Կոռնելիոս Տակիտոս
Կոռնելիոս Տակիտոս լատին․՝ Publius Cornelius Tacitus | |
---|---|
Ծնվել է | մոտ 56[1] |
Ծննդավայր | Գալիա Նարբոնենսիս, Հին Հռոմ |
Վախճանվել է | մոտ 120[2][3] |
Վախճանի վայր | Հռոմեական կայսրություն |
Մասնագիտություն | պատմաբան, քաղաքական գործիչ, ռազմական գործիչ, բանաստեղծ, կենսագիր, annalist, իրավաբան և գրող |
Լեզու | լատիներեն |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Ժանրեր | պատմություն |
Ուշագրավ աշխատանքներ | Աննալներ (Տակիտոս), Histories?, Գերմանիա, Agricola? և Dialogus de oratoribus? |
Ամուսին | Julia Agricola?[4] |
Կոռնելիոս Տակիտոս Վիքիքաղվածքում | |
Publius Cornelius Tacitus Վիքիպահեստում |
Պուբլիոս Կորնելիոս Տակիտոս (լատին․՝ Publius Cornelius Tacitus, մոտ 56[1], Գալիա Նարբոնենսիս, Հին Հռոմ - մոտ 120[2][3], Հռոմեական կայսրություն), հին հռոմեացի պատմիչ (շուրջ 50 - շուրջ 120 թթ.).
Ծնվել է հարավային Գալլիայի ունևոր ընտանիքում։ Զբաղեցրել է հաջորդաբար կվեստորի, պրետորի և հյուպատոսի պետական պաշտոններ։ 98 թ. հրատարակել է «Գերմանացիների ծագման և Գերմանիայի տեղագրության մասին» (De origine, moribus ac situ Germanorum) երկասիրությունը։ 98-ից առ 116 թթ. ստեղծել է իր երկու հիմնական աշխատությունները՝ «Պատմություն » (Historiae) (14 գիրք, շարադրված է 69 առ 96 թթ. պատմությունը, պահպանվել են I - IV գրքերը և V գրքի սկիզբը) և «Տարեգրություններ» (Annalium ab excessu divi Augusti, 16 գիրք, ներառում է 14 առ 68 թթ. ընկած ժամանակաշրջանի պատմությունը. պահպանվել են I - IV, XI-XV և մասամբ V, VI ու XVI գրքերը)։
Տակիտոսի երկերը կարևորագույն աղբյուր են մ.թ.I դարի Հայոց պատմության ուսումնասիրության համար։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրել է «Ագրիկոլա» (97-98 թթ.), «Գերմանիա» (98 թ.), «Երկխոսություն հռետորների մասին» (101-107 թթ. ընթացքում), «Պատմություն» (մոտ 105-111 թթ.), «Աննալներ» («Տարեգրություններ», որի վրա աշխատել է մինչև մահը) երկերը։ «Ագրիկոլայում» նկարագրում է զինվորական նոր ավագանու բնորոշ ներկայացուցիչ զորավար Հուլիոս Ագրիկոլայի կենսագրությունը, նրա ռազմական և քաղաքական գործունեությունը Բրիտանիայում։ «Գերմանիա» աշխատությունը գերմանական ցեղերի հասարակական կառուցվածքի, կրոնի, կենցաղի ու սովորույթների ակնարկ է և կարևոր սկզբնաղբյուր գերմանական ցեղերի հին պատմության ուսումնասիրության համար։ «Երկխոսություն հռետորների մասին» երկում Պուբլիոսը պարզաբանում է քաղաքական պերճախոսության անկման պատճառները Փչավիոսների ժամանակաշրջանում։ Պուբլիոսին համաշխարհային փառք են բերել նրա պատմական երկու ստեղծագործությունները՝ «Պատմությունը» և «Աննալները»։
«Պատմության»
[խմբագրել | խմբագրել կոդը]«Պատմության» մեջ շարադրել է Հռոմի և Հռոմեական կայսրության մ․թ.ա. 69-96 թթ. պատմությունը։ Գործը, հավանաբար, կազմված էր 14 գրքից, պահպանվել են 1-4-րդ գրքերը և 5-րդի սկիզբը (պարունակում են 69-70 թթ. իրադարձությունները) «Աննալները», որոնք ընդգրկում են Հին Հռոմի պատմության 14-68 թթ. իրադարձությունները, անավարտ են։ 16 գրքից ամբողջությամբ պահպանվել են 1-4-րդ և 12-15-րդ գրքերը,8-9-րդ գրքերն ընդհանրապես չեն պահաանվել։ Պուբլիոսը իր ստեղծագործություններում ձգտել է խորանալ երևույթների էության ու պատճառների մեջ, իմաստավորել իր ապրած ժամանակաշրջանը, որը բնորոշվում էր իրեն սպառած հանրապետական կարգի օրինաչափ անկմամբ և կառավարման միապետական ձևի հաստատմամբ։ Պուբլիոսը դատապարտել է ծերակուտական արիստոկրատիայի ընդդիմությունը և առավել ևս ժողովրդական զանգվածների դիմադրությունը նոր կարգին, սակայն, միաժամանակ, պետական կառուցվածքի ավանդական ձևերի վերացումը կայսրերի կողմից դիտել է իբրև հասարակական և բարոյական առկա նորմերի ոչնչացում, իբրև բռնապետական կամայականություն։ Պատմության դիալեկտիկական ըմբռնումը, դրա հակասություններով հանդերձ, կազմում է Պուբլիոսի, իբրև պատմագրի, ամենաարժեքավոր գիծը։ Պուբլիոսը կարևոր տեղեկություններ է հաղորդում Հայաստանի պատմության, մասնավորապես՝ Հայաստանի հռոմեական դրածո թագավորների, Տրդատ Ա-ի գահակալման, մ․թ․ա. 54-63 թթ. հռոմա-պարթևա-հայկական տասնամյա պատերազմի են իրադարձությունների վերաբերյալ։
Նա գրել է հռետորական, կենսագրական և գերմանական ցեղերի մասին աշխատություններ, որոնք մասնագետների ասելով լուրջ ազդեցություն են ունեցել Եվրոպայի վերածննդի ժամանակաշրջանի գրականության և 18-րդ դարի ֆրանսիական լուսավորիչների վրա:
Հեղինակը խոսում է Օկտավիանոս Օգոստոսի մահվանից մինչև Ներոնն ընկած ժամանակաշրջանի Հռոմի պատմության և նրա արևելյան արշավանքերի մասին: Հենց այս կապակցությամբ էլ Տակիտոսը արժեքավոր տեղեկություններ է հաղորդում հայ-հռոմեական փոխհարաբերությունների մասին: Խախտելով ժամանակագրությունը, հեղինակը այստեղ խոսում է նաև Արտավազդ 2-րդի գործունեության ու վախճանի մասին, պատմում է Արտավազդից հետո Հայաստանում ծավալված խառըիրադրությունների մանրամասնությունները: Արժեքավոր են Տակիտոսի աշխատության հատկապես այն հատվածները, որոնք վերաբերում են հայ-պարթևական փոխհարաբերությունների զարգացմանը և Հայաստանում Արշակունիների քաղաքական ակտիվացմանը: Տակիտոսը չի թաքցնում նաև 50-ական թթ. հռոմեական զորավար Կորբուլոնի` Հայաստան կատարած ավերիչ արշավանքների պատմությունը:
Հայ-պարթևական զինական դաշինքը 50-60-ական թթ. Հռոմի համար այնպիսի ցնցող անակնկալ բերեց, որ կայսրության բարձր շրջանների հետ կապված ու նրանց քաղաքականությունը բարբարոս Արևելքում գովերգող Տակիտոսը պատմության անողոք դասերից հարկադրված, այդ իրադարձությունները նկարագրում է գրեթե անկողմնակալ ձևով: Հեղինակը հայտնում է, որ պատմության այդ շրջանը շարադրելիս ինքը օգտագործել է անձամբ Կորբուլոնի գրառումները: Դա է պատճառը, որ Տակիտոսի Տարեգրությունների հատկապես այդ հատվածները աչքի են ընկնում ամենայն մանրամասնությամբ և ճշմարտացիությամբ: Այստեղ նա հանգամանորեն ներկայացնում է Պետոսի ներխուժումը Հայաստան և նրա ջախջախումը հայ-պարթևական միացյալ ուժերի կողմից` Հռանդեայի մոտ 62 թ.: Հռոմեացի հեղինակը չի մոռանում ասել, որ պարտված հռոմեացիներին հայերը հարկադրեցին անցնել իրենց նիզակների տակով, որը ամենամեծ նվաստումն էր համարվում հին աշխարհում: Դրանից հետո հռոմեական ջախջախված բանակը ցաքուցրիվ հազիվ է կարողանում հեռանալ դեպի հարավ: Այս առիթով Տակիտոսը անտարբեր չի եղել նաև հայ-հռոմեական քաղաքական փոխհարաբերությունների հետագա ընթացքի նկատմամբ և պատշաճ կերպով է նկարագրել Տրդատ Արշակունու Հռոմ մեկնելը ու Ներոնի կողմից Հայոց գահի վրա հաստատվելը:
Տարեգրության 2-րդ գրքի 56-րդ գլխում հեղինակը գրում է. «Այս ժողովուրդը, ի նկատի ունի հայերին, հնուց ի վեր տատանվող է թե′ մարդկանց բնավորության և թե՛ երկրների տեղադրության պատճառով: Այս երկիրը լայնորեն սահմանակից է մեր պրովինցիաներին և տարածվում է հեռու` մինչև Մեդերի աշխարհը: Մեծագույն պետությունների մեջ է տեղադրված Հայաստանը և շատ հաճախ հայերը երկպառակ են, որովհետև նրանք թե՛ ատում են հռոմեացիներին և թե՛ նախանձում են պարթևներին»:
Տակիտոսի հաղորդման համաձայն ժողովուրդը ծագումով օտար արքաներից կսիրի նրանց, ովքեր հարգում են հայկական սովորույթներն ու կենցաղը: Այդպիսին էր,օրինակ Զենոնը: Այդ ժամանակ Վոնոնի հեռացվելուց հետո թագավոր չունեին, սակայն ժողովրդի տրամադրությունը հակվում էր դեպի Պոնտոսի թագավոր Պոլեմոնի որդի Զենոնը, որովհետև հենց մանկությունից նա կրթվել էր հայերի սովորույթներով ու կենցաղով, որսագնացության, խրախճանքների և բարբարոսների մոտ հաճախ գործադրվող այլ սովորույթների միջոցով նա իր հետ էր կապում թե՛ ազնվականներին և թե՛ հասարակ ժողովրդին: Ահա թե ինչու Զենոնին հայերը Արտաշես կոչեցին ոչ թե Արտաշատ քաղաքի անվան օրինակով, այլ սա դինաստիական Արտաշես անունն էր, որ սիրելի էր հայերին և հիշեցնում էր Արտաշեսյանների հզոր թագավորության օրերը: Անդրադառնալով Տիգրանի նվաճումներին նա նշում է, որ Տիգրանը Աղբակի գրավումից հետո գրավում է Ադրիաբենեն, ուր նա ավերածության է ենթարկում:
Տարեգրության 12-րդ գրքի 51-րդ գլխում պատմում է վրաց արքայազն Հռադամիզդի Հայաստանից փախչելիս վիրավորում է իր հղի կնոջը, նետում Արաքս գետը ու հայ հովիվները նրան փրկում են և բուժում գյուղական միջոցներով:
Տակիտոսը 13-րդ գրքի 34-րդ գլխում գրում է. «Հայերը տեղադրությամբ ու բարքերի նմանությամբ պարթևներին ավելի մոտ էին կանգնած և խառնված էին նրանց հետ ամուսնություններով»: Այնուհետև հայտնում է, թե Փարսմանը, սպառնալով իր որդի Հռադամիստին իբրև դավաճանի, որպեսզի դրանով վկայվի նրա հավատարմությունը դեպի մեզ, հայերի վրա ավելի եռանդուն կերպով էր թափվում իր հին ատելությունը: Եվ հենց այդ ժամանակ առաջին անգամ մեր կողմը գրավված հոսքերը (քարթվելական ցեղ) հարձակվեցին Հայաստանի հեռավոր վայրերի վրա: Այս ցեղն ուրիշներից ավելի հավատարիմ էր հռոմեացիներին:
Ուշագրավ է նաև այն տեղեկությունը, որ հայ-թաթարական ուժերը Պետոսի հրամանատարությամբ հռոմեական զորքին անց է կացրել լծի տակով: Այն նշանակում է, որ գետնի մեջ խրված երկու նիզակների վրա դրվում է երրորդը`մոտ մեկ մետր բարձրությամբ: Ճակատամարտում պարտված կողմը պետք է անցներ այդ անցքով` նախապես գցելով զենքն ու վերնազգեստը: Լծի տակով անցնելը հին ժամանակներում համարվում էր ամենամեծ ստորացումը և պարտվողների ստրկացման ապացույցը:
Տակիտոսը հաղորդում է Հին աշխարհի թագավորների միջև փոխադարձ արյունով սրբագործված դաշինքի սովորության մասին. «Թագավորներն ունեն մի սովորություն, որ ամեն անգամ, երբ իրար են հանդիպում դաշն կնքելու համար, միախառնում են իրենց աջ ձեռքերը, բութ մատերը միասին կապում և հանգույցով ամրացնում: Հետո հենց որ արյունը դեպի ծայրանդամներն է հոսում, թեթև ծակոցով արյունը հանում և փոխադարձաբար լիզում են: Այդ տեսակ դաշինքը համարվում է սրբազան, իբրև փոխադարձ արյունով սրբագործված»: Սակայն միմյանց տրված հավատարմության երդումը հնարավոր էր խախտել մի սովորությամբ` ծանր գորգերի մեջ փաթաթված խեղդամահ անելով: Այս դեպքում գորգը մեղքը քավելու զորեղ միջոց էր համարվում:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://eu.wikisource.org/wiki/Analak_eta_Historiak_I/Hitzaurrea
- ↑ 2,0 2,1 2,2 (unspecified title) — Iss. 49.
- ↑ 3,0 3,1 3,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ Любкер Ф. Tacitus (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. Канский — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1337—1340.
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոռնելիոս Տակիտոս» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոռնելիոս Տակիտոս» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 550)։ |