Հովսեփոս Փլավիոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto Info sciences exactes.png
Հովսեփոս Փլավիոս
եբր.՝ יוסף בן מתתיהו
լատ.՝ Josephus Flavius
Josephusbust.jpg
Ծնվել է 37[1][2]
Երուսաղեմ[3]
Մահացել է 100[4]
Հռոմ
Քաղաքացիություն Հուդա
Հռոմեական կայսրություն
Ազգություն հրեա
Մասնագիտություն գրող և պատմաբան
Տիրապետում է լեզուներին լատիներեն և հունարեն
Երեխա(ներ) Հյուրկանոս Փլավիոս, Սիմոն Փլավիոս Ագրիպպա և Հուստոս Փլավիոս
Հայր Մատթիաս
Flavius Josephus Վիքիպահեստում

Հովսեփոս Փլավիոս (հատնի է նաև որպես Հովսեփ Բեն Մաթաֆիա, իսկ հռոմեական քաղաքացի դառնալուց հետո՝ Տիտոս Փլավիոս Հովսեփոս, մ.թ. 37 – մոտ 100), անտիկ շրջանի հրեա պատմիչ և մատենագիր։ Գրել է «Հրեական պատերազմի մասին», «Հրեական հնախոսություն», «Ընդդեմ Ապիոնի», «Կյանքը» աշխատությունները։ Բացառիկ տեղեկություններ է հաղորդում Հայոց արքաներ Տիգրան Բ Մեծի, Արտավազդ Բ-ի և Տրդատ Ա Արշակունու վերաբերյալ։ Մասնակցել է 66-73-ին Հռոմի դեմ բռնկած հրեական ապստամբությանը, Գալիլեայում ղեկավարել է Յոտապատա բերդի պաշտպանությունը, գերվել հռոմեացիներից։ Հռոմում ընդունել է իրեն հովանավորող Վեսպասիանոս կայսրի Փլավիոս ազգանունը։ Հունարեն գրել է «Հրեական պատերազմի մասին» (7 գիրք, ընդգրկում է մ.թ.ա. 175 - մ.թ. 73-ի ժամանակաշրջանը), «Հրեական հնախոսություն» (20 գիրք, շարադրել է հրեաների պատմությունն աշխարհի ստեղծումից մինչև մ.թ. 66-ը), «Կենսագրություն» (նկարագրում է 66-ից մինչև II դարի սկզբի իրադարձությունները) ևն երկեր։ Հովսեփոս Փլավիոսն իր նկարագրած շատ իրադարձությունների ականատեսն է ու մասնակիցը, օգտագործել է նաև հավաստի այլ աղբյուրներ։ Հովսեփոս Փլավիոսի երկերում արժեքավոր տեղեկություններ կան Տիգրան Բ-ի, Արտավազդ Բ-ի, Տրդատ Ա-ի ժամանակաշրջանի վերաբերյալ։ Հայաստանի և հայերի վերաբերյալ նրա տեղեկությունները ճշմարիտ են և արժանահավատ, հակասում կամ ճշտում են հունահռոմեական հեղինակների աչառու տեղեկությունները։ Հովսեփոս Փլավիոսի երկերից օգտվել է Մովսես Խորենացին։

Կյանքի վաղ շրջանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոպպեա Սաբինա. Լուվրի թանգարան, Փարիզ

Հովսեփոս Փլավիոսը ծնվել է Երուսաղեմում, Գայոս Կալիգուլա կայսեր իշխանության առաջին տարում (37/38 թ.), հրեա քահանայապետի ընտանիքում, որտեղ և ստացել է անբասիր ռաբբիական դաստիարակություն: 64 թվականին՝ 26 տարեկան հասակում, նա մեկնում է Հռոմ՝ նպատակ ունենալով պաշտպանելու մի խումբ հրեա քահանաների, որոնց դեմ մեղադրանք էր հարուցվել: Սակայն գալով կայսրության մայրաքաղաք, նա ականատես է լինում, թե ինչպես է այն հրկիզվում՝ Ներոնի ձեռքով: Իսկ Ներոնն այդ բանն արել էր ներշնչվելու և գրական մեծարժեք ստեղծագործություն գրելու համար, քանզի, ինչպես ինքն էր ասում, Հոմերոսի ժամանակներում տեղի ունեցան այնպիսի պատմական և գեղեցիկ իրադարձություններ, որոնք նրան ներշնչեցին գրելու իր «Իլիական» և «Ոդիսական» պոեմները, իսկ իր ժամանակներում ոչ մի սրտահույզ իրադարձություն տեղի չի ունենում: Քահանաների պաշտպանության առաքելությունը կատարում է մեծ հաջողությամբ՝ կայսրուհի Պոպպեայի միջոցով, որից հետո նրանից առատ պարգևներ ստանալով, վերադառնում է Երուսաղեմ: Բայց շատ ժամանակ չէր անցել, երբ 66 թվականին ծագեց Հրեական կոչված պատերազմը, որն ըստ էության հրեաների ապստամբությունն էր հռոմեակն տիրապետության դեմ:

Հրեական պատերազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գալիլիա վարչական շրջանը՝ մինչև Հրեական պատերազմը

I Դարում Պաղեստինը ենթարկվել էր Հռոմին և կառավարվում էր Հռոմի նշանակած կուսակալների միջոցով, որոնցից մեկն էլ Պոնտացի Պիղատոսն էր: Սա 37 թվականին ետ կանչվեց Պաղեստինից, և նոր կայսր Կալիգուլան Հրեաստանի թագաոր կարգեց Հռոմում դաստիարակված Հերովդես Ագրիպասին, որը հլու գործիք էր լինելու Հռոմի ձեռքին: Հրեաները մինչ այդ ազատված էին կայսեր պաշտամունքին մասնակցելու պարտավորություններից: Սակայն Կալիգուլայի կամքով Երուսաղեմի տաճարում պետք է կանգնեցվեր կայսեր հսկայական արձանը: Այդ անհանդուրժելի հրամանը պետք է հանգեցներ հրեաների բացարձակ ապստամբությանը, սակայն 41 թվականին Կալիգուլայի սպանությունը կանխեց դեպքերի հախուռն զարգացումը: Դրանից հետո Պաղեստինը միացվել էր Սիրիա պրովինցիային և հրեաները թեև վայելում էին մի շարք արտոնություններ, սակայն հռոմեական իշխանությունների և տեղի բնակչության հետ տարբեր առիթներով ծագող վեճերն անպակաս էին, քանզի նրանք տառապում էին ծանր հարկերի տակ, իսկ նրանց կրոնական առանձնաշնորհները հաճախ ոտնահարվում էին: Դեպքերի հետագա արագ զարգացումն անխուսափելիորեն տարավ դեպի զինված ընդհարման, որն էլ բռնկվեց 66 թվականին:

Մասնակցությունը Հրեական պատերազմին[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեսպասիանոսի կիսանդրին

Երիտասարդ Հովսեփոս Փլավիոսը, որը Հռոմում եղած ժամանակ տեսած լինելով նրա հարստությունն ու հզորությունը, հռոմեական բանակը համարում էր անպարտելի, սկզբում ջանաց մեղմել զայրացած հրեաների տրամադրությունը և կանխել ապստամբությունը, բայց նրա բոլոր հորդորներն ու պատճառաբանություններն անցան ապարդյուն: Որոշ ժամանակ անց, հանգամանքների բերումով, նա ստիպված եղավ գործուն մասնակցություն ունենալ արդեն սկսված ապստամբությանը և անգամ նշանակալից դեր խաղալ: Քսանիննամյա Հովսեփոսը, որ հոգևորական էր, ուրիշ երկու հոգու հետ, որպես զորահրամանատար ուղարկվեց Գալիլեա և իր ձեռքը վերցրեց այդ շրջանում գտնվող Յոտապատա բերդի պաշտպանությունը: Սակայն հռոմեացիները շուտով գրավեցին այդ բերդը և Հովսեփոսին էլ գերի վերցրին: Կայսր Ներոնի հրամանով Պաղեստին արշավել էր զորավար Վեսպասիանոսը, ում մոտ էլ տարան Հովսեփոսին: Վեսպասիանոսի հետ զրույցի ընթացքում Հովսեփոսը կանխագուշակեց նրա բարձրանալը Հռոմի կայսեր գահին: Եվ իսկապես, ընդամենը երկու տարի անց Վեսպասիանոսը կայսր հռչակվեց, որից հետո հիշելով հրեա երիտասարդ հոգևորականի կանխագուշակումը, ազատեց նրան գերությունից: Դրանից հետո, որպես երախտագիտության նշան, Հովսեփոսն իր անվանն ավելացրեց Վեսպասիանոսի «Փլավիոս» մականունը: Այսպես, Հովսեփոսը դարձավ հռոմեական քաղաքականության ջատագով:

Երբ Վեսպասիանոս Պաղեստինից ճամփա ընկավ դեպի Հռոմ՝ իշխանությունն ստանձնելու համար, նրա ճամբարում գտնվող Հովսեփոսը միացավ նրան: Ալեքսանդրիայում նրանք հանդիպեցին նոր կայսեր Տիտոս որդուն, ով նշանակվել էր Հրեաստանում պատերազմ մղող հռոմեական զորքերի գլխավոր հրամանատար: Հովսեփոսը Տիտոսի հետ վերադարձավ Պաղեստին, որտեղ մասնակցեց պաշարմանը: Ինչպես ինքն է պատմում, նա այդ ընթացքում, հռոմեական ճամբարում նստած կատարել է դեպքերի մանրամասն գրառումներ, քանի որ իրազեկ է եղել քաղաքի իրադրությանը հրեա դասալիքների միջոցով, որոնց հաղորդած տեղեկությունները, լինելով հրեա, միայն ինքը կարող էր հասկանալ: Պաշարման ընթացքում Հովսեփոսը մի քանի անգամ հորդորել է իր հայրենակիցներին՝ զենքը ցած դնել և հնազանդվել ամենազոր Հռոմին, ինչն առավել շատ է բորբոքել հրեաների ատելությունը նրա հանդեպ: Ինչպես մինչ այդ, այժմ էլ հրեաները նրան սպանելու փորձ են անում, սակայն անհաջող: Երուսաղեմի մատույցներում Հովսեփոսն ու հրեաները մնացին մինչև Երուսաղեմի գրավումն ու ավերումը, որով էլ ավարտվեց Հրեական պատերազմը:Ապստամբության վերջնական ճնշումից հետո Հովսեփոսը Տիտոսի հետ մեկնեց Հռոմ, որտեղ արժանացավ կայսեր ջերմ ընդունելությանը:

Հռոմում ապրած տարիները[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես վարձատրություն՝ Հռոմին մատուցած ծառայությունների համար, Հովսեփոսին թույլատրվեց բնակվել կայսերական արքունիքում, նրան շնորհվեց հռոմեական քաղաքացու իրավունք: Միաժամանակ նա կայսր Վեսպասիանոսից ստացավ դրամական թոշակ և «ոչ փոքր հողակտոր՝ Հրեաստանում»: Նման հովանավորություն Հովսեփոսը ստացավ նաև գահի վրա Վեսպասիանոսին հաջորդած որդուց՝ Տիտոսից: Ավելի քան հավանական է, որ հենց այդ ժամանակ էլ Հովսեփոսը հնարավորություն է ունեցել անձամբ ծանոթանալու հռոմեական պատմագրության խոշորագույն ներկայացուցչին՝ Կոռնելիոս Տակիտոսին, քանի որ եբրայեցի մատենագրին հովանավորող նույն այդ Փլավիոսների օրոք Տակիտոսը վարում էր մի շարք բարձրագույն պետական պաշտոններ՝ հռոմեական կայսրության մեջ: Տիտոսի մահից հետո գահին բազմեց նրա եղբայրը՝ Դոմիցիանոսը (81-96 թթ.), ով հեռու էր գրականությունն ու գիտությունը հովանավորելուց, ուստի նրա օրոք Հովսեփոսի և մյուս պատմագիրների վիճակը դարձավ անապահով: Այդ է պատճառը, որ հռոմեական մշակույթի այնպիսի խոշոր ներկայացուցիչներ, ինչպիսիք են Տակիտոսը, Պլինիոս Կրտսերը, Յուվենալը և ուրիշներ, Դոմիցիանոսի բռնատիրության տարիներին նախընտրել էին լռել և միայն այս կայսեր սպանությունից հետո մագաղաթին հանձնեցին իրենց ստեղծագործությունները: Դոմիցիանոսի սպանությամբ Փլավիոսների տոհմը հանգեց, և Հովսեփոսը զրկվեց կայսերական հովանավորությունից ընդհանրապես: Նա գտավ մի նոր մեկենաս՝ հանձինս ոմն Եփափրոդիտոսի, ով այդ ժամանակ քերականի համբավ էր վայելում, ձեռքի տակ ուներ մեծ գրադարան և զբաղվում էր Հոմերոսի ուսումնասիրությամբ: Հովսեփոսի կյանքի հետագա տարիների մասին մեզ ոչինչ հայտնի չէ, մեզ անհայտ է մնում նույնիսկ նրա մահվան տարեթիվը: Միայն, հիմնվելով իր ինքնակենսագրական ծավալուն աշխատության վրա, կարող ենք ասել, որ մինչև 110 թվականը դեռևս ողջ է եղել:

Գրական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմում, վայելելով Վեսպասիանոսի և Տիտոսի հովանավորությունը և ստանալով նրանց աջակցությունը տարբեր հարցերում, Հովսեփոսը ձեռնամուխ եղավ մինչև մեր օրերը հասած իր հետևյալ երկերի շարադրմանը՝ «Հրեական պատերազմի մասին», «Հրեական հնախոսություն», «Կյանքը» (որ Հովսեփոսի ինքնակենսագրականն է) և «Ընդդեմ Ապիոնի»: «Հրեական պատերազմի մասին» մատյանը եբրայեցի մատենագրի վաղագույն և առավել հռչակավոր աշխատությունն է, որ գրված է իրազեկ ու ականատես մարդու բոլոր առավելություններով, որ միաժամանակ ձեռքի տակ ուներ և տվյալ պատերազմի վերաբերյալ զեկուցագրերն ու բացատրությունները, ինչպես նաև Վեսպասիանոսի ու Տիտոսի հուշերը: Այն, որ Հովսեփոսն այս աշխատությունն անվանել է «Հրեական պատերազմի մասին», ցույց է տալիս հրեական ապստամբության մասին հռոմեական կողմի տեսակետը: Հովսեփոսի գրած նախաբանից պարզվում է, որ մեզ հասած հունարեն բնագիրը աշխատության առաջին շարադրանքը չէր, այլ դրան նախորդել է արամեերեն գրված և «վերին բարբարոսներին» ուղղված շարադրանքը: Հաջորդ պարբերության մեջ նա բացահայտում է, թե ում նկատի ունի այդ խոսքով՝ Պարթիայի, Բաբելոնիայի և Արաբիայի բնիկներին, Միջագետքի հրեական գաղութը, ինչպես նաև Ադիաբենեի բնակիչներին, ա՛յն իշխանության, որի թագավորական տունը, ինչպես հպարտությամբ նշում է Հովսեփոսը, հարել էր հրեականությանը: Հունարեն բնագիրը, Հովսեփոսի բնորոշմամբ, արամեերեն սկզբնօրինակի տարբերակն է միայն, և գրված է Հռոմեական կայսրության հպատակների՝ այսինքն հունա-հռոմեական աշխարհի համար: Սակայն արամեերեն այդ բնագիրը, որը, հավանաբար, ավելի անկողմնակալ է գրված եղել, մեզ չի հասել: Իսկ ո՞րն է Հովսեփոսի այս գրքի նպատակը. դա ընդարձակ մի զեկույց էր, որի հիմնական նպատակն էր նախազգուշացնել Արևելքի ժողովուրդներին այն բանում, որ դիմադրությունը Հռոմին անմիտ բան է: Հռոմեական կողմի համար պարթևների ուժեղացման վտանգը մշտական սպառնալիք էր ներկայացնում, ուստի և պատահական չէ, որ պարթևները հիշատակված են Հովսեփոսի հավանական ընթերցողների ցուցակի սկզբում: Հունարեն շարադրանքի առաջին ուրվագիծը գրված է եղել մաս առ մաս, որպես հետևանք՝ Հովսեփոսի և Հրեաստանի Ագրիպաս թագավորիմիջև եղած նամակագրության: Ագրիպասը, հավանաբար, ծանոթ է եղել «Պատմության» արամեերեն տարբերակին: Իսկ հունարեն գործերն ավարտուն վիճակում ներկայացրել է իրեն հովանավորող կայսրերին, ինչպես նաև արքունիքին մոտ կանգնած հեղինակավոր մարդկանց և ստացել Տիտոսի արտոնությունը՝ դրանք հրապարակելու համար: Իսկ այս երկը հանրությանը ներկայացվել է 70-ական թվականների վերջին: Հովսեփոսի «Հրեական պատերազմն» ամբողջությամբ վերցրած, որպես գրական երկ, ունի խոշոր արժանիքներ: Ճաշակով ընտրված բառերը, դասական համաչափ ու շքեղ ոճը մեծապես պարտավորեցնում են թարգմանչին և դժվարին խնդիրներ հարուցում նրա առջև: «Հրեական պատերազմի մասին» երկից 16 տարի անց՝ 94 թվականին, հայտնվեց Հովսեփոս Փլավիոսի երկրորդ մեծ երկը՝ «Հրեական հնախոսությունը»: Այդ 16 տարին նա ծախսել է ծավալուն երկի շարադրանքի անհրաժեշտ նյութեր հավաքելու համար: Այս մատյանը բաղկացած է 20 գրքից, իսկ հիմնական բովանդակությունը կազմում է հրեա ժողովրդի պատմությունը՝ սկզբնավորումից մինչև հրեական պատերազմի բռնկումը (66 թ.): Այս աշխատությունը շարադրելիս Հովսեփոսի հիմնական աղբյուրը եղել է Աստվածաշունչը, որին հետևելով, սակայն, Հովսեփոսն իր երկը հեղինակել է որպես պատմագիր և ոչ թե պարզապես հրեա ժողովրդի զրույցները գրի առնող: Այս մատյանով նա նպատակ է ունեցել հռոմայեցիների, հույների և Արևելքի հունալեզու ընթերցողների աչքին բարձրացնել հրեաներին, նրանց պատմությունն ու մշակույթը: Դրանից ելնելով, Հովսեփոսը շարադրանքից դուրս է թողել մի շարք այնպիսի իրողություններ՝ հրեից պատմությունից, որոնք հազիվ թե նպաստեին այդ նպատակին: Այս երկու գործերից բացի, Հովսեփոսի գրչին են պատկանում նաև լրիվ պահպանված, ծավալով համեմատաբար ոչ մեծ, բայց պատմական որոշակի արժեք ներկայացնող երկու շարադրանք՝ «Կենսագրություն» և «Ընդդեմ Ապիոնի»: Իրենց բովանդակությամբ և ունեցած նշանակությամբ առաջինը ձայնակցում է «Հրեական պատերազմն», իսկ երկրորդը՝ «Հրեական հնախոսությանը»: Սրանք եղան Հովսեփոսի վերջին ստեղծագործությունները՝ գրված I և II դարերի սահմանագծին, Տրայանոս կայսեր (98-117 թթ.) գահակալության տարիներին:

Հովսեփոսի պատմագրության արժեքը Հայոց պատմության տեսանկյունից[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հրեական հնախոսության» գերմ. հրատ., 1552 թ.

Մեզ համար խիստ արժեքավոր են Հովսեփոսի պատմության հատկապես այն հատվածները, որոքն վերաբերում են Տիգրան Մեծին, Արտավազդ Բին (Ք.Ա. I դար) և Տրդատ Ա-ին (մ.թ I դար): Նրա վկայությունների բացառիկ նշանակությունը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, որոնցից են. ա) Հովսեփոսը Ստրաբոնից հետո, ժամանակով առավել մոտ է Տիգրանին և վերջին Արտաշեսյաններին: Ինչ վերաբերում է Տրդատ Ա-ին, ապա Փլավիոսն այն պատմիչն է, որի քաղաքական գործունեության և գրական ստեղծագործության տարիները համընկնում են Մեծ Հայքում Արշակունյաց հարստության հիմնադրի գահակալության տարիներին: բ) Ինչքան էլ Հովսեփոսի գործերում սուր կերպով զգացվում է նրա սուբյեկտիվ վերաբերմունքը նկարագրված դեպքերի նկատմամբ, որոնց ինքն անմիջական մասնակցություն է ունեցել, այնուամենայնիվ, Հայոց թագավորներին, առանձնապես Տիգրան Մեծին և Արտավազդ Բ-ին վերաբերող նրա վկայությունները առավել անաչառ են: Եթե, օրինակ, հույն հեղինակների, հատկապես Պլուտարքոսի ուրվագծած Տիգրանը դաժան և կամակոր միապետ է, ապա Հովսեփոսի գրչի տակ Հայոց թագավորը պատկերված է մեղմաբարո և մարդկային: Եբրայեցի պատմիչի՝ Տիգրանին տված այս գնահատականն առանձնապես արժեվորվում է, եթե նկատի առնենք, որ Հայոց թագավորը, հայ մատենագրության տվյալներով, մեծ թվով հրեաների գերեվարել ու գաղթեցրել էր Մեծ Հայք: Ինչ վերաբերում է Արտավազդին, եթե Պլուտարքոսը նրան բնութագրում է իբրև նենգամիտ և հռոմեական շահերին դավաճանած մարդ, ապա Հովսեփոսը նրան ներկայացնում է իբրև զոհ՝ Անտոնիոսի մեքենայությունների ու փառասիրության: Հովսեփոսը նոր անուն չէ հայ մատենագրության համար: Ի թիվս այլ աղբյուների, հայոց քերթողահայր Մովսես Խորենացին բազմիցս օգտվել է հրեա պատմիչի երկերից: Խորենացին մերթ վկայակոչում է իր այս աղբյուրին և բառացի մեջբերում անում, մերթ էլ օգտվելով Հովսեփոսի տեղեկություններից, դրանք վերաշարադրում է իր մատյանում՝ հարմարեցնելով իր «Պատմութիւն Հայոց»-ին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովսեփոս Փլավիոս, Դիոն Կասսիոս, Ընդդեմ Ապիոնի։ Հրեական պատերազմի մասին։ Հրեական հնախոսություն։ Հռոմեական պատմություն։ Երևան, 1976 թ.:

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png