Անիի վարդապետարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Անիի դպրոց, իմաստասիրական բարձր կարգի դպրոց Անի քաղաքում, կոչվել է նաև ճեմարան: Գործել է 11–13-րդ դարերում։ Բուռն ծաղկում է ապրել Հովհաննես Սարկավագի դպրապետության օրոք՝ 12-րդ դարի սկզբին։ Ուսուցման մեջ կարևոր տեղ է տրվել քերականությանը, իսկ Իմաստասերի ժամանակ՝ նաև բնական գիտություններին։ Անիի դպրոցում ավանդվում էին լեզուներ, գրչության արվեստ, տոմարագիտություն, մաթեմատիկա, աստղաբաշխություն, իմաստասիրություն, ճարտասանություն, աստվածաբանություն, ուսումնասիրվում անտիկ աշխարհի մտածողներ Արիստոտելի, Փիլոնի և այլոց երկասիրությունները։ Անիի դպորցում դասավանդել են Հովհաննես Սարկավագի աշակերտներ Սամուել Անեցին ու Երեմիա Անձրևիկը, Մխիթար Անեցին և ուրիշներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տասներորդ դարից սկսած իր ծաղկման բուռն վերելքն է ապրում Անի քաղաքը իր զարգացող տնտեսությամբ, արհեստներով ու առևտրով, իր ճարտարապետական հոյակապ կառուցվածքով ու արվեստներով, իր շուք ու փայլով: Զարգացման այս շրջանում, Անիում ստեղծվում են դպրոցական և գիտական հաստատություններ, ուր անարգել կերպով մուտք են գործում մի շարք նոր և վերածնվող՝ «երկրային գիտությունները»:

Անիում ուսուցանում են արտաքին-իմաստասիրական, համարողական-մաթեմատիկական ու բնական գիտություններ և այդ գիրությունների «օրենքների իմացությունը»:

Հաղբատի անունը փառաբանող նշանավոր գիտնական Հովհաննես Սարկավագը 12-րդ դարի սկզբներին տեղափոխվում է Անի քաղաք և կանգնում այստեղի բարձր տիպի դպրոցի գլուխ: Այս դպրոցը միջնադարի բարձր դպրոցներից կամ ճեմարաններից մեկն էր և շատ բնորոշ ու համապատասխան էր տնտեսապես հարուստ, արհեստներով ու արվեստներով զարգացած, ճարտարապետական հոյակապ կոթողներով առատ Անի քաղաքին: Անիի դպրոցում դասախոսություններ էին կարդում Մագիստրոսն ու ուրիշ գիտուն վարպետներ՝ փիլիսոփայության, մարդակազմության, աստղաբաշխության, երաժշտության և այլգիտություններիվերաբերյալ: Անեցիները գիտության տարբեր բնագավառների համար տվել ենշատ անվանի փիլիսոփաներ, պատմագիրներ, ճարտարապետներ, երաժիշտներ և այլն:

Անին ունեցել է գրչության լավ օջախ, այնտեղ են հորինվել, գրվել և թարգմանվել շատ գրքեր, որոնց մի մասը մնացել է մինչև այսօր: Սարկավագը գալիս է Անի գիտության ծանր բեռով, գիտելիքների հարուստ պաշարով, հմտությամբ ու փորձով զինված և այդ բոլոր հարստություններով լցնում է Անիի դպրատունը, իր շուրջը հավաքված ուշիմ և խոնարհ աշակերտներին ախորժելի սիրով սկսում է ուսուցանել բարդ և խորը գիտելիքներ:

Անիի դպրոցի աշխարհիկ ձգտումները խիստ ակնառու են: Այս դպրոցում ուսուցանվող առարկաները կյանքի պահանջով են մտել այստեղ: Անիի դպրոցը միանգամյան աշխարհիկ պահանջներին համապատասխան էր կառուցված և ամբողջապես գտնվում էր արքունիքի հովանավորության ներքո: Անիի դպրոցում շատ խոշոր տեղ է տրվել լեզվի և հատկապես քերականության ուսուցմանը, վերջինիս համարելով գիտության բանալի, ճիշտ խոսքի և մտածողության զարգացման միջոց, գեղեցիկ խոսքի և արտասանության դաստիարակ և վերջապես գիտություն, որը հեշտացնում է այլ գիտելիքների ձեռքբերումը, որպես միջոց ուրիշ գիտելիքներ ճիշտ հասկանալու և լավ ըմբռնելու համար:  Անիի դպրոցում մեծ տեղ էր տրվում գրագիտության ուսումնասիրմանը, գրագետ մարդու համար առաջադրվում էր տարրական պահանջ, առանց սխալների գրելը, ճիշտ և առոգանությամբ կարդալը: Անիի ուսուցիչները չէին հանդուրժում տառասխալներ և կետադրության սխալներ, ընթերցելու ժամանակ ուշադրություն էին դարձնում, որ աշակերտները կարդան առոգանությամբ և տրամաբանական շեշտով: Այսպիսի ընթերցումը նրանք ծառայեցնում էին նաև աշակերտների ուղղախոսության և ճարտասանական ունակությունների զարգացման գործին:

Անիում  գրաճանաչության ուսուցման այնպիսի մեթոդ գոյություն ուներ, որը տարբերվում էր տվյալ ժամանակաշրջանի մեթոդներից: Նախ աշակերտները բանավոր կերպով վարժվում էն արտասանել ձայնավոր հնչյունները, ապա սովորում էին մնացած բոլոր տառերը և նրանց անունները, սրանից անմիջապես հետո բոլոր բաղաձայնները հնչվում էին ձայնավորների, ապա ձայնավորները բաղաձայնների հետ: Այս բոլորը կատարվում էր ցուցադրվող տառերով, ուսուցչի ղեկավարությամբ և հետո կազմվում էին վանկեր ու բառեր:

Սարկավագը ձգտում էր ամեն կերպ ուսուցումը մատչելի դարձնել, հեշտացնել այն ու հաճելի մեթոդների միջոցով դաստիարակել աշակերտների մեջ ունկնդրելու և դատելու կարողությունները: Նա ձգտում էր դաստիարակել «Գիտուն պարզախոսներ», ընդունակ գրողներ, գրիչներ, երգիչներ և հասարակական այլ կարիքները հոգացող մարդիկ:

Անիի դպրոցում ուսուցանվում էր անտիկ աշխարհի մի շարք գիտնականների (Պլատոնի, Արիստոտելի, Փիլոնի, Պյուտագորոսի և այլոց) երկասիրությունները, որոնք ըստ Սարկավագի խիստ անհրաժեշտ ու արդյունավետ գիտություններ են պարունակում իրենց մեջ  և առանց դրանց ուսուցման, կրթությունը կլիներ խիստ թերի ու պակասավոր:

Սարկավագը դառնությամբ է հիշում դաստիարակի և ծնողի կողմից ծեծի դեպքերը, հետևաբար Անիի դպրոցում նա չէր գործադրում ծեծը: Անիի դպրոցում գործադրվել են զգուշացման խիստ միջոցներ, խրատը, համոզելը, նաև սպառնալիքները, որոնք առաջացրել են վախի ուժեղ զգացմունքներ: Սարկավագի գլխավորած Անիի դպրոցում շատ ուժեղ էր կարգապահությունը, և այդ բոլորը կախված էր Անիի դպրապետի անվան, նրա հեղինակության, նրա գործադրած մեթոդների ու մանկավարժական տակտի հետ:

Անիի և հայաստանի այլ քաղաքներում եղել են դպրոցներ կամ դպրոցական ձևի խմբային ուսուցման վայրեր, ուր դասավանդվել են ճարտարապետական և այլ կառուցողական գիտելիքներ: Իսկ ինչ վերաբերում է Անիին, ապա մի շարք փաստեր ասում են, որ այնտեղ եղել է առանձին ճարտարապետական, կառուցողական գիտելիքներ ուսուցանող դպրոցական տիպ:

Անիում եղել են տարբեր աստիճանի մի շարք դպրոցներ, որ Հովհաննես Սարկավագի դպրոցը եղել է բարձր տիպի, պետական հովանավորության տակ և նրա միջոցներով սնվող աշխարհիկ բնույթի դպրոց: Անիի դպրոցի աշխարհիկ դպրոցը ապացուցվում է այդ դպրոցում ուսուցանվող առարկաներով և նրանց ուսուցման եղանակներով: Սարկավագի ժամանակ Անիի դպրոցը կանգնած է եղել հայոց դպրոցների գլուխ:

Հայոց մայրաքաղաք Անիին խիստ վայել ու համապատասխան է եղել Սարկավագի գլխավորած բարձր տիպի դպրոցը, նա եղել է օրինակ տվողն ու միտք շարժողը հայոց մյուս դպրոցների համար: Անիի դպրոցի գյուտը, իսկապես որ գյուտ էր հայոց մանկավարժության պատմության համար, որովհետև նա հայոց դպրոցական շղթան միացնող ամենամեծ օղակն էր: Առանց այդ դպրոցի և Սանահնի ու Հաղբատի դպրոցների, հայոց դպրոցի հաջորդական կապը կտրված կմնար 12-րդ դարի վերջից մինչև 13-րդ դարի վերջերը, և Հայաստանը իր այդ ժամանակի հայտնի դպրոցը չէր ունենա:

Գրկականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբրահամյան Ա. Գ., ՝Հովհաննես Իմաստասերի մատենագրությունը, Ե., 1956։ Մովսիսյան Ա. I»., Ուրվագծեր հայ դպրոցի ե մանկավարժության պատմության (X–XV դդ.), Ե., 1958։

Մովսիսյան Ա. I»., Ուրվագծեր հայ դպրոցի ե մանկավարժության պատմության (X–XV դդ.), Ե., 1958։(էջ 238-251)

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 412 CC-BY-SA-icon-80x15.png