Ականց անապատ
Ականց անապատ | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք և գոյություն չունեցող շենք կամ կառույց |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Eğner? |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Հիմնադիր | Լևոն Բ |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Հիմնադրված | 12-րդ դար |
![]() | |
![]() | |

Ականց անապատ, Ականց վանք, Ակներավանք, Ակների վանք, Ակներո վանք, Ակներս, Առաքելոց վանք[1], Կիլիկյան Հայաստանի գլխավոր վանքերից, գրչության, մանրանկարչության և գիտության խոշոր կենտրոն։ Գտնվել է Ցախուտ և Բարձրբերդ գավառների սահմանագլխին, Բարձրբերդ բերդի մերձակայքում, Ակներ գյուղի շրջակայքում, աղբյուրաշատ վայրում։ Անվանումը ծագել է «ակն», «ակներ», «ակունք» բառերից։ Վանքը կառուցել է Լևոն Բ թագավորը 1198–1203-ին, օծել է Հայոց կաթողիկոս Գրիգոր Զ Ապիրատը։ Գործելով Կիլիկիայի Հայկական թագավորության քաղաքական և ռազմական հզորության ժամանակաշրջանում՝ վանքը եղել է նաև պետության դիվանագիտական ու հոգևոր գործերի խորհրդարան։
Ականց անապատի մասին վկայություններ են թողել Սամուել Անեցին (XII դ.), Կիրակոս Գանձակեցին (XIII դ.), Վահրամ Րաբունին (XIII դ.), Հեթում պատմիչը (XIV դ.), Դավիթ Բաղիշեցին (XVII դ.)։ Համակառույցի կազմում հիշատակվում են երեք եկեղեցիներ՝ Սուրբ Աստվածածին, Սուրբ Հակոբ (կամ Սուրբ Նշան) և Սուրբ Առաքելոց։ Ականց անապատն իր գոյության համեմատաբար կարճ ժամանակամիջոցում համահայկական հռչակ է վայելել գրչության արվեստով։ Վկայություններ կան նաև Արևելյան Հայաստանի հետ կապերի մասին։ Գրչության դպրոցից մեզ հասած ամենահին ձեռագիրը 1215-ից է, ամենաուշը՝ 1342-ից։ Վանքում ընդօրինակվել են բազմաթիվ հոգևոր ճառերի ժողովածուներ, Ժամանակագրություններ, Ավետարաններ, Մաշտոց, Նարեկ, Շարակնոց, Ագաթանգեղոսի Պատմությունը, մեկնություններ ևն (մեզ է հասել շուրջ 30 ձեռագիր), որոնց հիշատակարաններում տեղեկություններ կան ժամանակի դեպքերի, պատմական անձերի մասին։ Գրչության բարձր արվեստով նշանավոր են Պետրոսի, Դավթի, Բարսեղի, Ղազարի, Վարդանի, Ներսեսի, նրա որդի Սերովբեի և այլոց ձեռագրերը։ Ականց անապատի միաբաններից էր պատմիչ Գրիգոր Ակներցին։ Նա 1273-ին կատարելությամբ ընդօրինակելով Միքայել Ասորու «Ժամանակագրութիւն»-ը, գրել է նաև «Պատմութիւն վասն ազգին նետողաց» աշխատությունը։
Ականց անապատը եղել է XIII դ. կիլիկյան մանրանկարչության վերելքի շրջանի ինքնատիպ կենտրոններից մեկը, Գռների և Բարձրբերդի գրչատների հետ կազմել Հովհաննես Արքաեղբայր րաբունապետի մանրանկարչական «դպրոցը», որտեղ մշակվել է գրքի գեղարվեստական ձևավորման մի ոճ, որի առանձնահատուկ կողմերն են՝ մարդկային մարմնի համաչափությունների և զարդապատկերների առանձին դրվագների ճիշտ վերարտադրությունը, պատկերագրական որոշ կանոնների ինքնատիպ լուծման ձգտումը, կատարման յուրահատուկ գրաֆիկական տեխնիկայի կիրառումը։ Ականց անապատում ընդօրինակված և պատկերազարդված ձեռագրերից նշանավոր են 1287-ի Ավետարանը, «Վասակ իշխանի Ավետարանը», որոնց նախատիպն է եղել «Կեռան թագուհու ավետարանը» (1272)` նվիրված «Ի վանս որ կոչի Ակներ»։ Ականց անապատում են գործել Պողոս, Գրիգոր, Կարապետ, Հովհաննես ծաղկողները, Ռուբեն, Բարսեղ քահանա կազմողները և ուրիշներ։
Ականց անապատի միաբանությունը եռանդուն մասնակցություն է ունեցել Կիլիկյան Հայաստանի կրոնաեկեղեցական գործերին։ Հայոց Գրիգոր Է Անավարզեցի կաթողիկոսը 1306-ին Հեթում Բ-ին ուղղած մի թղթում հիշում է Ականց անապատի միաբանությունը՝ որպես պարկեշտ, կատարյալ և խելոք մարդկանցից կազմված հաստատություն։ 1307-ի Սսի եկեղեցական ժողովին մասնակցել են նաև Ակների պատգամավորները՝ հանձին Վարդան վարդապետի և Սարգիս վանահոր։ Գահից հրաժարվելուց հետո Ականց անապատում է առանձնացել Հեթում Ա թագավորը (1226–70)։ Այնտեղ է թաղված Լևոն Բ թագավորի սիրտը, ինչպես և Պաղտին մարաջախտը, իշխաններ, հոգևորականներ։
XIV դարից հետո Ականց անապատի անունն այլևս չի հիշատակվում (հավանաբար ավերել են եգիպտական զորքերը՝ 1375-ին Սիսը պաշարելու ժամանակ)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 140 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 222)։ ![]() |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: ![]() |