Վահրամյաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox prétendant à un trône.png
Վահրամյաններ
Վահրամյաններ
Երկիր Զաքարյան Հայաստան
Տիրույթներ Ձորափոր, Տավուշ, Փառիսոս, Գարդման գավառներ
Ծագում Զաքարյաններ
Հիմնադիր Վահրամ Ա
Մեծագույն ներկայացուցիչ Վահրամ Բ Գագեցի
Հիմնում 1190
Ավարտ 1284
Ազգային պատկանելիություն Հայ

Վահրամյաններ, իշխանական տուն միջնադարյան Հայաստանում, գործել են 1190-1300-ական թթ-ին, եղել են Վահրամյան իշխանատիրույթի հրամանատար-կողմնակալներ, մասամբ կամ ամբողջովովին Ձորափոր, Տավուշ, Փառիսոս, Գարդման գավառների սյուզերեն տերեր, կրել են իշխանաց-իշխան տիտղոս-կոչում։

Վահրամյանների իշխանատիրույթի սահմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահրամյանների իշխանատիրույթը ձևավորվել է 1190-1200-ական թթ-ին։ Իշխանատիրույթի սահմանները ձգվել են Գագի բերդից մինչև Շամքոր, Կուրից մինչև Սևանա լեռներ։ Այս տարածքում են գտնվել Գագ, Գավազան (Գավառծին), Կածարեթ, Երգեվանք, Տավուշ, Տերունական, Սազիմ, Քարհերձ, Գարդման բերդերը, Շամքոր քաղաքը։ Մայրաքաղաքն էր Գագը, հոգևոր կենտրոնը՝ Նոր Վարագավանքը։ Իշխանատիրույթի սահմանով է անցել Պարտավ-Գանձակ-Շամքոր-Թիֆլիս առևտրական մայրուղու մի հատվածը։ Վահրամյաններից վասալական կախման մեջ են գտնվել Մածնաբերդի և Նոր Բերդի Կյուրիկյան իշխանությունները։

Տոհմական ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահրամյանները պատկանել են Զաքարյան արքայատոհմի կրտսեր ճյուղին։ Սերում են ամիրսպասալար Սարգիս Զաքարյանի եղբայր Վահրամ Ա-ից, որի անունով էլ տոհմն ստացել է Վահրամյաններ անունը։ Վահրամ Ա-ն վախճանվել է նախքան 1176 թ-ը։ Նա փոքր կալվածքներ է ունեցել Դեբեդի ձորում։

Վահրամյան տոհմի ազդեցիկ ներկայացուցիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամիրսպասալար Սարգիս Զաքարյանի եղբոր՝ Վահրամի որդի Բլուզ /կրտսեր/ Զաքարե Ա-ն /1176-1205 թթ-ին/ հորեղբորորդիներ Զաքարե Բ և Իվանե Ա հետ կարևոր դերակատարություն է ունեցել ինչպես Զաքարյան Հայաստանի, այնպես էլ Վրաստանի պետության քաղաքական կյանքում, հենարան է եղել Թամար թագուհուն՝ ֆեոդալական կենտրոնախույս ուժերի և արտաքին թշնամիների դեմ պայքարում։ Հորը հաջորդել է որդին՝ Վահրամ Բ Գագեցին, որի օրոք Վահրամյանների իշխանությունը հասել է իր հզորության գագաթնակետին։ Նրան հաջորդել է որդին՝ Աղբուղան, որի օրոք Վահրամյանների իշխանուտիրույթը սկսել է թուլանալ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բլուզ Զաքարե Ա-ն Գանձակի Ելտկուզյան աթաբեկության տիրապետությունից ազատագրելով հայկական գավառները, հիմնադրել է Վահրամյանների իշխանատիրույթը։ Նրան հաջորդել է որդին՝ Վահրամ Բ Գագեցին։ 1212/1213 թ-ին նա նշանակվել է Վրաստանի թագավորության մասխուրթուխուցես /համապատասխանում է սենեկապետի պաշտոնին/։ Օժտված լինելով զորավարական և վարչական ունակություններով, նա մեծ դեր է խաղացել երկրի քաղաքական կյանքում և օտար նվաճողների դեմ պայքարում։ Հատկապես աչքի է ընկել 1220-1221 թթ-ին մոնղոլների հետախուզական արշավանքի և 1225-1231 թթ-ին՝ Ջալալ էդ դինի հրոսակախմբերի դեմ կազմակերպված դիմադրության ժամանակ։ 1236 թ-ին իր իշխանատիրույթն ավերածություններից զերծ պահելու համար, ընդունել է մոնղոլների գերիշխանությունը և ճանաչվել "թուման"-ի վերածված իր իշխանատիրույթի ղեկավար /մոտ 400 հազար բնակիչ/։ 1240-ական թթ-ին, Աղբուղա որդու հետ, իր զորքով մասնակցել է դեպի Հարավային Հայաստան մոնղոլների ձեռնարկած արշավանքներին։ 1245-1247 թթ-ին Վահրամ Բ Գագեցին վճռորոշ դեր է խաղացել Գեորգի Լաշայի որդի Դավթին արևելավրացական գահ բարձրացնելու գործում, իսկ 1249 թ-ին մասնակցել է մոնղոլների դեմ հայ-վրացական ապստամբությանը։ Վահրամ Բ-ին հաջորդել է Աղբուղան։ Նրա օրոք Վահրամյանների իշխանատիրույթն սկսել է թուլանալ։ 13-րդ դարի երկրորդ կեսին Աղբուղային հաջորդել են որդիները՝ Վահրամ Գ-ն, Զաքարե Բ-ն, Իվանեն։ Վահրամյանների մասին եղած վերջին տեղեկությունը թվագրվում է 1284 թ-ով։

Վահրամյանների զինանշան[խմբագրել | խմբագրել կոդը]

Զաքարյանները /այդ թվում Վահրամյանները/ տարբեր առիթներով շեշտել են, որ իրենք Բագրատունիների սերնդից են և որպես իրավահաջորդ՝ ժառանգեցին նաև Բագրատունիների զինանշանը։ Մեզ են հասել Վահրամյանների զինանշանի օրինակներ։ Դրանք գտնվում են Խորանաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցու արևելյան պատին և գավթի արևմտյան պատին։ Դրանցից առաջինը տեղադրված է Սուրբ Աստվածածին եկեղեցու արևելյան ճակատին, ամենաաչքի ընկնող տեղում, զույգ պատուհաններից վերև, վեհասքանչ խաչի աղեղնաձև հիմքի տակ։ Քանդակված է ճանկերով ինչ-որ կենդանու ողնաշարից բռնած արծիվ։ Արծիվը քանդակված է թևերը բաց, թռիչքի պահին, հարթ, առանց մանրամասների ընդգծման և գրեթե կրկնում է Մայր տաճարի արևմտյան ճակատի Բագրատունիների զինանշանի զույգ արծիվներին։ Արծվի ճանկերի մեջ՝ գլխով դեպի ձախ դարձած կենդանի, գիշատիչ գազան է, հավանաբար աղվես։ Նման եզրակացության հիմք է տալիս կենդանու սուր, բաց երախը, երկար ականջները։ Հակառակ արծվի՝ այս կենդանու մարմնի մանրամասներն ավելի որոշակի ընդգծված են ու խոսուն։ Վահրամյանները, որպես տոհմական զինանշան ընդունելով ազատ, անընկճելի արծվին, միաժամանակ իրենց թշնամիներին, որ սելջուկ-թուրքերն էին, պատկերել են թալանի, արյան, խորամանկության մարմնացում կենդանու՝ աղվեսի տեսքով, որին իրենք ողնաշարախեղ են դարձրել, ինչպես վարվեցին թուրք ելտկուզյանների հետ, երբ ազատագրում էին իրենց լայնածավալ իշխանատիրույթը։ Երկրորդը գտնվում է գավթի արևմտյան պատին, մուտքից վերև։ Այստեղ տեսնում ենք երկու նստած առյուծներ, որոնց կենտրոնում պատկերված մարդը բռնել է առյուծների պարանոցին ագուցված շղթան։ Առյուծները արձանային աշխատանք են, իսկ մարդը՝ հարթաքանդակ։ Ինչպես մարդը, այնպես էլ առյուծները դեմքով նայում են դիտողին։ Շղթայակապ առյուծներ առկա են Գեղարդի վանքի Խաղբակյանների զինանշանում, ինչպես նաև Մակարավանքում, Գանձասարում։ Խորանաշատի առյուծների միջև կանգնած մարդը շքեղ հագուստով է, իշխանական տեսքով։ Այստեղ կոնկրետ կերպարներ են քանդակված, և քանդակն անժխտելիորեն զինանշանային արժեք ունի։ Առյուծները կարող են լինել հայր ու որդի Բլուզ /կրտսեր/ Զաքարե Ա-ն և Վահրամ Բ Գագեցին, իսկ պարեգոտով մարդը՝ իշխանատոհմի հիմնադիր Վահրամ Ա-ն։

Մշակութային կենտրոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահրամյանների օրոք ծաղկում են ապրել նրանց հոգևոր կենտրոն Նոր Վարագավանքը և մշակութային կենտրոն Խորանաշատի վանքը։ Նոր Վարագավանքը հիմնադրել և կառուցապատել են Կյուրիկյան իշխանապետերը։ Վահրամյանների օրոք այն դարձել է նրանց հոգևոր կենտրոնը։ Վանքի վանահայր Հովհաննես Տուեցին /1237-1261 թթ-ին/ այստեղ կառուցել է խոշոր, ուղղանկյուն գավիթը։ Խորանաշատը հիմնադրել է Վանական Վարդապետը 13-րդ դարի առաջին կեսին։ Պահպանվել են 1211-1222 թթ-ին կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին, գավիթը, Սուրբ Կիրակի գմբեթավոր մատուռի մնացորդները, պարսպի հատվածներ և գերեզմանատունը։ Վանական Վարդապետն այստեղ հիմնել է բարձր տիպի դպրանոց՝ վարդապետարան։ Այստեղ սովորել են պատմիչներ Կիրակոս Գանձակեցին, Վարդան Արևելցին, Մաղաքիան, Ստեփանոս Աղթամարցին և ուրիշներ։ Վանական Վարդապետից հետո դպրանոցը գլխավորել են իր ազգականներ Գրիգորիս և Պողոս վարդապետները։ Այս դպրանոցում գրվել ու ընդօրինակվել են տասնյակ ձեռագրեր։ Դրանցից պահպանվել ու այժմ Մատենադարանում պահվում են մի "Ժողովածու"` գրված 1223 թ-ին /գրիչ Ստեփանոս Աղթամարցի, ձեռագիր 2101/, "Նարեկ"` գրված 1283 թ-ին /գրիչ Մարտիրոս, ձեռագիր 1563/, "Ավետարան"` գրված ԺԵ դարում /ձեռագիր 5601/, "Ժամգիրք"` գրված 1672 թ-ին /ձեռագիր 8882/, "Մաշտոց"՝ գրված 1774 թ-ին /գրիչ Ավետիս, ձեռագիր 3536/։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արտաշես Շահնազարյան, Վահրամյանների իշխանության պատմությունից։ ՀԽՍՀ ԳԱ,, Լրաբեր,, հաս.գիտությունների հանդես, 1974 թ., թիվ 4։
  • Արտաշես Շահնազարյան, Վահրամյանների իշխանությունը մոնղոլների տիրապետության օրոք։ ՀԽՍՀ ԳԱ,, Լրաբեր,, հաս.գիտությունների հանդես, 1983 թ., թիվ 12։
  • Տիգրան Հայազն, Հայկական իշխանական զինանշաններ։ Երևան, 2005 թ.։