Արքայակաղնի վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Արքայակաղնի վանք, Արքա կաղին վանք, Կիլիկիայի Հայկական պետության եպիսկոպոսանիստ (Մամեստիայի արքեպիսկոպոսների) վանքերից։ Գտնվել է Մսիսից (Մամեստիա) հարավարևելյան, կաղնիների, սոսիների, ձիթենիների անտառի մեջ։ Անունը ստացել է կաղնիներով շրջապատված լինելու համար։ Կոչվել է նաև Խճկտոր (այսինքն՝ Հաճկատար, Հաճոյակատար (Տիրամորը տրվող մակդիր), որից ենթադրվում է, թե գլխավոր եկեղեցին նվիրված էր Աստվածածնին)։ Կառուցման ժամանակն անհայտ է։ Հիշատակվել է XII դ. կեսից։ Արքայակաղնի վանքի մասին հիշատակություններ ունեն Վարդան Արևելցին (XIII դ.), Կիրակոս Գանձակեցին (XIII դ.), Սմբատ Գունդստաբլը (XIII դ.), Հովհաննես Երզնկացին (XIII դ.) և ուրիշներ։

Ունեցել է հազվագյուտ և ճոխ ձեռագրերով մատենադարան, դպրանոց, գրչատուն։ Հայկական երաժշտության և գրչության հայտնի կենտրոն էր, որի մասին իր ճառում գովասանքով է արտահայտվել Հովհաննես Երզնկացին։ Արքայակաղնի վանքում հորինվել են եկեղեցական բազմաթիվ մեղեդիներ՝ «մանրուսում» և «կցուրդք»։ Այստեղ է սովորել Վարդան Այգեկցին։ Վանքը 1206–08-ին եղել է հակաթոռ կաթողիկոս Դավիթ Թավիոս Արքայակաղնեցու (Մամեստիայի արքեպիսկոպոսը՝ 1175–1206) նստավայրը։ Արքայակաղնի վանքում են ամփոփվել Լևոն Բ Մեծագործի հայր Ստեփանեն (1167), Հայոց կաթողիկոս Գրիգոր Զ Ապիրատը և ուրիշներ։

Վանքը կործանվել է 1269-ի երկրաշարժից, 1284-ին՝ մասնակի նորոգվել։ Պահպանվել են ավերակները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: CC-BY-SA-icon-80x15.png