Հադրիանոս
| Հադրիանոս լատին․՝ Publius Aelius Hadrianus | |
| օգոստոսի 11, 117 - հուլիսի 10, 138 | |
|---|---|
| Նախորդող | Տրայանոս |
| Հաջորդող | Անտոնինոս Պիոս |
| Մասնագիտություն՝ | գերիշխան, քաղաքական գործիչ, ռազմական գործիչ և բանաստեղծ |
| Դավանանք | հին հռոմեական կրոն |
| Ծննդյան օր | հունվարի 24, 76[1] |
| Ծննդավայր | Իտալիկա, Իսպանական Բետիկա, Հռոմեական կայսրություն |
| Վախճանի օր | հուլիսի 10, 138[1] (62 տարեկան) |
| Վախճանի վայր | Բայի, Հռոմեական Իտալիա, Հռոմեական կայսրություն |
| Թաղված | Սուրբ Հրեշտակի ամրոց |
| Դինաստիա | Nerva–Antonine dynasty? և Aelii Hadriani? |
| Քաղաքացիություն | Հին Հռոմ |
| Ի ծնե անուն | լատին․՝ Publius Aelius Hadrianus |
| Հայր | Publius Aelius Hadrianus Afer? և Տրայանոս |
| Մայր | Domitia Paulina?[2] |
| Ամուսին | Vibia Sabina?[3] |
| Զավակներ | Lucius Aelius Caesar? և Անտոնինոս Պիոս |
Հադրիանոս կամ Ադրիանոս[4] (լատին․՝ Publius Aelius Traianus Hadrianus, հունվարի 24, 76[1], Իտալիկա, Իսպանական Բետիկա, Հռոմեական կայսրություն - հուլիսի 10, 138[1], Բայի, Հռոմեական Իտալիա, Հռոմեական կայսրություն), հռոմեական կայսր (117-138)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 76 թվականի հունվարի 24-ին, հավանաբար՝ Հռոմում (այլ տեղեկություններով՝ Իտալիկ քաղաքում (ներկայիս Սևիլյայի մոտ, Իսպանիա)), վախճանվել է 138 թվականի հուլիսի 10-ին, Կամպանիայի Բայա քաղաքում։ Հռոմի կայսր 117-138 թվականներին, հունական քաղաքակրթության ջերմ երկրպագու, միավորեց և ամրապնդեց Հռոմի լայնարձակ կայսրությունը։
85 թվականին Հադրիանոսը կորցնում է իր հորը, և նրա խնամակալն է դառնում իր ազգակից՝ ապագա կայսր Տրայանոսը։ Վերջինիս մահից հետո նա դառնում է կայսր՝ թեև Տրայանոսը նրան պաշտոնապես ժառանգ չէր հայտարարել։
Ծառայել է բանակում, Տրայանոսի հետ մասնակցել է Դակիական պատերազմներին։ 114 թվականին նշանակվել է Ասորիքի կուսակալ։
Տրայանոսը, որը չուներ երեխա, 117 թվականին որդեգրել է Հադրիանոսին։ Դառնալով կայսր՝ Հադրիանոսը շարունակեց իր նախորդի քաղաքականությունը։ Պահպանելով Սենատի հետ բարեկամական հարաբերությունները` նա, միևնույն ժամանակ, ստեղծել է պետական պաշտոնյաների խավ, որը համալրվում էր հեծյալների դասից։
Հանրային կառավարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանրային կառավարման գործերի նկատմամբ Հադրիանոսի անկեղծ մտահոգությունը հաստատվում է նրանով, որ իր գահակալության ժամանակաշրջանի մեծ մասը (մինչև 131 թ.) նա անց է կացրել Հռոմից դուրս՝ շրջելով Կայսրության զանազան նահանգներում։ Նա ճանապարհորդել է արևմտյան նահանգներով՝ 121-123 թվականներին, և Արևելք՝ 123-127 և 128-131 թվականներին։ Այս ճանապարհորդությունների ընթացքում ամրացրել է սահմանային պաշտպանական կառույցները, կազմակերպել ճարտարապետական նշանավոր շինությունների կառուցումը և, որպես հայտնի հունասեր, Պանհելլենիոնը՝ համահունական կազմակերպությունը, որը ներառում էր բոլոր հունական նահանգները։
134 թվականին Հադրիանոսը դյուրությամբ ճնշեց հրեաների խռովությունը Պաղեստինում, երկրից արտաքսեց Հուդայի հրեաներին և այնտեղ ամրապնդեց Հռոմի իշխանությունը։ Հադրիանոսի իշխանության տարիներին արգելվեց քրիստոնյաների հալածանքը։ Նրա հրամանով շուրջ 121-122 թթ. Բրիտանիայի հյուսիսում՝ Սոլուեյ-Ֆերտ ծովախորշի և Թեյն գետի միջև եռակի պատ կառուցվեց, որը կոչված էր երկիրը պաշտպանելու հյուսիսից հարձակումներից։ Այս կառույցը, որի մնացորդները պահպանվել են մինչև մեր օրերը, կոչվում է «Հադրիանոսի պատնեշ»։
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հադրիանոսը հրաժարվեց Տրայանոսի արևելյան նվաճումներից՝ նահանջելով Միջագետքից և թույլ տալով վերականգնել Մեծ Հայքի թագավորությունը։ Հադրիանոսը վարում էր ավելի խաղաղասեր քաղաքականություն, քան իր նախորդը, և կայսր հռչակվելուց անմիջապես հետո իր առաջին քայլն է եղել հռոմեական զորքերը դուրս հանել ապստամբած Հայաստանից և ճանաչել Հայաստանի անկախությունը, որտեղ ազատագրական պայքարը սկսվել էր 116 թվականին և հռոմեացիների համար հաղթանակը դարձրել անհուսալի։ 117 թվականին Վաղարշ Ա-ն հռչակվեց անկախ Հայաստանի արքա։ Նմանապես, Հադրիանոսը դուրս քաշեց զորքերը Ասորիքից և Միջագետքից։
Նրա օրոք կայսրության արտաքին քաղաքականությունը դարձավ պաշտպանական. ամրապնդվում էին սահմանները, բարեկարգվում էին քաղաքները, կանոնակարգվում էր ներքին կառավարման համակարգը։ Հադրիանոսը ստեղծել է կայսերական փոստային ծառայության համակարգը։ Նրա անցկացրած բարեփոխումներից պետք է նշել հարկահանության համակարգի ներմուծումը, հռոմեական իրավունքի կոդիֆիկացման սկիզբը և իրավաբաններից կազմվա կայսերական խորհրդակցական մարմնի ստեղծումը։
Հադրիանոսը սկսեց պետական կառավարման մեջ հետզհետե ավելի լայնորեն ներգրավել հեծյալների դասի ներկայացուցիչներին՝ հրաժարվելով նախորդ կայսրերի օրոք կիրառվող ազատարձակների միջոցով պետական գործերը վարելու գործելավոճից։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեղեցիկ, պայծառ, սրամիտ՝ Հադրիանոսը ստացել է լավ կրթություն և բարձր է գնահատել Հունաստանի մշակույթը։ Նա նաև լավ գլուխ էր հանում մաթեմատիկայից, երաժշտությունից և նկարչությունից, գրել է ինքնակենսագրական երկ, որը սակայն մեզ չի հասել։ Հադրիանոսը տաղանդավոր բանաստեղծ էր, և նրա գրական ու ճարտարապետական ճաշակն ու ոճը հատուկ ուղղություն տվեցին իր դարաշրջանի արվեստին։
Հադրիանոսը հավերժացվել է ականավոր կառույցներով, որոնցից են իր դամբարանը Հռոմում (այժմ՝ Ս. Հրեշտակ դղյակը), հռչակավոր Հադրիանոսի պարիսպը Բրիտանիայում, Զևսի տաճարը Աթենքում, Վեներայի տաճարը Հռոմում, կառուցել է քաղաք Թրակիայում և այն անվանել է իր անունով՝ Ադրիանուպոլիս (այժմ՝ «Էդիռնե» Թուրքիայում), և այլն։
Երկարատև հիվանդությունից ուժասպառ լինելով՝ Հադրիանոսը մահացել է Բայե քաղաքում։ Նրա մահից հետո նրա աճյունը բերվել է Հռոմ և ամփոփվել դեռևս իր կենդանության օրոք կառուցված վեհաշունչ դամբարանում, որը պահպանվել է առ այսօր՝ միջնադարում վերածվելով Հռոմի պապերի նստավայր Սուրբ Հրեշտակ ամրոցի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Любкер Ф. Hadrianus (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. Канский — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 585—586.
- ↑ https://remacle.org/bloodwolf/historiens/histaug/hadrien.htm
- ↑ Union List of Artist Names — 2015.
- ↑ Հովհաննես Բարսեղյան (2006). «Ավանդական և պատմական անձնանունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 56. ISBN 99941-56-03-9.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հադրիանոս» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 92)։ |
| Նախորդող Տրայանոս |
Հռոմի կայսր Ադրիանոս 117 - 138 |
Հաջորդող Անտոնինոս Պիոս |