Զենոն (լատին․՝ Flavius Zeno Augustus, հունարեն՝ Ζήνων, 425, Zenopolis in Isauria, Իսավրիա - ապրիլի 9, 491, Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն), բյուզանդական կայսր 474 թ. - ից մինչև 475 թ., կրկին՝ 476 թ.-ից մինչև 491։ Ներքին ընդվզումները և կրոնական գժտությունները ուղեկցել են նրա գահակալության շրջանը։ Նրան, այնուամենայնիվ, հաջողվել է որոշ հաջողությունների հասնել արտաքին քաղաքականության հարցերում, ինչը նպաստել է Բյուզանդական կայսրության կայունացմանը։ Նրա օրոք տեղի է ունեցել Արևմտյան Հռոմեական կայսրության անկումը։ Գոթերի արքա Օդոակրը գահընկեց է արել Հռոմի կայսր Հռոմուլոս Ավգուստուլոսին և ուղարկել կայսրության թագը Զենոնին՝ դրանով ճանաչելով նրա ձևական գերիշխանությունը Հռոմի նախկին արևմտյան տիրույթների նկատմամբ։
Եկեղեցական պատմության մեջ Զենոնի հետ է կապված այսպես կոչված «Հենոտիկոնի» կամ «Միության գիր» փաստաթղթի թողարկումը, որի միջոցով նա ցանկանում էր վերջ դնել Քաղկեդոնի եկեղեցական ժողովի հավատո հանգանակն ընդունողների և մերժողների միջև վեճերին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 686)։