Ստեփանոս Դ Հռոմկլայեցի
| Ստեփանոս Դ Հռոմկլայեցի | |
|---|---|
| Ծնվել է | անհայտ |
| Մահացել է | 1293 |
| Մահվան վայր | Կահիրե, Եգիպտոս |
| Մասնագիտություն | կաթողիկոս |
| Զբաղեցրած պաշտոններ | Ամենայն Հայոց Կաթողիկոս |
Ստեփանոս Դ Հռոմկլայեցի (Կլայեցի, Հռոմայեցի, անհայտ - 1293, Կահիրե, Եգիպտոս), Ամենայն Հայոց կաթողիկոս 1290 թվականից։ Հաջորդել է Կոստանդին Բ Կատուկեցուն։ Ծննդյան թիվն անհայտ է, սակայն հայտնի է, որ ծնվել է Եկեղյաց գավառում։ Մահացել է 1293 թվականին Կահիրեում և ամփոփվել տեղի ասորական վանքում։
Մինչև կաթողիկոս դառնալը ուսանել ու պաշտոնավարել է Հռոմկլայի կաթողիկոսարանում, որի պատճառով էլ ստացել է Հռոմկլայեցի մականունը։ Այնուհետև դարձել է անապատական։ Նա դեմ է եղել կաթոլիկ եկեղեցու հետ հայոց եկեղեցու մերձեցմանը։
1292 թվականի մարտի 15-ին եգիպտական զորքերը պաշարում են Հռոմկլա դղյակը, որը 1150 թվականից եղել էր Հայոց կաթողիկոսանիստը։ Թշնամին Հռոմկլայի դեմ գործադրում է պարսպակործան մեքենաներ և 1292 թվականի հուլիսի 28-ին գրավում է այն՝ կոտորելով և գերեվարելով նրա բնակիչներին, ավերելով Սուրբ Գրիգոր, Սուրբ Աստվածածին և Սուրբ Փրկիչ եկեղեցիները, ինչպես նաև կաթողիկոսի ապարանքը։ Գերեվարվում է նաև Ստեփանոս Դ Հռոմկլայեցին՝ Գրիգոր Լուսավորչի Աջի հետ միասին։ Նրան դնում են երկաթե կապանքների մեջ, տանում նախ Դամասկոս, ապա՝ Կահիրե, որտեղ մեկ տարի բանտի մեջ մնալուց հետո վախճանվել է 1293 թվականին։
Կաթողիկոսական գահին Ստեփանոս Դ Հռոմկլայեցուն հաջորդել է Գրիգոր Է Անավարզեցին
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալիշան Ղ., Սիսուան, Վենետիկ, 1885
- Անապատական, Համառօտ պատմութիւն հայ-լատին յարաբերութեանց, սկիզբէն մինչեւ 1382 թ., Անթիլիաս, 1981
- Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն, Երևան, 1986
- Օրմանյան Մ., Ազգապատում, հատ. Բ, Ս. Էջմիածին, 2001
| Նախորդող՝ Կոստանդին Բ Կատուկեցի |
Կաթողիկոս 1290–1293 |
Հաջորդող՝ Գրիգոր Է Անավարզեցի |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 134)։ |