Jump to content

Լևոն III Իսավրացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լևոն III (այլ կիրառումներ)
Լևոն III Իսավրացի
 
Մասնագիտություն՝ ռազմական գործիչ
Դավանանք քրիստոնեություն
Ծննդյան օր 675[1][2]
Ծննդավայր Մարաշ
Վախճանի օր հունիսի 18, 741
Վախճանի վայր Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն
Դինաստիա Իսավրյան դինաստիա
Քաղաքացիություն Բյուզանդական կայսրություն
Ամուսին Maria, wife of Leo III?
Զավակներ Կոստանդին V, Anna, wife of Artabasdos?, Kozma? և Irina?

Լևոն III Իսավրացի - բյուզանդական կայսր (717-741), Իսավրյան դինաստիայի հիմնադիր։ Նրա իշխանության օրոք Բյուզանդիայում սկսվել է պատկերամարտական շարժումը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իշխանության սկիզբը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևոն III -ի տոհմի իսավրական[4] կամ հայկական[5][6] ծագումը կապված է, հավանաբար, փոքրասիական Իսավրիա մարզի հետ, իսկ ինքը ծնվել է Գերմանիկում (քաղաք Փոքր Ասիայում)։ Թեոֆանի խոսքերով՝ նա հայկական ծագում ուներ[7]։

Անաստասիոս II-ը (713—715) նրան տվել է պատրիկի տիտղոս և նշանակել Փոքր Ասիայի կառավարիչ։ Երբ զորքի կողմից կայսր է ճանաչվում Թեոդոսիոս III-ը, Լևոն III-ը չի ճանաչում նրա իշխանությունը և ապստամբություն է բարձրացնում։ Թեոդոսիոսը հրաժարվում է գահից՝ ստանալով խոստում, որ անվնաս կմնա։ 717 թվականի մարտին գահն անցավ Լևոն III-ին, որն անմիջապես ձեռնամուխ եղավ երկրի պաշտպանությանն արաբներից, որոնք արդեն գրավել էին Սիրիան և ներխուժել Փոքր Ասիա։

Պատերազմ արաբների հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասլաման՝ արաբ խալիֆ Սուլեյմանի եղբայրը, որին Լևոնը խոստացել էր հարկ վճարել, անցավ Հելլեսպոնտոսը և ցամաքային զորքով շարժվեց դեպի Կոստանդնուպոլիս, որպեսզի պատժի Լևոնին խոստումը չպահելու համար։ Մյուս կողմից Եգիպտոսից և Սիրիայից արաբական հսկա նավատորմը պաշարեց Կոստանդնուպոլիսը։ Պաշարումը տևեց մեկ տարի (մինչև 718 թվականի օգոստոս) և ավարտվեց արաբների անհաջողությամբ՝ շնորհիվ, այսպես կոչված, «հունական կրակի» և բուլղար խան Թերվելի օգնության, որը ջախջախեց թշնամու ցամաքային զորքը։

Արաբների դեմ պայքարը շարունակվում է թագավորության ողջ ընթացքում։ Արաբական զորքերը հաճախ էին ներխուժում Բյուզանդիայի ասիական տիրույթներ։ Լևոնին հաջողվում է պարտության մատնել արաբական զորքին 739 թվականին Ակրոինիոնի ճակատամարտում, որը վերջինն էր Օմայյանների հետ Բյուզանդիայի տարածքում, քանզի Օմայյանները զբաղված էին ներքին խնդիրներով՝ սկսած բերբերների ապստամբությունից, վերջացրած՝ Օմայյան խալիֆայության անկումով։

Ներքին քաղաքականությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևոն Իսավրացին հաջողությամբ ճնշում է Սիցիլիայի կառավարիչ Սերգիոսի և Նախկին կայսր Անաստասիոս II-ի ապստամբությունը, որը բուլղարական զորքով շարժվել էր դեպի Կոստանդնուպոլիս։ Քաղաքը չընդունեց Անաստասիոսին, իսկ բուլղարները նրան հանձնեցին Լևոնին՝ վերջինիս հետ հաստատելով բարիդրացիական հարաբերություններ նրա թագավորության ընթացքում։

Լևոնի օրոք էականորեն փոխվեց կայսրության պետական կարգը, զարգացավ իրավունքը։ Ի հայտ եկավ իսկապես բյուզանդական առաջին օրենսդիր փաստաթուղթը՝ «Էկլոգա»

անունով, որը պահպանել էր նաև հռոմեական իրավունքի տարրերը։

Լևոն III-ը համարում էր, որ սրբապատկերների երկրպագությունը կռապաշտություն է, և նրա օրոք սկսվեց պատկերամարտական շարժումը, ոչնչացվեցին մեծ թվով որմնանկարներ և խճանկարներ։

Պատկերամարտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևոն III-ն իր ռազմական արշավանքների ժամանակ ձգտում էր ոչ միայն ենթարկեցել արաբների գրաված տարածքները, այլ նաև մուսուլմանների և հուդայականների մեջ տարածել քրիստոնեությունը։ Նա համարում էր, որ կայսրը կարող է մասնակցել եկեղեցական կյանքին, Հռոմի պապ Գրիգորիոս II-ին գրում է. «Ես կայսր եմ և քահանա»[8]։

Իր իշխանության առաջին տասը տարիներին Լևոնն ակտիվ գործունեություն չի իրականացրել եկեղեցական ոլորտում։ Հայտնի է, որ 723 թվականին պահանջել է, որ հրեաները և մոնտանիստները մկրտվեն։ Միայն 726 թվականին, ինչպես վկայում է Ֆեոֆանը, «... սրբապիղծ արքա Լևոնը սկսեց խոսել սրբերի և սրբապատկերների ոչնչացման մասին։ Իմանալով այդ մասին Գրիգորիոսը՝ Հռոմի պապը, զրկեց նրան շնորհներից Հռոմում և Իտալիայում և ուղարկեց խրատական ուղերձ, որ արքան չպետք է խառնվի հավատի գործերին և փոխի սուրբ հայրերի կողմից հաստատված ուսմունքները»[9]։

Նույն թվականին տեղի է ունենում հրաբխային ուժգին ժայթքում Կրետեից հյուսիս - արևմուտք, և Կիկլադյան կղզիների միջև առաջանում է նոր կղզի։ Դա Լևոնի կողմից մեկնաբանվում է որպես Աստծո զայրույթի նշան կռապաշտության համար[10], և նա պայքար սկսեց պատկերապաշտության դեմ։ Առաջին վճռական քայլը եղավ Հիսուսի սրբապատկերի հանումը Խալկոպրատիի դարպասներից։ Արդյունքում բախում է տեղի ունենում քաղաքացիների և զինվորականների միջև. «Սպանվեցին արքայի մի քանի մարդիկ, որոնք հանեցին Հիսուսի պատկերը եկեղեցու պղնձե դարպասներից, իսկ շատ բարեպաշտներ պատժվեցին մտրակահարությամբ, աքսորով, սեփականության բռնագրավումով, հատկապես կրթությամբ և ծագումով նշանավորները»[9]։

Սրբապատկերները հեռացվում էին տեսանելի տեղերից, եկեղեցիներում դրանք բարձրացնում էին, որպեսզի ժողովուրդը չհամբուրի և չերկրպագի։ Բայց Լևոն Իսավրացու օրոք սրբապատկերները չհեռացվեցին Սուրբ Սոֆիայի տաճարից։ Կայսեր այդ գործողությունները առաջացրեցին պատկերապաշտների դժգոհությունը, որոնց պատկանում էին հիմնականում հոգևորականները, հասարակ ժողովուրդը և հասարակական բոլոր խավերի կանայք։ Բախումներ էին ընթանում սրբապատկերների ոչնչացման ժամանակ։ Հելլադա թեմի և Կիկլադյան կղզիների բնակչությունը զորահրամանատար Ագալլիանոս Կոնտոսկելեսի գլխավորությամբ ապստամբություն է բարձրացնում։ Ապստամբները նոր կայսր են հռչակում Կոսմային և շարժվում են դեպի Կոստանդնուպոլիս, սակայն պարտություն են կրում Լևոն III-ի գերակշիռ ուժերից[11]։ Կայսրության ներքին շրջաններից շատերը հեռանում են ծայրամասեր, Բյուզանդիայի իտալական տիրույթների նշանակալի մասը՝ Ռավեննայի հետ, անցնում են լանգոբարդներին։ Վենետիկը պատկերամարտության դեմ ապստամբություն է բարձրացնում և, որպես առաջնորդ, ընտրում է դոժին, որին Լևոն III-ը ստիպված է լինում ճանաչել որպես իպատ, որպեսզի սկսի բանակցել Հռոմի պապ Գրիգորիոս II-ի հետ լանգոբարդների դեմ համատեղ պայքարի համար։

Կոստանդնուպոլսի պատրիարք Գերմանը Լևոնին մեղադրում է հերետիկոսության մեջ։ Լևոնը նրան հրավիրում է գաղտնի խորհրդի, բայց պատրիարքը պատկերապաշտության վերաբերյալ պատասխանում է, որ համաձայն չէ ինչ-որ բան փոխել հավատի հարցերում՝ առանց տիեզերական ժողովի։ 729 թվականի հունվարի 17-ին կայսրը կրկին հրավիրում է պատրիարքին գերագույն խորհրդի և դարձյալ բարձրացնում պատկերապաշտության հարցը։ Գերմանն առարկում է պատկերամարտությանը, սակայն, աջակցություն չստանալով կայսերական շրջապատում, վայր է դնում պատրիարքի լիազորությունները։ Նրա փոխարեն պատրիարք է դառնում պատկերամարտ Անաստասիոսը, որը սրբապատկերների երկրպագության դեմ ուղղված էդիկտ է ստորագրում։ Այդ էդիկտը պատկերամարտական առաջին փաստաթուղթն էր՝ ստորագրված ոչ միայն կայսեր, այլ նաև եկեղեցու անունից[12]։

Արևմուտքում Լևոնի քաղաքականության մասին իմանում են արևմտյան առևտրականներից, որոնք ականատես էին եղել Քրիստոսի պատկերի իջեցմանը։ Գրիգորիոս II պապը գրում է կայսրին. «Գալով հայրենիք՝ նրանք պատմում են... քո երեխայական արարքների մասին։ Եվ ամենուր սկսեցին նետել քո պատկերը գետնին և տրորել ու այլանդակել քո դեմքը»[13]։ Պապը 727 թվականին ժողով է հրավիրում Հռոմում և հաստատում պատկերապաշտության օրինականությունը։ Սրվում են Բյուզանդիայի հարաբերությունները Արևմուտքի հետք։ Լանգոբարդների կողմից Ռավեննայի գրավումից հետո բյուզանդական կուսակալները բարձրացրեցին հարկերը Հարավային Իտալիայում, ինչի դեմ հանդես եկավ Գրիգորիոս II պապը։ Անաստասիոս պատրիարքի ուղերձի պատասխանում պապը մերժում ՝ «եղբայր և ծառայակից» մակդիրները, որոնք նրան տվել էր պատրիարքը, մեղադրում նրան հերետիկոսության մեջ և պահանջում վերադարձ ուղղափառությանը[14]։ Գրիգորիոս II-ի մահից հետո նրա հաջորդը՝ Գրիգորիոս III-ը, նույնպիսի կոշտ դիրքորոշում է ընդունում։ Նա Հռոմում հրավիրում է ժողով՝ 93 եպիսկոպոսների մասնակցությամբ, որը որոշում է. «Այսուհետ ով կհանի, կոչնչացնի կամ կանարգի ու կպղծի սրբապատկերները... թող հեռացվի եկեղեցուց»[14]։ Արևելքում պատկերամարտության ամենաուժեղ հակառակորդը Հովհան Դամասկոսցին էր, որը 726-730 թվականներին գրում է «Երեք պաշտպանական խոսք սրբապատկերները պղծողներին»։ Չնայած այդպիսի ուժեղ ընդդիմությանը՝ Լևոնը, հենվելով բանակի, պալատական արիստոկրատիայի վրա, որոնք կազմում էին պատկերամարտական կուսակցության հիմնական կորիզը, մինչև իր թագավորության վերջը պաշտպանեց պատկերամարտությունը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
  2. Enciclopedia Sapere (իտալ.)De Agostini Editore, 2001.
  3. Успенский Ф. И. История Византийской империи. — М.: Астрель, 2001. — Т. 2. — С. 235. — 624 с. — ISBN 5-17-011750-7
  4. … исаврийское происхождение Льва подтверждается как традицией, так и эпитетом «исавра», сросшимся с его именем[3]
  5. Всемирная История. Византия
  6. Устян А. Р. Византийская империя и место в ней армян-халкидонитов. // Армянство в условиях глобального общества: геополитические и цивилизационные аспекты. М., 2002.
  7. стр. 330. Εξόσων ειρήνην εξειΒ μετά των Αρμενίων, ειρηνουσών και μετεμου και γενού υπό την βασιέλειαν Ρωμαίων., сказал раз Лев арабскому предводителю. http://www.vostlit.info/Texts/rus11/Gewond/frametext1.htm Примечание 112.
  8. Gregorii II Epistola XIII ad Leonem Isaurum Imperatorem (PL, t. LXXXIX, col. 521: «imperator sum et sacerdos»)
  9. 9,0 9,1 Хронография Феофана, год 6217 / 717 (726)
  10. Хронография Феофана, год 6218 / 718 (726)
  11. Хронография Феофана, год 6218 / 718 (727)
  12. Васильев А. А. Глава 5, раздел 4. Религиозные противоречия первого периода иконоборчества // История Византийской империи. — Т. 1.
  13. Цит. // Карташёв А. В. Указ. соч. — С. 584—585.
  14. 14,0 14,1 Карташёв А. В. Указ. соч. — С. 588.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Лев III Исавр на сайте hrono.ru
  • «Лев, византийские императоры». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 588