Հակոբ Բ Անավարզեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հակոբ Բ Անավարզեցի
Մահացել է1359
Մասնագիտությունքահանա
Զբաղեցրած պաշտոններԱմենայն Հայոց Կաթողիկոս

Հակոբ Բ Անավարզեցի (հայտնի է նաև որպես Տարսոնացի, Սսեցի, 1280-ական թթ., Տարսոն – 1359, Սիս), Ամենայն հայոց կաթողիկոս 1327–1341 թթ.-ին, հաջորդել է Կոստանդին Դ Լամբրոնացուն, և 1355–1359 թթ.-ին, հաջորդել է Մխիթար Ա Գռներցուն։ Հայոց կաթողիկոս Գրիգոր Է Անավարզեցու քրոջ որդին է։

Սովորել է Սսի կաթողիկոսարանում, եղել կաթողիկոսարանի, ապա՝ Կիլիկիայի Կապան քաղաքի եպիսկոպոս, Անավարզայի արքեպիսկոպոս։ Կիլիկիայի Հայոց թագավոր Լևոն Ե-ի հանձնարարությամբ դեսպանական առաքելությամբ եղել է Եվրոպայում՝ օգնություն հայցելու։ Գահակալման առաջին տարիներին շարունակել է Լևոն Ե-ի լատինամետ քաղաքականությունը՝ հույս ունենալով Կաթոլիկ եկեղեցու աջակցությամբ ստանալ եվրոպական երկրների օգնությունը՝ ընդդեմ Եգիպտոսի և շրջակա իսլամադավան իշխանությունների հարձակումների։ Սակայն հիասթափվելով Հռոմի պապերի կեղծ խոստումներից, տեսնելով հայոց մեջ ունիթորության ազդեցության տարածումը՝ հրաժարվել է նախկին քաղաքականությունից, դարձել հակաունիթորական, անկախության ջերմ պաշտպան ու հայ-եգիպտական մերձեցման կողմնակից։ 1337 թ.-ին օգնել է Լևոն Ե-ին՝ եգիպտացիների հետ կնքելու հաշտության պայմանագիր։ Երբ արքունիքում մեծ ազդեցություն են ձեռք բերում լատինները և լատինամետ հայ իշխանները ու Լևոն Ե նորից Արևմուտքի հետ գաղտնի բանակցությունների մեջ է մտնում կաթողիկոսը ընդդիմանում է դրան, իսկ 1341 թ.-ի սկզբին ստիպված հրաժարվում է գահից։ Նրան հաջորդած Մխիթար Ա Գռներցու մահից (1355) հետո նորից է ընտրվում Հայոց կաթողիկոս (աննախադեպ է Հայ եկեղեցու պատմության մեջ)։ Երկրորդ գահակալման ընթացքում վարել է նույն հակաունիթորական քաղաքականությունը՝ դադարեցնելով շփումները Կաթոլիկ եկեղեցու հետ։ Կաթողիկոսական գահին Հակոբ Բ Անավարզեցուն հաջորդել է Մեսրոպ Ա Արտազեցին։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Նախորդող՝
Կոստանդին Դ Լամբրոնացի, Մխիթար Ա Գռներցի
Կաթողիկոս
1327–1341, 1355-1359
Հաջորդող՝
Մեսրոպ Ա Արտազեցի
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 66