Jump to content

Կալիգուլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կալիգուլա (այլ կիրառումներ)
Կալիգուլա
Հռոմեական կայսրության 3-րդ կայսր
Իշխանություն37-41 թթ.
Լրիվ անունGaius Julius Caesar Augustus Germanicus
Զինվորական կոչումԻմպերատոր (Հին Հռոմ)
Ծնվել է՝օգոստոսի 31, 12[1]
ԾննդավայրAntium, Հռոմէական Իտալիա[2][3]
Մահացել է՝հունվարի 24, 41[1] (28 տարեկան) մարդասպանություն
Վախճանի վայրՊալատին, Հռոմ, Հռոմեական կայսրություն[4]
Օգոստոսի դամբարան
ԵրկիրՀին Հռոմ
ՀարստությունՀուլիոսներ, Կլավդիոսներ
ՆախորդՏիբերիոս
ՀաջորդողԿլավդիոս
ԿանայքՅունիա Կլավդիլա
Լիվիա Օրեստիլլա
Լոլիա Պաուլինա
Միլոնիա Ցեզոնիա
ՏոհմՀուլիոս Կլավդիոսներ և Julii Caesares?
քաղաքական գործիչ
ՀայրԳերմանիկոս[5][1]
ՄայրԱգրիպինա ավագ[5][1]
ԵրեխաներJulia Drusilla?
Հավատքհին հռոմեական կրոն
Առողջական վիճակէպիլեպսիա

Գայոս Հուլիոս Կեսար Օգոստոս Գերմանիկոս (լատ.՝ Gaius Julius Caesar Augustus Germanicus)[6], առավել հայտնի է իր Կալիգուլա[7] մականունով (օգոստոսի 31, 12[1], Antium, Հռոմէական Իտալիա[2][3] - հունվարի 24, 41[1], Պալատին, Հռոմ, Հռոմեական կայսրություն[4]), հռոմի կայսր (37-41 թթ.)։ Նաև՝ Սենատի պրինցեպս, Մեծ պոնտիֆեքս (լատիներեն՝ Pontifex Maximus), տրիբուն (լատիներեն՝ Tribuniciae potestatis), Հայրենիքի հայր (լատիներեն՝ Pater patriae) (38 թ.-ից), քառակի կոնսուլ (37, 39 - 41 թթ.)։ Կալիգուլան, այսպես կոչված, Հուլիո-Կլավդիոսյան հարստության ներկայացուցիչ էր։ Կալիգուլայի հայրը՝ Գերմանիկոսը, Տիբերիոս կայսեր զարմիկը և որդեգրված որդին, բավական հայտնի ռազմական գործիչ և զորավար էր, և Հռոմի ամենասիրելի հասարակական գործիչներից։ Երիտասարդ Գայոսը ստացել է Կալիգուլա մականունը իր հոր զինվորների կողմից այն ժամանակ, երբ ուղեկցում էր իր հորը նրա Գերմանական արշավանքի ընթացքում։

Երբ 19 թվականին Գերմանիկոսը մահացավ Անտիոքում, նրա կինը՝ Ագրիպինա Ավագն իր վեց երեխաների հետ վերադարձավ Հռոմ, որտեղ նրա ու Տիբերիոս կայսեր միջև ստեղծվեցին խճճված և թշնամական հարաբերություններ։ Ընդհարումն ի վերջո բերեց նրան, որ նրա ընտանիքը կործանվեց, արու զավակներից միայն Կալիգուլան ողջ մնաց։ Մահացու խարդավանքներից իրեն հեռու պահելով՝ Կալիգուլան ընդունեց Տիբերիոս կայսեր առաջարկությունը՝ այն է միանալ իրեն (կայսերը) Կապրի կղզում 31 թվականին, ուր Տիբեիրոսը քաշվել էր դեռևս հինգ տարի առաջ։ Տիբերիոսի մահվանից հետո 37 թվականին Կալիգուլան հաջորդեց իր մեծ հորեղբորը և որդեգրյալ պապին որպես կայսր։

Մեզ շատ քիչ բան է հայտնի Կալիգուլա կայսեր գահակալման շրջանի մասին, չնայած նա նկարագրվում է որպես ազնիվ և չափավոր ղեկավար իր գահակալության առաջին վեց ամիսների ընթացքում։ Վեց ամսվա ազնիվ և լավ գահակալական շրջանից հետո բոլոր աղբյուրները նշում են նրա դաժանության, սադիզմի, անմտության և սեռական կամակորությունների մասին՝ ներկայացնելով նրան որպես խելագար բռնապետ։ Չնայած այն բանին որ այս աղբյուրներում նշված փաստերը դեռ հարցականի տակ են, մի բան պարզ է. Կալիգուլան իր կարճ գահակալման ընթացքում ձգտել է կայսերական իշխանությունը դարձնել անսահմանափակ։ Նա մեծ մասամբ հոգում էր միայն իր փառասիրական կառուցողական ծրագրերի և իր համար շքեղ ապաստարաններ կառուցելու մասին։ Նա նախաձեռնել է Հռոմում Ակվա Կլավդիա և Անիո Նովուս ջրատարների կառուցումը։ Նրա գահակալման շրջանում Մավրիտանիայի թագավորությունը կցվեց կայսրությանը որպես պրովինցիա։

41 թվականի հունվարի 24-ին Կալիգուլան դարձավ Հռոմի առաջին կայսրը, ով սպանվեց մի դավադրության ընթացքում, որը նրա դեմ նյութել էին պրետորական գվարդիան, սենատորները, և պալատականները։ Դավադիրների՝ Հռոմեական Հանրապետությունը վերականգնելու փորձը ձախողվեց, Կալիգուլա կայսեր հենց սպանության օրը, պրետորականները կայսր հռչակեցին Կալիգուլայի հորեղբորը՝ Կլավդիոսին։

Կալիգուլան մինչև օրս էլ համարվում է մարդկության պատմության ամենադաժան մարդկանցից մեկը[8][9]։

Կյանքի վաղ շրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալիգուլան ծնվել է Անտիումում (ներկայիս Անցիո և Նետունո[10]) 12 թվականի օգոստոսի 31-ին։ Նա երրորդ երեխան է Գերմանիկոսի և Ագրիպինայի ողջ մնացած վեց երեխաներից։ Գայոսի եղբայրներն էին Ներոնը և Դրուզոսը։ Նրա քույրերն էին Ագրիպինա Կրտսերը, Հուլիա Դրուզիլլան և Հուլիա Լիվիան։ Գայոսը ապագա կայսր Կլավդիոսի զարմիկն էր[11]։

Կալիգուլայի մայրը՝ Ագրիպինա Ավագը Մարկոս Վիպսանիոս Ագրիպայի և Հուլիա Ավագի դուստրն էր։ Նա Օգոստոս կայսեր և նրա երկրորդ կնոջ՝ Սկրիբոնիայի թոռնուհին էր։

Վաղ կարիերա և պատանի տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կալիգա
Կալիգուլայի մարմարից կիսանդրին վերականգնված գունավորմամբ

Կալիգուլա մականունը նշանակում է փոքր կալիգա՝ (լատին․՝ caliga) զինվորական կոշիկ։ Երկու-երեք տարեկանում Գայոսն ուղեկցում էր հորը՝ Գերմանիկուսի դեպի հյուսիսային Գերմանիա կատարած արշավանքների ժամանակ[12]։ Զինվորներին զվարճացնում էր փոքրիկ զինվորական համազգեստ, ներառյալ՝ կոշիկներ և զրահներ հագած փոքրիկ Գայոսի տեսքը։ Այդ ժամանակ էր, որ նա ստացավ իր Կալիգուլա մականունը։ Ըստ որոշ տվյալների Գայոսն արդեն հասուն տարիքում չէր սիրում իր մականունը[13]։

Գայոս Տրանքվիլլոս Սվետոնիոսը նշում է, որ Կալիգուլայի հայրը՝ Գերմանիկոսը, թունավորվել է Տիբերիոս կայսեր ցանկությամբ և նրա վստահելի անձանցից մեկի կողմից Սիրիայում, քանի որ կայսրը նրան դիտարկում էր որպես քաղաքական հակառակորդ[14]։

Հոր մահվանից հետո Կալիգուլան ապրեց իր մոր հետ մինչև որ նրա հարաբերությունները Տիբերիոս կայսեր հետ վատացան[15]։ Տիբերիոսը չէր ցանկանում, որ Ագրիպինան ամուսնանա, քանի որ մտածում էր թե նրա ամուսինը կարող է դառնալ իրեն հակառակորդ[16]։ Ի վերջո Ագրիպինան և Կալիգուլայի ավագ եղբայր Ներոնը աքսորվեցին 29 թվականին դավադրություն կազմակերպելու մեղադրանքների պատճառով[17][18]։

Դեռահաս Կալիգուլան ուղարկվեց ապրելու իր ավագ տատիկի՝ Տիբերիոս կայսեր մոր՝ Լիվիայի հետ[15]։ Լիվիայի մահվանից հետո 29 թվականին նա գնաց ապրելու իր տատիկի՝ Անտոնիայի հետ[15]։ 30 թվականին նրա եղբայր Դրուզոսը բանտարկվեց իբրև թե դավադրություն կազմակերպել ցանկանալու համար, իսկ իր ավագ եղբայր Ներոնը մահացավ աքսորավայրում քաղցից կամ էլ ինքնասպան լինելով[18][19]։ Սվետոնիոսը գրում է, որ իր մոր և եղբայրների աքսորվելուց հետո Կալիգուլան և նրա քույրերը ոչ այլ ինչ էին եթե ոչ բանտարկյալներ որոնք գտնվում էին Տիբերիոս կայսեր զինվորների աչալուրջ հսկողության ներքո[20]։

31 թվականին Կալիգուլան հանձնվեց Տիբերիոս կայսեր անձնական խնամքին Կապրիում, որտեղ նա ապրեց վեց՝ տարի մինչև կայսեր մահը[15]։ Չնայած շատերի զարմանքին՝ Տիբերիոսը խնայում էր Կալիգուլային[21]։ Ինչպես նշում են որոշ պատմիչներ՝ Կալիգուլան գերազանց դերասան էր, և իմանալով վերահաս վտանգի մասին, իր ամբողջ զայրույթը ծածկում էր Տիբերիոսից[15][22]։ Ինչ-որ մեկը Կալիգուլայի մասին ասել է. «Երբեք ավելի լավ ստրուկ և առավել վատ ղեկավար չի եղել»[15][22]։

Կալիգուլան կայսր դառնալուց հետո պնդում էր թե հենց ինքն էր ծրագրել սպանել Տիբերիոսին, դաշույնով, որպեսզի վրեժ լուծի իր եղբայրների և մոր համար։ Չնայած սրան, երբ նա դաշույնով մտել էր Տիբերիոսի ննջասենյակ նա չէր սպանել կայսերը, այլ նետել էր դաշույնը սենյակի հատակին։ Վարկածներ կան, որ Տիբերիոսը իմացել է սրա մասին, սակայն երբեք չի համարձակվել որևէ բան անել ի պատասխան Կալիգուլայի այդ արարքի[23]։ Սվետոնիոսը նշում է, որ Կալիգուլան արդեն այդ ժամանակ դաժան և ապականված էր՝ նա գրում է, որ երբ Տիբերիոսը բերեց Կալիգուլային Կապրի, նրա նպատակն էր, որ Կալիգուլան ապրի այնպես. «...որ հաստատի իր և մնացյալ մարդկության ավերումը, և որ նա իր ծոցում օձ էր մեծացրել հռոմեական ժողովրդի համար և Ֆայետոն աշխարհի համար»[24]։

33 թվականին Տիբերիոսը Կալիգուլային շնորհեց պատվավոր քվեստորի աստիճան, մի տիտղոս, որը նա զբաղեցրեց մինչև իր Կայսր դառնալը[25]։ Այդ նույն ժամանակահատվածում էլ Կալիգուլայի մայրը և նրա եղբայր Դրուզոսը մահացան բանտում[26][27]։ Կալիգուլան դեռ վերջերս էր ամուսնացել Յունիա Կլավդիլայի հետ, 33 թվականին, սակայն նա մահացավ հաջորդ տարի ծննդաբերության ժամանակ։ Կալիգուլան քվեստոր դառնալուց հետո ընկերացավ պրետորական պրեֆեկտ Նաևիոս Սուտորիոս Մակրոյի հետ, որ նրա համար դարձավ մի կարևոր դաշնակից։ Մակրոն միշտ բարեխոսում էր Կալիգուլայի համար Տիբերիոսի մոտ, փորձելով վանել ամեն տեսակի կասկած կամ վատ մտադրություն, որը կարող էր կայսրն ունենալ Կալիգուլայի հանդեպ[28]։

35 թվականին Կալիգուլան դարձավ Տիբերիոս կայսեր ժառանգներից մեկը, Տիբերիոս Գեմելոսի հետ միասին[29]։

Որպես Հռոմի Կայսր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կառավարում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուլիա Դրուզիլլան, Կալիգուլայի քույրը

37 թ. մարտի 16-ին Տիբերիոսի մահից հետո նրա պրինցիպատի տիտղոսը փոխանցվեց Կալիգուլային և իր թոռ Գեմելոսին։ Չնայած նրան, որ Տիբերիոսը մահացել էր 78 տարեկանում, անկողնում, որոշ անտիկ պատմիչներ պնդում էին, թե նրան սպանել են[30]։ Կոռնելիոս Տակիտոսը գրում է, որ պրետորական պրեֆեկտ Մակրոն է խեղդել Տիբերիոս կայսրին բարձով, որպեսզի արագացնի Կալիգուլայի գահ բարձրանալը, ինչը նաև բավականություն կպատճառեր հռոմեական ժողովրդին[30], մինչդեռ Սվետոնիոսը նշում է, որ Տիբերիոսին սպանել է հենց ինքը՝ Կալիգուլան, սակայն ոչ մի այլ պատմիչ չի նշել դրա մասին։ Սենեկա Ավագը և Փիլոն Ալեքսանդրացին, որոնք երկուսն էլ եղել են Տիբերիոսի ժամանակակիցները, ինչպես նաև Հովսեփոս Փլավիոսը նշում են, որ Տիբերիոսը մահացել է բնական մահով[31]։ Ապահովված լինելով Մակրոյի կողմից՝ Կալիգուլան չեղյալ համարեց Գեմելոսի կառավարումը, պատճառ բերելով նրա խելագարությունը, սակայն մյուս հարցերում կատարեց Տիբերիոսի ցանկությունները[32]։

Կալիգուլան իր մոր և եղբոր մոխիրները հանձնում է իր նախնիների գերեզմանին, նկարը՝ Լեսյուեր Էստաշի, 1647

Կալիգուլան Հռոմ ժամանեց մարտի 28-ին, որտեղ «մեր երեխա», «մեր աստղ» և այլ ողջույնի բացականչություններով նրան դիմավորում էր ամբոխը[33]։ Սենատից նա ստացավ պրինցեպսի տիտղոսը։ Կալիգուլան պատկերվում է որպես առաջին կայսր, ումով հիանում էր «ամբողջ աշխարհը՝ արևելքից արեմուտք»[34]։ Կալիգուլային շատերը սիրում էին նրա համար, որ Գերմանիկոսի սիրեցյալ որդին էր[33], և որովհետև նա Տիբերիոսը չէր[35]։ Սվետոնիոսը գրում է երեք ամսվա ընթացքում հանրությանը զվարճացնելու համար զոհաբերվեց ավելի քան 160 հազար կենդանի[36][37]։ Փիլոնը Կալիգուլայի թագավորության առաջին յոթ ամիսները ներկայացնում է որպես երանելի[38]։

Ասում են, թե Կալիգուլայի առաջին արարքները շատ մեծահոգի էին, սակայն իրենց էությամբ նաև քաղաքական[32]։ Աջակցություն ստանալու համար նա հավելավճարներ տվեց ռազմական գործի մարդկանց, որոնց մեջ մտնում էին պրետորական գվարդիան, քաղաքի զորքը, և այն բանակը, որը գտնվում էր Իտալիայից դուրս[32]։ Նա ոչնչացրեց Տիբերիոսի դավադրության մասին մատնող փաստաթղթերը, հայտարարեց, որ դրանք արդեն անցյալ են և հետ կանչեց բոլոր նրանց, ովքեր գտնվում էին աքսորի մեջ[39]։ Նա օգնեց նրանց, ովքեր վնասներ էին կրել կայսերական հարկերի պատճառով, վերացրեց որոշ սեռական կապերի ձևեր և կազմակերպեց շռայլ հասարակական միջոցառումներ հասարակության համար, ինչպես օրինակ գլադիատորների մարտերը[40][41]։ Կալիգուլան հավաքեց և հետ բերեց իր մոր ու իր եղբայրների ոսկորները և դրեց նրանց աճյունները Օգոստոսի գերեզմանում[42]։

37 թվականի հոկտեմբերին Կալիգուլան լուրջ հիվանդացավ, կամ միգուցե թունավորվեց։ Շուտով նա ապաքինվեց, բայց շատերը սկսեցին հավատալ, որ երիտասարդ կայսրը ձեռք է բերել հրեշային հատկություններ, որովհետև նա սկսեց սպանել կամ աքսորել այն մարդկանց, որոնք համարվում էին նրա մտերիմները, կամ էլ նրանց, որոնց ինքը վտանգավոր էր համարում։ Միգուցե նրա հիվանդությունը հիշեցրեց նրան իր մահկանացու լինելու մասին, և այն մասին, որ մարդիկ ցանկություն ունեն զբաղեցնել իր տեղը[43]։ Նա իր զարմիկին և որդեգրած որդուն՝ Տիբերիոս Գեմելոսին, մահապատժի ենթարկեց, արարք, որը վրդովմունք պատճառեց Կալիգուլայի և Գեմելոսի տատին՝ Անտոնիա Մինորին։ Ասում են, որ նա ինքնասպանություն գործեց, սակայն Սվետոնիոսը նշում է, որ Կալիգուլան թունավորել է նրան։ Նա բռնեց իր աներոջը՝ Մարկոս Յունիոս Սիլանոսին ու կոնսուլ Լուցիոս Աեմիլիոս Պավլոսի որդի Մարկոս Լեպիդոսին, իսկ հորեղբորը՝ Կլավդիոսին, խնայեց միայն նրա համար, որ զվարճացնում էր իրեն։ Կալիգուլայի սիրելի քույրը՝ Հուլիա Դրուզիլլան, մահացավ 38 թվականին տենդից. նրա մյուս քույրեր Լիվիան և Ագրիպինա Կրտսերը աքսորվեցին։ Նա ատում էր այն փաստը, որ ինքն Ագրիպայի թոռն էր և զրպարտում էր Օգոստոսին, կրկնելով այն կեղծիքը, թե իր մայրը Օգոստոսի և նրա դստեր՝ Հուլիա Ավագի ինցեստի արդյունքն էր[44]։

Բարեփոխումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

38 թվականին Կալիգուլան իր ուշադրությունը սևեռեց քաղաքական և հասարակական բարեփոխումների վրա։ Նա հրապարակեց հասարակական հիմնադրամների հաշիվները, ինչը չէր արվում Տիբերիուսի գահակալության ժամանակ։ Նա օգնություն ցուցաբերեց իրենց ունեցվածքը հրդեհից կորցրածներին, վերացրեց որոշակի տուրքեր և բաժանեց մրցանակներ մարմնամարզական իրադարձությունների ժամանակ։ Նա թույլ տվեց, որ նոր անդամներ միանան էքվեստորյան և սենատորյան շարքերին[45]։

Միգուցե ամենաէական բարեփոխում, այն էր, որ նա վերականգնեց դեմոկրատական ընտրելաձևը[46]։ Դիոն Կասսիոսը, անդրադառնալով սրան, նշել է.«Թեև բավականություն պատճառելով ժողովրդին, նա վշտացրեց խելամիտներին, որովհետև, եթե գործերը կրկին հանձնվեին շատերի ձեռքը... շատ աղետներ կլինեին»[47]։

Հենց նույն տարում էլ Կալիգուլան արժանացավ քննադատությունների այն բանի համար, որ մահվան էր դատապարտում մարդկանց այն դեպքում, երբ դեռ դատական նիստը կիսատ էր, և նրա համար, որ ստիպեց իր օգնական Մակրոյին ինքնասպանություն գործել[48]։

Ֆինանսական ճգնաժամ և սով

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես գրում է Դիոն Կասսիոսը՝ ֆինանսական ճգնաժամ սկսվեց 39 թվականին[48]։ Սվետոնիոսը գրել է, որ ճգնաժամը սկսվել է դեռևս 38 թվականին[49]։ Կալիգուլայի քաղաքական աջակցության համար ծախսված գումարները, նրա շռայլությունը և անմտությունը սնանկացրել էին պետական գանձարանը։ Անտիկ աղբյուրներում նշված է, որ Կալիգուլան սկսեց անհիմն մեղադրել, տուգանել և նույնիսկ սպանել առանձին անհատների նրանց ունեցվածքը զավթելու համար[50]։

Մի շարք այլ անխոհեմ արարքներ, որոնք կատարվել են Կալիգուլայի կողմից, նկարագրված են պատմիչների գրվածքներում։ Պետական գանձարանը լցնելու համար՝ Կալիգուլան պահանջել է հասարակությունից գումար հավաքել կառավարության համար[51]։ Կալիգուլան հարկեր էր գանձում դատավարություններից, ամուսնություններից և պոռնկաբանություններից[52]։ Կալիգուլան սկսեց աճուրդի հանել գլադիատորների կյանքը մրցման ժամանակ[50][53]։ Որոշ կտակներում, որտեղ ժառանգությունները կտակվել էին Տիբերիոսին, վերագրվեցին որպեսզի հարստությունը անցնի Կալիգուլային[54]։ Ցենտուրիոնները որոնք թալանի շնորհիվ որոշ դիրքի էին հասել, ստիպված են եղել իրենց ավարը տալ կառավարությանը։

Խճուղիների ներկայիս և նախկին լիազորները մեղադրվում էին այն գումարների յուրացման և անիրավունակության մեջ, ու նրանք բռնի ուժով կրկին վճարում էին նախկինում վճարված գումարը[54]։ Ինչպես նշում է Սվետոնիոսը՝ Կալիգուլայի կառավարման առաջին տարում նա՝ Կալիգուլան, վատնել այն 2,700,000,000 սեստերցիումները, որոնք Տիբերիոսը կուտակել էր[55]։ Կալիգուլայի զարմիկը՝ Ներոնը, և՛ նախանձում, և՛ հիանում էր Կալիգուլայով, որը կարողացել էր ծախսել այն ահռելի կարողությունը, որը նրան էր մնացել Տիբերիոսի կամքով, այդքան կարճ ժամանակահատվածում[56]։

Վատիկանի հուշասյունը Եգիպտոսից բերվել է Կալիգուլայի օրոք։

Մի կարճատև սով է սկսվել այս ժամակաշրջանում, միգուցե այն արդյունքն էր ֆինանսական ճգնաժամի, բայց Սվետոնիոսը գրում է, որ դրա պատճառը եղել Կալիգուլայի կողմից հասարակական ունեցվածքի զավթումը[50]։ Իսկ Սենեկան գրում է, որ հացահատկի ներմուծումն էր խափանվել Կալիգուլայի պատճառով, որը սկսել էր տափականավերի փոխարեն հասարակ նավակներով հացահատիկ բերել Հռոմ, ինչն էլ իր հերթին հանգեցրել էր սովի սկսվելուն[57]։

Չնայած ֆինանսական դժվարություններին՝ Կալիգուլան իր գահակալման ընթացքում ձեռնարկեց մի շարք կառուցողական ծրագրեր։ Որոշները հասարակության օգտի համար էին, մինչդեռ մյուսները իր հաճույքի։

Հովսեփոս Փլավիոսը նկարագրում է Ռեգիումի և Սիցիլիայի նավամատույցների նորոգումները, որոնց շնորհիվ էլ հացահատկի ներկրումը Եգիպտոսից առավել մեծ թափ ստացավ, որպես Կալիգուլայի մեծագույն ներդրում[58]։ Այս բարեփոխումները միգուցե արվել են որպեսզի կասեցնեն սովը։

Կալիգուլան ավարտին հասցրեց Օգոստոսի տաճարը, Պոմպեոսի թատրոնը և սկսեց նոր ամփիթատրոնի կառուցումը, ընդարձակեց կայսրի պալատը[59][60]։ Կառուցեց երկու նոր ջրակամուրջ, որոնք, ըստ Պլինիոս Ավագի, ճարտարագիտական հրաշալիքներ են[61]։ Կառուցեց մեծ վազքուղի, որը հայտնի էր որպես Գայոսի և Ներոնի կրկես և ուներ եգիպտական հուշասյուն (այսօր հայտնի է որպես՝ Վատիկանի հուշասյուն), որը բերվել է ծովով և կանգնեցվել Հռոմի կենտրոնում[62]։

Նա կառուցեց նոր ճանապարհներ և նորոգեց հները[63]։ Սիրակուզայում նորոգեց քաղաքի պարիսպները և դիցերի տաճարները[59]։ Նա ծրագրել էր վերակառուցել Պոլիկրատեսի պալատը Սամոսում և ավարատին հասցնել Եփեսոսում գտնվող Դիդմեյան Ապոլլոնի տաճարը։ Նա նաև ցանկանում էր մի քաղաք հիմնել Ալպերում[59]։ Նա ցանկանում էր Հունաստանում իսթմոսի միջով մի ջրանցք կառուցել և գլխավոր ցենտուրիոնին ուղարկել էր ուսումնասիրելու տեղանքը[59]։

39 թվականին Կալիգուլան մի տպավորիչ բան արեց. նա հրամայեց կառուցել լողացող կամուրջ, որն ուներ երկու մղոն երկարություն՝ ձգվելով Բայաեի նավահանգստից մինչև հարևան Պուտեոլիի նավահանգիստը[64]։ Ասում են, թե նա այդ արել է ի հակադրումն Քսերքսեսի լողացող կամրջի, որը նա կառուցել էր Հելեսպոնտոսում[64]։ Կալիգուլան, ով չէր կարողանում լողալ[65], անցել էր այդ կամրջի վրայով իր սիրելի Ինկիտատոս ձին հեծած, նա այդ ժամանակ կրում էր Ալեքսանդր Մակեդոնացու զրահները[64]։ Այս արարքն արվել էր այն պատճառով, որ Տիբերիոսի գուշակ Թրասիլոս Մենդեսացին ասել էր թե. «Կալիգուլան այնքան հնարավորություն ունի կայսր դառնալու, որքան ձի վարելու Բայայի ծովախորշում»[64]։

Կալիգուլան ունեցել է երկու հսկայական նավեր, որոնք կառուցվել էին իր հաճույքի համար։ Դրանք հայտնաբերվել են Նեմի լճի տարածքում Բենիտո Մուսոլինիի կառավարման տարիներին։ Նավերը անտիկ աշխարհի ամենամեծ նավերից են համարվում։ Նավերից փոքրը ձևավորվել որպես Դիանա աստվածուհուն նվիրված տաճար։ Մեծ նավը, կատարում էր լողացող ճոխ պալատի դեր, որը ուներ մարմարյա հատակ և նույնիսկ ջրմուղային հարմարանք։ Հայտնաբերվելուց տասներեք տարի անց՝ նավերը այրվեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում հարձակման ենթակա դառնալով։ Գրեթե ոչինչ չի մնացել նավերի հսկայական կմախքներից, այնուամենայնիվ նավերի որոշ մնացորդներ պահպանվում են Հռոմ քաղաքի ազգային թանգարանում և Նեմի լճի մոտ գտնվող թանգարանում։

Թշնամություն սենատի հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

39 թվականին Հռոմեական սենատի և Կալիգուլայի հարաբերությունները վատացան[66]։ Նրանց անհամաձայնության պատճառը կամ առարկան անհայտ է։ Շատ գործոններ պատճառ հանդիսացան այս թշնամության սրվելուն և խորանալուն։ Սենատը արդեն սովոր էր կառավարելու առանց կայսրի այն պահից, երբ Տիբերիոսը առանձնացավ Կապրիում՝ 26 թվականից, նաև Կալիգուլայի գահ բարձրանալու ժամանակահատվածում[67]։ Բացի այդ, Տիբորիոսի դավաճանական դատերի պատճառով մի շարք հին սենատորներ վերացվել էին ինչպես օրինակ՝ Ասինիոս Գալոսը[67]։

Կալիգուլան վերանայեց Տիբերիոսի որոշ դատավճիռներ և որոշեց, որ բազմաթիվ սենատորների արարքները այս դատավճիռների ընթացքում հուսալի չէին[66]։ Նա պատվիրեց նոր հետաքննություններ և դատեր[66]։ Կալիգուլան փոխեց կոնսուլին և որոշ սենատորների մահվան դատապարտեց[68]։ Սվետոնիոսը վկայում է, որ մյուս սենատորները նրա պատգարակի կողքից վազելու աստիճան ստորացվել էին[68]։

Շուտով սենատի հետ ունեցած իր տարաձայնություններից հետո Կալիգուլայի դեմ մի քանի մահափորձեր կատարվեցին[69]։ Դավադրություններից մեկը, որին մասնակցում էր նաև նրա աներձագը, տապալվեց 39 թվականին[69]։ Դրան հաջորդեց Գերմանիայի կառավարիչ Գնեոս Կոռնելիուս Լենտուլոս Գաետուլիկոսի մահապատիժը, որը նույնպես մասնակցություն էր ունեցել դավադրություններից մեկին[69]։

Կայսրության արևմտյան հատվածի ընդլայնում

[խմբագրել | խմբագրել կոդը]

39 թվականին Կալիգուլան կազմակերպեց առաջին արշավանքը դեպի Գերմանիա։ Աշնանը իր երկու քույրերի ուղեկցությամբ հատեց Ալպերը և հասավ Միջին Հռենոս։ Իսկ 40 թվականին նա գրավեց և կայսրությանը միացրեց Մավրիտանիան։ 40 թ. փետրվար-մարտին Կալիգուլան սկսեց իր նախապատրաստությունները դեպի Բրիտանիա՝ մարտահրավեր նետելով նույնիսկ Նեպտուն աստծուն։ Տարբեր գնահատականներով, հավաքվեց 200-ից 250 հազար զինվոր։ Սակայն, արշավանքը մնաց կիսատ, չնայած նրան, որ Կալիգուլայի գլխավորած զորքը հասել էր մինչև Լա Մանշի ափը։ Այն հետագայում շարունակեց Կլավդիոսը։

Մավրիտանիան Հռոմին հարկատու թագավորություն էր, որտեղ թագավորում էր Պտղոմեոսը։ Կալիգուլան հրավիրեց Պտղոմեոսին Հռոմ և անակնկալ կերպով մահապատժի ենթարկեց նրան[70]։ Մավրիտանիան կցվեց Հռոմեական կայսրությանը և բաժանվեց երկու պրովինցիաների՝ Մավրիտանիա Տինգիտանա և Մավրիտանիա Կեսարիենսիս, որոնց բաժանում էր Մալուա գետը[71]։ Պլինիոս Ավագը գրում է, որ այս բաժանումն արվել է հենց իր՝ կայսրի կողմից, սակայն Դիոն Կասիոսը նշում է, որ 42 թվականին խռովության ալիք բարձրացավ, որը խեղդվեց Գայոս Սվետոնիոս Պաուլինիոսի և Գնեոս Հոսիդիոս Գետայի կողմից, որից հետո էլ տեղի ունեցավ Մավրիտանիայի բաժանումը երկու պրովինցիաների[72]։ Այս խառնաշփոթը կարող է բացատրվել նրանով, որ Կալիգուլան կայացրել էր Մավրիտանիան կիսելու որոշումը, սակայն խռովության պատճառով չի իրականացրել, և բաժանաումը տեղի է ունեցել միայն խռովությունը ճնշելուց հետո[73]։ Առաջին էքվեստորը, որը կառավարել է երկու պրովինցիաները Մարկոս Ֆադիոս Ցելեր Ֆլավիոսն էր. կառավարել է մինչև 44 թվականը[73]։

Մավրիտանիայի՝ 39 թվականից 44 թվականը ընկած ժամանակագրության մանրամասները, ակնհայտ կերպով հասկանալի չեն։ Դիոն Կասիոսը մի ամբողջ գլուխ է նվիրել Կալիգուլայի՝ Մավրիտանիան գրավելուն, բայց այդ գրվածքը մեզ չի հասել[74]։ Կալիգուլայի արարքը ավելի շատ դիտվում է որպես անձնական, որովհետև միգուցե նա վախենում կամ նախանձում էր իր զարմիկ Պտղոմեոսին։ Այսպիսով՝ կայսրության ընդլայնումը կապված չէր տնտեսական վիճակի շտկման կամ ռազմական վիճակի բարելավման հետ[75]։ Համենայն դեպս Տակֆարացիների խռովությունը, որի ժամանակ երևաց, որ Մավրիտանիայի նշանակված թագավորները այնքան էլ ուժեղ չեն, որպեսզի պահպանեն Մավրիտանիայի սահմանները, և սրանից ելնելով էլ Կալիգուլան գրավեց Մավրիտանիան, որպեսզի զերծ մնա հետագա բախումներից[73]։

Կա հավանականություն, որ եղել է հարավային արշավանք դեպի Բրիտանիա, որը սակայն կասեցվել է[74]։ Այս արշավանքը ծաղրել են անտիկ պատմիչները, նշելով, որ Կալիգուլան գալերին հագցրել էր գերմանացիների նման և ներկայացրել էր իր տրիումֆի ժամանակ, իսկ զորքերին հրամայել է խեցիներ հավաքել ծովափին[76]։ Նորագույն պատմիչները բազմաթիվ տեսություններ են առաջ քաշել՝ բացատրելու համար Կալիգուլայի այս քայլերն ու ձեռարկումները։ Օրինակ՝ այս արշավը դեպի անգլիական տարածքներ կարող էր ունենալ վարժանքի կամ հետախուզական բնույթ[77]։ Հնարավոր է, որ նպատակը եղել է ստիպելը Բրիտանիայի ցեղապետ Ադմինիոսին անձնատուր լինել[78]։ Խեցիները կարող են ունենալ մեկ այլ իմաստ, օրինակ՝ կանացի սեռական օրգաններ (միգուցե զինվորները հասարակաց տներում են եղել) կամ էլ նավակներ իմաստը (միգուցե նրանք զավթել են որոշ բրիտանական նավակներ)[79]։

Աստված համարվելու պահանջներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ որոշ արքաներ եկել են Հռոմ, որպեսզի հայտնեն նրան իրենց հարգանքը, ու պալատում վիճաբանել են՝ ով առավել ազնվական ծագում ունի, Կալիգուլան բարձր բղավել է. «Եվ թող որ միայն մեկը լինի, թագավոր թող միայն մեկը լինի»[80]։ 40 թվականին Կալիգուլան սկսեց իրականացնել որոշ շատ հակասական փոփոխություններ, որոնք ներկայացնում էին իր քաղաքական պահանջները կրոնի նկատմամբ։ Կալիգուլան սկսեց հայտվել ժողովրդական հանդիսություններին տարբեր աստվածների կերպարներով՝ Հերկուլես, Մերկուրի, Վեներա և Ապոլլոն[81]։ Ասվում է, որ նա իրեն անվանում էր աստված, երբ հանդիպում էր քաղաքական գործիչների հետ, և մի առիթով նրան նույնիսկ Յուպիտեր են անվանել[82][83]։

Մի օրհնված տեղամաս առանձնացվեց նրա երկրպագության համար Ասիայի պրովինցիայում, և երկու տաճարներ կառուցվեցին Հռոմում նրան երկրպագելու համար[83]։ Ֆորումում Կաստորի և Պոլուքսի տաճարը այլ կառույցների միջոցով միացվեց Պալանտինյան բլուրի վրա գտնվող նրա պալատին, և նվիրվեց նրա պաշտամունքին[83][84]։ Նա հայտվում էր այստեղ որոշ առիթների և հռչակում իրեն աստված հասարակության առջև։ Որոշ տաճարներում նա նույնիսկ հեռացնել տվեց որոշ աստվածների արձանների գլուխներ և փոխարինեց դրանք իր անդրիներով[85]։ Համարվում է, որ նա ցանկանում էր պաշտվել որպես՝ «Neos Helios» («Նոր արև»)։ Եվ իրոք այս պնդումը ապացուցում են այդ ժամանակներում թողարկված եգիպտական մետաղադրամները, որոնց վրա նա պատկերված է որպես՝ արև-աստված[86]։

Իրականում Կալիգուլայի այս արարքները վառ ապացույցն են այն բանի, որ նա չէր հետևում իր նախնիների օրենքներին։ Ինչպես նշում է Դիոն Կասիոսը, դեռևս կենդանի կայսրերը կարող էին պաշտվել որպես աստված արևելքում, սակայն Հռոմում աստված հռչակվել կարելի էր միայն մահանալուց հետո[87]։ Միայն մի անգամ է, որ այս օրենքը խախտվել է և դա եղել է Օգոստոսի օրոք, սակայն Դիոն Կասիոսը նշում էր, որ սա շատ ծայրահեղ քայլ էր, կայսրերը հիմնականում ցանկանում էին հեռու մնալ դրանից[87]։ Սակայն, Կալիգուլան պահանջեց, որ իրեն սկսեն պաշտել որպես իրական աստված, և այս պահանջն ու հրամանը տարածվում էր ոչ միայն հասարակ ժողովրդի, այլև սենատորների և այլ բարձրաստիճան մարդկանց վրա[88]։

Արևելյան քաղաքականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր գահակալման տարիներին Կալիգուլան ստիպված էր ճնշել մի քանի ապստամբություն և դավադրություն արևելյան տարածքներում։ Այս գործողություններն իրականացնելիս նրան օգնություն ցուցաբերեց իր լավ բարեկամ Հերոդ Ագրիպը, ով Կալիգուլայի օրոք դարձել էր մի քանի տարածքների գավառապետ[89]։

Արևելքում լարվածության բարդացումը կապված էր հունական մշակույթի, հռոմեական իրավական համակարգի տարածման և կայսրությունում հրեաների իրավունքի հետ։

Կալիգուլան չէր վստահում Եգիպտոսի պրեֆեկտ Աուլոս Ֆլակոսին։ Ֆլակոսը հավատարիմ էր եղել Տիբերիոսին, դավադրություն էր կազմակերպել Կալիգուլայի մոր դեմ և կապված էր Եգիպտոսի անջատողականների հետ[90]։ 38 թվականին Կալիգուլան Ագրիպին հանկարծակի ուղարկում է Եգիպտոս՝ Ֆլակոսին ստուգելու համար[91]։ Համաձայն Փիլոնի, նրա ժամանումն արժանացավ հույն բնակչության ծաղրանքին, ովքեր Ագրիպին համարում էին հրեաների թագավոր[92]։ Ֆլակոսը փորձեց հանդարտեցնել հույներին և Կալիգուլային` հրեաների սինագոգներում կայսեր արձաններ տեղադրելով[93]։ Որպես հետևանք, քաղաքում բռնկվեցին խռովություններ[94]։ Կալիգուլան դրան ի պատասխան իր տեղից հեռացրեց և մահապատժի ենթարկեց Ֆլակոսին[95]։

39 թվականին, Կալիգուլան Գալիլեա և Պերեայի գահակալ Հերոդ Անտիպասին մեղադրեց այն բանում, որ նա ցանկանում էր ապստամբություն բարձրացնել Հռոմի դեմ Պարթևական ուժերի օգնությամբ։ Հերոդ Անտիպասը խոստովանեց իր բոլոր ծրագրեը և այս բանից հետո Կալիգուլան նրան աքսորեց, և Ագրպային շնորհեց նրա իշխանությունը[96]։

Հրեաների և հույների միջև խռովություններն Ալեքսանդրիայում վերսկսեցին 40 թվականին[97]։ Հրեաներին մեղադրում էին, թե նրանք չեն պատվում կայսրին։ Վիճաբանություններ եղան Ջամնիա քաղաքում[98]։ Հրեաներին զայրացրել էր կավե բեմասեղանի կառուցումը և նրանք քանդեցին այն[98]։ Դրան հակառակ, Կալիգուլան հրամայեց Երուսաղեմի հրեական տաճարում կանգնեցնել իր արձանը[99], մի հրաման, որը հակառակ էր հրեական մոնոթեիզմին[100]։ Այս առիթով Փիլոն Ալեքսանդրացին գրել է, որ Կալիգուլան հրեաներին վերաբերվում էր հատուկ կասկածամտությամբ, կարծես թե նրանք միակն էին ում ցանկությունները և նպատակները հակառակվում էին նրա ցանկություններին[100]։

Սիրիա նահանգի կառավարիչ Պուբլիոս Պետրոնիուսը, վախենալով, որ եթե նա կատարելով Կալիգուլայի հրամանը կանգնեցնի նրա արձանը, ապա ապստամբություն կսկսվի, հրամանի կատարումը հետաձգեց մեկ տարով[101]։ Ագրիպան, ի վերջո, կարողացավ կայսրին համոզել, որ նա հետ կանգնի իր որոշումից։

Հռոմեական սեստերցիում Կալիգուլայի պատկերով, հատվել է 38 թվականին։ Հակառակ կողմում պատկերված են Կալիգուլայի քույրերը՝ Ագրիպինան, Դրուզիլլան և Յուլիա Լիվիլլան, որոնց հետ Կալիգուլան հավանաբար սեռական հարաբերություններ է ունեցել:
Կամեյոն որը պատեկրում է Կալիգուլային և Հռոմի անձնավորումը

Փիլոն Ալեքսանդրացին և Սենեկա Կրտսերը բնութագրում են կայսրին որպես խելացնոր, ով ինքնահավան էր, բարկացկոտ, սպանում էր իր քմահաճույքի համար, մեկը ով իր ժամանակն անցկացնում էր տարատեսակ վայելքների՝ հատկապես սեռական բնույթի հարաբերությունների մեջ[102]։ Նրան մեղադրում էին ուրիշների կանանց հետ քնելու և դրանով պարծենալու[103], պարզապես զվարճանալու համար, սպանությունների[104], անտեղի փողեր վատնելու մեջ[105]։

Ավելի ուշ թվագրվող աղբյուրները՝ մասնավորապես Գայոս Տրանքվիլլոս Սվետոնիոսը և Դիոն Կասսիոսը նրան մեղադրում են իր քույրերի՝ Ագրիպինա Կրտսերի, Հուլիա Դրուզիլլաի և Յուլիա Լիվիլլայի հետ սեռական բնույթի կապեր ունենալու մեջ, ինչպես նաև այն բանում, որ նա նրանց տրամադրում էր նաև այլ տղամարդկանց որպես հասարակ պոռնիկների[106]։

Նրանք նաև պնդում են, որ Կալիգուլան պալատը դարձրել էր պոռնկանոց, անտրամաբանական ռազմական գործողությունների համար ուղարկում էր զորքեր[74][107], և, նրա ամենահայտնի արարքը՝ մտադրվել, կամ խոստացել էր, որ իր Ինկիտատուս անունով ձիուն կնշանակի կոնսուլ[108]։ Նման մի բան նա, իսկապես, արել է՝ իրեն աստված հայտարարելուց հետո իր ձիուն կարգել էր որպես իր քրմերից մեկը[83]։

Այնուամենայնիվ, տվյալ տեղեկությունների ճշմարտացիությունը ոչ միանշանակ է։ Քանի որ հռոմեական քաղաքական մշակույթում շատ հաճախ թույլ գործիչներին ներկայացնում են որպես այլասերված և խելագար մարդկանց[109]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Любкер Ф. Caligula (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 236.
  2. 2,0 2,1 2,2 http://www.encyclopedia.com/topic/Caligula.aspx
  3. 3,0 3,1 3,2 http://biography.yourdictionary.com/caligula
  4. 4,0 4,1 4,2 https://finds.org.uk/romancoins/emperors/emperor/id/2
  5. 5,0 5,1 А. М. Л. Калигула (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1895. — Т. XIV. — С. 25—26.
  6. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 25-ին.
  7. http://www.bbc.co.uk/history/historic_figures/caligula.shtml
  8. http://25mostevil.wordpress.com/
  9. http://listverse.com/2010/05/09/top-10-worst-roman-emperors/
  10. Paola Brandizzi Vittucci, Antium: Anzio e Nettuno in epoca romana, Roma, Bardi, 2000 ISBN 88-85699-83-9
  11. Cassius Dio, Roman History LIX.6.
  12. Suetonius, The Lives of Twelve Caesars, Life of Caligula 9.
  13. Seneca the Younger, On the Firmness of a Wise Person XVIII 2–5. See Malloch, 'Gaius and the nobiles', Athenaeum (2009).
  14. Suetonius, The Lives of Twelve Caesars, Life of Caligula 2.
  15. 15,0 15,1 15,2 15,3 15,4 15,5 Suetonius, The Lives of Twelve Caesars, Life of Caligula 10.
  16. Tacitus, Annals IV.52.
  17. Tacitus, Annals V.3.
  18. 18,0 18,1 Suetonius, The Lives of Twelve Caesars, Life of Tiberius 54.
  19. Tacitus, Annals V.10.
  20. Suetonius, The Lives of Twelve Caesars, Life of Tiberius 64.
  21. Suetonius, The Lives of Twelve Caesars, Life of Tiberius 62.
  22. 22,0 22,1 Tacitus, Annals VI.20.
  23. The Lives of Twelve Caesars, Life of Caligula 12
  24. The Lives of Twelve Caesars, Life of Caligula 11
  25. Cassius Dio, Roman History LVII.23.
  26. Tacitus, Annals VI.25.
  27. Tacitus, Annals VI.23.
  28. Philo of Alexandria, On the Embassy to Gaius VI.35.
  29. Suetonius, The Lives of Twelve Caesars, Life of Tiberius 76.
  30. 30,0 30,1 Tacitus, Annals VI.50.
  31. Philo of Alexandria, On the Embassy to Gaius IV.25; Josephus, Antiquities of the Jews XIII.6.9.
  32. 32,0 32,1 32,2 Cassius Dio, Roman History LIX.1.
  33. 33,0 33,1 Suetonius, The Lives of Twelve Caesars, Life of Caligula 13.
  34. Philo of Alexandria, On the Embassy to Gaius II.10.
  35. Suetonius, The Lives of Twelve Caesars, Life of Tiberius 75.
  36. Suetonius, The Lives of Twelve Caesars, Life of Caligula 14.
  37. Philo mentions widespread sacrifice, but no estimation on the degree, Philo of Alexandria, On the Embassy to Gaius II.12.
  38. Philo of Alexandria, On the Embassy to Gaius II.13.
  39. Suetonius, The Lives of Twelve Caesars, Life of Caligula 15.
  40. Suetonius, The Lives of Twelve Caesars, Life of Caligula 16.
  41. Suetonius, The Lives of Twelve Caesars, Life of Caligula 18.
  42. Cassius Dio, Roman History LIX.3.
  43. Dunstan, William E., Ancient Rome, Rowman & Littlefield Publishers, 2010, ISBN 0-7425-6834-2, p.285.
  44. The Lives of Twelve Caesars, Life of Caligula 23
  45. Cassius Dio, Roman History LIX.9–10.
  46. Suetonius, The Lives of Twelve Caesars, Life of Caligula 16.2.
  47. Cassius Dio, Roman History LIX.9.7.
  48. 48,0 48,1 Cassius Dio, Roman History LIX.10.
  49. Suetonius, The Lives of Twelve Caesars, Life of Caligula 37.
  50. 50,0 50,1 50,2 Suetonius, The Lives of Twelve Caesars, Life of Caligula 38.
  51. Suetonius, The Lives of Twelve Caesars, Life of Caligula 41.
  52. Suetonius, The Lives of Twelve Caesars, Life of Caligula 40.
  53. Cassius Dio, Roman History LIX.14.
  54. 54,0 54,1 Cassius Dio, Roman History LIX.15.
  55. The Lives of Twelve Caesars, Life of Caligula 37
  56. The Lives of Twelve Caesars, Life of Nero 30
  57. Seneca the Younger, On the Shortness of Life XVIII.5.
  58. Josephus, Antiquities of the Jews XIX.2.5.
  59. 59,0 59,1 59,2 59,3 Suetonius, The Lives of Twelve Caesars, Life of Caligula 21.
  60. Suetonius, The Lives of Twelve Caesars, Life of Caligula 22.
  61. Suetonius, The Lives of Twelve Caesars, Life of Caligula 21, Life of Claudius 20; Pliny the Elder, Natural History XXXVI.122.
  62. Pliny the Elder, Natural History XVI.76.
  63. Cassius Dio, Roman History LIX.15; Suetonius, The Lives of Twelve Caesars, Life of Caligula 37.
  64. 64,0 64,1 64,2 64,3 Suetonius, The Lives of Twelve Caesars, Life of Caligula 19.
  65. Suetonius, The Lives of Twelve Caesars, Life of Caligula 54.
  66. 66,0 66,1 66,2 Cassius Dio, Roman History LIX.16; Suetonius, The Lives of Twelve Caesars, Life of Caligula 30.
  67. 67,0 67,1 Tacitus, Annals IV.41.
  68. 68,0 68,1 Suetonius, The Lives of Twelve Caesars, Life of Caligula 26.
  69. 69,0 69,1 69,2 Cassius Dio, Roman History LIX.22.
  70. Suetonius, The Lives of Twelve Caesars, Life of Caligula 35.
  71. Pliny the Elder, Natural History V.2.
  72. Cassius Dio, Roman History LX.8
  73. 73,0 73,1 73,2 Barrett 2002, p. 118
  74. 74,0 74,1 74,2 Cassius Dio, Roman History LIX.25.
  75. Sigman, Marlene C. (1977). «The Romans and the Indigenous Tribes of Mauritania Tingitana». Historia: Zeitschrift für Alte Geschichte. Franz Steiner Verlag. 26 (4): 415–439. Վերցված է 2012 թ․ ապրիլի 10-ին.
  76. Suetonius, The Lives of Twelve Caesars, Life of Caligula 45–47.
  77. P. Bicknell, "The Emperor Gaius' Military Activities in AD 40", Historia 17 (1968), 496–505.
  78. R.W. Davies, "The Abortive Invasion of Britain by Gaius", Historia 15 (1966), 124–128; S.J.V.Malloch, 'Gaius on the Channel Coast', Classical Quarterly 51 (2001) 551-56; See Suetonius, The Lives of Twelve Caesars, Life of Caligula 44.
  79. D. Wardle, Suetonius' Life of Caligula: a Commentary (Brussels, 1994), 313; David Woods "Caligula's Seashells", Greece and Rome (2000), 80–87.
  80. The Lives of Twelve Caesars, Life of Caligula 22
  81. Philo of Alexandria, On the Embassy to Gaius XI–XV.
  82. Cassius Dio, Roman History LIX.26.
  83. 83,0 83,1 83,2 83,3 Cassius Dio, Roman History LIX.28.
  84. Sanford, J.: "Did Caligula have a God complex?(չաշխատող հղում), Stanford Report, 10 September 2003.(չաշխատող հղում)
  85. Farquhar, Michael (2001). A Treasure of Royal Scandals, p. 209. Penguin Books, New York. ISBN 0-7394-2025-9.
  86. Allen Ward, Cedric Yeo, and Fritz Heichelheim, A History of the Roman People: Third Edition, 1999, Prentice-Hall, Inc.
  87. 87,0 87,1 Cassius Dio, Roman History LI.20.
  88. Cassius Dio, Roman History LIX.26–28.
  89. Josephus, Antiquities of the Jews XVIII.6.10; Philo of Alexandria, Flaccus V.25.
  90. Philo of Alexandria, Flaccus III.8, IV.21.
  91. Philo of Alexandria, Flaccus V.26–28.
  92. Philo of Alexandria, Flaccus V.29.
  93. Philo of Alexandria, Flaccus VI.43.
  94. Philo of Alexandria, Flaccus VII.45.
  95. Philo of Alexandria, Flaccus XXI.185.
  96. Josephus, Antiquities of the Jews XVIII.7.2.
  97. Josephus, Antiquities of the Jews XVIII.8.1.
  98. 98,0 98,1 Philo of Alexandria, On the Embassy to Gaius XXX.201.
  99. Philo of Alexandria, On the Embassy to Gaius XXX.203.
  100. 100,0 100,1 Philo of Alexandria, On the Embassy to Gaius XVI.115.
  101. Philo of Alexandria, On the Embassy to Gaius XXXI.213.
  102. Seneca the Younger, On Anger xviii.1, On Anger III.xviii.1; On the Shortness of Life xviii.5; Philo of Alexandria, On the Embassy to Gaius XXIX.
  103. Seneca the Younger, On Firmness xviii.1.
  104. Seneca the Younger, On Anger III.xviii.1.
  105. Seneca the Younger, On the Shortness of Life xviii.5.
  106. Cassius Dio, Roman History LIX.11, LIX.22; Suetonius, The Lives of Twelve Caesars, Life of Caligula 24.
  107. Suetonius, The Lives of Twelve Caesars, Life of Caligula 46–47.
  108. Suetonius, The Lives of Twelve Caesars, Life of Caligula 55; Cassius Dio, Roman History LIX.14.
  109. Younger, John G. (2005). Sex in the Ancient World from A to Z. Routledge. xvi. ISBN 0-415-24252-5.
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Կալիգուլա հոդվածին
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 171