Սուրբ Հռիփսիմե եկեղեցի (Վաղարշապատ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հռիփսիմե եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Հռիփսիմե եկեղեցի | |
---|---|
Սուրբ Հռիփսիմե եկեղեցին | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի և մշակութային արժեք |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | [[Պատկեր:|22x20px|border |Վաղարշապատ]] Վաղարշապատ |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Արմավիրի թեմ և Արարատյան Հայրապետական թեմ |
Հիմնական ամսաթվերը | 7-րդ դար |
Ներկա վիճակ | Կանգուն |
Մասն է | Էջմիածնի տաճարներ ու եկեղեցիներ և Զվարթնոցի հնագիտական վայր |
Կազմված է | Խաչքար, Պարիսպ, Դարպաս, Գերեզման Ամենայն Հայոց կաթողիկոս Փիլիպոս Հաղբակեցու, Զանգակատուն, Եկեղեցի, Բնակելի տուն, Բնակելի տուն. Վանահոր տունը, Աղբյուր, Շինություն և Գերեզմանոց |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս |
Անվանված | Հռիփսիմե |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Կառուցման սկիզբ | 618 թ. |
Կառուցման ավարտ | 1894 թ. |
Հիմնադրված | 7-րդ դար |
Գմբեթ | 1 |
St. Hripsime church, Vagharshapat Վիքիպահեստում |
Էջմիածնի տաճարներն ու եկեղեցիները և Զվարթնոցի ավերակները | |
* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Երկիր | Հայաստան |
Տիպ | Մշակութային |
Չափանիշներ | ii, iii |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Եվրոպա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 2000 (24-րդ նստաշրջան) |
Համար | 1011 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի, հայկական նշանավոր եկեղեցի Հայաստանի Վաղարշապատ քաղաքում։ Ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավանդության համաձայն, Հռիփսիմեն քրիստոնյա կույսերի հետ, խուսափելով Դիոկղետիանոս կայսեր (284-305) հալածանքներից, փախչում են Հայաստան և քրիստոնեություն քարոզում, որտեղ հայոց Տրդատ Գ Մեծ արքայի կողմից նույնպես հալածանքների են ենթարկվում և սպանվում իր հավատակից 32 կույսերի հետ միասին։ Հռիփսիմյան կույսերի նահատակման տեղում Տրդատ արքան և Գրիգոր Լուսավորիչը կառուցել են վկայարան՝ կիսագետնափոր հանգստարան, վրան՝ քարաշեն չորս սյուներով ամպհովանի։ V դ. այն ավերել են պարսիկները, Սահակ Պարթևը կառուցել է նորը։ Եկեղեցին հիմնադրվել է այդ վայրում 618 թ-ին Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսի կողմից։ Ավագ խորանի արձանագրությունում կաթողիկոսն իրեն անվանել է «Շինող սրբոյ Հռիփսիմեի»։
Հետագայում
[խմբագրել | խմբագրել կոդը]1653-ին Փիլիպոս կաթողիկոսն այն վերանորոգել է և արևմտյան մուտքի դիմաց կառուցել բաց գավիթ։ Հետագայում եկեղեցին շրջափակվել է աղյուսաշեն պարսպով ու բուրգերով (1776), գավթի վրա կառուցվել է զանգակատունը (1880), շինվել են արևելյան և հարավային սրբատաշ քարե պարիսպները, բնակելի տունը, բակի օժանդակ կառույցները (1894)։ Զգալի նորոգումներ են կատարվել 1898-ին։ 1958-ին մաքրվել է Հռիփսիմեի տաճարի ներսի տեսքը խաթարող սվաղը։ Նորոգումների ժամանակ բացվել են որմնասյուների տակ որպես հիմնաքարեր դրված հելլենիստական տաճարի քանդակազարդ քիվի բեկորներ, որոնք վկայում են, որ Հռիփսիմեի տաճարի տարածքում եղել է հեթանոսական տաճար։ Եկեղեցու շրջապատի պեղումների ժամանակ բացվել են նախաքրիստոնեական և վաղ քրիստոնեական շրջանի թաղումներ ու վաղ միջնադարի միանավ եկեղեցի՝ արտաքուստ հնգանիստ աբսիդով։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հռիփսիմեի տաճարը պատկանում է միջնադարյան Հայաստանի եկեղեցական կառույցների առավել կատարելագործված տիպին (ձևավորվել է VI դարում)։ Ներքուստ խաչաձև է, որն ստեղծվել է գմբեթածածկ ծավալին կցված չորս խորաններով ու շրջանի 3/4 հատվածքի անկյունային խորշերով։ Ներքին տարածությունն ամբողջական է, ընդարձակ, ամփոփ ու սլացիկ։ Արտաքինից պարփակված է ուղղանկյուն ծավալի մեջ, անկյուններում ստացվել են չորս սենյակներ, որոնք աղոթասրահի հետ կապվում են անկյունային խորշերով։ Հռիփսիմեի տաճարը կառուցվածքով քարի ողջ պարագծով տարած միաձույլ համակարգ է, ունի մեծ երկրաշարժակայունություն։ Խորանների գմբեթարդների և նրանց տանիքների միջև թողնված են սնամեջ տարածություններ, որոնք նպաստել են եկեղեցու գերազանց հնչականությանը և ծառայել որպես գաղտնարաններ։
Հռիփսիմեի տաճարի կառուցվածքային համակարգը՝ չորս խորանների, խորշերի ու նրանց վրա հանգչող գմբեթի կորագիծ մակերևույթներով, նրա գեղարվեստական կերպարի հիմնական միջոցն է։ Աղոթասրահը ստացել է խիստ արտահայտիչ տարածական լուծում, ութ զանգվածեղ որմնամույթերի ուղղաձիգ ընդգծումները նրան տալիս են վերսլացություն։ Հռիփսիմեի տաճարն իր տիպի կառույցներից առանձնանում է լայնանիստ (10, 1 մ) ոչ բարձր թմբուկով, գմբեթային քառանկյան անկյուններում թմբուկին կցված աշտարակիկներով, ցածր ուղղանիստ ծավալից մինչև գմբեթի վեղարը ծավալների ներդաշնակ անցումներով, որով ձևավորվել է հուշարձանի առավել արտահայտիչ ուրվագիծը։ Ճակատների սեղանաձև կտրվածքով խորշերն ստեղծել են ուղղաձիգ ուժեղ ընդգծումներ, ճակատների հարթությունը դարձրել ծավալային, թեթևացրել հուշարձանի զանգվածեղությունը։ Հռիփսիմեի տաճարին բնորոշ է ծավալների ամփոփ ու ներդաշնակ համակցությունը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Տաճարը 1925 թվականին: Ֆրիտյոֆ Նանսենի ալբոմից
-
Վանական համալիրը 1878 թվականին, լուս․ հեղինակ՝ Հովհաննես Քյուրքչյան
-
Վանական համալիրը 1800-ականների վերջ - 1900-ականների սկզբին
-
Եկեղեցու տեսքը հարավ-արևելքից, 2019 թվական
-
Վանական համալիրի տեսքը երկնքից, 2021 թվական
-
Եկեղեցու գմբեթի ներսի հատվածը
-
Եկեղեցու խորանը
-
Հռիփսիմեի գերեզմանը
-
Խորանի բեմի ճակատային հատվածի պատկերազարդումը
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սուրբ Հռիփսիմե եկեղեցի (Վաղարշապատ) կատեգորիայում։ |
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 596)։ |