Ներսես Ա Մեծ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ներսես Ա Մեծ
Դիմանկար
Ծնվել էմոտ 329[1]
Մահացել է373[2][3][4][…]
Կրոնուղղափառություն
Մասնագիտությունքաղաքական գործիչ և քահանա
ԱմուսինՍանդուխտ Մամիկոնյան
Ծնողներհայր՝ Աթանագինես[2][3], մայր՝ Բամբիշ[2][3]
Զբաղեցրած պաշտոններԱմենայն Հայոց Կաթողիկոս
ԵրեխաներՍահակ Ա Պարթև[5][3]

Ներսես Ա Մեծ (մոտ 329[1] - 373[2][3][4][…]), Ամենայն հայոց կաթողիկոս (353-373)։ Հաջորդել է Փառեն Ա Աշտիշատցի կաթողիկոսին։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնելի սրբերից է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներսես Պարթևը ծնվել է մոտ 329 թ.-ին (ծննդյան վայրը անհայտ է), սերում է Գրիգոր Լուսավորչի տոհմից, Հուսիկ Ա Պարթևի թոռն է։ Մանկության և պատանեկության տարիներին ապրել, կրթվել ու դաստիարակվել է Կեսարիայում։ Կեսարիայում ուսանելուց հետո վերադարձել է հայրենիք, որտեղ Արշակ Բ արքան նրան նշանակել է արքունի սենեկապետ։ Ամուսնացել է Հայոց սպարապետ Արտավազդ Մամիկոնյանի որդի Վարդանի դստեր՝ Սահանդուխտի հետ։ 351 թ.-ին Արշակ Երկրորդ արքայի հանձնարարությամբ Ներսես Պարթևը առաջնորդել է Կոստանդնուպոլիս ուղևորվող հայկական պատվիրակությանը, մասնակցել հայ-հռոմեական լարված հարաբերությունների կարգավորմանը։

Ներսես Ա Մեծը՝ կաթողիկոս[խմբագրել | խմբագրել կոդը]

353 թ. Արշակ Բ-ի հրահանգով Ներսես Ա Պարթևը ձեռնադրվել է եպիսկոպոս, ապա մեկնել Կեսարիա, որտեղ հանդիսավորությամբ օծվել է Հայոց կաթողիկոս։ Ըստ ավանդության այնտեղ նրա հետ ձեռնադրվել է նաև 4-րդ դարի եկեղեցական նշանավոր հայրերից Բարսեղ Կեսարացին։ Կաթողիկոս ձեռնադրվելուց մեկ տարի անց՝ 353/4 թ., Ներսես կաթողիկոսը Աշտիշատում գումարում է Հայոց Ա ազգային եկեղեցական ժողովը։ Ժողովը որոշում է Հայաստանի տարբեր վայրերում հիմնել աղքատանոցներ, որբանոցներ, հիվանդանոցներ, ուրկանոցներ, հյուրանոցներ և այլ բարեգործական հաստատություններ, ինչպես նաև արգելում է հեթանոսական սովորությամբ՝ լաց ու կոծով, հանդերձներ պատռելով մեռելներ թաղել, քանի որ քրիստոնյան պարտավոր է հավատալ հանդերձյալ կյանքին։ Արգելվում է մերձավոր արյունակիցների ամուսնությունը։ Հանձնարարվում է հեռու մնալ հարբեցողությունից, պոռնկությունից, սպանությունից, գթությամբ վարվել ծառաների հետ, ծանր հարկերով չնեղել ժողովրդին և այլն։ Ժողովի որոշումներից է նաև վանքեր և պարսպապատ կուսանոցներ հիմնելը, յուրաքանչյուր վանքում դպրոց հաստատելը։ Ժողովի որոշումները կարճ ժամանակամիջոցում կյանքի են կոչվում։ Ժողովը նաև խիստ պատիժներ է սահմանել արվամոլների, կենդանամոլների և սեռական այլ սանձարձակությունների դեմ։ Ներսես Ա-ն հոգ էր տանում որպեսզի Հայոց Եկեղեցու պաշտոնյաները զինվեն գիտությամբ և աստվածային իմաստությամբ։ Սուրբ հայրապետը հայտնի էր մեծ աղքատասիրությամբ. նա երբեք ճաշի կամ ընթրիքի չէր նստում առանց սեղանակից ունենալու աղքատներին և կույրերին, անդամալույծներին և ցավագարներին։ Սիրում էր անձամբ սպասավորել և դարմանել նրանց։

Ներսես Մեծի հարաբերություններն արքունիքի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներսես Ա Պարթևը և Արշակ Երկրորդը ներքին ու արտաքին քաղաքականության վարման հարցերում ունեցել են ներհակ դիրքորոշում, որի հետևանքով լարվել են հարաբերությունները։ Կաթողիկոսը բացահայտորեն ընդդիմացել է Արշակ Բ-ին և համակրել ու պաշտպանել Արշակունյաց Մեծ սեպուհ Գնելին։ 353 թ-ին Գնելը դավադրաբար սպանվում է, իսկ Ներսես Պարթևին Արշակ արքան մեկուսացնում է Աշտիշատում։ 363 թ. Հուլիանոս կայսեր զոհվելուց հետո, և նրան հաջորդած Հովիանոս կայսեր կնքած «ամոթալի պայմանագրից» հետո, երբ Մեծ Հայքը զրկվել էր Հռոմի ռազմական օգնությունից և հայտնվել պարսկական զորքերի հարձակման վտանգի առջև, Արշակ թագավորը խնդրում է Ներսես Ա Պարթևին վերստին ստանձնել Հայոց կաթողիկոսի պարտականությունները՝ հուսալով նրա հեղինակավոր միջամտությամբ վերահաստատել հայ-հռոմեական հարաբերությունները։ Ներսես Ա Պարթևը պատվիրակությամբ մեկնում է Հռոմ, որտեղ արիոսյան աղանդավորներին հովանավորող Հռոմի նոր կայսր Վաղեսը Ներսես Ա Պարթևին կալանավորում և աքսորում է Միջերկրական ծովի անմարդաբնակ կղզիներից մեկը։ Կաթողիկոսն աքսորից ազատվում է միայն Պապ Արշակունու օրոք /370-374 թթ/ և վերադառնում է հայրենիք։

371 թ. պարսկական զորքերի դեմ Ձիրավի ճակատամարտում Ներսես Ա Մեծը քաջալերում էր հայ մարտիկներին, որ աներկյուղ և հավատով զինված մարտնչեն թշնամու դեմ։ Իսկ ինքը, բարձրանալով Նպատ լեռան գագաթը, ողջ մարտի ընթացքում բազկատարած աղոթում էր, մինչև որ հայոց զորքը լիակատար հաղթանակ տարավ։

Ներսես Ա Մեծի մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն V դարի պատմագիր Փավստոս Բուզանդի՝ Հայոց կաթողիկոսը սպանվել է Պապ թագավորի կողմից թունավորվելով, սակայն ըստ այլ աղբյուրների կաթողիկոսը ընդամենը ունեցել է առողջական խնդիրներ[փա՞ստ]։ Ըստ եկեղեցական ուշ մի ավանդության, հայրապետը կանխապես իմացել է թագավորի դավադրության մասին, սակայն կամովին ընդունել է մահվան հրավերը՝ թունավորված գինին խմելուց առաջ հանդիմանելով արքային։ Այնուհետև իր մահն արժանավայել դիմավորելու համար պատարագ է մատուցել, իսկ մահվանից առաջ մերձավորներին պատմել տեսիլքը Հայաստանին սպասվող իրադարձությունների՝ Արշակունիների կործանման, Արևելքի նվաճողների տիրապետության, նրանց կործանման, երկրում քրիստոնեության վերածաղկման և այլ իրադարձությունների մասին։ Համաձայն մեկ այլ վարկածի Ներսես Ա Պարթևը վախճանվել է թոքերի հիվանդությունից 373 թ-ի հուլիսի 25-ին։ Կաթողիկոսի մահը եղել է Եկեղյաց գավառի Խախ արքունի ավանում։ Թաղվել է Եկեղյաց գավառի Թիլ ավանում։ Հայոց եկեղեցին դասել է Ներսես Ա Մեծ կաթողիկոսին սրբերի շարքը։ Նրա հիշատակը տոնվում է Կաթողիկե Ս. Էջմիածնի տոնին հաջորդող շաբաթ օրը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մանկական Քրիստոնեական Հանրագիտարան, Երևան, 1998։
  2. Հայոց Եկեղեցու Հանրագիտարան, Պրակ Ա, Ամենայն Հայոց Կաթողիկոսներ, Ս. Էջմիածին, 2008։
  3. Օրմանյան Մ., Ազգապատում, հատ. Ա., Ս Էջմիածին, 2001։
  4. Փավստոս Բուզանդ Հայոց պատմություն, Երևան 1968։
  5. «Սոփերք հայկականք», հատ Զ. Վենետիկ, 1853 թ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 252.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Toumanoff C. Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle (ֆր.): Tables généalogiques et chronologiquesRome: 1990. — P. 243.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Settipani C. Continuité des élites à Byzance durant les siècles obscurs (ֆր.): Les princes caucasiens et l'Empire du VIe au IXe siècleParis: 2006. — P. 108. — ISBN 978-2-7018-0226-8
  4. 4,0 4,1 4,2 Pas L. v. Genealogics — 2003.
  5. Toumanoff C. Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle (ֆր.): Tables généalogiques et chronologiquesRome: 1990. — P. 243—244.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 252
Նախորդ Ամենայն Հայոց Կաթողիկոս Հաջորդ
Փառեն Ա Աշտիշատցի
(348-353)
Ներսես Ա Մեծ
(353-373)
Շահակ Ա Մանազկերտցի
(373-377)