144 թվականին Վաղարշ I-ը կնքեց իր մահկանացուն և Մեծ Հայքի թագավորության գահին վերջինիս փոխարինեց նրա որդի Տիգրան VII Սոհեմոսը: Տիգրան VII Սոհեմոսը, գահ բարձրանալով պաշտոնական Հռոմի աջակցությամբ, արդյունքում խզեց Մեծ Հայքի և Պարթևական թագավորությունների ավանդական դաշինքն ու սկսեց մեծապես դաշնակցել հենց իր հզորության գագաթնակետին գտնվող Հռոմեական կայսրության հետ: 161 թվականի մարտի 7-ին Անտոնիոս Պիոսը կնքեց իր մահկանացուն և Հռոմեական կայսրության կայսր հռչակվեցին նրա միանգամից երկու որդեգիրները՝ Մարկոս Ավրելիոսը (161-180) և վերջինիս խորթ եղբայր Լուցիոս Վերոսը։ Երկու կայսրերի կառավարման հենց սկզբում էլ սկիզբ առավ Հռոմեա-Պարթևական III պատերազմը (161-167)։ Տիգրան VII Սոհեմոսի գահակալումը դիտելով Հռանդեայի պայմանագրի խախտում, 161 թվականի սեպտեմբերին, Վաղարշ IV-ի գլխավորած Պարթևական (մոտ 50.000) և սպարապետ Տրդատ Բագրատունու գլխավորած Մեծ Հայքի (մոտ 40.000) ու Հայոց Միջագետքի (մոտ 10.000) թագավորությունների միացյալ բանակը արշավեց Գանձա-Տրպատունիք-Թավրիզ-Գաբիթյան-Բաքեան-Գողթն-Նախիջևան-Արած-Ուրծաձոր-Արտաշատ-Մասյացոտն-Կոգովիտ-Բագրևանդ-Բասեն-Կարին երթուղով` առանց լուրջ դիմադրության հանդիպելու Տիգրան VII Սոհեմոսի գլխավորությամբ նահանջող Հռոմեական կայսրության (մոտ 13.000) բանակից գրավելով Մեծ Հայքի թագավորության տարածքը[3][4][5][6][7]: Արդյունքում Հռոմի դաշնակից Տիգրան VII Սոհեմոսը գահընկեց արվեց, իսկ Մեծ Հայքի թագավորության արքա հռչակվեց Վաղարշ IV-ի որդի Բակուրը (161-163): Սոհեմոսը ապաստանել է Հռոմում, այնտեղ ընտրվեց ծերակույտի անդամ։ 163 թվականի գարնանը Ստատիոս Պրիսկոսի գլխավորությամբ Սատաղ-Դերջան-Կարին-Բասեն-Բագրևանդ-Կոգովիտ-Մասյացոտն երթուղով ներխուժած և սպարապետ Տրդատ Բագրատունու գլխավորած Մեծ Հայքի թագավորության բանակի (մոտ 50.000) անկանոն հարվածներին ենթարկվող Հռոմեական կայսրության բանակը (մոտ 200.000) Հայկական կայազորներից (ընդհանուր` մոտ 4.000) գրավեց Արտաշատը ու Վաղարշապատը (Այրարատ, Արագածոտն գավառ)[8][9]։ Մեծ Հայքի թագավորության տարածքում թողնվեցին կայազորներ, Բակուրը գերվեց և տեղափոխվեց Հռոմ, որտեղ էլ հենց ավարտեց իր օրերը, իսկ թագավորության արքա էլ կրկին հռչակվեց Տիգրան VII Սոհեմոսը։ Մարկոս Ավրելիոս կայսրը փորձել է Մեծ Հայքը վերածել հռոմեական նահանգի, բայց հայ իշխան Տրդատի գլխավորությամբ բռնկված ապստամբությունը ստիպել է Մեծ Հայքը ճանաչել «դաշնակից» թագավորություն։ 164 թվականին Մեծ Հայքի թագավորության գահը վերստին հանձնվել է Սոհեմոսին, որն ավերված Արտաշատի փոխարեն մայրաքաղաք է հռչակել Վաղարշապատը։ 164 թվականի գարնանը Տիգրան VII Սոհեմոսի գլխավորած Մեծ Հայքի թագավորության բանակի մի մասը (մոտ 10.000) ասպատակեց Հյուսիսային Միջագետքը, սակայն Մեծ Հայքի թագավորության արքան խաբեությամբ գերվեց, որից հետո նրա բանակը նահանջեց[10][11]: 167 թվականին հաշտություն կնքվեց, Հռոմեա-Պարթևական III պատերազմը ավարտվեց և Հռոմեական կայսրության բանակը, հիմնովին ավերելով Սելևկիան ու Տիզբոնը, վերադարձավ Հյուսիսային Միջագետք: Որպես հետևանք այս ամենի՝ Մեծ Հայքի թագավորությունում կրկին հաստատվեց Տիգրան VII Սոհեմոսը։ 186 թվականին իր մահկանացուն կնքեց Մեծ Հայքի թագավորության արքա Տիգրան VII Սոհեմոսը և վերջինիս հաջորդեց նրա որդի[12]Վաղարշ II-ը (186-206), որը հոր ժառանգորդը հանդիսացավ նաև վարվող քաղաքական գծի առումով՝ շարունակելով վարել հռոմեամետ քաղաքականություն։ Սոհեմոսը հովանավորել է հելլենիստական մշակույթը, իր արքունիքում ապաստան տվել բանաստեղծ և պատմագիր Յամբելիքոսին, որը, ինչպես ենթադրվում է, այստեղ է գրել «Բաբելոնականք» երկսիրությունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։