Շահ Արմեններ

Շահ Արմենների ամիրայության ստեղծումը և հզորացումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Շահ Արմեններ (Շահ-ի Արմեններ), Խլաթի ամիրայության տիրակալների պայմանական անվանումը՝ ըստ նրանց կրած «Շահ-ի Արմեն» («Հայոց թագավոր») տիտղոսի։ Շահ Արմենների ամիրայությունը հիմնադրել է սելջուկ Սուքման ալ Կութբին (Սուքման Ա), որը 1100 թվականին Մրվանյաններից գրավել է Խլաթն ու հարակից հայկական գավառները։ Նրա որդու՝ Իբրահիմի օրոք (1112-1127 թվականներ) ամիրայության սահմաններն ընդարձակվել են՝ ընդգրկելով նաև Մանազկերտը, Արճեշը և Հայաստանի հարավային այլ քաղաքներ՝ մերձակա գավառներով։
Շահ Արմենների ամիրայության թուլացումը և անկումը
[խմբագրել | խմբագրել կոդը]1127-1133 թվականներին իշխանության համար պայքարից հետո, գահակալել է Սուքման Բ (1133-1183 թվականներ, հայկական աղբյուրներում՝ Շահ Միհրան)։ Վերջինս Ատրպատականի Ելտկուզյանների և Կարինի Սալդուխյանների օգնությամբ փորձել է նվաճել Հայաստանի հյուսիսարևելյան գավառները, սակայն 1160 թվականին Ուղթիքի (Օլթի) մոտ ծանր պարտություն է կրել հայ-վրացական ուժերից և նահանջել։ 1161 թվականին, երբ հայ- վրացական բանակն Անին ազատագրել է Շադդադյաններից, վերջիններին օգնության եկած Շահ Արմենի մոտ 80 հազարանոց բանակը, օգոստոսին, Անիի մոտ կրկին պարտություն է կրել։ Սուքման Բ-ին հաջողվել է առժամանակ կախման մեջ գցել Սասունի Թոռնիկյան և Վասպուրականի Խեդենեկյան Արծրունիների իշխանությունները։ 1193 թվականին պալատական ծառա Ակ Սունկուր Հազարդինարը դավադրությամբ սպանել է Սուքման Բ-ի հաջորդ Բեկթեմուրին (1183-1193 թվականներ) և դարձել ամիրա (1193-1199 թվականներ), որից հետո, կարճ ժամանակով իշխանությանը տիրացել է ծագումով հայ, մամլուք Կութլուղը։ Ներքին երկպառակությունները խիստ թուլացրել են Շահ Արմեններին։ 1207 թվականին ամիրայության մեջ մտնող հայկական գավառները գրավել են ծագումով քուրդ Այուբյանները՝ շարունակելով կրել «Շահ-ի Արմեն» տիտղոսը։ Հետագայում այդ տիտղոսը կրել են նաև Հուլավյան դինաստիայի օրոք Հայաստանում իշխած կառավարիչները, Աղձնիքի Արտուխյան ամիրաները, տասնհինգերորդ դարի կարա կոյունլուները։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 421)։ |