Խոտակերաց վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խոտակերաց վանք
Khachik141.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակմշակութային արժեք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԽաչիկ[1]
ԴավանանքՀայաստանեայց Առաքելական Եկեղեցի
ԹեմՎայոց ձորի թեմ
Մասն էԳյուղատեղի «Քարկոփ»
Կազմված էԽաչքար, Եկեղեցի Սբ. Աստվածածին, Գավիթ, Մատուռ, Մատուռ և Գերեզմանոց
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
Ճարտարապետական ոճՀայկական ճարտարապետություն

Խոտակերաց կամ Քարակոփ վանքը, եկեղեցական վանքային չգործող համալիր է, որը գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղից 1.8-2 կմ հյուսիս-արևմուտքում, լեռան լանջին գտնվող փոքր հարթության վրա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս վանքի հիմնադրման և շեն շրջանի պատմությունը մանրամասն շարադրել է պատմագիր Ստեփանոս Օրբելյանը՝ օգտվելով վանքի արձանագրություններից և իր ժամանակ դեռևս կենդանի զրույցներից։

Համաձայն պատմիչի Առաստամուղ (Առաստամուխ) գյուղի շրջակայքի ձորերում և այրերում ապրում էին շատ ճգնավորներ։ Սյունյաց իշխան Աշոտը նույն գյուղի մոտ շինում է այս վանքը և այնտեղ հավաքում այդ խոտաճարակ ճգնավորներին, որից և առաջացել է «Խոտակերաց» անունը։ Աշոտի շինած եկեղեցին շուտով հիմնովին ավերվում է երկրաշարժից։ 910 թվականին նրա այրի Շուշանիկը վանքի ավերակների վրա շինում է հինգ եկեղեցիներ և այդ առթիվ գրել տալիս մի մեծ արձանագրություն (13 տող), որը հիմնականում մնացել է մինչև այժմ։

Այնուհետև Օրբելյան Սմբատ մեծ իշխանը նորոգել է վանքը XIII դարի կեսերին։

Ավելի ուշ, 1300 թվականին Պռոշյան Էաչին վանքում պահվող նրանց նշանավոր մասունքի՝ Սուրբ Նշանի համար, որը Խոտակերաց խաչ էլ է կոչվել, պատրաստել է տալիս արծաթյա գեղեցիկ պահարան և երեսին գրում ընդաձակ հիշատակարան։

Հետագա դարերում երկար ժամանակ վանքը անմարդաբնակ է մնացել այդ պատճառով էլ այն այժմ խիստ քայքայված վիճակում է։ Կանգուն են միայն գլխավոր եկեղեցու՝ Սուրբ Աստվածածնի պատերը, իսկ գմբեթը ծածկը և պատերի վերին մասերն ամբողջովին փլված են։ Եկեղեցին ներքուստ խաչաձև, չորս անկյուններում ավանդատներով, դրսից ուղղանկյուն, գմբեթավոր հորինվածք է։ Պատերը շարված են կոպիտ մշակված բազալտի ոչ մեծ քարերից, իսկ պատասխանատու հանգույցները՝ սրբատաշ քարերից։ Գմբեթը և ծածկի թաղերը չեն պահպանվել։ Գավթի պատերի հիմքերն են մնացել։ Գավիթը թաղածածկ դահլիճ էր՝ արևմտյան կողմում երկու սենյակներով։ Խոտակերաց վանքի Ս. Աստվածածին եկեղեցու հորինվածքի ստեղծումը Սյունիքի ճարտարապետական դպրոցի նվաճումն է և ավանդը՝ հայկական հուշարձանների այդ տիպի զարգացման գործում։ Այն մի ընդարձակ գմբեթավոր դահլիճ է, որի ներսի չորս անկյուններում կան մեկական խորաններ։

Այս եկեղեցու արևմտյան կողմում մնում են գավիթի և փոքր մատուռների հիմնապատերը միայն։

Բոլոր շենքերը կառուցված են կոփածո քարերով, այդ պատճառով էլ, հավանաբար, վանքի երկրորդ անունը Քարակոփի վանք է։

Պատկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Monuments database — 2017.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն, Երևան 1986
  • Հայկական Սովետական հանրագիտարան, Երևան 1986, 5-րդ հատոր (Խոտակերաց վանք), 81 էջ.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 81 CC-BY-SA-icon-80x15.png