Ծովք (բերդ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ծովք (այլ կիրառումներ)

Ծովք, բերդ Մեծ Հայքի Ծոփք նահանգի Անձիտ գավառում, համանուն լճի հարավարևմտյան ափի ժայռոտ թերակղզյակի վրա (այժմ՝ ավերակ)։ Առաջին անգամ հիշատակվում է «Աշխարհացոյց»-ում (VII դ.)։ Գրիգոր Մագիստրոս Պահլավունին իր մի նամակում գրում է, որ XI դարում Ծովքը պատկանում էր իր դստեր հետ ամուսնացած Պահլավունի մի իշխանի։ Նրան հաջորդել է ավագ որդին՝ Ապիրատը։

Ըստ մի հիշատակարանի, Անի քաղաքում՝ անապահով կացության պատճառով Հայոց կաթողիկոս Բարսեղ Ա Անեցին 1106 թվականին ապաստանեց Ապիրատ իշխանի մոտ և Ծովքի Սուրբ Նշան եկեղեցին դարձրեց կաթողիկոսանիստ։

1111 թվականին Ապիրատը զոհվեց Ծովքի համար կռվում։ Ապիրատին փոխարինեց ավագ որդին՝ Վասիլը։ Մահից առաջ Բարսեղ Ա Անեցին կաթողիկոս օծեց Ապիրատի կրտսեր որդի 15-ամյա Գրիգորիսին, որը մոտ 1116 թվականին եղբոր՝ Ներսես Շնորհալու հետ, իշխան Գող Վասիլի հովանավորությամբ, Կոմմագենեի Տլուք գավառում՝ երեք լճակների ափին, հիմնեց կաթողիկոսանիստ նոր դղյակ, վերջինս հայրենի Ծովքի անունով կոչեց Ծովք կամ Ծով։

Ծովքից ոչ հեռու՝ համանուն գյուղը XIX դ. վերջին ուներ եկեղեցի (Սուրբ Նշան), 60 տուն հայ բնակիչ, որոնք զբաղվում էին գերազանցապես արհեստներով՝ ոստայնանկությամբ, դերձակությամբ, ներկարարությամբ։ Տեղահանվել և բնաջնջվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png