Jump to content

Տիմոթեոս Կուզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիմոթեոս Կուզ
Ծնվել էԵգիպտոս
Մահացել էհուլիսի 31, 477
ԳերեզմանՍուրբ Մարկոս ղպտական ուղղափառ եկեղեցի
Բնակության վայր(եր)Սուրբ Մարկոս ղպտական ուղղափառ եկեղեցի
ՔաղաքացիությունԲյուզանդական կայսրություն
Դավանանքուղղափառություն
Մասնագիտությունքահանա
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Պաշտոն(ներ)Ալեքսանդրիայի ղպտիական ուղղափառ եկեղեցու պատրիարք և Ալեքսանդրիայի պատրիարք
Տիրապետում է լեզուներինսիրիերեն[1]

Տիմոթեոս Կուզ (Էլուրոս, Ալեքսանդրացի, IV դ. վերջ – 477), V դարի հույն հակաքաղկեդոնիկ աստվածաբան, Ալեքսանդրիայի պատրիարք (457–460, 476–477 թթ.)։ V դ. եկեղեցական կյանքի և աստվածաբանական մտքի նշանավոր դեմքերից, Ալեքսանդրյան աստվածաբանական դպրոցի ամենահայտնի ներկայացուցիչներից։ Եղել է հականեստորական և հակաքաղկեդոնական պայքարի ղեկավարներից, Ալեքսանդրիայի պատրիարքներ Կյուրեղ Ալեքսանդրացու և Դիոսկորոսի զինակիցը։ 460 թ.-ին զրկվել է պատրիարքական աթոռից և իր եղբոր հետ աքսորվել նախ Գանգրա, ապա՝ Քերսոն։

Իր աշխատությունների մեծ մասը գրել է աքսորավայրում։ Մեզ է հասել դրանց շատ քիչ մասը, հիմնականում հատվածներ երկերից՝ հայերեն, ասորերեն և ղպտերեն թարգմանությամբ։ Ենթադրվում է, որ հունարեն բնագրերը ոչնչացրել են քաղկեդոնականները։ Տիմոթեոս Կուզի ամենահայտնի և ամբողջական պահպանված աշխատությունը «Հակաճառութիւն առ սահմանեալսն ի ժողովոյն Քաղկեդովնի» երկն է, որը մեզ է հասել միայն հայերեն թարգմանությամբ և ասորերեն համառոտված, փոփոխված տարբերակով։ «Հակաճառութիւնը» V դ. ներքրիստոնեական դավանաբանական պայքարի ամենահիմնական աղբյուրներից է, որն արտահայտում է արևելյան ուղղափառության հոգևոր կենտրոնի՝ Ալեքսանդրիայի և նրա աստվածաբանական դպրոցի պաշտոնական գաղափարախոսությունը։ Գործը հայ թարգմանչական գրականության ամենաարժեքավոր երկերից է, որը մեծ ազդեցություն է ունեցել հայ դավանաբանական գրականության վրա, օրինակ եղել հայ դավանաբանների համար և կարևոր դեր խաղացել Քաղկեդոնի ժողովի նկատմամբ Հայ եկեղեցու դիրքորոշման հստակեցման և իր դավանության պաշտպանության գործում։ «Հակաճառութեան» նմանողությամբ հետագայում կազմվել են «Կնիք հավատո» (VII դ.) և Վարդան Այգեկցու «Արմատ հավատո» (XIII դ.) դավանաբանական ժողովածուները։

«Հակաճառութիւնը» մեծ արժեք է ներկայացնում նաև հայրաբանական գրականության տեսակետից. պարունակում է եկեղեցու հայրերի երկերից բազմաթիվ քաղվածքներ, որոնց զգալի մասի բնագրերը չեն պահպանվել։ Ուշագրավեն հատկապես աղանդավոր հեղինակների՝ Պողոս Սամոստացու (III դ.), Նեստորի (V դ.), Թեոդորետի (V դ.) աշխատություններից կատարված քաղվածքները։

VII դ. սկզբին Վրաց եկեղեցու քաղկեդոնականություն ընդունելու կապակցությամբ գրված Մովսես Ցուրտավեցու «Պատճառք Դժողովոյն երկաբնակացն» գրության մեջ «Հակաճառութիւնը» դասակարգվել է Քաղկեդոնի ժողովը և Լևոնի տոմարը մերժող հինգ կարևոր գրությունների շարքում՝ բյուզանդական Զենոն կայսրի «Հենոտիկոնի», բյուզանդական կայսր Անաստասի, Հայոց Հովհաննես Ա Մանդակունի կաթողիկոսի և Անտիոքի պատրիարք Պետրոս Անտիոքացու (Թափիչ) թղթերի հետ միասին։

«Հակաճառութեան» նպատակը շարադրված է գրքի հակիրճ նախաբանում, այն է՝ Աստծո ճշմարիտ վարդապետությունը քարոզող սուրբ և ուղղափառ հայրերի վկայություններով հերքել Լևոնի տոմարը և Քաղկեդոնի ժողովի սահմանումները՝ ապացուցելու համար, որ Ընդհանրական եկեղեցու հայրերի գրվածքներում խոսք չկա Աստծո Որդի Հիսուս Քրիստոսի երկու բնությունների վարդապետության մասին։

«Հակաճառութիւնը» բաղկացած է երկու մասից։ Առաջին մասը նվիրված է Լևոնի տոմարի, իսկ երկրորդը՝ Քաղկեդոնի ժողովի սահմանումների հերքմանը։ Երկում արժեքավոր տեղեկություններ են հաղորդվում Եփեսոսի 449 թ.-ի և Քաղկեդոնի ժողովների շուրջ ծավալված պատմական իրադարձությունների, հակաքաղկեդոնական գործիչների կրած հալածանքների և այլ դեպքերի մասին։

«Հակաճառութեան» հայերեն թարգմանության թվագրումը հայագիտության կարևոր խնդիրներից է. դրանից է կախված, մի կողմից՝ հունաբան դպրոցի և հունաբան թարգմանությունների սկզբնավորման, մյուս կողմից՝ Քաղկեդոնի ժողովի հանդեպ Հայ եկեղեցու դիրքորոշման և քաղկեդոնական վեճերին հայոց մասնակցության ժամանակի պարզաբանումը։ Մի շարք ուսումնասիրողներ (Ե. Տեր-Մինասյան, Ն. Ակինյան, Հ. Մանանդյան, Ն. Ադոնց, Պ. Անանյան, Ժ. Գարիտ) այն տեսակետն են հայտնել, որ «Հակաճառութիւնը» հայերեն է թարգմանվել VI դ. կեսին՝ 552–564 թթ.-ին։ Հեղինակների մեկ այլ խումբ (Կ. Տեր-Մկրտչյան, Ստ. Մալխասյանց, Գ. Տեր-Մկրտչյան, Մ. Աբեղյան, Ս. Արևշատյան) գտնում է, որ երկը թարգմանվել է 480–484 թթ.-ի միջև՝ Հովհաննես Ա Մանդակունի կաթողիկոսի օրոք։ Ներկայումս հայագիտության մեջ գերակշռում է վերջին տեսակետը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: