Խույր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խույր
ՏեսակԿրոնական խորհրդանշաններ
 Mitres Վիքիպահեստում
Սերբազան Էդիկ Բարոնին կրում է Լատինական խույր

Խույր, գլխի պսակաձև փաթթոց կամ գլխանոց։ Կրել են արքաները, իշխաններն ու բարձրաստիճան հոգևորականները՝ տոնական և ծիսական արարողությունների ժամանակ։ Խորհրդանշում է իշխանություն (սկզբում՝ նաև աշխարհիկ, հետագայում՝ միայն հոգևոր)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստոնեական եկեղեցում օգտագործվել է միայն իբրև բարձրաստիճան հոգևորականների թագ։ Նախնական փաթթոցաձև խույրերը կրել են հրեա քահանայապետերը։ Մինչև 6-րդ դարը խույրերը եղել են միաերանգ, այնուհետև՝ զարդանախշվել հիմնականում ասեղնագործ տերունական պատկերներով, ընդելուզվել թանկագին քարերով և ոսկեթելով (համարվում են ասեղնագործության բարձրագույն նմուշներ)։ 12-րդ դարից խույրերի տեսքը դարձել է որոշակի կոնաձև, գագաթին ամրացվում է փոքրիկ խաչ։ Հայ հոգևորականների այժմյան խույրերի ձևը, որը փոխառնված է կաթոլիկ եկեղեցուց, սկզբում գործածել են Կիլիկիայի հայկական պետության հոգևորականները։ Այժմ կրում են եպիսկոպոսները և կաթողիկոսները։

Պատմության ընթացքում եկեղեցական զգեստները որոշակի փոփոխություն ունեցան։ Հայ եկեղեցում զգեստների որոշ տեսակներ հետագա դարերում հաստատվեցին։ Եթե ժամանակին բոլոր հոգևորականները, ավանդության համաձայն, Սուրբ Պատարագի ժամանակ կրում էին սաղավարտ, ապա 13-րդ դարում Կիլիկյան Հայաստանում ընդունվեց պատարագիչ հոգևորականի համար մի այնպիսի գլխանոց՝ թագ, խույր անվանումով, որ գործածում էին կաթոլիկ հոգևորականները։ Այդ զգեստի ընդունումով Հայ եկեղեցում նվիրապետական աստիճանի զգեստավորման մեջ առաջ եկավ տարբերություն։ Մեր եկեղեցում բարձրաստիճան եկեղեցականները՝ Հայոց հայրապետը, եպիսկոպոսները, Սբ. Պատարագի կամ որևէ խորհրդակատարության ժամանակ, որ պահանջում է ամբողջական ծիսական զգեստավորում, կրում են այդ թագերը, խույրերը։ Իսկ քահանաները և վարդապետները կրում են սաղավարտներ։

Խույր կրում են նաև ծայրագույն վարդապետները, եթե թեմակալ առաջնորդ են, միայն իրենց թեմի մեջ։

Հայ եկեղեցում խույրը (թագը) սկսվել է օգտագործվել 12-րդ դարի վերջից կամ էլ 13-րդ դարի սկզբից սկսած, շատ հավանական է Գրիգոր Զ Ապիրատ կաթողիկոսի (1194-1203թթ.) ժամանակներից։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խույրը երկճյուղ թագ է, երկու տափակ մասերից բաղկացած, սրածայր վերջավորությամբ, ծայրերին՝ մեկական խաչ։ Լինում է ականակուռ, գոհարազարդ, ասեղնագործված։ Մեծ մասամբ ասեղնագործված է ոսկեթել, յուրաքանչյուր երեսին մեկական պատկերներ (Խաչելություն, Հարություն և այլն)։ Այսօր հանդիպում ենք նաև ազգային թեմաներով պատկերներ։ Բարձրությունը մոտ 35-45 սմ է։ Վերցված է Հին ուխտի եկեղեցուց և խորհրդանշում է Հին ու Նոր Կտակարանների գիտությունը և իմաստությունը, որ պիտի ունենա եպիսկոպոսը։

Խորհրդանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խույրն իր վրա եղած փրկչական և ավետարանական պատկերներով խորհրդանշում է, որ եպիսկոպոսի գլուխը Քրիստոսն է և Նրա Ավետարանը, ըստ որի նա պետք է հովվի իր հոտը՝ ձգտելով ամեն ինչ կատարել միայն Աստծո կամքի համաձայն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 101
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խույր» հոդվածին։