Անտոն Մեծ (Սուրբ Անտոն) (251 – 356 թթ.), ճգնավոր-կրոնավոր, Հայ Առաքելական Եկեղեցու տոնելի սուրբ։ Գրիգոր Ա Լուսավորիչը, 302 թ-ին ԿեսարիայիցՄեծ Հայք գալով, ձեռնադրել և իր հետ բերել է նաև ազգությամբ հույն Անտոն և Կրոնիդես ճգնավորներին։
Անտոնը և Կրոնիդեսը գործել են Տարոնի Իննակընյան բարձունքի Գիսանեի մեհյանի տեղում Գրիգոր Լուսավորչի հիմնած Մշո Սուրբ Կարապետ վանքում։ Այստեղ հաստատել են միաբանական ուխտ, վանահայր նշանակել իրենց աշակերտներից Եպիփանին, որը միաժամանակ Տարոն գավառի առաջնորդ Զենոբ Գլակի տեղապահն էր։ Անտոնը և Կրոնիդեսը շուրջ 15 տարի գործել են Մշո Սուրբ Կարապետի վանքում, ապա մոտ 40 տարի ճգնել շրջակա անտառներում։
Անտոնի գերեզմանը մատնանշվում է Մշո Սուրբ Կարապետ վանքին մերձ մի մատուռում։ Հայ եկեղեցին սուրբ Անտոնի և սուրբ Կրոնիդեսի հիշատակը նշում է Խաչվերացի 5-րդ կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը, տոնելի մյուս հայ ճգնավորների հետ։ Թեև չկա նրանց նվիրված առանձին շարական, բայց Յոթը խոտաճարակներին նվիրված շարականում հիշատակվում են նաև նրանք․
Սուրբ երջանիկ երկնահանդես,
Ճգնող Անտոն, Կրոնիդես․
Ի հողանիւթ ծնեալ զարմէս՝
Գերազանցեալ ի բնութենէս․․․։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: