Փիլիպոս Ա Աղբակեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փիլիպոս Ա Աղբակեցի
Ծնվել է1500-ականներ
Մահացել էմարտի 25, 1655(1655-03-25)
Մահվան վայրՎաղարշապատ
Մասնագիտությունկաթողիկոս
Զբաղեցրած պաշտոններԱմենայն Հայոց Կաթողիկոս
 Pilippos I Aghbaketsi Վիքիպահեստում

Փիլիպոս Ա Աղբակեցի (1500-ականներ - մարտի 25, 1655(1655-03-25), Վաղարշապատ), հայ հոգևորական, ամենայն հայոց կաթողիկոս (1633-1655 թթ)։ Հաջորդել է Մովսես Գ Տաթևացի կաթողիկոսին, վերջինիս կտակի համաձայն։ Նրա մասին բազում գովաբանական խոսքեր է գրում Առաքել Դավրիժեցի պատմագիրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1593 թ. Աղբակ գավառի Էրնկան գյուղում։ 1630 թ. ձեռնադրվել է եպիսկոպոս և մինչ կաթողիկոս դառնալը եղել է իր ուսուցչի՝ Մովսես Գ Տաթևացու գործակիցը։ Իր հայրապետության տարիներին շարունակել է Մովսես կաթողիկոսի լուսավորական, նորոգչական, շինարարական գործերը։ Մայր Աթոռի բոլոր փայտաշեն կառույցները, որոնք ավերված էին, նորոգում ու կառուցում է հիմնովին։ Քարով և աղյուսով կառուցում է Մայր տաճարի արևելյան խցերը, ամառային սեղանատունը, եկեղեցու առջևի սալահատակը, հարավային կողմի ձիթհանը։ Գրեթե ամբողջովին վերակառուցում է Սուրբ Հռիփսիմեի և Սուրբ Գայանեի տաճարները։

1637 թ. գնալով Սպահան քաղաքը, բերում է Լուսավորչի Սուրբ Աջը, որ Շահ Աբաս Մեծը տարել էր Սուրբ Աթոռի 12 քարերի հետ միասին։ 1651 թ. գնալով Երուսաղեմ, այնտեղ կանգնեցնում է Սուրբ Հակոբի Ավագ խորանը, ինչպես նաև գույնզգույն քարերով սալապատում եկեղեցու հատակը։ Գալով Պոլիս՝ ազատում է եկեղեցիներն իրենց պարտքերից, որոնք առաջացել էին պատրիարքների՝ միմյանց միջև ծագած հակառակություններից։

1653 թ. վերադառնալով Մայր Աթոռ սկսում է արևմտյան կողմի մեծ զանգակատան շինարարությունը՝ մինչ սյուների ներքին կամարները, իսկ մնացյալը շարունակում է նրան հաջորդող Հակոբ Դ Ջուղայեցի կաթողիկոսը։ Այս առումով արձանագրություն է փորագրված Մայր տաճարի արևմտյան դռան վերին հատվածում։

Փիլիպոս Ա Աղբակեցի կաթողիկոսի ազգաշնորհ գործերից է նաև Արագած լեռից Օշական գետը ջուր անցկացնելը, Սևանի ծովակից Զանգու գետի ջրի ավելացումը, որոնք իրականացնում է խոշոր դրամական ծախսեր ներդնելով։

Վախճանվել է 1655 թ. և ամփոփվել Սուրբ Հռիփսիմեի տաճարի հյուսիսային խորանում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սիմեոն կաթողիկոս Երևանցի, Ջամբռ, Եր., 2003։
  • Առաքել Դավրիժեցի, Գիրք պատմութեանց, Եր., 1990։
  • Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Եր., 2002։
  • Վարազդատ Յարութիւնեան, Սուրբ Էջմիածնի շինարար գահակալները, Ս. Էջմիածին, 1996։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող՝
Մովսես Գ Տաթևացի
Կաթողիկոս
1633–1655
Հաջորդող՝
Հակոբ Դ Ջուղայեցի