Jump to content

Հուլիանոս Ուրացող

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հուլիանոս Ուրացող
Ծնվել է՝նոյեմբերի 17, 331[1]
ԾննդավայրԿոստանդնուպոլիս, Հին Հռոմ
Մահացել է՝հունիսի 26, 363[2] (31 տարեկան) մարդասպանություն
Վախճանի վայրՄիջագետք, Իրաք
ԵրկիրՀին Հռոմ
ՏոհմԿոստանդիանոսի արքայատոհմ
ՀայրJulius Constantius?
ՄայրBasilina?
ԵրեխաներFlavius?
Ioulianou autokratoros ta sozomena, 1696

Հուլիանոս Ուրացող (լատին․՝ Iulianus Apostata, պաշտոնական անունը՝ Ֆլավիոս Կլավդիոս Հուլիանոս (լատին․՝ Flavius Claudius Iulianus), 331 - 363 թ. հունիսի 26 ), Հռոմի կայսր 361 - 363 թթ. Կոստանդիանոսի հարստությունից, հռետոր և հույն փիլիսոփա։ Անտիկ գիտության և մշակույթի երկրպագու, նորպլատոնականության փիլիսոփայական դպրոցի հետևորդ։ Հեթանոսական կրոնի ջատագով լինելու պատճառով քրիստոնյա պատմիչների կողմից ստացել է «Ուրացող» անունը։ Նրա գրական ստեղծագործություններից պահպանվել է 8 ճառ, 2 երգիծական երկ և նամակների հավաքածու։

Ծնվել է Կոստանդնուպոլիսում, Կոստանդիանոս Մեծ կայսեր եղբոր՝ Հուլիոս Կոստանցիոսի որդին է։ Հոր մահից հետո դաստիարակվել է եպիսկոպոս Եվսեբիոս Նիկոմեդացու կողմից։ 339 թվականից ուսումնասիրել է հունական փիլիսոփայություն Մարդոնիոսի ղեկավարությամբ, որը արթնացրել է նրա մեջ սերն առ հելլենական աշխարհայացքը։ 344-45 թթ. ապրել է Նիկոմեդիայում, որտեղ ծանոթացել է նշանավոր հռետոր Լիբանիոսի հետ, որը հեթանոսական կրոնի և ավանդույթների ջերմեռանդ ջատագով էր։ 351-52 թթ. Պերգամոսում և Եփեսոսում բնակվելու ժամանակ ուսումնասիրել է նորպլատոնականություն փիլիսոփա Մաքսիմոս Եփեսացու մոտ։ 352-54 թթ. Հուլիանոսը կրկին անցկացրել է Նիկոմեդիայում՝ խորացնելով իր գիտելիքները նորպլատոնական ուսմունքի մեջ։ 355 թ. մեկնել է ուսանելու Աթենք նույն հռետորական դպրոց, որտեղ այդ ժամանակ սովորում էին Գրիգոր Աստվածաբանը և Բարսեղ Կեսարացին։

355 թ. Կոստանցիոս Բ կայսրը հռչակում է Հուլիանոսին իր աթոռակից՝ կնության տալով նրան իր քրոջը։ Հուլիանոսն ուղարկվում է պաշտպանելու Գերմանիայի հետ սահմանակից հռոմեական նահանգները։ Մինչև 360 թ. վարած մի շարք պատերազմներում Հուլիանոսին հաջողվում է հետ մղել գերմանական ցեղերի բոլոր հարձակումները և առժամանակ խաղաղեցնել սահմանը։ Կոստանցիոսը, երկյուղելով Հուլիանոսի հաջողություններից, 361 թ. պահանջում է նրանից իրեն ուղարկել իր ենթակայության տակ գտնվող զորքերի մի մասը։ Սակայն Հուլիանոսի լեգեոնները հրաժարվում են ենթարկվել այդ հրամանին և հռչակում են նրան կայսր։ Քաղաքացիական պատերազմը կասեցվում է միայն Կոստանցիոսի անսպասելի մահով (361 թ. նոյեմբերի 3)։

Ստանձնելով միանձնյա կառավարումը՝ Հուլիանոսը մի շարք հրովարտակներով հայտարարել է կրոնական հանդուրժողականություն և վերականգնել հեթանոսական ծեսերը։ Չեղյալ են հայտարարվել հեթանոսական կրոնի և ծեսերի դեմ նախորդ կայսրերի կողմից ընդունված բոլոր հրովարտակները։ Հուլիանոսը չի հալածել քրիստոնյաներին, սակայն պայքարել է քրիստոնեության դեմ՝ արգելելով կրոնավորներին դասավանդել և ձգտելով ստեղծել ուժեղ հեթանոսական եկեղեցի քրիստոնյա եկեղեցու օրինակով։

Իր իշխանության առաջին իսկ օրվանից ստիպված է եղել շարունակել Սասանյան Պարսկաստանի դեմ պատերազմի պատրաստությունները։ Արշավանքը մեկնարկել է 363 թ. գարնանը։ Հուլիանոսի գլխավորությամբ հռոմեական զորքն անցել է Եփրատը և մի շարք ճակատամարտերում ջախջախել պարսիկներին՝ հասնելով մինչև Տիզբոն։ Ոգևորված լինելով այդ հաջողություններից՝ Հուլիանոսը զորքով անցել է Տիգրիսը և հրամայել հրկիզել գետի վրա կանգնած հռոմեական նավատորմը, որպեսզի զորքի մեջ առավել ուժեղացնի հաղթելու ձգտումը։ Սակայն քանի որ հռոմեացիները ծանոթ չէին տեղանքին, պարսիկներին հաջողվել է կտրել Հուլիանոսին սննդի և ջրի պաշարներից, ինչի հետևանքով Հուլիանոսը ստիպված է եղել նահանջել հյուսիս։ Պարսկական զորքերը հետապնդել են նահանջող հռոմեական զորքին՝ հյուծելով նրան անսպասելի գիշերային հարձակումներով։ 363 թ. հունիսի 26-ին Մարանգայի մոտ տեղի ունեցած ճակատամարտում Հուլիանոսը վերքեր է ստացել, որոնցից և նույն օրը մահացել է։ Ըստ ավանդության մահից առաջ նա բացականչել է. «Դու հաղթեցիր, Հալիլեացի»՝ այդ խոսքերով ակնարկելով քրիստոնեության դեմ իր պայքարի պարտությունը։

Թաղվել է Կիլիկիայի Տարսոն քաղաքում, հետագայում վերաթաղվել Կոստանդնուպոլսում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Античные писатели, словарь, СПб, 1999.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հուլիանոս Ուրացող» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 636