Կցուրդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կցուրդ, հայ հոգևոր երգի հնագույն տեսակ։ Անունը ստացել է Աստվածաշնչային սաղմոսներին և օրհնություններին կցված լինելու և որպես դրանց հավելված կատարվելու պատճառով։ Կցուրդը ծագել է IV—V դդ., որպես ասորական madhrase-ի և հունական τροπάρου-ի հայկական նմանակ։ IV դ. ստեղծված առանձին նմուշներ մինչև գրերի գյուտը հարատևել են բանավոր ավանդությամբ։ Գրերի գյուտից անմիջապես հետո սկսվել է կցուրդների բուռն զարգացման շրջանը։ Առաջին կցուրդները հիմնականում երեքական տնից բաղկացած փոքր երգեր էին, հորինված դավթյան սաղմոսների, մարգարեական օրհնությունների, ինչպես և ավետարանական պատումների հարասությամբ։ Կցուրդների անդրանիկ հեղինակներ Մեսրոպ Մաշտոցն ու Մահակ Պարթևը, մեկը՝ Հին կտակարանի, մյուսը՝ Նոր կտակարանի հայերեն թարգմանություններին հատուկ բանաստեղծական կերպարներն ու լեզվաոճական հարստությունները զարգացնելուց բացի, տոգորված են եղել հայ հոգևոր նորաստեղծ երգը պատմականորեն կարճ ժամանակամիջոցում ասորականի և հունականի տեխնիկա-գեղարվեստական մակարդակին բարձրացնելու գաղափարներով։ Այդ գործը հաջողությամբ ավարտեցին նրանց ավագ և կրտսեր աշակերտները, ինչպես և հետագա դարերի բանաստեղծերաժիշտները։ Հետզհետե բազմանալով կցուրդներն ամփոփվեցին կցուրդարան կոչված ժողովածուում։ Պատմական զարգացման ընթացքում կցուրդները ձևով և բովանդակությամբ ավելի անկախ, ինքնուրույն են դարձել, ծավալով ավելի մեծ՝ պահպանելով Մահակ-Մեսրոպյան շրջանից ուրվագծված կերպարային երկու միմյանց լրացնող ոլորտներին հատուկ գծերը։ XII դ. սկսած կցուրդները կոչվել են շարական, իսկ կցուրդարանը՝ շարակնոց։ Կցուրդները անցյալում երբեմն նույնացվել են կցորդին (հայ հին մատենագրության մեջ ոչ հազվադեպ հանդիպում է կցորդ-սաղմոս ձևով)։ Կցուրդի հետ չպետք է շփոթել նաև կացուրդը, որ նշանակում է ակրոստիքոսով գրված տոնական մեծ երգ (հաճախ ընկալվում է որպես հունական χουτάχιου-ի հայկական նմանակը, որ երբեմն անվանվում է նաև ուղղակի կոնդակ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 703 CC-BY-SA-icon-80x15.png