Աղվանից եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Աղվանից եկեղեցի. Հայաստանյայց առաքելական եկեղեցու մի թևը։ Սկզբնապես ընդգրկել է միայն բուն Աղվանքի, իսկ 5-րդ դարից՝ նաև Աղվանիքին միացված հայկական Ուտիք ու Արցախ նահանգների թեմերը։ 552-ին հիմնվել է Աղվանից կաթողիկոսությունը՝ ներառնելով արևելյան Անդրկովկասի բոլոր թեմերը և գոյատևել մինչև 1815 թ.։

Թեմերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուրջ 500-ին Աղվանից կաթողիկոսությունը ընդգրկել է հետևյալ եպիսկոպոսական թեմերը.

  1. Բախաղաթ (I)
  2. Շաքե (II)
  3. Կապաղակ (III)
  4. Ամարաս (IV)
  5. Մեծ Առանք (V)
  6. Գարդման (VI)
  7. Յաշու (VII)
  8. Պարտավ (VIII)

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղվանքում առաջին անգամ քրիստոնեությունը փորձել է տարածել Գրիգոր Լուսավորչի թոռը՝ Արցախի թեմի աոաջնորդ և Ամարասի եպիսկոպոս Գրիգորիսը, որը 338-ին նահատակվել է Մազքթաց Արշակունի թագավոր Սանեսանի կարգադրությամբ։ Հայ քարոզիչների ջանքերով, ի վերջո, քրիստոնեությունը տարածվել է բուն Աղվանքում և դարձել պաշտոնական կրոն, որն ամրապնդվել է Մեսրոպ Մաշտոցի ջանքերով աղվանական գրերի ստնղծմամբ (415 - 420)։ Աղվանից եկեղեցու եպիսկոպոսության աթոռանիստ կենտրոններն են եղել Կապաղակը, Չողը, Շաքին։ Եպիսկոպոսներին ձեռնադրել է Հայոց կաթողիկոսը, ժամասացության լեզուն եղել է հայերենը։ Աղվանից մարզպանությունում քրիստոնեությանը վերջնականապես հաղթել է 5-րդ դարի վերջին, Աղվանքի թագավոր Վաչագան Գ Բարեպաշտի օրոք, երբ Աղվենի ժողովում սահմանվել են եկեղեցական կարգ ու կանոնները, աոաջնորդների իրավունքներն ու պարտականությունները։ 6-րդ դարի սկզբին քաղկեդոնական դավանանքի դեմ պայքարում բուն Աղվանքի թեմերը սերտորեն համախմբվել են Հայոց եկեղեցու շուրջ, իսկ Դվինի 554 թվականի ժողովում վերջնականապես զատվել Բյուզանդական եկեղեցուց։ Դվինի 609 թվականի ժողովից հետ Աղվանից եկեղեցու հոգևոր պետը կոչվել է Աղվանից կաթողիկոս։

Արաբական տիրապետության հաստատումից հետո Արևելյան Անդրկովկասի անդրկուրյան գավաոներում սկսվել է աղվանական ցեղերի բռնի մահմեդականացում։ Արդեն ուշ միջնադարում բուն Աղվանքում զգալիորեն նոսրացել էին միաբնակ եկեղեցու կենտրոնները։

Աղվանից եկեղեցու հոգևոր պետի աթոռանիստը տարբեր ժամանակներում դարձել են Պարտավը, Բերդակուրը, Խամշի վանքը, Գանձակը, իսկ 13-րդ դարի վերջից՝ Արցախի Գանձասար վանքը։

Կաթողիկոսական գահն անցել է Հասան-Ջալալյանների իշխանական տանը։ Աղվանից կաթողիկոսությունն այնուհետև կոչվել է Գանձասարի կաթողիկոսություն։ Գանձասարը փաստորեն դարձել է նաև Արցախի մելիքությունների քաղաքական կենտրոնը։ 17-րդ դարի կեսից մինչև 18-րդ դարի վերջը Գանձասարի կաթողիկոսն ունեցել է իր հակաթոռը (Խաչենի Երիցմանկանց վանքում)։ 1815-ին ցարական կառավարության հրահանգով Գանձասարի կաթողիկոսությունը վերացվել է, ենթակա հատվածներում ստեղծվել են Էջմիածնի կաթողիկոսությանը ենթակա առաջնորդական երկու թեմ և մեկ հաջորդական վիճակ։ Աոաջին առաջնորդական թեմի (Շուշիի կամ Արցախի) մեջ մտել են Վարանդա, Խաչեն, Դիզակ, Բերդաձոր, Ջրաբերդ, Գյուլիստան, Լանքարան, Շաքի, Կապաղակ, Հաջի, Խենի, Կամբեճան և Արեշ գավառները, երկրորդի մեջ (Շամախի կենտրոնով)՝ Դարբանդի, Ղուբայի, Բաքվի, Սալյանի և հարևան մյուս գավառների հայկական եկեղեցիներն ու վանքերը։ Թիֆլիսի կոնսիստորիային անմիջաբար ենթակա հաջորդական վիճակին (Գանձակ կենտրոնով) ենթարկվում էին Գարդման, Փառիսոս ե Զավե գավառները։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բագրատ Ուլուբաբյան, Աղվանից թագավորական տան հարցի շուրջը, «ԼՀԳ», 1971, No. 7։
  2. Robert H. Hewsen, Armenia: A Historical Atlas. The University of Chicago Press, 2001.


Օգտագործված աղբյուրներ

  1. Այս հոդվածի սկզբնական տարբերակը մասամբ կամ ամբողջությամբ վերցված է «Համառոտ Հայկական Հանրագիտարանից»։

Ծանոթագրություններ և նշումներ