Զաքարե Բ
Զաքարե Զաքարյան | |
---|---|
Թագավոր Հայոց/Շահնշահ | |
Իշխանություն | 1190 – 1212 |
Լրիվ անուն | Զաքարե Բ Զաքարյան Երկայնաբազուկ |
Տիտղոսներ | Թագավոր Հայոց, Շահնշահ Հայոց |
Մահացել է՝ | 1212 |
Թաղվել է՝ | Սանահինի վանքի տոհմական դամբարան |
Ազգություն | Հայ |
Հաջորդող | Իվանե Ա |
Տոհմ | Զաքարյաններ |
քաղաքական գործիչ | |
Հայր | Սարգիս Զաքարյան |
Երեխաներ | Շահնշահ Ա |
Զաքարե Բ Զաքարյան (ծննդյան թվականն անհայտ – 1212 թ., թաղված է Սանահինի վանքի տոհմական դամբարանում), Հայաստանի ինքնակալ կառավարիչ (1200-1212 թթ-ին), պետական, ռազմական, դիվանագիտական գործիչ, Հայ-վրացական բանակի ամիրսպասալար Սարգիս Զաքարյանի որդին։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1190 թ-ին՝ հորից հետո, նշանակվել է Հայ-վրացական բանակի ամիրսպասալար /սպարապետ, գլխավոր հրամանատար/, 1203 թ-ին՝ նաև Վրաստանի պետության մանդատորթուխուցես։
Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
1190-1210 թթ-ին անընդմեջ պատերազմներ է մղել սելջուկ-թուրքերի դեմ։ 1196 թ-ին ազատագրել է անառիկ Ամբերդ բերդաքաղաքը, 1199 թ-ին՝ Անին, 1201 թ-ին՝ Բջնին, 1203 թ-ին՝ Դվինը, 1206-1207 թթ-ին՝ Կարսը, Սուրմառին, Բագրևանդը, Նախիջևանը, 1208-1209 թթ-ին՝ Մանազկերտը, Արճեշը։ Գրավել է Մարանդը, Թավրիզը, Ղազվինը, Բասենի մոտ ջախջախել է Իկոնիայի սուլթանի զորքերին, արշավել Խլաթ։ Քսանամյա պատերազմներով, եղբոր՝ Իվանե Ա-ի հետ ազատագրել է Բագրատունյաց Հայաստանից ավելի մեծ տարածք և դրա վրա ստեղծել բացարձակ ինքնուրույն, անկախ պետություն։ Երկրի մայրաքաղաք է դարձրել Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք Անին։ Պետությունը բաժանել է վարչական տարածքների, հաստատել է կողմնակալություններ՝ Վաչուտյանների, Օրբելյանների, Պռոշյանների, Վահրամյանների, Խաչենի տերերի գլխավորությամբ։ Որպես պետության գլուխ՝ տիրակալ, զինվորական ու ազնվական տիտղոսներ է շնորհել, հողային տիրույթներ պարգևել։ Կրել է Բագրատունիների շահնշահ տիտղոսը, անվանվել թագավոր Հայոց, կեսար, ինքնակալ։ Վրաստանի պետության հետ հաստատել է հավասարազոր ռազմական ունիա-միություն՝ պահպանելով իրեն ենթակա տարածքի անկախ գործունեությունը, բացի ռազմական ոլորտից մյուս բոլոր հարցերում վարել է անկախ քաղաքականություն։ Դիվանագիտական կապ է հաստատել Կիլիկյան Հայաստանի Լևոն Բ թագավորի հետ, բանակցել դավանաբանական հարցերով։ Կազմակերպել է Լոռու (1205 թ) և Անիի (1207 թ) եկեղեցական ժողովները։ Հայաստանի անկախ պետականության գոյությունը հարատև դարձնելու նպատակով ապահովել է շինարարության և մշակույթի ծաղկումը. կառուցապատվել են քաղաքները, կառուցվել են բերդեր ու ամրոցներ, ճանապարհներ, կամուրջներ, ջրանցքներ։ Այդ շրջանում են կառուցվել միջնադարի հայկական գրեթե բոլոր նշանավոր եկեղեցական համալիրները։ Հովանավորել է գիտությունն ու մշակույթը։ Պատմագրությունը Զաքարե Բ Զաքարյանի ստեղծած անկախ պետականությանը սխալ գնահատական է տվել և անգամ դիտել Վրաստանի պետության մաս։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Խոսրով Թորոսյան, Թագակիրների պատմությունն ու գովաբանությունը որպես Զաքարյան Հայաստանի ու Զաքարյանների պատմության սկզբնաղբյուր։ Երևան 1992 թ.։
- Ռուդոլֆ Արղության-Երկայնաբազուկ. Զաքարյան Երկայնաբազուկներ: Երևան 2015 թ.:
- Տիգրան Հայազն, Հրաչյա Պետրոսյանց, 200 Հայ Զորավարներ: Երևան 2011 թ:
|