Սարգիս Զաքարյան
Սարգիս Զաքարյան | |
---|---|
Թագավոր Հայոց/Շահնշահ | |
Իշխանություն | 1160 – 1187 |
Լրիվ անուն | Սարգիս Զաքարյան Երկայնաբազուկ |
Տիտղոսներ | Հայոց և Վրաց ամիրսպասալար |
Ծնվել է՝ | անհայտ |
Մահացել է՝ | 1187 |
Թաղվել է՝ | Սանահինի վանքի տոհմական դամբարան |
Սանահինի վանական համալիր | |
Երկիր | ![]() |
Ազգություն | Հայ |
Հաջորդող | Զաքարե Բ |
Ուղեկից | Սահակադուխտ Արծրունի |
Տոհմ | Զաքարյաններ |
քաղաքական գործիչ | |
Հայր | Զաքարիա Զաքարյան |
Երեխաներ | Զաքարե Բ, Իվանե Ա, Նանա Զաքարյան |
Սարգիս Զաքարյան (Սարգիս Մեծ) (անհայտ - 1187), իշխան, ռազմական և քաղաքական գործիչ։ Զաքարյանների իշխանապետության հիմնադիր։ Դավիթ Շինարարի և Թամար թագուհու ժամանակաշրջանում եղել է վրաց արքունիքի ամիրսպասալար, և հենց վրաց օժանդակությամբ սկսել է զբաղվել Հայաստանի ազատագրության դժվարագույն հարցերով[1]: Հայրենասիրական մեծ աշխատանք է կատարել ոչ միայն հայերի և Հայաստանի համար, այլև՝ Վրաստանի: Մինչ նրա՝ վրաց արքունիքում զորքերի գլխավոր հրամանատարի պաշտոնը ստանալը, նա զորավիգ է եղել վրաց Գեորգի Երրորդ արքային, ում դեմ ապստամբություն էր բարձրացվել Օրբելիների տան ներկայացուցիչ Իվանե Օրբելիի գլխավորությամբ: 1177 թվականին բարձրացված այս ապստամբությունը ճնշվել է վրաց թագավորի կողմից: Ապստամբ Օրբելիների դեմ հաղթանակից հետո, նրանց տոհմին բնաջնջելուց և խաղաղություն հաստատելուց հետո՝ 1185 թվականին Սարգիս Զաքարյանը նշանակվել է վրաց գլխավոր զորքերի հրամանատար՝ ամիրսպասալար, և սկսել հայ ազտագրական պայքարը: Սարգիսը հեշտությամբ տիրացել է հայոց հյուսիս-արևելյան տիրույթներին, իսկ գրաված Լոռին դարձրել է Զաքարյանների նստավայր, որն էլ հետագայում ճանաչվել է տոհմի ժառանգական տիրույթ: Սարգիս Զաքարյանը թաղված է Սանահինի վանքի Զաքարյանների տոհմական դամբարանում։ Նրա գործունեության մասին տեղեկություններ են պահպանվել հիմնականում վրացական աղբյուրներում (հատկապես «Թամարի առաջին պատմիչ» կոչվող երկում)[2]։
Կենսագրական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սարգիս Զաքարյանը ծնվել է Զաքարիա Զաքարյանի ընտանիքում: Նրա հայրը նույնպես եղել է ռազմական և քաղաքական գործիչ: Սարգիսի հայրը՝ Զաքարիան, 1118 թվականին Լոռին միացրել է Վրաստանին, և, շահելով վրաց արքայի՝ Դավիթ Շինարարի վստահությունը, նշանակվել է վրաց արքունիքի վասալ: Սարգիս Զաքարյանը ամուսնացել է Մահկանաբերդի և Հաղպատի տեր Վահրամ Արծրունու դստեր՝ Սահակադուխտի հետ։ Ունեցել են երեք երեխա՝ Իվանեն, Զաքարեն և Նանան: Ժառանգելով հոր փայլուն ռազմական գործիչի կարողությունները՝ Սարգիս Զաքարյանը միանգամից աչքի է ընկել և ճանաչվել որպես լավ ու հմուտ զորավար: 1177 թվականին Վրաստանում ապրող ապստամբ Օրբելիների վառ ներկայացուցչի՝ Իվանե Օրբելիի գլխավորությումաբ հզոր ապստամբություն բռնկվեց Գեորգի Երրորդ արքայի դեմ: Ապստամբության պատճառը Գեորգի Երրորդի գահին անօրինաբար տիրանալն էր. Իվանե Օրբելին պնդում էր, որ գահի օրինական իրավահաջորդը իր փեսան է՝ Դեմետեն[[3]: Դեմետրե Ա արքայի մահից հետո՝ 1156 թվականին, գահ է բարձրանում Գեորգի Երրորդը՝ մահացած արքայի եղեբայրը, քանզի թագաժառանգը դեռևս անչափահաս էր: Գեորգիի հետ համաձայանագիր է կնքվել, ըստ որի նա դառնում է Վրաստանի թագավոր մինչև Դեմնայի չափահաս դառնալը. հետո նա պետք է հրաժարվեր գահից հօգուտ օրինական թագաժառանգի՝ Դեմնայի: Երբ Դեմետրեն դարձավ չափահաս, հանդես եկավ գահի նկատմամբ հավակնություններով: Նրա կողքին կանգնեցին հիմնականում հայ իշխանները՝ Օրբելիների առաջնորդությամբ: Իվանե Օրբելին հայ իշխաններից ամենազադեցիկն էր, որ օժանդակում էր Դեմնային, սակայն նա ուներ իր սեփական շահերը կատարվելիք գործողություններում: Նա մեծ հույսեր ուներ, որ ապստամբությունը հաղթելուց հետո, հայոց գահի միակ հավակնորդը կլինի ինքը, իսկ վրաց արքան, բնականաբար, կաջակցի իրեն[4]: Իվանեն նույնիսկ օգնություն խնդրեց Տաշիր-Ձորագետում հաստատված հայազգի Կյուրիկեներից, որոնք նույնպես դեմ էին վրաց Բագրատունի արքաների կենտրոնաձիգ քաղաքականությանը: Եվ թվում էր՝ ապստամբները շատ մոտ էին հաղթանակին, սակայն ապստամբության վճռական պահին Դեմնայի և ապստամբների՝ Սարգիս Զաքարյանի գլխավորությամբ հայոց հեծելագունդը լքեց դիրքերը և անցավ վրաց թագավոր՝ Գեորգի Երրորդի կողմը: Վրաց արքան ոչ միայն ճնշեց ապստամբութունը, այլև դաժանորեն պատժեց Օրբելիներին՝ որձակոտոր անելով նրանց տոհմը: Փրկվել են միայն երկու պատանի, որոնք հաստատվեցին Հայաստանում և շարունակեցին տոհմի գործունեությունը որպես Սյունաց Օրբելյաններ[5]: Գեորգի Գ արքան առատորեն վարձահատույց է եղել Սարգիս Զաքարյանին: Նա բարձրացրել է Զաքարյան իշխանի դիրքը վրաց արքունիքում՝ դարձնելով առաջին կարգի ազնվական, ապա նրան է հանձնել Օրբելիների բոլոր տիրույթները՝ Լոռին իր շրջակայքով, սամթավրո և սաթավադո բերդերը: Սա վրաց պետության կազմում լիակատար ներքին ինքնավարության և բարձրաստիճան ազնվականի կարգավիճակ էր: Ապա՝ 1185 թվականին, Սարգիս Զաքարյանը նշանակվել է նաև վրաց և հայոց զորքերի ընդհանուր ամիրսպասալար-սպարապետ[6]:
Զաքարյան անվան ծագումնաբանական տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
XII-XIV դարերի կեսերն ընկած ժամանակահատվածում հյուսիսային Հայաստանի և վրացական թագավորության պատմության մեջ ակնառու և ազդեցիկ դեր ունեցած Զաքարյան իշխանական տոհմի ծագումնաբանության հարցը վաղուց ի վեր հետազատողների ուշադրության կենտրոնում գտնվելով հանդերձ, այսօր էլ տարակարծության առարկա է[7]: Գիտական շրջանառության մեջ եղած աղբյուրները Զաքարյան տոհմի ծագման երկու հիմնական տարբերակ են առաջարկում: Նրանցից մեկի համաձայն Զաքարյաններն ունեն հայկական արմատներ, սերում են Արծրունյաց կամ Բագրատունյաց տոհմերից, իսկ ըստ մյուսի՝ օտար ծագում (քրդական ու պարսկական)՝ սերելով համապատասխանաբար քրդական ցեղերից: Եթե Զաքարյաններին հայկական արմատներ վերագրող աղբյուրներից երկուսը հնագույն են ու վիմագիր և հեղինակված են այդ տոհմի առավել նշանավոր ներկայացուցիչներ Զաքարե ամիրսպասալարի ու նրա եղբայր Իվանե աթաբեկի կողմից, ապա նրանց օտար ծագումը պնդող բոլոր աղբյուրները գրչագիր են, ավելի ուշ շրջանի և պատկանում ժամանակի վրաց հեղինակների գրչին: Զաքարյանների՝ Արծրունի համարող աղբյուրը 1196 թվականի Անբերդն ազատագրելուց հետո այնտեղ Զաքարեի ու Իվանեի թողած և, թերևս, մեզ վնասված վիճակով հասած արաբատառ արձանագրությունն է: Որտեղ Զաքարյան եղբայրները հիշատակում են իրենց՝ որպես Արծրունի «Ամիրսպասալար Զաքարիա Ւվանա Արծրունի»[8]: Զաքարյաններին՝ Բագրատունի հռչակող միակ վկայությունը հաղարծնում Իվանեի թողած արձանագրությունն է՝
![]() |
...Այս գիր մեր յիշատակի է եւ արձան մչտընջենաւոր որդեաց Մեծին Աարգսի, յազգէ Բագրատունեան՝ Իւանէի եւ Զաքարէի, յորժամ նախախնամութիւնն Աստուծո՝յ Էհաս յարարածս և ետ...տիրել սէփական ժառանգութեանն նախնեաց մերոց, ետ ի ձեռս մեր յառաջ զանառիկ դղեակն Անբերդ... - Իվանե (թիվը հայտնի չէ, ենթադրվում է՝ 1212 թվական[9]:)
|
![]() |
Որոշ հետազոտողներ՝ Բագրատունիներից Զաքարյանների սերված լինելը ապացուցող վկայություն են դիտել նաև Մեծ Սարգիս Զաքարյանի դստեր՝ Վանենիի (Նանա)՝ Զաքարեի ու Իվանեի քրոջ թողած արձանագրություններից մեկը: Այն արվել է ի հիշատակ 1192 թվականի իր անժամանակ մահացած կողակից Կյուրիկյան Աբաս II թագավորի՝ Սանահինի կամրջի խաչքարի վրա: Սկզբնամասում վնասված այս արձանագրությունը մեզ է հասել հետևյալ տեսքով՝
Սարգիս Զաքարյանի դուստր Նանայից մեզ է հասել նաև Հովհանավանքի գերեզմանոցում կանգնեցրած խաչքարի վիմագիր՝ «...ես Նանայս, դուստր մեծ Աարգսի» արձանագրությունը[10]:
Կան վարկածներ Զաքարյանների քրդական ծագման վերաբերյալ: Նրանց՝ որպես քրդական ծագման տոհմի ներկայացուցիչներ անվանել են ժամանակի հայտնի պատմիչներ Կիրակոս Գանձակեցին և Վարդան Արևելցին: Նրանք ստեղծագործել են 1250-1260 ական թվականներին և հատուկ ուշադրությամբ անդրադարձել հայոց պետականությունը պատպանող վրաց Զաքարյաններին: Զաքարեի ու Իվանեի հերոսական հաղթանակների մասին պատմիչ Կիրակոս Գանձակեցին իր աշխատության հատուկ գլուխում անդրադարձել է, որի սկզբնամասում ներկայացրել է Զաքարյանների տոհմածառն ու հավանական ծագումնաբանությունը՝
Նույն կերպ արձանագրել է նաև Վարդան Արևելցին՝ մեկնաբանելով
![]() |
Ցաւուրս ժամանակացս այսոցիկ էին փառաւոր իշխանքն Զաքարէ եւ Իւանէ որդիք Սարգսի, որդւոյ Վարհամայ, որդւոյ Զաքար ի յորդւոյ Սարգսի, ի Քուրդ ազդէ՛ - Վարդան Արևելցին Զաքարյանների
|
![]() |
Ռազմական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սարգիս Զաքարյանը, լինելով քաջ և հմուտ դիվանագետ, կարողանում է ամրապնդել իր դիրքերը վրաց արքունիքում[11]: Պակաս կարևոր հանգամանք չէր այն, որ հզորացող վրաց պետությունը, պայքար մղելով սելջուկյան իշխանությունների դեմ, հայկական զինուժի աջակցության կարիքն ուներ, իսկ հայոց բանակն այդ պատերազմներում առաջնորդում էր հենց Սարգիս Զաքարյանը: Բագրատունյաց թագավորության անկումից հետո Միջնադարյան Հայաստանի հինավուրց մայրաքաղաք Անին ընկել էր սելջուկ-թուրքերի սուլթանական պետության տիրապետության տակ: Անիի հայ բնակչությունը յուրաքանչյուր հարմար առիթ օգտագործել է, իրենց քաղաքը ազատագրելու, սակայն մինչև 1199 թվականը, այդ ազատագրական մղումները անարդյունք են եղել: Սելջուկյան պետության մասնատման հետևանքով Հայաստանում սելջուկ-թուրքական իշխանություններ են հաստատվել: 1064 թվականին գրավված Անին հանձնվել է Շադդադյաններին, իսկ Խլաթը՝ Շահ Արմեններին: Վրաստանի հզորացումը մեծ հույսեր է ներշնչել Էմիրությունների լծի տակ տառապող հայ ժողովրդին: 1124 թվականին Անիի հայ բնակչությունը սկսել է իր ապստամբությունը՝ խնդրելով վրաց արքային օգնել իրենց՝ քաղաքը վրաց թագավորին հանձնելու նախապայմանով: Քաղաքը ազատագրվել է, սակայն 1126 թվականին քաղաքում առաջացած լուրջ սովի պատճառով այն նորից հետ է հանձնվել սելջուկ Շադդադյաններին: Վրաստանում Զաքարյանների հեղինակության բարձրացումը արթնացրել է Անիի ազատագրման հայերի բոլոր պատկերացումները:
Անին հայերի համար եղել է ստրատեգիական կարևոր նշանակության քաղաք: Անիի ազատագրմամբ զբաղված էր ոչ միայն քաղաքի բնակչությունը, այլև Վրաստանում հաստատված Զաքարյանները: Անիի ազատագրության համար Վրացական բանակը, որի կազմում էր նաև հայկական հեծելազորը, հայտնվել է Անիի պարիսպների տակ և գրավել այն: Հայկական հեծելազորի հրամանատարը Սարգիս Զաքարյանն էր: Վրաց արքան Իվանե Օրբելիին նշանակել է Անիի կառավարիչ: Անիից հետո Սարգիս Զաքարյանը հայոց բանակով մասնակցել է նաև Դվինի գրավմանը[12]: Սարգիս Զաքարյանի և նրա որդիների՝ Զաքարե ու Իվանե հեղինակությունը վրաց արքունիքում շատ է բարձրացել, 1177-78 թվականների Իվան Օրբելու բարձրացրած ապստամբության շնորհիվ. Սարգիսը իր հեծելազորի հետ միասին անցել է Գեորգի Երրորդի կողմը և օգնել նրան ճնշել հաջողությամբ պսակվող թվացող այդ ապստամբությունը: Վրաց արքան խռովության մասնակից իշխանների հողերի զգալի մասը հատկացրել է Զաքարյաններին: Այս իրադարձություններից հետո Զաքարյանները դարձել են ժամանակի ամենահզոր հայկական իշխանական տոհմը: Թամար թագուհու (1184-1212) կառավարման ժամանակաշրջանում վրաց արքունիքում բարձր պաշտոններ զբաղեցնող վրացի ազնվականներն ստիպված էին իրենց դիրքերը զիջել հայերին[13]:Դավիթ Շինարարը Վրաստանի գահին բազմելուն պես իր գահակալության առաջին տարիերին սելջուկներից հալածված հայկական ֆեոդալական և զինվորական տարրերը, ինչպես վկայում է Մատթեոս Ուռհայեցին, անցել են Վրաստան և մտել վրացական բանակի շարքերը: Սելջուկներից հոգնած հայ բնակչությունը իրենց ապաստանը գտել է Վրաստանում, որոնց հանդեպ Դավիթ Շինարարը ցուցաբերել է բարյացակամ վերաբերմունք: Վրաստանում հայերի թիվը զգալիորեն աճել է, որն էլ օժանդակել է Վրաստաում հայկական ջոկատների ստեղծմանը: Հայ փորձառու հրամանատարները սկսել են ղեկավարել այդ ջոկատները: Այդ հրամանատարներից էր հայկական աղբյուրներում հիշատակվող Սարգիս Զաքարյանը: Գեորգի Երրորդը, իր ուժերը համալրելով հայկական ջոկատներով, անցել է սելջուկների դեմ հակահարձակման: Նրա բանակը, որը կարելի է անվանել նաև հայ-վրացական, 1161 թվականին երկրորդ անգամ ազատարգել է Անին և Շիրակի գավառը, իսկ հաջորդ տարում՝ 1162 թվականի աշնանը արշավել Արարատյան դաշտ և վերցրել Դվինը: Նորից է սկսվել պայքարը Անիի և Դվինի համար, սակայն Գեորգի Երրորդը 1165 թվականին ստիպված է եղել Անին և Շիրակը ետ վերադարձնել Շադդադյաններին՝ առաջիկայում արշավելու նպատակով: 1170 ական թվականների առաջին կեսից հայ-վրացական զորքերը վերսկսել են իրենց հարձակումները և 1174 թվականին երրորդ անգամ ազատագրել Շիրակն ու Անին[14]: Անիի երրորդ ազատագրումից հետո՝ 1177-78 թվականներին, Վրաստանում գահակալական կռիվների արդյունքում Անիի կառավարիչ Իվանե Օրբելին սրի է քաշվել և կառավարչի պաշտոնը անցել է Սարգիս Զաքարյանին, վերջինս վրաց արքա Գեորգի Երրորդից ստացավ Շիրակը որպես կալվածք: Սելջուկների դեմ պայքարում մեծ դեր են ունեցել Զաքարյան տոհմի ներկայացուցիչները[15]: Հայկական այդ ֆեոդալական տան առաջացման մասին կան տարբեր երնթադրություններ: Վերջին ուսումնասիրություններից պարզվում է, որ Զաքարյանները դեռևս 11-րդ դարից հաստատված են եղել Գուգարքում և ազգակցական կապեր են ունեցել Լոռու Բագրատունիների հետ: Վրացական արքունիքում, այս ամենը ևս հաշվի առնելով, Զաքարյաններին բարձր պաշտոններ էին տալիս: Սարգիս Զաքարյանը, որը երբեմն անվանվել է «Մեծ», բացի Անիի կառավարիչ լինելուց, եղել է նաև Վրաստանի ամիրսպասալար՝ զորքերի գլխավոր հրամանատար: Թամար թագուհու օրոք այդ պաշտոնը տրվում է Սարգիսի որդուն՝ Զաքարեին, իսկ նրա մյուս որդին՝ Իվանեն, ստանում է աթաբեկի՝ խնամակալի պաշտոնը[16]: Զաքարեն 1199 թվականին չորրորդ անգամ արշավում է Անի, և վերջանականպես ազատագրում Հայաստանի համար ստրատեգիական կարևորություն ունեցող այդ քաղաքը[17]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Cyril Toumanoff. Armenia and Georgia // The Cambridge Medieval History. — Cambridge, 1966. — vol. IV: The Byzantine Empire, part I chapter XIV. — p. 593—637 "Later, in the twelfth and thirteenth centuries, the Armenian house of the Zachariads (Mkhargrdzeli) ruled in northern Armenia at Ani, Lor'i, Kars, and Dvin under the Georgian aegis."
- ↑ Փոքրիկ կենսագրական տվյալներ Սարգիս Զաքարյանի մասին
- ↑ Ի՞նչ կապ կար Իվանե Օրբելիի և Դեմետրեի միջև
- ↑ Օրբելիների բարձրացրած ապստամբությունը վրաց Գեորգի Երրորդ արքային դեմ
- ↑ Գեորգի Երրորդ արքայի՝ Օրբելիներին պատժելուց հետո տոհմի երկու փրկված անձինք
- ↑ Սարգիս Զաքարյանը՝ որպես վրաց արքունիքի ամիրսպասալար
- ↑ Զաքարյան իշխանատոհմի անվան ծագումնաբանություն
- ↑ Զաքարե և Իվանե եղբայրների թողած արձանագրությունները՝ Զաքարյանների՝ Արծրունյաց տոհմից սերելու մասին
- ↑ Իվանե Զաքարյանի թողած արձանագրությունները՝ Զաքարյանների՝ Բագրատունյաց տոհմից սերելու մասին
- ↑ Նանա Զաքարյանի թողած որոշ արձանագրություններ՝ Զաքարյանների՝ Բագրատունյած տոհմից սերելու մասին
- ↑ Սարգիս Զաքարյանի ռազմական կարողությունները
- ↑ Սարգիս Զաքարյանի ռազմական պայքարը Անիում և Դվինում
- ↑ Զաքարյանների հեղինակության բարձրացումը Վրաստանի արքունիքում
- ↑ Անիի և Շիրակի գավառի երրորդ ազատագրումը
- ↑ Զաքարյանների նշանակությունը վրացական արքունիքում
- ↑ Սարգիս Զաքարյանի զորքերի գլխավոր հրամանատար նշանակվելը
- ↑ Անիի վերջնական ազատագրումը
|