Ստեփանոս Ե Սալմաստեցի
Ստեփանոս Ե Սալմաստեցի | |
---|---|
Ծնվել է | անհայտ |
Ծննդավայր | Սալմաստ, Արևմտյան Ադրբեջան, Իրան |
Մահացել է | 1567 |
Մահվան վայր | Վաղարշապատ |
Մասնագիտություն | ուղղափառ քահանա |
Զբաղեցրած պաշտոններ | Ամենայն Հայոց Կաթողիկոս |
Ստեփանոս Ե Սալմաստեցի, Ամենայն Հայոց կաթողիկոս (1545-1567)։ Հաջորդել է Գրիգոր ԺԱ Բյուզանդացուն։ Ծն. թ. անհտ., Սալմաստ, մահացել է 1567 թ.-ին Վաղարշապատում։ 1547թվականին Ստեփանոս Ե Սալմաստեցի կաթողիկոսն Էջմիածնում հրավիրում է գաղտնի ժողով։Ժողովի որոշմամբ Կաթողիկոսի գլխավորությամբ պատվիրակություն է մեկնում Եվրոպա`հայությանը մահմեդականների տիրապետությունից ազատելու համար քաղաքական աջակցություն խնդրելու ։ Այս արաքելությունն արդյունք չի տալիս։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XVI դ. սկզբներին թուրք-իրանական պատերազմների ժամանակ օսմանցիների կողմից գերեվարվել է նաև Ստեփանոս Սալմաստեցու ընտանիքը, որը բնակություն է հաստատել Կ. Պոլսում։ Կրթությունն ստացել է այնտեղ, հմտացել լեզուների (պարսկերեն, թուրքերեն, արաբերեն, լատիներեն ևն), իմաստասիրական առարկաների ուսումնասիրության և աստվածաբանության մեջ։ Կ. Պոլսում և Լեհաստանի գաղթավայրերում զբաղեցրել է հոգևոր բարձր պաշտոններ։ 1540 թ.-ին Գրիգոր ԺԱ Բյուզանդացու կողմից հրավիրվել է Սբ. Էջմիածին և նշանակվել Մաղարդի (Երնջակ) Սբ. Ստեփանոս վանքի վանահայր։ Այստեղ ծավալել է մանկավարժական բուռն գործունեություն, ուսուցանել է բազմաթիվ աշակերտների։ 1541 թ.-ին Գրիգոր ԺԱ Բյուզանդացին նրան նշանակել է աթոռակից կաթողիկոս։ Ստեփանոս Ե Սալմաստեցին Մայր Աթոռում կատարել է շինարարական և վերանորոգչական լայն աշխատանքներ, վերաբացել է Սբ. Էջմիածնի դպրոցը։
1545 թ.-ին Ստեփանոս Սալմաստեցին ընտրվել է Ամենայն Հայոց կաթողիկոս։ Մայր Աթոռի տնտեսական ծանր վիճակը թեթևացնելու միտումով 1547 թ.-ին Միքայել եպիսկոպոս Սեբաստացուն (հետագայում Ամենայն Հայոց կաթողիկոս Միքայել Ա Սեբաստացի) նշանակել է աթոռակից կաթողիկոս, ավելի ուշ՝ նաև Գրիգոր եպիսկոպոս Վաղարշապատցուն (հետագայում Ամենայն Հայոց կաթողիկոս Գրիգոր ԺԲ) և Բարսեղ եպիսկոպոս Վաղարշապատցուն։ Նման իրողությունը խիստ թուլացրել է կաթողիկոսարանի կենտրոնամետ քաղաքականությունը։
Հայաստանի ազատագրության հարցը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեփանոս Ե Սալմաստեցու ջանքերով Հայաստանի ազատագրության հարցը դարձել է միջազգային քննարկման առարկա։ Կապեր է հաստատել հակաօսմանյան լիգա ստեղծելու միտումով գումարված Տրիտենդյան եկեղեցական ժողովի (1545) հետ։ 1547 թ.-ին Էջմիածնում հրավիրել է արևելահայ մելիքների և բարձրաստիճան հոգևորականների («Տէրանց Հայոց») գաղտնի խորհրդաժողով։ Նույն թվականին աթոռակից Միքայել եպիսկոպոս Սեբաստացուն փոխանցելով կաթողիկոսարանի գործերը՝ գլխավորել է մելիքների հանձնարարական նամակներով Արևմտյան Եվրոպա մեկնող պատվիրակությունը։
1548 թ.-ին ժամանել է Վենետիկ, ուր բանակցություններ է վարել հանրապետության դոժի հետ։ Պահպանված փաստաթղթերից ակներև է դառնում, որ Հայոց հովվապետն իր քաղաքական ակնկալությունները կապել է Վենետիկի հետ։ Այնուհետև մեկնել է Հռոմ, հանդիպումներ ու բանակցություններ վարել Պողոս Գ և Հուլիոս Գ պապերի հետ։ Սակայն Վատիկանում հայ-հռոմեական բանակցությունները հիմնականում կրել են դավանաբանական բնույթ։ Քաղաքական երկխոսության փոխարեն Հռոմն առաջադրել է զույգ եկեղեցիների միության հնարավորության հարցը։ Բանակցությունների ընթացքից հիասթափված Հայոց կաթողիկոսը մեկնել է Վիեննա, ապա՝ Վարշավա, խորհրդակցել «Հռոմեական սրբազան կայսրության» կայսր Կառլոս V-ի և Լեհաստանի թագավոր Սիգիզմունդ II Օգոստոսի հետ։ Ավարտելով դիվանագիտական բանակցությունները Արևմուտքում՝ Ստեփանոս Ե Սալմաստեցին 1551 թ.-ին Լեհաստանի, Արևմտյան Ուկրաինայի և Ղրիմի հայկական գաղթավայրերն այցելելուց հետո 1552 թ.-ին վերադարձել է Հայաստան։
Մատենագրական գործունեություն
Ստեփանոս 5
Սալմաստեցին զբաղվել է նաև մատենագրությամբ, մեկնել է Հովհաննեսի Ավետարանը, գրել է Քրիստոսի և ավետարանիչների վարքը, հեղինակել տաղեր («Եղուկ եւ վայ ինձ» և այլն)։
1552 թ.-ին Լվովում Ստեփանոս Ե Սալմաստեցու վախճանվելու և այնտեղ կաթոլիկ ծեսով թաղվելու մասին կարծիքը ժխտվում է հիշատակարանների վկայություններով։ Լվովի հայոց Մայր եկեղեցում նրա անունով կեղծ տապանաքարն ու արձանագրությունը հետապնդել են տեղի հայերին դավանափոխության մղելու նպատակ։
Կաթողիկոսական գահին Ստեփանոս Ե Սալմաստեցուն հաջորդել է Միքայել Ա Սեբաստացին։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հ. Ղեւոնդ Ալիշան, Հայ-Վենետ կամ յարընչութիւնք հայոց եւ վենետաց, Վենետիկ-Սբ. Ղազար, 1896, ՍՏԵՓԱՆՈՍ Ե ԿԱԹՈՂԻԿՈՍ բաժինը։
- Գր. Հովհաննիսյան Ա. Գ., Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության, գիրք 2, Երևան, 1959
- Պետրովիչ Գր., Ստեփանոս Ե Սալմաստեցի. Կաթողիկոս Էջմիածնի, Վենետիկ, 1964
- Անասեան Յակոբ, Ստեփանոս Սալմաստեցի (հատուածներ նոր ուսումնասիրութիւնից), Երուսաղէմ, 1981 (արտատպուած «Սիոն» ամսագրի 1980 եւ 1981 թթ. համարներից)։
- Օրմանեան Մ., Ազգապատում, հատ. Բ, Ս. Էջմիածին, 2001
- Չամչեան Մ., Պատմութիւն Հայոց, հատ. Գ, Վենետիկ, 1786։
- Սիմէօն Երևանցի, Ջամբռ, Վաղարշապատ, 1873։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախորդող՝ Գրիգոր ԺԱ Բյուզանդացի |
Կաթողիկոս 1545–1567 |
Հաջորդող՝ Միքայել Ա Սեբաստացի |
|