար գոյություն է ունեցել 10-րդ դարից։ Առաջին անգամ վերանորոգվել է 11-12-րդ դարերում՝ Թորոս Ա Ռուբինյան իշխանի օրոք՝ Վասպուրականից հրավիրված Գևորգ Մեղրիկ վարդապետի ջանքերով։ Դրազարկը հանդիսացել է Ռուբինյան իշխանների և թագավորների դամբարան, դրա համար էլ դարձել էր նրան հոգածության առարկան[1]։

Վանքի եկեղեցու՝ Սուրբ Աստվածածնի ավերակները պահպանվել են մինչև այժմ։ Վանքի եռանդուն գործունեությունը ծավավել է 12-14-րդ դարերում։ Այստեղ գորում էր միջնադարյան տիպի բարձրագույն դպրոց, որտեղ ապրել ու ստեղծագործել են Գևորգ Մեղրիկ վարդապետը (1045-1114), Կիրակոս Գիտնականը, երաժիշտ Թորոս Փիլիսոփան (13-րդ դար), Բարսեղ Գիտնավորը, հայտնի առարկագիր Վարդան Այգեկցին, նշանավոր մանրանկարիչ Սարգիս Պիծակը, Առաքել Հնազանդենցը և ուրիշներ։ Որպես գիտության խոշոր կենտրոն՝ այստեղ սրբագրվել են հունարենից թարգմանված «Գործք Առաքելոց»-ը, լրացվել է ճաշոցը, թարգմանվել են վարքեր ու վկայաբանություններ։ Վանքի մատենադարանում պահվում էին Ավետարաններ, ճաշոցներ, Նարեկ, Շարակնոց, Տաղարան, երաժշտական ժողովածուներ և այլ ձեռագրեր։ Դրազարկի վանքից այժմ հայտնի են շուրջ 40 ձեռագիր մատյաններ, որոնց մեծ մասը գրված է մագաղաթի վրա։ Հնագույն ձեռագիտը 1113 թվականի է, վերջինը՝ 1371 թվականի։ Այդ ձեռագրերի մի մասը պահվում է Մատենադարանում[1]։

Դրազարկի գերեզմանատանն են թաղված Թորոս Ա, Թորոս Բ, Թորոս Գ, Ռուբեն Բ հայոց իշխանները, Հեթում Ա թագավորը, Զապել թագուհին, Գրիգոր Դ Տղա (1173-1193) Գրիգոր Ե Քարավեժ (1193-1194), Հովհաննես Զ Սսեցի (1203-1221), Կոստանդին Ա Բարձրբերդցի (1221-1267) կաթողիկոսները, մանրանկարիչ Սարգիս Պիծակը, Գևորգ Մեղրիկ վարդապետը և նշանավոր այլ աշխարհիկ ու եկեղեցական գործիչներ։ Վանքի ավերակները պահպանվել էին մինչև 1430-ականները[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Ստեփան Մելիք-Բախշյան, Հայոց պաշտամունքային վայրեր, Երևան, «ԵՊՀ հրատարակչություն», 2009 — 3, էջեր 3 — 432 + 10 էջ ներդիր էջ. — 500 հատ։