Գավազան (եկեղեցի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գավազան (այլ կիրառումներ)

Գավազանը եկեղեցական ըմբռնմամբ՝ հոգևոր աստիճանի կամ պաշտոնի հայտարարական իշխանության նշանակություն ունի։ Արքայական Գավազան կոչվում է նաև մական, հովվականը՝ ասա, սովորականը՝ ցուպ։ Գավազանի վարդապետին կամ ծայրագույն վարդապետին շնորհում է եպիսկոպոսը՝ ձեռնադրությամբ, Ձեռնադրության Մաշտոցի համաձայն։ Գավազանի մասին, որպես խորհրդավոր ուժակրի, ակնարկվում է դեռևս Ծննդոց գրքում, նահապետներից Հակոբը ջրի գռների մեջ խնկենու, ընկուզենու և սոսու կեղևահան Գավազաններ է դրել, որպեսզի բեղմնավորվող մաքիները, այդ ջրից խմելով, խայտաճամուկ գառներ ծնեն։ Ելք գրքում Մովսեսի Գավազանը օժտվել է աստվածային իշխանությամբ և հրաշագործությամբ։ Այն վիշապ դառնալով՝ կուլ է տալիս քրմերի վիշապներին, բացում Կարմիր ծովը և կատարում այլ հրաշքներ։

Գավազան, Տաթև

Թվոցում Ահարոնի Գավազանը, դրվելով Վկայության խորանում, ծաղկել է, հետագայում այն, ի թիվս այլ սրբությունների, դրվել է Ուխտի տապանակի մեջ։ Ավելի ուշ, եկեղեցու պաշտոնյաներին տրված Գավազաներն ունեցել են օձի գլուխև զարդարվել (ծաղկվել)՝ ի հիշատակ և ի նմանություն անապատում Մովսեսի բարձրացրած բուժիչ պղնձե օձի և Ահարոնի ծաղկած Գավազանի՝ խորհրդանշելով պատժիչ կամ փրկարար ուժ, զորություն, իմաստություն, հավիտենություն են։ Գավազանով հրեաները զատել են Տիրոջը նվիրաբերված տասանորդի անասունները։ Մինչև 12-րդ դարը հայոց եկեղեցիներում վարդապետներն ու եպիսկոպոսները կրել են վարդապետական երկգլխանի օձագլուխ Գավազաններ։ 1184 թվականին Լուկիոս III պապը Գրիգոր Դ Տղա (1173– 1193 թվականներ) կաթողիկոսին նվիրել է կաթողիկոսական պատարագչի լրիվ զգեստ՝ կորագլուխ Գ-ով հանդերձ։ Այն Կաթոլիկ եկեղեցում օգտագործել են պապերը, կար Գավազան դինալները և եպիսկոպոսները։ 12-րդ դարի վերջին, փաստորեն, հայ եպիսկոպոսները գործածական են դարձրել նաև նման Գավազանները։ Սովորաբար պատրաստված են լինում փայտից, մետաղից, ոսկորից, հազվադեպ՝ բյուրեղից կամ ապակուց։ Բարձրությունը լինում է կրողի հասակի չափով, կամ մի քիչ ավելի։Հայ եկեղեցում ընդունված են երկու կարգի Գավազաններներ՝

  • վարդապետական - օձագլուխ են։ Երկու, չորս կամ ավելի գլուխ ունեցող օձերը խորհրդանշում են ճշմարիտ վարդապետությունը, որով արժանանում են փրկության։ Պատրաստված է Մովսեսի օձի նմանությամբ՝ որին նայողները փրկվեցին անապատում։ Երկգլխանի գավազանի գլխի հատվածում օձերի գլուխները դեմ դիմաց են, մեջտեղում կա գունդ, ինչը խորհրդանշում է աշխարհը, վրան խաչ, իսկ օձերի ներքևի հատվածները միացած են միմյանց։ Քառագլուխ գավազանները չունեն ծիսակարգային տարբերություն երկգլխանիներից․ պարզապես ավելի զարդարուն են։ Հույների մոտ օձագլուխ գավազաններն օգտագործվում են եպիսկոպոսների կողմից։ Հայ եկեղեցում հնում նույնպես այդպես է եղել։ Լատին եկեղեցու հետ հարաբերություններ հաստատման ժամանակ Գրիգոր Դ Տղա կաթողիկոսը Հռոմի Լուկիոս Գ Պապից 1184 թվականին ստանում է ամբողջական քահանայական զգեստ, որից հետո օձագլուխ գավազանների կիրառությունն անցավ վարդապետներին
  • եպիսկոպոսական կամ հովվական- Հայ Եկեղեցի է ներմուծվել Կաթոլիկ եկեղեցու նմանությամբ։ Դրա վերևի հատվածում կա իր մեջ դարձած գալարաձև, կլորացած գլուխ։ Այն նաև ունի բողբոջանման զարդեր, որը պատրաստված է Ահարոն քահանայապետի ծաղկած գավազանի նմանությամբ։ Եպիսկոպոսական գավազաններն իրենց արտաքին տեսքով նման են սովորական հովվական գավազանին, ինչի պատճառով կոչվում են նաև հովվական։ Այս գավազանների պտտվող մասի վերջավորությունում լինում է նաև օձի գլուխ (միայն մեկ օձ)։ Եպիսկոպոսական կամ հովվական գավազաններ կրում են և եպիսկոպոսները, և կաթողիկոսները։

Կաթողիկոսի գավազանը սովորաբար ավելի ճոխ է, որի վերևի մասում ամրացված է արծվի պատկերով գեղեցիկ, ոսկեթել դաստառակ։

Հովվականը՝ կրում են կաթողիկոսները, պատրիարքները և հոգևոր առաջնորդները, ընդ որում, առաջնորդները այս կրելու իրավունք ունեն միայն իրենց թեմերի սահմաններում։ Գավազանները լինում են փայտե, մետաղե, ոսկրե, երբեմն՝ բյուրեղապակե։ Ի տարբերություն մյուս Գավազանների, այս ազնիվ փայտից է, մոտ 10–12 սանտիմետրանոց ոսկե կամ արծաթե գլխիկով։

Ասան երկար գավազան է, որի բարձրությունը հասնում է մինչև կրողի կուրծքը։ Կաթողիկոսները, ինչպես նաև պատրիարքներն ու առաջնորդները (միայն իրենց թեմից ներս) հանդիսավոր, պաշտոնական առիթների ժամանակ օգտագործում են ասա՝ ի նշան իշխանության։ Այն ծիսական արարողությունների համար չի օգտագործվում, և ի տարբերություն գավազանի, ունի ավելի պարզ հարդարանք։ Ասայի վերնամասը պատրաստվում է տարբեր մետաղներից, ունենալով բարձրարվեստ խաչի պատկեր։ Ասան երբեմն ամբողջությամբ է պատրաստված լինում մետաղից։

Պատրիարքի և կաթողիկոսի ասաներն ավելի բարձր են և հասնում են մինչև ուսերը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 695
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: