Պողոս Ա Սսեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պողոս Ա Սսեցի
Ծնվել է 1374
Մահացել է 1382
Կրոն Հայ Առաքելական Եկեղեցի
Մասնագիտություն քահանա
Զբաղեցրած պաշտոններ Ամենայն Հայոց Կաթողիկոս

Պողոս Ա Սսեցի (1374-1382), Ամենայն Հայոց կաթողիկոս 1374-ից։ Հաջորդել է Կոստանդին Ե Սսեցուն։ Ծննդյան թիվն ու վայրն անհայտ են։ Մահացել է 1382-ին Սիս քաղաքում։

Եղել է Սսի կաթողիկոսարանի միաբաններից, աչքի է ընկել իր հեղինակությամբ ու ազդեցությամբ։ Կաթողիկոս է ընտրվել Հայոց թագավորության չորս խնամակալների և բարձրաստիճան հոգևորականության հավանությամբ։

1375 –ին Պողոս Ա Սսեցին բարձրաստիճան բոլոր հոգևորականների և մայրաքաղաքի ամբողջ բնակչության հետ դիմավորել է Լևոն Զ Լուսինյանին և մեծ հանդեսով քաղաք առաջնորդել։ Վերջինիս՝ լատինական ծեսով թագավոր օծվելու ցանկությունը առաջ է բերել ոչ միայն Հայոց կաթողիկոսի, այլ նաև հասարակ ժողովրդի զայրույթն ու հակակրանքը։

Պողոս Ա Սսեցին ջանք չի խնայել՝ պաշտպանելու Հայոց եկեղեցու իրավունքներն ու սկզբունքները թագավորի և նրան շրջապատող լատինների ոտնձգություններից։ Հայ իշխանների հետ մասնակցել է Սսի հերոսական պաշտպանությանը և իր ներկայությամբ ոգեշնչել է մարտնչողներին։ Կաթողիկոսն անձամբ է բանակցություններ վարել արաբական միացյալ հրամանատար Աբուբաքրի հետ և, ելնելով ստեղծված ծանր դրությունից՝ որոշել է քաղաքը հանձնել։

1375-ի ապրիլին Պողոս Ա Սսեցին Լևոն Զ թագավորի և այլ մեծամեծ իշխանների հետ գերեվարվել է Հալեպ, ապա՝ Կահիրե։ 1375-ի վերջերին ազատվել է գերությունից, վերադարձել Սիս և, համակերպվելով օտարերկրյա նոր տիրակալի հետ, շարունակել իր գահակալությունը։

Կաթողիկոսական գահին Պողոս Ա Սսեցուն հաջորդել է Թեոդորոս Բ Կիլիկեցին։

Նախորդող՝
Կոնստանդին Ե Սսեցի
Կաթողիկոս
1374–1382
Հաջորդող՝
Թեոդորոս Բ Կիլիկեցի


Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հովհան Դարդել, Ժամանակագրութիւն Հայոց, Ս. Պետերբուրգ, 1891
  • Օրմանյան Մ., Ազգապատում, հատ. Բ, Ս. Էջմիածին, 2001