Սահակ Գ Ձորոփորեցի
| Սահակ Գ Ձորոփորեցի | |
|---|---|
| Ծնվել է | անհայտ |
| Մահացել է | 703 |
| Մահվան վայր | Խառան, Պարթևստան |
| Մասնագիտություն | պատմաբան և քրիստոնյա քահանա |
| Զբաղեցրած պաշտոններ | Ամենայն Հայոց Կաթողիկոս |
Սահակ Գ Ձորոփորեցի (հիշատակվում է նաև որպես Ձորոփորցի, Ձորափորեցի, ծննդյան թվականն անհայտ, գ. Արքունաշեն (Գուգարքի Ձորոփոր գավառ) – 703, Խառան]), Ամենայն Հայոց Կաթողիկոս 677 թվականից առ 703 թ։ Աշակերտել է Թեոդորոս Քռթենավորին։ Նախքան կաթողիկոս ընտրվելը եղել է Ուտիքի Ռոտ Պարսյան գավառի եպիսկոպոս։ Գահակալել է Հայաստանի համար մղվող արաբա-բյուզանդական պատերազմների և արշավանքների ժամանակաշրջանում, որոնց զուգահեռ սրվել էին Հայ և Հույն եկեղեցիների դավանաբանական վեճերը (680 թվականի և 692 թվականի Կ. Պոլսի եկեղեցական ժողովներից հետո)։
Բյուզանդական Հուստինիանոս II կայսրը, արշավելով Հայաստան, Սահակ Գ Ձորոփորեցուն շուրջ 693 թվականին պատանդ է տանում Կ. Պոլիս՝ Հայ եկեղեցուն քաղկեդոնականություն պարտադրելու նպատակով։ Կաթողիկոսին հաջողվում է վերադառնալ հայրենիք միայն Հուստինիանոս II-ի գահընկեցությունից (695 թ) հետո։ Հայաստանի առաջին արաբ ոստիկան Աբդալլահը 702 թվականին ձերբակալել է Սահակ Գ Ձորոփորեցուն և ուղարկել Դամասկոս։ Երբ ապստամբ հայ իշխանները 703 թվականին Վարդանակերտի ճակատամարտում ջարդել են Աբդալլահի ջոկատը, Սահակ Գ Ձորոփորեցին մեկնել է Խառան՝ կանխելու զորավար Մուհամմեդ իբն Օկբայի պատժիչ արշավանքը Հայաստան։ Մահանում է Խառանում, նախքան այդ մի խնդրագիր թողնելով արաբ զորավարին, որը մեղմացնում է նրան (թուղթը զետեղված է Ղևոնդ պատմիչի երկում)։
Սահակ Գ Ձորոփորեցին մի շարք ծիսական կանոնների և ճառերի հեղինակ է։ Դրանցից հիշատակելի է Ծաղկազարդին ձոնված «Ճառ Արմավենյացը»։ Նա նաև հայ ամենահայտնի շարականագիրներից է, խաչին և եկեղեցուն նվիրված շարականների մեծագույն մասի հեղինակը։ Նրան են պատկանում Շողակաթի, Նավակատյաց և Վերացման ութ օրերի, Վարագա Ս. Խաչի և Գյուտ Խաչի կանոնների մեծ մասի շարականները՝ շուրջ 60 երգ, որոնք աչքի են ընկնում գեղարվեստական բարձր արժանիքներով, լեզվի հարստությամբ, ձևի կատարելությամբ և մեղեդիական հղկվածությամբ («Էջմիածինն ի Հօրէ», «Ուրախ լեր, սուրբ եկեղեցի», «Որ նշանաւ ամենայաղթ», «Ի Ս. Խաչն», «Այսօր ուրախացեալ» և այլն)։ Աշակերտել է Թեոդորոս Քռթենավորին։
Սահակ Գ Ձորոփորցու անունով պահպանվել է հունարեն մի կեղծ գրություն, որով իբր նա դատապարտում է Հայոց եկեղեցու հավատը և ժողովրդին կոչում ընդունել քաղկեդոնականություն։
Կաթողիկոսական գահին Սահակ Գ Ձորոփորեցուն նախորդել է Իսրայել Ա Ոթմսեցուն, հաջորդել՝ Եղիա Ա Արճիշեցին։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Յովհաննէս Իմաստասէր Աւձնեցի, Մատենագրութիւնք, երկրորդ տպագրութիւն, Վենետիկ-Ս. Ղազար, 1953, էջ 213-222։
- Կանոնագիրք Հայոց, Ա, աշխատասիրութեամբ՝ Վ. Յակոբեանի, Երևան, 1964, էջ 506-513։
- Գ. Հակոբյան, Սահակ Ձորոփորեցի,- «Էջմիածին», 1976, թիվ 3, էջ 41-47։
- Ն. Թահմիզյան, Սահակ Ձորոփորեցին և Խաչի ու Եկեղեցու շարականները,- «Էջմիածին», 1980, թիվ 11, էջ 37-47։
- M. van Esbroek, Le discours du Catholicos Sahak III en 691 et quelques dossiers annexes au Quinsexte,- The Council in Trullo revised, ed. G. Nedungatt and M. Featherstone, Rome, 1995, pp. 323–454.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Նախորդող՝ Իսրայել Ա Ոթմսեցի |
Կաթողիկոս 677–703 |
Հաջորդող՝ Եղիա Ա Արճիշեցի |
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 135)։ |