Վաղարշ Ա
Վաղարշ Ա | |
|---|---|
| Մեծ Հայքի Արքա | |
| Իշխանություն | 117–140 |
| Ծնվել է՝ | 99 |
| Մահացել է՝ | 140 |
| Երկիր | |
| Նախորդ | Պարթամասիր |
| Հաջորդող | Սոհեմոս |
| Տոհմ | Արշակունիներ |
| Հայր | Սանատրուկ |
| Հավատք | Հայկական դիցաբանություն |
Վաղարշ Ա (99 - 140), Հայոց Արշակունի թագավոր 117-140 (կամ 116-144)[1] թվականներին։ Սանատրուկ թագավորի որդին։
Գահալակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Արշակունիների թագավորություն |
|---|
| Հեթանոս արքաներ |
| Տրդատ Ա • Սանատրուկ • Աշխադար • Պարթամասիր • Վաղարշ Ա • Սոհեմոս • Բակուր Ա • Վաղարշ Բ • Խոսրով Ա • Տրդատ Բ • Արտավազդ Ե • Խոսրով Բ |
| Քրիստոնյա արքաներ |
| Տրդատ Գ • Խոսրով Գ • Տիրան Բ • Արշակ Բ • Պապ • Վարազդատ • Արշակ Գ • Խոսրով Դ • Վռամշապուհ • Արտաշես Դ |
| Սպարապետներ |
| Արտավազդ Ա Մամիկոնյան • Վաչե Մամիկոնյան • Արտավազդ Բ Մամիկոնյան • Վարդան Ա Մամիկոնյան • Վասակ Ա Մամիկոնյան • Վաչե Բ Մամիկոնյան • Մուշեղ Ա Մամիկոնյան • Բաթ Սահառունի • Մանվել Ա Մամիկոնյան • Արտաշես Մամիկոնյան • Համազասպ Ա Մամիկոնյան • Վարդան Մամիկոնյան |
Հռոմի կայսեր համաձայնությամբ Հայաստանի գահին է հաստատվում Սանատրուկի որդին՝ Վաղարշ Ա-ն: Վաղարշը Հռոմի համար ընդունելի անձնավորություն է եղել, քանի որ նա ոչ թե բուն պարթևական Արշակունիներից էր, այլ այս դինաստիայի հայկական նոր ձևավորվող ճյուղից: Այս ճյուղը, վաղ թե ուշ ձգտելով ինքնուրույնության, հակադրվելու էր պարթևներին: Մ. Աստուրյանը[2] և Հակոբ Մանանդյանը[3] հերքում են պատմագրության մեջ գոյություն ունեցող այն կարծիքը, թե իբր Պարթամասպատն իր հորից՝ պարթևական թագավոր Խոսրովից, 116 թվականին ստացել է Հայաստանի գահը։
Ինչպես ճիշտ նշում է Հ. Մանանդյանը.
«116 թվականին Միջագետքում, Ասորեստանում ու Հայաստանում ծագած ապստամբությունների ժամանակ Հայաստանը վերագրաված է եղել Սանատրուկի որդին՝ Վաղարշը»։
Ի հաստատումն այս պնդման՝ բերում է Դիոն Կասսիոսի հետևյալ վկայությունը.
«Որովհետև Վաղարշը՝ Սանատրուկի որդին, Սևերոսի բանակի դեմ մարտի պատրաստվելիս, ընդհարումից առաջ զինադադար էր խնդրել և կնքել, (Տրայանոս կայսրը) նրա մոտ պատգամավորներ ուղարկեց և Հայաստանի մեկ մասը շնորհեց նրան հաշտության պատճառով»։
Այս վկայության մեջ նշված Սևերոսը վերոհիշյալ Լուցիուս Կատիլիուս Սևերոսն է, որը 114 թվականին նշանակվել է նորաստեղծ Կապադովկիայի զինվորական շրջանի լեգատ (կուսակալ)։ 116 թվականի ապստամբությունների ճնշումից հետո Հյուսիսային Միջագետքը և Հայաստանը մնացել են իբրև հռոմեական նահանգներ։ Ըստ այդմ, ինչպես շարունակում է Հ. Մանանդյանը.
«Հասկանալի է դառնում, թե ինչու Վաղարշին տրվեց միայն Հայաստանի մի մասը»։
Այդ մասը, ըստ պատմաբանի, հավանաբար դա եղել է հյուսիս-արևելյան Հայաստանը, որտեղ հռոմեացիները չեն կարողացել հաստատուն կերպով տիրապետել։ Իշխանության գալով՝ Հադրիանոս կայսրը (117-138 թվականներ) Վաղարշին ճանաչել է որպես ամբողջ Մեծ Հայքի թագավոր։ Հադրիանոսի կենսագիր Էլիոս Սպարտիանոսը հաղորդում է, որ կայսրը.
«Թույլ տվեց, որ հայերն ունենան թագավոր, մինչդեռ Տրայանոսի ժամանակ նրանք ունեցել են տեղակալ (պրոկուրատոր)»։
Պարթամասպատը Հադրիանոսից ստացել է Օսրոյենեի (Եդեսիա) թագավորությունը։ Այսպիսով, այս անձնավորությունը մնում էր որպես պարթևական գահի համար վտանգավոր թեկնածու ու ախոյան՝ վայելելով հռոմեական կայսեր հովանավորությունը։
Այս հանգամանքը խիստ սրել է հարաբերությունները պարթևների և Հռոմի միջև։ Պարթևաց արքա Վաղարշ Բ-ն (105-147 թվականներ) հայտնել է իր դժգոհությունը։ Խաղաղասեր Հադրիանոսը, հաշվի առնելով իրավիճակը, 123 թվականին բանակցությունների մեջ է մտել, որի արդյունքում Պարթամասպատը հեռացվել է նաև իր նոր թագավորությունից։ Եդեսիայի գահը վերադարձվել է նախկին տեղական դինաստիային (Աբգարյաններ)։
Առևտրական-տնտեսական նոր վերելք
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկարատև խաղաղության ժամանակաշրջանը նպաստավոր է եղել Հայաստանի և ամբողջ Մերձավոր Արևելքի տնտեսական ու մշակութային հետագա վերելքի, հատկապես՝ միջազգային առևտրի զարգացման համար։
Տրայանոս կայսրը հատուկ ուշադրություն է դարձրել Եփրատ և Տիգրիս գետերի մոտ ապրանքների փոխադրման մաքսերի գանձումը կազմակերպելու վրա։ Ըստ երևույթին, Ասորիքի արևելյան սահմանների պահեստակետերի և Եփրատի ափին գտնվող քաղաքների միջև առևտուրը երբեք այնքան աշխույժ չի եղել, որքան Հադրիանոսի և Անտոնինոս Պիոսի ժամանակաշրջանում։ Այդ զարգացումն ակնառու է եղել նաև հյուսիսային մայրուղիների վրա գտնվող առևտրական խոշոր կենտրոններում, որպիսիք էին Արտաշատը և Մծբինը։
Վաղարշապատ քաղաքի հիմնում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հասարակության զարգացումը և միջազգային առևտրի նոր աշխույժացումը, որի կենտրոնում գտնվել է Հայաստանը, նոր քաղաքների հիմնադրման անհրաժեշտություն են ստեղծել։ Վաղարշ Ա-ի թագավորության տարիներին հիմնադրվել է Վաղարշապատ քաղաքը, որի մասին տեղեկություններ է պահպանել Մովսես Խորենացին։ Ըստ նրա տեղեկությունների՝ Շրեշ բլուրի մոտակայքում է գտնվել դեռևս Երվանդունիների ժամանակներից հայտնի Վարդգեսավան քաղաքը։ Վաղարշ Ա-ն դրանից հարավ՝ այժմյան Էջմիածնի վանքի և նրա շրջակայքի տարածքում հիմնադրել է նոր քաղաք, որն իր անունով կոչել է Վաղարշապատ[Ն 1]։
Մովսես Խորենացին հաղորդում է նաև, որ Վաղարշ Ա-ն է հիմնադրել Բասեն գավառում՝ Մուրց և Երասխ գետերի միախառնման տեղում գտնվող Վաղարշավան ավանը (այժմյան Հասանկալա կամ Քյոփրի-քյոյ)[4]։
Ալանների ներխուժումները Հայաստան
[խմբագրել | խմբագրել կոդը]Տրայանոսի մահը և դրան հաջորդած կայսրության ժամանակավոր թուլացումը հանգեցրել են ալանների ներխուժումների աշխույժացմանը։ Նրանք ասպատակել են Հայաստանի ու Ատրպատականի սահմանամերձ շրջանները և թափանցել մինչև Կապադովկիա։ Ստեղծված իրավիճակից օգտվել է վրաց Փարսման Բ թագավորը (II դարի 30-50-ական թվականներ), որը գահ է բարձրացել Միհրդատ Գ-ից հետո։ Նա ընդարձակել է իր տիրույթները դեպի սևծովյան ափեր՝ զիդրիտների ցեղով բնակեցված տարածքները, որոնք ձգվում էին Պարխարյան լեռներից հյուսիս մինչև Ճորոխի գետաբերանը[5]։
Փարսման Բ-ն սերտ կապերի մեջ է եղել Հյուսիսային Կովկասի վաչկատուն ցեղերի, հատկապես ալանների հետ։ Ըստ պատմիչներ Դիոն Կասսիոսի և Ֆլավիոս Արրիանոսի
- Ալանները, Փարսման Բ-ի աջակցությամբ, ներխուժեցին Աղվանք և Ատրպատական։
- Այնուհետև նրանք Հայաստանի վրայով անցան Կապադովկիա։
- Հայոց թագավոր Վաղարշ Ա-ն կարողացավ կանգնեցնել նրանց հարձակումները «նվերների» (փրկագնի) միջոցով։
- Կապադովկիայի լեգատ Արրիանոսը ձեռնարկեց ռազմական պատրաստություններ, ինչից ահաբեկված ալանները դադարեցրին իրենց ներխուժումը[6]։
138 թվականին Վաղարշ Ա-ն դեսպաններ է ուղարկել Հռոմ՝ բողոքելով Փարսման Բ-ի գործողությունների դեմ։ Կայսրը (Անտոնինոս Պիոս) վրաց թագավորին հրավիրել է իր մոտ՝ պատասխանատվության ենթարկելու նպատակով, սակայն Փարսման Բ-ն հայրենիք է վերադարձել՝ կայսրից նոր շնորհների արժանացած։
Նոր գահ բարձրացած Անտոնինոս Պիոսը (138-161 թվականներ), դժգոհ լինելով Հայոց թագավոր Վաղարշ Ա-ի քաղաքականության որոշ կողմերից, հավանաբար 144 թվականին գահընկեց է անում նրան։ Նրա փոխարեն Հայոց թագավոր է նշանակում Սոհեմոսին[7], որը Էմեսա քաղաքի «թագավորն» էր։ Սոհեմոսը, լինելով հռչակավոր Աքեմենյան տոհմի շառավիղ, համարվել է հայկական գահի արժանի թեկնածու։
Պահպանվել է Հռոմում թողարկված մի պղնձե սեստերցիուս, որը հատվել է Անտոնինոս Պիոսի կողմից՝ Սոհեմոսին Հայոց թագավոր կարգելու առթիվ։ Այս դրամը հնարավորություն է տալիս ճշգրիտ որոշելու Վաղարշ Ա-ի գահընկեցության և Սոհեմոսի գահակալության մեկնարկի տարեթիվը՝ 144 թվականը։
Սոհեմոսի մասին պահպանվել են հետաքրքիր տեղեկություններ, որոնք մեզ են հասել Փոտի միջոցով։ Խոսելով բանաստեղծ Յամբլիքոսի մասին, որը հեղինակել է «Բաբելոնականք» (Babyloniaca) վեպը, Փոտը հաղորդում է.
«Իր մասին մատենագիրը (Յամբլիքոսը) ասում է, որ բաբելոնացի էր... և ծաղկում էր Աքեմենյան Արշակունյան Սոհեմոսի ժամանակ...»
Հելլենիստական Արևելքի փոքր թագավորությունների դինաստիաների համար սովորական երևույթ էր իրենց տոհմը համարել Աքեմենյանների շառավիղ։ Սրանցից սերված էին համարվում, օրինակ, Ծոփքի և Կոմմագենեի Երվանդունիները։
Ինչ վերաբերում է Սոհեմոսի «Արշակունի» կոչմանը, ապա այն, հավանաբար, սոսկ ձևական բնույթ է կրել։ Դրանով Հռոմը ցանկացել է ցույց տալ, որ չի խախտում նախկինում ձեռք բերված համաձայնագրերը՝ հայկական գահին բազմեցնելով «Արշակունիների» դինաստիայի ներկայացուցչի։
Ենթադրվում է, որ այս Սոհեմոսը ազգական էր մեկ այլ Սոհեմոսի, որը Ներոն կայսեր ժամանակաշրջանում (54-63 թվականներ) գահակալել է որպես Ծոփքի թագավոր։
Ըստ Մովսես Խորենացու ժամանակագրության՝ Սոհեմոսին համապատասխանում է Տիգրան Վերջինը, որը, ըստ պատմահոր հաղորդման, թագավորել է 42 տարի։
Տարիների այս քանակը կարելի է վերագրել Սոհեմոսին, եթե նրա գահակալության առաջին տարին ընդունենք Վաղարշ Ա-ի թագավորության 23-րդ տարին, այսինքն՝ 144 թվականը։ Այդ դեպքում նրա թագավորության վերջին տարին պիտի լինի 186 թվականը։
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Վաղարշը, հաղորդում է Խորենացին. «...պարսպով պատեց նաև Վարդգեսի հզոր ավանը... որտեղ և Արշակունի Տիգրան Միջինը նստեցրեց հրեա գերիների կեսը, որը և վաճառաշահ քաղաքագյուղ դարձավ։ Այժմ Վաղարշը պատեց այն պարսպով և ամուր պատվարով ու կոչեց Վաղարշապատ, որը կոչվում է նաև Նոր քաղաք»։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Վաղարշ Ա» ՀՍՀ, հատոր=11, էջ=251
- ↑ Աստուրյան Հ․, Քաղաքական վերաբերություններ ընդմեջ Հայաստանի և Հռովմա, Վենետիկ, 1912
- ↑ Մանանդյան, Հակոբ. Պատմաաշխարհագրական մանր հետազոտություններ. էջ 30.
- ↑ Я. А. Манандян (1954). О торговле и городах Армении в связи с мировой торговлей древних времен ( V в. до н. эры - XV в. н. эры ) (ռուսերեն). Ереван. էջեր 91–94.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Մելիքիշվիլի, Գիորգի. Հին Վրաստանի պատմությանը. էջեր 353–354.
- ↑ Մելիքիշվիլի, Գիորգի. Հին Վրաստանի պատմությանը. էջեր 357–362.
- ↑ Հ. Յ. Աստուրյան. Քաղաքական վերաբերություններ․․․. էջ 214.
Վաղարշ Ա Արշակունյաց հարստություն Ծնվել է՝ 99 Մահացել է՝ 140 | ||
| Նախորդող՝ Պարթամասիր 113-114 |
Վաղարշ Ա 117-144 |
Հաջորդող: Սոհեմոս 144-161 |
| ||||||
| ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||
