Բարսեղ II Բուլղարասպան կամ Վասիլ Բ (957-15.12.1025), բյուզանդական կայսր 976–ից։ Նրա անչափահասության տարիներին գահին հաջողաբար տիրել են Նիկեփորոս II Փոկասը և Հովհաննես I Չմշկիկը։ Վերջինս, ըստ հայկական ավանդության, մանկահասակ Բարսեղ II–ին և նրա եղբայր Կոստանդնին փախցրել են Անձիտ գավառ Վասակավան գյուղը Թեոփանոս թագուհու ոտնձգություններից փրկելու համար և հետագայում, նրանց Կ. Պոլիս բերելով, թագը զիջել է Բարսեղ II–ին։ 976–ին Բարսեղ II–ի դեմ բռնկվել է նահանգային կալվածատեր ավագանու ապստամբություն։ Այն ճնշվել է 979–ին, բայց 987–ին բռնկվել է սոցիալական նույն խավերի ապստամբությունը։ Այն ճնշելու համար Բարսեղ II–ին օգնել է Կիևյան Ռուսիայիիշխան Վլադիմիրը, որին կայսրը կնության է տվել իր քրոջը՝ Աննային։ Պետության անվտանգությանը սպառնացող խոշոր կալվածատերերի ազդեցությունը թուլացնելու նպատակով և ի շահ քաղաքային առևտրա-արհեստավորական վերնախավի, սահմանափակել աշխարհիկ խոշոր հողատիրության աճը, օրենքներ հրապարակել ի պաշտպանություն հիմնական հարկատու տարրի՝ ազատ գյուղացիության։
Բուլղարների դեմ մղած երկարատև պատերազմներից հետո վերացրել է Բուլղարական պետությունը (1018), երկիրը վերածել բյուզանդական նահանգի։ 15000 բուլղար ռազմագերիների կուրացնելու պատճառով ստացել է «բուլղարասպան» մականունը։ 1000–ին դավադրաբար կայսրությանն է կցել ՏայքիԴավիթ Կյուրոպաղատի իշխանության տարածքը, որտեղ հետագայում կազմակերպվել է Իբերիա բնակաթեմը։ 1021–ին Բարսեղ II–ի և սելջուկյան թուրքերի ճնշման տակ Վասպուրականի թագավոր Սենեքերիմ Արծրունին իր թագավորությունը «փոխանակել է» Սեբաստիայի շրջանի հետ, իսկ Անի-Շիրակի թագավոր Հովհաննես–Սմբատ Բագրատունին իր պետությունը «կտակել է» Բարսեղ II–ին։