Սանահինի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սանահինի վանական համալիր

Սանահինի համալսարան (Սանահինի դպրոց), միջնադարյան Հայաստանի նշանավոր ուսումնադաստիարակչական և գրչության կենտրոն։ Հիմնադրվել է 966 թվականին՝ Աշոտ Գ Ողորմածի կնոջ՝ Խոսրովանույշ թագուհու պատվերով։

Սանահինի համալսարան են հրավիրվել հայտնի հոգևորականներ, գիտնական վարդապետներ և վարժ գրիչներ։ 10 տարի անց, Սանահինից ոչ հեռու կառուցվել է Հաղպատի մենաստանը (976)։ Ստեփանոս Ասողիկի վկայությամբ 1004 թվականին Սանահինի և Հաղպատի միաբանության ընդհանուր թիվը կազմել է 500 մարդ։

XI դարի 1-ին կեսին դպրոցում բացվել են հռետորական, փիլիսոփայության, երաժշտական, բժշկական վարժարանները, դասավանդվել «յոթ ազատ արվեստներ», տոմար և այլ գիտություններ։ Այդ շրջանում դպրոցի աճող հեղինակությունը կապված է Գրիգոր Մագիստրոս Պահլավունու գործունեության հետ։ Նա ուներ իր դպրոց-ճեմարանը, ուր դասավանդում էր քառյակ արվեստներ, անդամազննություն և այլ առարկաներ։ Սանահինի համալսարանում XIV-XV դարերում բուռն զարգացում է ապրել գրչությունը։ Չնայած մեծ կորստին, մեզ է հասել շուրջ երեք տասնյակ ձեռագիր։ Առանձնապես կարևոր հուշարձան է Սանահինի «Քյոթուկը», որում արժեքավոր տեղեկություններ կան Սանահինի պատմության վերաբերյալ։ Դպրոցն ունեցել է նաև մատենադարան, որտեղ ձեռագրեր են հավաքվել աշակերտների ընդօրինակությունների, նվիրատվությունների և գնումների միջոցով։ Սանահինի դպրոցը կարճատև ընդմիջումներով գոյատևվել է մինչև մեր օրերը։ Նրա զարգացմանը նպաստել են րաբունապետեր Անանիա, Դիսկորոս, Հակոբ (Քարափնեցի) Սանահնեցիները, Սիմեոնը, Գրիգոր Տուտեորդին, Գրիգոր Արասաորդին, Վարդան Արևելցին, գրիչներ Մաթևոսը, Կարապետը, Խաչատուր և Ավետիք վարդապետները, Ղազարը, Հովհաննեսը, թուղթ կոկող Ստեփանոսը (նորոգել է 2 հզ․ տետր թուղթ, որը բավական էր միջին մեծության 100 ձեռագրի համար) և ժամանակի նշանավոր այլ գործիչներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 175