Գռների վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Գռների վանք, 13-րդ դարի երկրորդ կեսերից հայ գրչության ու մանրանկարչության խոշոր կենտրոն։ Վարդան Արևելցին Գռներո վանքը համարում է Կիլիկիայի չորս նշանավոր գրչության կենտրոններից մեկը (Արքակաղին, Գռներ, Դրազարկ, Սկևռա)[1]։ Գռները այն ժամանակ Մոլևոն գավառի եպիսկոպոսանիստն էր։ Այստեղ գրված և պահպանված հայտնի ձեռագրերն են՝ Հովհաննես Արքաեղբոր Ավետարանը (1263 թ., գտնվում է ԱՄՆ-ում, Վաշինգտոնի Ֆրիրի ժողովածուում), Բարսեղ գրչի 1270 թվականին ընդօրինակած պատկերազարդ Աստվածաշունչը, ինչպես նաև 1284-ի «Մասունք Նոր կտակարանի»-ն, 1284—88-ի «Մասունք Աստվածաշնչի»–ն և 1303—04-ի Աստվածաշունչը, որոնք պահապնվում են Երևանի Մատենադարանում։ Գռներո վանքը գոյատևել է մինչև 14-րդ դարավերջը, մինչև Կիլիկիայի թագավորության անկումը[1]։

Վանքի Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Ղևոնդ Ալիշանի՝ կրել է համանուն գյուղի անունը, եղել Կիլիկիայի Հայոց թագավոր Հեթում Ա-ի կրտսեր եղբայր Հովհաննես Արքաեղբոր «բնիկ հայրենիքը»։ Գռների վանքի մասին պատմական տեղեկությունները սակավ են, պարզ չէ նույնիսկ համալիրի կազմը, ստույգ տեղը։ Եղել է Մալևոնի եպիսկոպոսանիստը։

Վանքի հովանավորները և առաջնորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանքը հովանավորել, առաջնորդել և զարգացրել է Հովհաննես Արքաեղբայրը։ Նրա մահից (1289 թ.) հետո Գռների վանքի առաջնորդությունն ստանձնել են Ստեփանոսը՝ «այր հեզ և մեծ րաբունի», Ներսեսը (1316 թ.) և Մխիթարը (հետագայում՝ կաթողիկոս Մխիթար Ա Գռներցի)։ Գռների վանքը եղել է Կիլիկիայի նշանավոր վանքերից, հայկական գրչության և մանրանկարչության կենտրոն։ 13-րդ դարի 2-րդ կեսին հռչակվել է, ինչպես՝ Հռոմկլան, Ակները, Բարձրբերդը, Արքակաղինը, Դրազարկը, Սկևռան։ Գռների վանքը գոյատևել է մինչև Կիլիկիայի Հայկական թագավորության անկումը (14-րդ դարի վերջ)։

Վանքում պատկերազարդված մանրանկարչական աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գռների վանքում է գրվել Հովհաննես Արքաեղբոր մանրանկարչական դպրոցի՝ մեզ հասած ձեռագրերից հնագույնը՝ 1263 թվականի Ավետարանը, որն այժմ գտնվում է Վաշինգտոնում՝ Ֆրիրի ժողովածուում։ Երևանի Մատենադարանում են պահվում Գռների վանքում գրված և պատկերազարդված 1270 թվականի Աստվածաշունչը (ձեռագիր № 345, գրիչ՝ Բարսեղ, ծաղկող՝ Թորոս Ըռոբինանց), 1284 թ.-ի «Մասունք Նոր կտակարանի»-ն (ձեռագիր № 196, գրիչ՝ Կոստանդին, ծաղկողներ՝ Ստեփանոս Վահկացի, Գրիգոր Պիծակ), 1284–88 թվականների «Մասունք Աստվածաշնչի»-ն (ձեռագիր № 195, գրիչ՝ Կոստանդին) և 1303–04 թվականների Աստվածաշունչը (ձեռագիր № 182, գրիչ՝ Մարտիրոս)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: CC-BY-SA-icon-80x15.png

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ստեփան Մելիք-Բախշյան, Հայոց պաշտամունքային վայրեր, Երևան, «ԵՊՀ հրատարակչություն», 2009 — 116, էջեր 116 — 432 + 10 էջ ներդիր էջ. — 500 հատ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 183 CC-BY-SA-icon-80x15.png