Դոմիցիանոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դոմիցիանոսի կիսանդրին (Լուվր)

Տիտոս Ֆլավիոս Դոմիցիանոս (լատիներեն՝ Titus Flavius Domitianus, մ.թ. 51–96), Հռոմի կայսր (81–96թթ.), Վեսպասիանոս կայսեր կրտսեր որդին։

Գործունեությունը[խմբագրել]

Դոմիցիանոսը ժառանգել է իշխանությունը իր եղբայր Տիտոսի մահից հետո 81թ.։ Նրա օրոք շարունակվում է կայսրի ձեռքում իշխանության կենտրոնացման գործընթացը։ Դոմիցիանոսը ընդլայնում է սենատի կազմը՝ ներառելով դրա մեջ հեծյալների դասին պատկանող անձանց և պրովինցիաների ազնվականներին՝ դրանով ուժեղացնելով սենատի նկատմամբ իր վերահսկողությունը։ Երկրի փաստացի կառավարումը կենտրոնացնում է պրինցեպսի խորհրդի (consilium principis) ձեռքում, որը կազմված էր Դոմիցիանոսի անձնական օգնականներից ու ազատարձակներից։

Դոմիցիանոսի կողմից սենատի արհամարհումը առաջացրեց Հռոմի հին ազնվականության դժգոհությունը, որը վերաճեց ատելության, չնայած նրան, որ նա բավականին շրջահայաց և խելացի էր վարում կառավարման գործերը՝ նշանակելով լավ կուսակալներ ու պատժելով վատերին։ Դոմիցիանոսը վերահսկում էր պետական ապարատի գործունեությունը՝ խստիվ պատժելով չարաշահումների համար։

Արտաքին քաղաքականությունը[խմբագրել]

Դոմիցիանոսի արտաքին քաղաքականությունն ուղղված էր գոյություն ունեցող սահմանների պաշտպանությանն ու ամրապնդմանը։ Հաջող պատերազմներ է վարել գերմանական ցեղերի դեմ (83թ.)։ խոշոր ռազմարշավներ են անցկացվել ստորին Դանուբի շրջաններում՝ դակերի դեմ։ 89թ. Դոմիցիանոսը խաղաղություն է կնքում դակերի առաջնորդ Դեկեբալոսի հետ Հռոմի համար նպաստավոր պայմաններով՝ այդ խաղաղությունը Հռոմում նշելով տրիումֆով։ Դոմիցիանոսի իշխանության տարիներին նրա զորավարներից մեկը՝ Ագրիկոլան հաջող պատերազմներ էր վարում Բրիտանիայի հյուսիսում, սակայն 84թ. այդ զորավարը հետ է կանչվում Հռոմ, հնարավոր է՝ նրա հաջողությունների նկատմամբ կայսեր խանդի պատճառով։

Սպանությունը[խմբագրել]

Դոմիցիանոսի կառավարման տարիները բաժանվում են երկու շրջանների։ Մինչև 88թ. նա խիստ, սակայն չափավոր էր։
89թ. սկզբներում նրա դեմ ապստամբեցին Վերին Գերմանիայում տեղակայված զորքերը՝ երկրամասի կուսակալ Լուկիոս Անտոնինոս Սատուրնինոսի ղեկավարությամբ։ Ճնշելով ապստամբությունը Դոմիցիանոսը սկսեց վարել սենատական ազնվականության նկատմամբ հալածանքների քաղաքականություն, որը գնալով ավելի էր ուժգնանում։ Սովորական երևույթ էին դարձել գաղտնի ամբաստանությունների վրա հիմնված դատավարությունները, որոնք ավարտվում էին մահապատիժներով։ Կայսեր հիվանդագին կասկածամտությունը ամրապնդում էր այն հանգամանքը, որ նա չուներ թագաժառանգ երեխա։ Դավադրության յուրաքանչյուր փորձին հետևում էին նոր մահապատիժներ, որոնք իրենց հերթին ավելացնում էին դժգոհությունը՝ ծնելով նոր դավադրություններ։ Վերջիվերջո, կայսեր կինը՝ Դոմիցիան, վախենալով իր կյանքի համար, դավադրություն կազմեց պրետորիական գվարդիայի երկու պրեֆեկտների հետ, որը հանգեցրեց Դոմիցիանոսի սպանությանը 96թ.։ Ժողովուրդն անտարբեր մնաց նրա մահի նկատմամբ, սենատն այն ընդունեց մեծ խանդավառությամբ, իսկ բանակը՝ դժգոհությամբ։