Անիի եկեղեցական ժողով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անիի եկեղեցական ժողով, եկեղեցական ժողով, որը տեղի է ունեցել միջնադարյան Հայաստանի Անի քաղաքում 1207 թվականին։ Գումարվել է Սբ․ Ծննդյան տոնի նախօրեին, Հայոց իշխան Զաքարե ամիրսպասալարի (Զաքարե Բ Մեծ Երկայնաբազուկ) նախաձեռնությամբ՝ հայկական բանակում Սբ․ Պատարագի շարժական սեղան ունենալու կամ վրանում պատարագ մատուցանելու օրինավոր արտոնություն ստանալու համար։ Հայ-վրացական միացյալ զորքում, որի գերագույն հրամանատարն էր (ամիրսպասալար) Զաքարե զորավարը, վրաց հոգևորականները հեռավոր ռազմարշավների ժամանակ, ռազմաճակատում քարաշեն եկեղեցիներ չլինելու պատճառով, Պատարագ են մատուցել վրաններում և հաղորդություն տվել վրացի զինվորներին, ինչն արգելվում էր Հայ եկեղեցու կանոնագրքով։ Վրաց հոգևորականները հայ զինվորականությանն ու հոգևորականությանը նախատել են այդ պատճառով, ինչն էլ նոր առիթ էր հայ-վրացական դավանական ու ծիսական տարբերությունների շուրջ կրքեր բորբոքելու և փոխադարձ մեղադրանքներ ներկայացնելու համար։ Իվանե և Զաքարե եղբայրները փորձել են այս կետը մի քանի այլ ծիսական անհամաձայնությունների հետ ընդունելի դարձնել Հայ եկեղեցում։ Զաքարե ամիրսպասալարն այդ նպատակով դիմել է Կիլիկյան Հայաստանի թագավոր Լևոն Բ-ին և Հռոմկլայում նստող Հայոց կաթողիկոս Հովհաննես Զ Սսեցուն։ 1204 թ.-ին Սսում գումարված եկեղեցական ժողովը (տես Սսի եկեղեցական ժողովներ) քննարկել և ընդունել է առաջարկությունը։ Դրական պատասխանի հետ միասին կաթողիկոսը Զաքարեին է ուղարկել նաև շարժական սեղան և ծիսական այլ պարագաներ։ Սակայն այդ նորամուծությանը հակադրվել են Հյուսիսային Հայաստանի վարդապետները (տես Արևելյան վարդապետներ)՝ այն դիտելով իբրև զիջում քաղկեդոնական Վրաց եկեղեցուն։ Վարդապետների դիմադրությունը կոտրելու և խնդիրը կրկին քննարկելու համար Զաքարե ամիրսպասալարը 1205 թ.-ին ժողով է հրավիրել Լոռե բերդաքաղաքում, սակայն արդյունքի չի հասել։ 1207 թ.-ի Անիի եկեղեցական ժողովը, որին, ըստ XIII դ․ պատմիչ Կիրակոս Գանձակեցու, ներկա են եղել Լոռեի ժողովի բոլոր մասնակիցները՝ Հաղպատի, Անիի, Բջնիի, Դվինի, Կարսի եպիսկոպոսները, վարդապետները, այդ թվում՝ Մխիթար Գոշը, Դավիթ Քոբայրեցին և ուրիշներ, կրկին մերժել է ծիսական այդ նորամուծությունը։ Սակայն Զաքարե ամիրսպասալարն անձնական նախաձեռնությամբ այն կիրառել է հայկական բանակում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]