Գրիգոր Նազիանզացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Գրիգոր Աստվածաբանից)
Գրիգոր Նազիանզացի
ԺամանակաշրջանՀռոմեական կայսրություն
Ծնունդ329[1][2] կամ 330[3]
ԾննդավայրArianzos, Կապադովկիա, Հռոմեական կայսրություն կամ Nazianzus, Կապադովկիա, Հռոմեական կայսրություն
Վախճանհունվարի 25, 389 կամ 390[3]
Վախճան վայրArianzos, Կապադովկիա, Հռոմեական կայսրություն կամ Nazianzus, Կապադովկիա, Հռոմեական կայսրություն
Թաղման վայրԿոստանդնուպոլիս
Եկեղեցիքրիստոնեություն[4]
Սրբացված կարգսուրբ
Հիշատակության օրՀունվարի 2[5] և Հունվարի 25
Աշխատանքբանաստեղծ, էպիգրամաների հեղինակ, փիլիսոփա, աստվածաբան, քարոզիչ, քահանա, եպիսկոպոս և կաթոլիկ քահանա
ՊաշտոնԿոստանդնուպոլսի պատրիարք և թեմի հովվապետ
Ապրելաձևմիստիցիզմ
ԵրկիրՀին Հռոմ
ԿրթությունՊլատոնական ակադեմիա
ՈւսուցիչHimerius?, Բարսեղ Կեսարացի, Amphilochius of Iconium? և Պարույր Հայկազն
ՍտեղծագործությունThe Spirit and the Resurrection?
ՄայրNonna of Nazianzus?[6][7]
ՀայրGregory of Nazianzus the Elder?
Քույր/եղբայրCaesarius of Nazianzus? և Gorgonia?

Գրիգոր Նազիանզացի (հուն․՝ Γρηγόριος Ναζιανζηνός, հայտնի է նաև որպես Գրիգոր Աստվածաբան, 329[1][2] կամ 330[3], Arianzos, Կապադովկիա, Հռոմեական կայսրություն և Nazianzus, Կապադովկիա, Հռոմեական կայսրություն - հունվարի 25, 389 կամ 390[3], Arianzos, Կապադովկիա, Հռոմեական կայսրություն և Nazianzus, Կապադովկիա, Հռոմեական կայսրություն), քրիստոնյա աստվածաբան, Եկեղեցու հայրերից մեկը, Բարսեղ Կեսարացու ընկերն ու գործակիցը։ Ընդհանրական և Հայ Առաքելական Եկեղեցու սուրբ։ Բարսեղ Կեսարացու և Գրիգոր Նյուսացու հետ կազմում է «երեք մեծ կապադովկիացիների» եռյակը։ Համառ պայքար է մղել արիոսականների դեմ։ Թողել է հարուստ գրական ժառանգություն, որի մեծ մասը հայերեն է թարգմանվել V-VIII դարերի ընթացքում։

Գրվածքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրել է 45 ճառ, 237 նամակ, բազմաթիվ պոեմներ և բանաստեղծություններ։ Ճառերի մեծ մասը հակաճառական, դավանաբանական բնույթի է, 5-ը՝ ներբողական, 9-ը՝ տոնախոսական։ Առավել նշանավոր են նրա աստվածաբանական հինգ ճառերը, որոնք արտասանել է աղանդավորների դեմ Կ. Պոլսում 380-ին։ Այդ ճառերի համար Գրիգոր Նազիանզացուն կոչել են «Աստվածաբան»։ Առաջին ճառը, ըստ էության, Աստծո և Սուրբ Երրորդության վերաբերյալ վարդապետության ներածությունն է։ Երկրորդում խոսվում է Աստծո գոյության և բնության, նրա ստորոգելիների մասին։ Երրորդ ճառը բացատրում է Երրորդության երեք աստվածային անձերի միությունը և Լոգոսի (Բանի) աստվածությունն ու համագոյությունը Հայր Աստծո հետ։ Չորրորդ ճառը հակաճառությունն ու հերքումն է արիոսականության, հինգերորդը նվիրված է Սուրբ Հոգու աստվածության պաշտպանությանը՝ ընդդեմ Մակեդոնի հոգեմարտ վարդապետության։ Գրիգոր Նազիանզացին պատվիրել է չքննել Որդու ծննդյան և Սուրբ Հոգու բխման խորհուրդը, քանզի դրանք վեր են մարդկային կարողությունից։ «Հերոնի մասին» ճառում սովորեցրել է եռանձնյա Աստվածությանը չվերագրել 3 սկիզբ, որպեսզի որևէ հեթանոսական կամ բազմաստվածության գաղափար տեղ չգտնի ուղղափառ դավանության մեջ։

Գրիգոր Նազիանզացու ներբողական և վարքագրական բնույթի մի քանի ճառեր ունեն պաշտամունքային-տոնական քարոզների նկարագիր և նվիրված են Սուրբ Ծննդյան, Աստվածահայտնության, Նոր կիրակիի և Հոգեգալստյան օրերին։ Հատկանշական են նրա «Յաւուր պատշաճ»-ի արտասանած ճառերը, որոնցից ամենանշանավորը «Փախուստի ջատագովություն» կամ հայկ. մատենագրության մեջ հայտնի «Փախուստ ի Պոնտոս» ճառն է։ Այն նվիրված է քահանայական կոչման վեհությանը և լրջությանը, պատասխանատվության խոր գիտակցության կոչ է հոգևոր պաշտոն ստանձնողներին։ Գրիգոր Նազիանզացու չափածո գրվածքները (բանաստեղծություններ, պոեմներ) լեցուն են աստվածապաշտությամբ լուսավորված ճշմարիտ բնական ձգտումով, փիլ. խոր մտքերով։ Նրա դավանաբանական չափածո երկերը նվիրված են Ս. Երրորդությանը, Արարչագործության բացատրությանը, աստվածային նախախնամությանը, մարդու ստեղծմանն ու անկմանը, Մարդեղության խորհրդին, Հիսուս Քրիստոսի հրաշագործություններին ու առակներին, Աստվածաշնչի կանոնական գրքերին։ Պոեմների մեծ մասը պատմական և ինքնակենսագրական բնույթի ստեղծագործություններ են։

Գրիգոր Նազիանզացու աստվածաբանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգոր Նազիանզացու աստվածաբանությունը բնորոշվում է երեք հիմն. հատկանիշներով.

  1. երրորդաբանական ուսմունքի բանաձևով՝ Աստված մեկ է՝ ըստ էության և երեք՝ ըստ դեմքերի։ Սուրբ Երրորդության դեմքերի միասնությունը արտահայտվում է՝ մեկ Աստվածություն, մեկ էություն, մեկ բնություն, իսկ դեմքերի երրորդությունը՝ երեք դեմք, երեք անձնավորություն, յուրաքանչյուր դեմքի առանձնահատկությունը՝ անծնունդություն, ծնվածություն, բխվածություն եզրերով։ Գրիգոր Նազիանզացու՝ Սուրբ Հոգու վերաբերյալ ուսմունքն առավել ավարտուն է, քան Բարսեղ Կեսարացունը։ Եթե վերջինս Սուրբ Հոգին Աստված է անվանում ոչ ուղղակիորեն, ապա Գրիգոր Նազիանզացին զարգացնում է եկեղեցում Սուրբ Հոգու՝ որպես Աստվածության շարունակվողհայտնության մասին ուսմունքը։ Ըստ Բարսեղ Կեսարացու, Սուրբ Հոգու դիմային առանձնահատկությունը նրա սրբությունն է (Նիկիական դավանանքի համաձայն, սրբություն ունեն Աստվածության երեք դեմքերն էլ), ըստ Գրիգոր Նազիանզացու՝ բխվածությունը։
  2. Ըստ Գրիգոր Նազիանզացու՝ Հիսուս Քրիստոսի մարդկային բնությունը կազմված է ոչ միայն մարմնից և հոգուց, ինչպես պնդում էր Ապողինարիոս Լաոդիկեցին, այլև՝ մտքից։ Միայն անմարմին մտքի միջոցով Բանը կարող էր միավորվել մարդու մարմնին ու հոգուն։ Փրկությունը կատարվում է մարդու բնության աստվածացմամբ, որ տեղի է ունենում Աստվածության հետ միավորման շնորհիվ։ Չնայած Հիսուս Քրիստոսի մեջ Աստվածության և մարդու բնության միավորման, Աստվածամարդու անձը միասնական և անբաժանելի է։
  3. Ինչպես կապադովկյան մյուս հայրերը (Բարսեղ Կեսարացի, Գրիգոր Նյուսացի), Գրիգոր Նազիանզացին նույնպես կրում է Որոգինեսի աստվածաբանության ազդեցությունը։ Երեք մեծ կապադովկիացի հայրապետները շարունակողներն են Աթանաս Ալեքսանդրացու աստվածաբանության։ Նրանց հաստատած աստվածաբանական բանաձևերը, հասկացությունները (հատկապես Ս. Երրորդության ուղղափառ ըմբռնման հարցում) մեծ նշանակություն են ունեցել հետագա դարերի աստվածաբանական, քրիստոսաբանական մտքի զարգացման համար։

Գրիգոր Նազիանզացին և Հայոց եկեղեցին[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգոր Նազիանզացու մատենագրական վաստակի մի մասը (նաև նրա նշանավոր «Պատարագամատույցը») հայերեն է թարգմանվել V դ.։ Հայտնի են «Քրիստոս ծնեալ» (12 ճառ), «Յաղթեցայ» (8 ճառ), «Առ որս» (15 ճառ), «Որք Եգիպտոսէն են» (11 ճառ) ճառաշարերը։ Միջնադարյան Հայաստանում Գրիգոր Նազիանզացու երկերի տեսական առավել օգտաշատ հատվածներ խմբագրվել և օգտագործվել են որպես աստվածաբանական բարձրագույն ուսումնական ձեռնարկներ («Առ որս» ճառաշարը, «Հարցումն Բարսեղի եւ սուրբ Գրիգորի Աստուածաբանին» ևն), գրվել լուծմունքներ։ Նրա աշխատությունների աստվածաբանական հայեցակետից առավել կարևոր հատվածներ վկայաբերվել են հայ դավանաբանական մատենագրության մեջ։ Գրիգոր Նազիանզացու գործերից հայերեն թարգմանությամբ (մեկ ճառ) առաջին անգամ տպագրվել է «Գիրք և ճառ հոգեշահ» ժողովածուում (1722), ճառերից բազմաթիվ հատվածներ են վկայակոչվել «Կնիք հաւատոյ» ժողովածուում, Տիմոթեոս Կուզի «Հակաճառութիւն» (1908) երկում, Անանիա Սանահնեցու, Վարդան Այգեկցու երկերում և այլուր։

Հայ եկեղեցին ս. Գրիգոր Նազիանզացու հիշատակը տոնում է տարին 2 անգամ՝ Սուրբ Ծննդյան երրորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը և հոկտեմբերի վերջին շաμաթ օրը՝ «երկոտասան վարդապետաց» հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 VIAF ID
  2. 2,0 2,1 hymnary.orgCalvin Theological Seminary, Christian Classics Ethereal Library.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 BeWeB
  4. Catholic-Hierarchy.orgUSA: 1990.
  5. Calendarium Romanum (լատ.): Ex decreto Sacrosancti Œcumenici Concilii Vaticani II instauratum auctoritate Pauli PP. VI promulgatum. Editio typicaCivitas Vaticana: Typis Polyglottis Vaticanis, 1969. — P. 23.
  6. Нонна (ռուս.) // Нарушевич — Ньютон — 1916. — Т. 28. — С. 826.
  7. Нонна (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1897. — Т. XXI. — С. 333.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Զարբհանալյան Գ., Մատենադարան հայկական թարգմանութեանց նախնեաց, Վնտ., 1889, էջ 374–378։
  • Մուրադյան Կ., Գրիգոր Նազիանզացին հայ մատենագրության մեջ, Ե., 1983։
  • Վարդան Այգեկցի, Գիրք հաստատութեան և Արմատ հաւատոյ, Ե., 1998, էջ 37–39։
  • Քյոսեյան Հ., Անանիա Սանահնեցի, Ս. Էջմիածին, 2000, էջ 193, 272, 367, 369, 370։
  • Migne J. P., PG, t. 35–38, P., 1857–66;
  • Quasten J., Patrology, v. 3, Utrecht, 1966;
  • Geerard M., Clavis Patrum Graecorum, v. 2, Brռpols Turnhout, 1974, p. 179–209.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 218