Վահրամ Պահլավունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վահրամ Պահլավունի
Իշխանաց իշխան
982 - 1021
Հայոց սպարապետ
1021 - 1045
Նախորդող Վասակ Պահլավունի
 
Ծննդյան օր 965
Վախճանի օր 1045
Վախճանի վայր Դվին, Դվինի ամիրայություն
Թաղված Գերեզման Վահրամ Պահլավունու
Դինաստիա Պահլավունիներ
Քաղաքացիություն  Բագրատունիների թագավորություն
Հայր Գրիգոր Պահլավունի (Համզա)
Մայր Շուշան Պահլավունի
Ամուսին Սոֆի Անձևացի
Զավակներ Աբուղամր Պահլավունի, Գրիգոր Պահլավունի և Սմբատ Պահլավունի

Վահրամ Պահլավունի (965 - 1045, Դվին, Դվինի ամիրայություն), հայ ռազմական և պետական գործիչ, զորավար, անթիպատ պատրիկ, Իշխանաց իշխան (982-1021), Հայոց սպարապետ (1021-1045)։

Գրիգոր Համզայի և Շուշանի որդին, Գրիգոր Մագիստրոսի հորեղբայրը, Պահլավունիների իշխանական տոհմից։ Կառուցել է նշանավոր Մարմաշենի վանքային համալիրը և Ամբերդի Վահրամաշեն եկեղեցին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես-Սմբատի և Աշոտ Դ-ի մահից հետո ղեկավարել է պայքարը Անին ուժով գրավել ցանկացող բյուզանդական բանակների դեմ, կազմակերպել է Աշոտի որդի Գագիկ Բ-ին Բագրատունյաց գահի վրա հաստատելը, դեմ է եղել երիտասարդ արքայի Բյուզանդիա մեկնելուն։ Անին Բյուզանդիայի կողմից նվաճվելուց հետո (1045 թ.) ութսունամյա զորավարը զենքը ձեռքին դարձյալ կռվել է հայրենի երկիրը ավերող մի այլ թշնամու՝ Դվինի էմիր Աբու-լ-Ասվարի դեմ։ Հենց այդ մարտում սպանվել է իր Գրիգոր որդու հետ միասին 1046 թ. կամ 1047 թ.։

Բագրատունյաց Հայաստանի արքունիքում զբաղեցրել է բարձր պաշտոններ, եղել է Հայոց իշխանաց իշխան (980-ական թվականներին մինչև 1020-ական թվականները)», այնուհետև՝ Հայոց սպարապետ։ Ատրպատականի ամիրա Մամլանի դեմ հայ-վրացական միացյալ ուժերի պայքարում գլխավորել է հայոց զորքերը։ Պետական ծառայության դիմաց Բագրատունի թագավորներից տիրույթներ է ստացել Շիրակում, Արագածոտնում, կառուցել Մարմաշենի գլխավոր եկեղեցին (988-1029 թվականներին) և Ամբերդի եկեղեցին (1026 թվականին)։ Վարել է Բագրատունյաց կենտրոնական իշխանության ամրապնդման և ավատատիրական խռովությունների ճնշման քաղաքականություն։ Հայոց Հովհաննես-Սմբատ թագավորի մահից (1041 թվականին) հետո մերժել է Վեստ Սարգսի գահակալական հավակնությունները և օժանդակել Գագիկ Բ-ի գահ բարձրանալուն։ Փորձել է խոչընդոտել վերջինիս այցը Կոստանդնուպոլիս՝ հասկանալով, որ բյուզանդական արքունիքը դավադրություն է նյութում Հայոց արքայի դեմ։ Ըստ Արիստակես Լաստիվերցու՝ Հայոց բանակը՝ Վահրամ Պահլավունու գլխավորությամբ, Անիի մատույցներում չորս անգամ ետ է մղել այն նվաճել փորձող բյուզանդական բանակը։ Անին Բյուզանդիային անցնելուց (1045 թվական) հետո Վահրամ Պահլավունի մասնակցել է կատապան Միքայել Իասիտեսի՝ Դվինի ամիրա Աբուլ-Ասվարի դեմ կազմակերպած արշավանքին և Գրիգոր որդու հետ զոհվել է մարտի ժամանակ։ Թաղված է Մարմաշենի վանքում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ակինյան Ն.,Պահլաւունի եւ Լամբրոնի Հեթումեանց ազգաբանութիւնը, Ա. Պահլաւունիք, ՀԱ, 1954, համար 1-6։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արիստակես Լաստիվերցի, Պատմություն, թարգմանությունը՝ Վ. Ա. Գևորգյանի, Երևան, 1971։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։