Սմբատաբերդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սմբատաբերդ
Նկարագրություն
Տեսակմշակութային արժեք և ամրոց
ՏեղագրությունՀայաստան Վայոց ձորի մարզ, Հայաստան
Հասցե750 մ հվ-աե[1]
Վարչական միավորԱրտաբույնք[1]
ԵրկիրՀայաստան
Կազմված է մասերիցԳերեզմանոց
ԿառուցվածԱմենայն հավանականության կառուցվել է 5-րդ դարում։
Քարտեզ
Քարտեզ
 Smbataberd Վիքիպահեստում

Սմբատաբերդ[2] (Ջաղաց Քարի բերդ), պաշտպանական համալիր Վայոց ձորի մարզի Արտաբույնք գյուղից արևելք։ Պահպանվել են պատմական տեղեկություններ 5-րդ դարում ամրոցի մոտ հայերի և պարսիկների միջև տեղի ունեցած արյունահեղ ճակատամարտի մասին։

Ունի բարձր ու լայն (2-3 մ) բրգավոր պարիսպներ (շարված բազալտի սեպաձև խոշոր քարերով և կրաշաղախով), պաշտպանված է Արտաբունի և Եղեգիսի խոր ձորերով։ Երեք մուտքերից հյուսիսայինը (գլխավորը) և արևելյանը սրբատաշ բազալտից կառուցված թաղածածկ սրահներ են, տանիքին պահակատներով և դիտանոցներով։ Ամրոցը պատով բաժանվում է երկու՝ հյուսիսային և հարավային մասի, որոնցում պահպանվել են միջնաբերդի, բնակելի շենքերի, ջրավազանների ավերակներ։ Ջուրը բերվել է Ցաղաց Քարի վանքի մոտի աղբյուրներից՝ ջրմուղով։

Ավանդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասում են, թե այս բերդը կառուցել է Սյունյաց Սմբատ իշխանը։ Դրա համար էլ տեղի բնակիչների կողմից ստացել է Սմբատի բերդ անունը[3][4][5][6]։

Քաջբերունին նշում է.

Այդ պարիսպն իր հոյակապ դարպասներով հիշեցնում է Անի քաղաքը։ Սմբատ II-ի կողմից կառուցված ամրությունների գիծը նույնպես քաղաքը պաշտպանել է հյուսիսային կողմից»։ Հայ նշանավոր հնագետ, պատմաբան, վիմագրագետ Սեդրակ Բարխուդարյանը Սմբատաբերդի մասին գրել է. «Եղեգիս ավանը, Սմբատաբերդը և Ցախաց քարը՝ նախքան Օրբելյան իշխանների տիրապետության շրջանը, կազմել են ճարտարապետական, հոգևոր և քաղաքական մի ամբողջություն և Վասակյան տոհմի կենտրոնը` Վայոց Ձորում

Հնագիտական նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղադրություն. Ամրոցի ավերակները տեղակայված են բարձրադիր, հյուսիսից հարավ մոտ 1.5 կմ ձգվող երկարավուն սապատավոր բլրաշարի ամենաբարձր մասում։ Երեք կողմից ամրոցը պաշտպանված է անդնդախոր կիրճերով, ուղղահայաց դժվարամատչելի ժայռերով։ Համեմատաբար մատչելի հյուսիսային կողմում կառուցվել են հզոր պարսպապատերը։ Ճանապարհը դեպի ամրոց նույնպես հյուսիսից է։ Ամրոցն իշխող դիրքի շնորհիվ վերահսկում է շրջակա բնակավայրերն ու ճանապարհները[7]։

Շերտագրություն. Ամրոցի Սմբատաբերդ անունը համեմատաբար նոր է, շրջանառվում է XIX դարից։ Հետաքրքիր է, որ Սյունիքի պատմությունը հանգամանորեն շարադրող XIII դ. պատմիչ Ստեփանոս Օրբելյանը Վայոց ձորի բերդերը թվելիս չի հիշատակում Սմբատաբերդը, որն, իրավամբ, գավառի ամենահզոր ամրաշինական կառույցն է։ Այդ հանգամանքը չի վրիպել հուշարձանը հետազոտողների ուշադրությունից։ Կա կարծիք, որ այն պատմիչի հիշատակած Կապույտ բերդն է, իսկ Քաջբերունին ենթադրում է, որ այն կառուցվել է պատմիչի մահից հետո (1303 թ.) (Քաջբերունի 2003, 219)։  Որպես ռազմական հենակետ՝ Սմբատաբերդը, հավանաբար, կառուցվել է X դարում, երբ նրա արևմտյան կողմում՝ ձորահովտում գտնվող  Եղեգիս գյուղաքաղաքը դառնում է Սյունյաց իշխանների նստավայրը։ Այն ամրացվում է XIII-XIV դդ. Օրբելյանների օրոք։ 2011 թ. «Պատ­մա­­մշակու­թային արգելոց-թանգարանների և պատ­մական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ իրականացվել են պարսպապատերի ամրակայման աշխատանքներ։ Ներկայումս, հուշարձանն ունի պատմամշակութային արգելոցի կարգավիճակ[7]։

Ճարտարապետություն. Եռանկյունաձև հատակագծով ամրոցը զբաղեցնում է մոտ 2 հա տարածք։ Հյուսիսարևելյան և հարավարևմտյան կողմերով ձգվող պարսպապատերն ուժեղացված են կիսակլոր աշտարակներով։ Ամրոցն ունի երեք մուտք՝ հյուսիսային, հյուսիսարևմտյան և հյուսիսարևելյան կողմերում։ Գլխավոր հյուսիսային դարպասը ներքուստ թաղակապ սրահ ունի։ Թաղակապ սրահ ունի նաև  հյուսիսարևելյան դարպասը։ Դարպասներն ունեցել է երկփեղկ դռներ, որոնք փակվել են գերանաձև նիգով, որի համար նախատեսված քառանկյուն բնիկները երևում են դռնակողքերի քարերի մեջ։ Ամրոցի՝ 2-3 մ լայնքով պարսպապատերը կառուցված են կոպիտ մշակված բազալտի քարերով և միջնալիցքով, իսկ թաղածածկ մուտքերը՝ սրբատաշ քարերով։ Պարիսպների երկայնքով ձգվող սենյակների պատերը շարված են ճեղքված բազալտով և կավաշաղախով։ Ամրոցի տարածքը բաժանված է երկու անհավասար հատվածների։ Հարավային բարձրադիր փոքր մասում է միջնաբերդը, ուր տեղակայված են իրար հետ հաղորդակցվող մի քանի սենյակներ։ Հյուսիսային ընդարձակ տարածության մեջ պարսիպների երկայնքով կցակառուցված են բնակելի և տնտեսական սենյակները, ջրամբարը։ Ջուրն ամրոց է բերվել Ցաղաց քարի մոտի աղբյուրներից։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնադարյան ամրաշինական սկզբունքներով կառուցված, ՀՀ տարածքում քիչ թվով պահպանված ամրոցներից մեկն է, որն իր նպաստավոր դիրքով ռազմավարական կարևոր նշանակություն է ունեցել միջնադարում[7]։

Ավանդազրույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ասում են, թե այս բերդը կառուցել է Սյունյաց Սմբատ իշխանը։ Դրա համար էլ տեղի բնակիչների կողմից ստացել է Սմբատի բերդ անունը»[7]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. «ՍՄԲԱՏԱԲԵՐԴ». Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության (ամհարերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 9-ին.
  3. Արամ Ղանալանյան (1969). Ավանդապատում. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ.
  4. Մովսես Խորենացի. Պատմութիւն Հայոց. էջեր Գիրք Ա, Գլուխ Ի.
  5. Մանուկ Աբեղյան (1899). Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ. Վաղարշապատ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  6. Г. Халатьянц (1896). Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского. Москва.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  7. 7,0 7,1 7,2 7,3 «ama100.am | Հուշարձաններ». ama100.am. Վերցված է 2023 թ․ հուլիսի 7-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 445